Գլխավոր տեղեկություն
Համար
N 1649-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 27.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1649-Լ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-294-24.09.2019-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-325-25.10.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-294-24.09.2019-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված՝ վարկային կազմակերպությունների կողմից վճարվող տարեկան պարտադիր վճարի չափը նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07 տոկոսի փոխարեն սահմանել 0.01 տոկոսի, այսինքն՝ բանկերի համար սահմանված վճարի չափով: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է վարկային կազմակերպությունների կողմից վճարվող գումարը նվազեցնել մոտավորապես 86 տոկոսով, այսինքն՝ 7 անգամ։

Որպես նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորում՝ ներկայացվում են մի քանի փաստարկներ: Մասնավորապես՝

- բանկերի և վարկային կազմակերպությունների փաստացի վճարները գրեթե հավասար են, և առաջարկվող կարգավորումն ուղղված է օրենքով սահմանված վճարների տարբեր չափերով պայմանավորված համակարգային անարդարության լուծմանը: Կարգավորման արդյունքում կնվազեն նաև վարկային կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, ինչն էլ շուկայական հարաբերությունների և վարկային կազմակերպությունների մրցակցային առկա դաշտի պայմաններում կարող է ունենալ վարկերի տոկոսների նվազման ազդեցություն,

- ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված բողոքների մասով բանկերի նկատմամբ ներկայացված բողոքների թիվն ավելի քան 5 անգամ գերազանցում է վարկային կազմակերպությունների նկատմամբ ներկայացվող բողոքների թիվը: Ընդ որում, եթե վարկային կազմակերպությունների նկատմամբ բողոքները վերաբերում են միայն վարկային գործարքներին, ապա բանկերի նկատմամբ ներկայացված բողոքները ներառում են նաև այլ գործարքներ: Հետևաբար, սա նույնպես փաստում է վճարների տարբերության անարդարության մասին,

 - առաջարկվող փոփոխության արդյունքում նվազ հավաքագրված գումարները ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության համար խնդիր չեն առաջացնի, քանի որ գրասենյակի տարեկան շահույթը կազմում է ավելի քան 150 մլն դրամ, ինչը կազմում է հավաքագրված միջոցների ավելի քան 20 տոկոսը, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվները տարեցտարի միայն աճում են:

Հարկ ենք համարում անդրադառնալ նախագծով առաջարկվող կարգավորմանը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ֆինանսավորման մոդելի վերլուծության լույսի ներքո: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ֆինանսավորման մոդելի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝

1) ֆինանսավորումն իրականացվում է այնպես, որպեսզի անկախ կառավարման համակարգի միջոցով ապահովվի գրասենյակի և հաշտարարի անկախ, անաչառ և բավարար միջոցներով պայմանավորված բնականոն գործունեությունը.

2) ֆինանսավորման համամասնությունը որոշված է՝ հաշվի առնելով ֆինանսական համակարգում ֆինանսական կազմակերպությունների ակտիվների մեծությունների համամասնությունները.

3) ֆինանսավորման մոդելն այնպիսին է, որ բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք օրենքի իմաստով մասնակցում են ինստիտուտի ձևավորմանը, մասնակցում են ֆինանսավորմանն՝ առանց բացառությունների, մասնավորապես՝ առանց հաշվի առնելու հաճախորդների թիվը, իրականացվող գործառույթները և այլն (նման գործոնները հաշվի կառնվեին, եթե ներդրվեր այլ ֆինանսավորման համակարգ).

4) ֆինանսավորման մոդելում հաշվի է առնվել միջազգային այն սկզբունքը, որ անբավարար ֆինանսավորման դեպքում խորհուրդը կարող է հավաքագրել չբավարարող միջոցները կամ հակառակը՝ ավելցուկ առաջանալու դեպքում այդ ավելցուկ միջոցները վերադարձվում են ֆինանսական կազմակերպություններին, որոնք իրենց վճարումներին համամասնորեն ստանում են ավելցուկը.

5) ձևավորվում է պահուստային ֆոնդ, որն անհրաժեշտության դեպքում ապահովում է գրասենյակի բնականոն գործունեությունը։

Շարադրված սկզբունքների վերլուծությունից բխում է, որ գրասենյակի ֆինանսավորման՝ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող մոդելի դեպքում կազմակերպությունների կողմից կատարվող վճարների չափը սահմանելիս հիմք է ընդունվում ոչ թե այդ կազմակերպությունների դեմ ներկայացված բողոքների թիվը, այլ վերջիններիս ակտիվների մեծությունը, այլ կերպ ասած՝ գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է ակտիվների նկատմամբ ֆիքսված միջոցներ հավաքագրելու մոդելով և ոչ թե քննված կամ սպասարկված բողոքներին կամ պահանջներին համապատասխան ֆինանսավորում հավաքագրելու մոդելով, ուստի, նախագծի հեղինակների կողմից ներկայացվող այն փաստարկը, որ կազմակերպությունների կողմից կատարվող վճարների փաստացի չափերի համամասնությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել գրասենյակի կողմից քննվող բողոքների համամասնությանը, կարող է կիրառելի լինել ֆինանսավորման այլ համակարգ ներդնելու պարագայում միայն։

Ավելին, եթե, որպես վճարի չափի սահմանման հիմք, հաշվի առնվի կազմակերպության դեմ ներկայացված պահանջների թիվը, ապա Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ չափով վճարը պետք է սահմանվի ապահովագրական ընկերությունների համար, քանի որ հենց նրանց դեմ ներկայացված պահանջներն են կազմում գրասենյակի կողմից քննվող պահանջների գերակշռող մասը:

Այս առումով գտնում ենք, որ գրասենյակի ֆինանսավորումը բողոքների թվով և կառուցվածքով պայմանավորելը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկան փոքր է, և ցանկացած նոր տիպի ծառայության մուտքը շուկա կարող է հանգեցնել ներկայացվող բողոքների կառուցվածքային փոփոխության, ինչպես, օրինակ, 2011 թվականին ԱՊՊԱ-ի ներդրմանը զուգընթաց՝ կտրուկ փոփոխվեց գրասենյակ ներկայացված բողոքների դինամիկան, մասնավորապես, ընդամենը մեկ տարում ԱՊՊԱ-ի դեմ բողոքները դարձան գերակշռող։

Վարկային կազմակերպությունների և բանկերի դեմ ներկայացված բողոքների թվի վերաբերյալ հարկ է նշել, որ վարկային կազմակերպությունների դեմ գրասենյակ ներկայացված բողոքների թիվը 2019 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2017 թվականի նկատմամբ մոտավորապես քառապատկվել է, իսկ պահանջ-դիմումների թիվն աճել է ավելի քան 11 անգամ, և աճի տեմպը չի դադարում։ Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում բանկերի դեմ ներկայացված բողոքների թիվն ավելացել է 1,6 անգամ, իսկ պահանջ-դիմումների թիվն աճել է ավելի քան 5,5 անգամ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների դեմ ներկայացված թե` բողոքների, թե` պահանջ-դիմումների դինամիկ աճն ավելի քան կրկնակի անգամ ավելացել է բանկերի դեմ ներկայացված բողոքների դինամիկ աճի նկատմամբ։ Բողոքների նման դինամիկան շարունակվելու դեպքում մի քանի տարի անց վարկային կազմակերպությունների դեմ ներկայացված բողոքների թիվը կարող է գերազանցել բանկերի դեմ ներկայացված բողոքների թիվը։

Հարկ է նշել, որ, 2017-2019 թվականների ընթացքում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հաշտարարի գրասենյակ վճարված գումարների մասին տեղեկատվության համաձայն, վարկային կազմակերպությունների չափաբաժինն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է միջինը 33 տոկոս, իսկ նույն ժամանակահատվածում բանկերի կողմից իրականացված վճարումները մուտքերի նկատմամբ կազմում են միջինը 59 տոկոս, ինչը մոտավորապես 80 տոկոսով ավելի է, քան վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վճարումները։ Հարկ է նշել, որ 2009-2019 թվականների համար միջինացված արժեքով վարկային կազմակերպությունների մեկ տարվա ընդհանուր ակտիվները կազմում եմ բանկերի մեկ տարվա ընդհանուր ակտիվների 7 տոկոսը։ Այսինքն՝ բանկերի ակտիվների մեծությունն էապես տարբերվում է վարկային կազմակերպությունների ակտիվների մեծությունից, ուստի, ֆիքսված գումարներով միջոցների հավաքագրման դեպքում պետք է հաշվի առնվի ակտիվների տեսանկյունից համակարգի յուրաքանչյուր մասնակցի կշիռը։

Բացի դրանից, հարկ է նշել նաև, որ, ֆինանսավորման համակարգի արդարացիությունն ապահովելու տեսանկյունից, նախագծով չի դիտարկվում նաև ֆինանսական համակարգի այլ մասնակիցների դերակատարումը։ Այս կապակցությամբ գտնում ենք, որ միայն երկու տեսակի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վճարների հավասար տոկոսային մոտեցում սահմանելը դեռևս չի ապահովում ֆինանսավորման համակարգի արդարացիությունը:

Նախագծի ընդունման հիմնավորման այն դրույթի վերաբերյալ, ըստ որի՝ առաջարկվող փոփոխության արդյունքում նվազ հավաքագրված գումարները գրասենյակի գործունեության համար խնդիր չեն առաջացնի, հարկ է նկատի ունենալ այն, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, ուստի, անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք, կատարվող փոփոխությունների դեպքում գրասենյակը կարող է ապահովել սահուն և պատշաճ գործունեություն:

Հարկ ենք համարում ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ֆինանսավորման վերաբերյալ միջազգային փորձը:

Ֆինանսական օմբուդսմենի/հաշտարարի գրասենյակի ֆինանսավորման սկզբունքները տարբեր են: Այսպես, հազվադեպ երկրներում գրասենյակների գործունեության առաջին տարիների ֆինանսավորումն իրականացվում է կառավարության կամ կենտրոնական բանկերի կողմից, սակայն օմբուդսմենների գրասենյակների մեծ մասը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարների միջոցով: Պարբերաբար վճարումներն իրականացվում են օմբուդսմենի/հաշտարարի կամ վերահսկող մարմնի հաշվին, որը գումարներն ստանալուց հետո փոխանցում է հաշտարարի հաշվին։ Կան երկրներ, որտեղ նշված գումարները հավաքագրվում են ֆինանսական կազմակերպությունների ասոցիացիաների կողմից։ Տարբեր երկրներում ֆինանսական կազմակերպությունների կողմից կատարվող վճարումներն իրականացվում են տարբեր կերպ. երկրների մի մասում (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Բելգիա, Լեհաստան, Նոր Զելանդիա) դրանք գոյանում են ֆիքսված վճարներից և կազմակերպությունների դեմ ներկայացված բողոքների թվից կախված վճարներից, երբ ամեն քննված գործի համար ֆինանսական կազմակերպություններ ներկայացվում է վճարման ենթակա հաշիվ, որոշ երկրներում` բոլոր ֆինանսական կազմակերպությունները վճարում են հավասար չափաբաժիններով սահմանված վճարներ (Մալայզիա), իսկ որոշներում` ֆինանսական կազմակերպությունների ակտիվներից (Կանադա, Իռլանդիա, Լեհաստան, Նիդերլանդներ):

Բոլոր կազմակերպություններից գումար գանձելու նշանակությունը մասնագետները տեսնում են նրանում, որ օմբուդսմենի գոյության հետևանքով հանրության շրջանում համակարգի նկատմամբ վստահության բարձրացման հետևանքով շահում են բոլոր կազմակերպությունները:

Ամփոփելով շարադրվածը և հաշվի առնելով այն, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ներդրված գրասենյակի ֆինանսավորման մոդելի պայմաններում առաջարկվող կարգավորումը կարող է հանգեցնել գրասենյակի բնականոն գործունեության խաթարման, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան