Գլխավոր տեղեկություն
Համար
N 1181-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.08.2019-29.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 23.08.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2019 թվականի N 1181-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 23

Երևան

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 23-ի N 1181-Լ

որոշման

      

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ եվրոպական դատարան) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի (այսուհետ՝ ներկայացուցիչ) գրասենյակը (այսուհետ` ներկայացուցչի գրասենյակ) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը:

2. Ներկայացուցչի գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

3. Ներկայացուցչի գրասենյակի գործունեության ֆինանսական, փաստաթղթային, անձնակազմի կառավարման, նյութատեխնիկական ապահովումը և սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

4. Ներկայացուցչի գրասենյակի անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակ.

2) ռուսերեն` Офис Представителя Республики Армения в Европейском суде по правам человека Аппарата Премьер-министра Республики Армения.

3) անգլերեն` Office of the Representative of the Republic of Armenia before the European Court of Human Rights of the Office of the Prime Minister of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Bureau du Repre´sentant de la Re´publique d'Arme´ոie devant la Cour Eurօpe´enոe des Droits de l'Homme du Personnel de Premier Ministre de la Republique d'Armenie:

5. Ներկայացուցչի գրասենյակն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք ու ձևաթղթեր: Ներկայացուցչի գրասենյակը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Ներկայացուցչի գրասենյակը կազմված է գրասենյակի ղեկավարի, գրասենյակի ղեկավարի տեղակալների պաշտոններից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում): Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ներկայացուցչի գրասենյակի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

  

II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

8. Ներկայացուցչի գրասենյակի նպատակն է ապահովել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը:

9. Ներկայացուցչի գրասենյակի խնդիրներն են`

1) եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելուն օժանդակելը.

2) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանն օժանդակելը.

3) Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրմանն աջակցելը.

4) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ՝ այլ միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելուն աջակցելը:

  

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   

10. Ներկայացուցչի գրասենյակն իր նպատակի և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության դեմ եվրոպական դատարան ներկայացված գանգատի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման, հաշտության համաձայնագրի, ինչպես նաև միակողմանի հայտարարության նախագծման աշխատանքների իրականացում.

2) նախքան եվրոպական դատարանի կողմից վճռի կայացումը` բարեկամական կարգավորման ձևով խնդրի լուծման նպատակով՝ գանգատ ներկայացրած կողմի հետ բանակցությունների ռազմավարության մշակում.

3) եվրոպական դատարանում գործի քննության մեջ Հայաստանի Հանրապետությունը որպես երրորդ կողմ ներգրավելու աշխատանքների իրականացում.

4) եվրոպական դատարանի կողմից առանձին գանգատի առնչությամբ կիրառված միջանկյալ միջոցի պայմանների կատարման աշխատանքների իրականացում.

5) եվրոպական դատարանի պալատի վճիռը եվրոպական դատարանի մեծ պալատի քննությանը հանձնելու միջնորդության նախագծման աշխատանքների իրականացում.

6) Հայաստանի Հանրապետության անունից միջպետական գանգատ ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա գանգատի նախագծի մշակման աշխատանքների իրականացում.

7) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման աշխատանքների ծրագրում և իրականացում.

8) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործողությունների ծրագրերի ու հաշվետվությունների նախագծերի մշակում.

9) եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի վճարման աշխատանքների կազմակերպում.

10) ներկայացուցչին եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ առաջարկներ կամ նախագծեր ներկայացնելը.

11) եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման շրջանակներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից ստացված հարցումների կատարման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մշակման աշխատանքների իրականացում.

12) Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ իր գործառույթների շրջանակներում համագործակցում.

13) ֆիզիկական անձանցից, ինչպես նաև հասարակական և այլ կազմակերպություններից ստացված հարցումներին իր գործառույթների շրջանակներում պատասխանելը.

14) համագործակցելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որոշումների հայերեն թարգմանության աշխատանքների կազմակերպում.

15) համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որոշումների հայերեն թարգմանության հրապարակման աշխատանքների կազմակերպում.

16) եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի կառավարում.

17) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հավանական խախտումները հետագայում կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոմունիկացված գանգատներով բարձրացված իրավական խնդիրների վերլուծություն և գնահատում.

18) եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային ու եվրոպական իրավական չափանիշներին վերաբերող այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրում և վերլուծություն.

19) իր գործառույթների շրջանակներում, համագործակցելով միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրմանը միտված ծրագրերի իրականացում.

 20) համագործակցելով իրավասու մարմինների հետ՝ ներպետական օրենսդրության, համապատասխան ոլորտների պրակտիկայի ուսումնասիրում և վերլուծություն.

21) սույն կանոնադրության 10-րդ կետի 17-րդ, 18-րդ և 20-րդ ենթակետերում նշված վերլուծությունների հիման վրա ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու պրակտիկայի բարելավման և մարդու իրավունքների միջազգային ու եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

22) ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված և եվրոպական դատարան, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացման ենթակա փաստաթղթերի փոխանցման ապահովում.

 23) մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ գրավոր կարծիքի նախագծերի մշակում.

24) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարաններում և այլ մարմիններում, ինչպես նաև միջազգային արբիտրաժային տրիբունալներում (առևտրային և ներդրումային), վերջիններիս կանոններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելիս՝ ներկայացուցչին աջակցելը.

25) ներկայացուցչի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի մշակում.

26) «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացուցչին վերապահված լիազորության իրականացման ապահովում.

27) իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող հանդես գալը.

28) ներկայացուցչի լիազորություններից բխող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

   

IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

    

11. Ներկայացուցչի գրասենյակը կառավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

12. Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատում է ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները:

13. Ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը համակարգում և վերահսկում է ներկայացուցիչը: Ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ներկայացուցիչը։ Այս լիազորությունները ներկայացուցչի որոշմամբ կարող են պատվիրակվել ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին, ինչպես նաև ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալներին՝ իրենց համակարգմանը վերապահված բնագավառներում:

14. Ներկայացուցչի գրասենյակը ղեկավարում է ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ի պաշտոնե ներկայացուցչի տեղակալն է:

16. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և ներկայացուցչին:

17. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ունի տեղակալներ:

18. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալներն անմիջականորեն ենթակա և հաշվետու են ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին:

19. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը`

1) ղեկավարում և ապահովում է ներկայացուցչի գրասենյակի ընթացիկ գործունեությունը, մասնավորապես`

ա. պատասխանատու է ներկայացուցչի գրասենյակի առջև դրված նպատակի, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

բ. իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ,

գ. ներկայացուցչի գրասենյակի աշխատանքների կազմակերպման շրջանակներում ընդունում է որոշումներ, տալիս ցուցումներ, հանձնարարականներ,

դ. ներկայացուցչին ներկայացնում է առաջարկություններ ներկայացուցչի գրասենյակի նպատակի, խնդիրների և գործառույթների վերաբերյալ,

ե. առանց լիազորագրի հանդես է գալիս ներկայացուցչի գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է ներկայացուցչի գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր,

զ. իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ ներկայացուցչի գրասենյակի քաղաքացիական ծառայողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

է. ապահովում է ներկայացուցչի որոշումների և ցուցումների, ինչպես նաև առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նրան,

ը. լսում է ներկայացուցչի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և տեղեկանում դրանց արդյունքների մասին,

թ. եռամսյա պարբերականությամբ ներկայացուցչին ներկայացնում է տեղեկատվություն ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

2) սահմանում է իր տեղակալների կողմից համակարգվող բնագավառները.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների հանձնարարականները.

4) ներկայացուցչի որոշմամբ ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացման արդյունքում ստեղծված փաստաթղթերը.

5) իր իրավասության սահմաններում ընդունում է արտաքին ներգործության ակտեր.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ներկայացուցչի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների նախագծերը.

7) ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաև ներկայացուցչի բացակայության կամ կոնկրետ գործով շահերի բախման դեպքերում փոխարինում է ներկայացուցչին.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

20. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում, ղեկավարի որոշմամբ, նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

21. Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում և կատարում ներկայացուցչի, ինչպես նաև ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.

2) ներկայացուցչի գրասենյակի` իր համակարգման բնագավառում գտնվող ստորաբաժանումներին փոխանցում է ներկայացուցչի, ինչպես նաև ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի հանձնարարականները, տալիս է հանձնարարականներ ու առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) եռամսյա պարբերականությամբ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների մասին.

4) իր համակարգման լիազորությունների սահմաններում համագործակցում է համապատասխան մարմինների և այլ կազմակերպությունների հետ.

5) ներկայացուցչի որոշմամբ՝ ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացման արդյունքում ստեղծված փաստաթղթերը.

6) իրականացնում է ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ տրված և քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ:

   

V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

   

22. Ներկայացուցչի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն.

2) միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն.

3) վճիռների և որոշումների կատարման վարչություն.

4) հետազոտությունների և զարգացման վարչություն:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան