Գլխավոր տեղեկություն
Համար
N 1109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.11.2019-23.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1064
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1109-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների (այսուհետ՝ պետական մարմիններ) գործառույթներ (այսուհետ՝ ծառայություններ) իրականացնող օպերատորների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ որպես օպերատորներ կարող են հանդես գալ փոստային, բանկային, պետական կամ համայնքային գործառույթներ իրականացնող այն սուբյեկտները, որոնք ունեն սպասարկման ոլորտում ծառայությունների արդյունավետ մատուցման առնվազն հինգ տարվա փորձ, Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն տասն սպասարկման գրասենյակ և որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորվել են իրականացնելու օպերատորի գործառույթներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա չեն տարածվում սպասարկման գրասենյակների նվազագույն թվին առաջադրվող պահանջները, իսկ պետական մարմինների վրա չի տարածվում նաև սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` պետական մարմինների հետ պայմանագիր կնքելու պահանջը: Պետական մարմինների որպես օպերատոր հանդես գալու դեպքում իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխան մարմինների ղեկավարների համատեղ հրամանով` հիմք ընդունելով սույն որոշման N 3 հավելվածով սահմանված պետական մարմինների և օպերատորի միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի պահանջները:

(2-րդ կետը լրաց. 01.02.18 N 70-Ն, խմբ. 11.04.19 N 400-Ն)

3. Սահմանել, որ օպերատորն իրեն լիազորված բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ապահովում է դիմողի նույնականացումը.

2) ապահովում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.

3) ապահովում է մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, փոխադրումը և հանձնումն իրավասու մարմնին.

4) դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում դիմողին առաջարկում է համալրել դրանք.

5) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումն ապահովելու նպատակով.

6) ապահովում է վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին:

4. Հաստատել պետական մարմինների գործառույթների ցանկը, որոնց իրականացումը կարող է պատվիրակվել օպերատորին՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Սահմանել՝

1) պետական մարմինների և օպերատորի միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

2) օպերատորի սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները՝ համաձայն N 4 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝

1) ապահովել ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման բանակցությունների իրականացումը և դրանց կնքումը՝ օրինակելի ձևին համապատասխան.

2) հաստատել օպերատորին վերապահված գործառույթների իրականացման համար նախատեսված մեթոդական ուղեցույցները՝ համագործակցելով իրավասու մարմինների հետ.

3) ապահովել օպերատորի սպասարկման գրասենյակների գործունեության համակարգումը, սույն որոշման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ եռամսյա կտրվածքով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այն գործառույթների ընդլայնման վերաբերյալ, որոնց իրականացումը կարող է պատվիրակվել օպերատորին.

5) հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ ապահովել սույն որոշման ընդունումից բխող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների և լրացումների իրականացումը.

6) հաստատել օպերատորին տրամադրվող կնիքների նմուշները և դրանց տրամադրման կարգը:

7. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանդես գալու պետական մարմինների և օպերատորի միջև՝ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկությամբ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ

 

1. «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն

2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

3. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

4. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

5. «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն

(5-րդ կետը փոփ. 11.04.19 N 400-Ն)

6. «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն

7. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերություն

8. Կադաստրի կոմիտե

9. «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերություն

10. «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն

11. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնք

12. ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնք

13. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնք

14. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնք

15. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնք

16. ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնք

17. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնք

18. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնք

19. ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշենի համայնք

20. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնք

21. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնք

22. ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնք

23. ՀՀ Արարատի մարզի Վեդիի համայնք

24. ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնք

25. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնք

26. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնք

27. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնք

28. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնք

29. ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնք

30. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի համայնք

31. ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնք

32. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնք

33. ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնք

34. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնք

35. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնք

36. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնք

37. ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնք

38. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնք

39. ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնք

40. ՀՀ Արարատի մարզի Ուրցաձորի համայնք

41. ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնք

42. ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնք

43. ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնք

44. ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնք

45. ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի համայնք

46. ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնք

47. ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնք

48. ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնք

49. ՀՀ Շիրակի մարզի Արփիի համայնք

50. ՀՀ Շիրակի մարզի Սարապատի համայնք:

(հավելվածը լրաց. 26.01.17 N 41-Ն, 23.06.17 N 712-Ն, 01.02.18 N 70-Ն, 04.10.18 N 1083-Ն, փոփ., լրաց. 11.04.19 N 400-Ն, խմբ. 14.11.19 N 1601-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՎՈՒՄ Է ՕՊԵՐԱՏՈՐԻՆ

 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում

2. Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում

3. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հայաստանյան առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, իրավաբանական անձանց միությունների գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, բոլոր տեսակի իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում

4. Բոլոր առևտրային իրավաբանական անձանց, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, նշված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, նշված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում

5. Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում

6. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կամ պետական գրանցումների մերժում

7. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումներ կամ պետական հաշվառումների մերժում

8. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց թղթային տարբերակով տրամադրում

9. Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրում

10. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում

11. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

2. Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և մարմինների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում

3. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

4. Փաստաթղթերի ապոստիլային վավերացում

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում

2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում

3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում

4. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ

1. Փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

2. Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

 

(հավելվածը լրաց. 18.11.16 N 1185-Ն, 24.11.16 N 1217-Ն, 02.03.17 N 200-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման

 

Օրինակելի ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

 քաղ. Երևան

 20   թվականի

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ________________________` ի դեմս __________________________ -ի, որը գործում է __________________________ կանոնադրության հիման վրա (այսուհետ` պատվիրատու), մի կողմից և _______________________ ընկերությունը` ի դեմս _________________-ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն պատվիրատուն պատվիրում, իսկ կատարողը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված պայմաններով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված՝ օպերատորին վերապահված գործառույթների իրականացման համար նախատեսված մեթոդական ուղեցույցի համաձայն մատուցել դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման ծառայություններ, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվության տրամադրմանն ուղղված ծառայություններ:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1.1.1. ծառայություններ՝ դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման ծառայություններ, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվության տրամադրմանն ուղղված ծառայություններ.

1.1.2. դիմող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ վերջիններիս կողմից լիազորված անձ, որը դիմել է օպերատորին.

1.1.3. օպերատոր (կատարող)` դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված սուբյեկտներ.

1.1.4. Կատարողն իրեն վերապահված ծառայությունները մատուցում է՝ հաշվի առնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված՝ օպերատորին վերապահված գործառույթների իրականացման համար նախատեսված մեթոդական ուղեցույցով և սույն պայմանագրով սահմանված պահանջները.

1.1.5. Պատվիրատուն կատարողի կողմից նշված օգտատերերի անձը հաստատող փաստաթղթի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տվյալներն ստանալու դեպքում կատարողին տրամադրում է համապատասխան ավտոմատացված համակարգ մուտք գործելու համար նախատեսված մուտքի անուն և նախնական գաղտնաբառ, որի միջոցով ավտոմատացված համակարգում իրականացվող բոլոր գործողությունները համարվում են կատարված տվյալ մուտքի անունը և գաղտնաբառն ստացած անձի կողմից, քանի դեռ չի ապացուցվել այլ անձի կողմից տվյալ մուտքի անվան օգտագործմամբ ավտոմատացված համակարգ ոչ արտոնագրված մուտքի փաստը: Ավտոմատացված համակարգի շահագործման և իրավասու պետական մարմնի հետ կապի ապահովման ծախսերն իրականացվում են կատարողի կողմից.

1.1.6. Կատարողը ընդունելով դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, ավտոմատացված համակարգ մուտք գործելու համար տրամադրված մուտքի անվան օգտագործմամբ դիմումը մուտքագրում է ավտոմատացված համակարգ` մուտքագրված տեղեկություններին կցելով ընդունված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները.

1.1.7. Կատարողը, դիմողին փաստաթղթերը հանձնելու դեպքում դրանք հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաստատված՝ օպերատորին տրամադրվող կնիքով՝ դիմողից վերցնելով դրանց ստացումը հավաստող համապատասխան փաստաթուղթ:

Սույն կետի պահանջը չի տարածվում Կադաստրի կոմիտեի կողմից կազմված և կատարողի կողմից տրամադրվող ավարտական փաստաթղթերի վրա.

1.1.8. Կատարողը դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գործընթացում դիմումի կամ դրան կից փաստաթղթերի ցանկի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կարող է դիմել պատվիրատուի իրավասու ստորաբաժանմանն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով՝ դրա համար նախատեսված թեժ գծի միջոցով՝ ապահովելով պահանջվող տեղեկատվության օպերատիվ փոխանակումը.

1.1.9. Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նվազագույն տեխնիկական պահանջները:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Կատարողն իրավունք ունի`

2.1.1. դիմելու պատվիրատուին՝ ավտոմատացված համակարգ մուտք գործելու համար նախատեսված մուտքի անուն և նախնական գաղտնաբառ տրամադրելու համար.

2.1.2. սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճար.

2.1.3. իր կողմից մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունն ապահովելու նպատակով դիմելու պատվիրատուի իրավասու ստորաբաժանմանը՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով.

2.1.4. պատվիրատուին ներկայացնելու ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ.

2.1.5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու պատվիրատուի գործողությունները և (կամ) անգործությունը։

2.2. Կատարողը պարտավոր է`

2.2.1. սույն պայմանագրով սահմանված պայմաններով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված՝ օպերատորին վերապահված գործառույթների իրականացման համար նախատեսված մեթոդական ուղեցույցի պայմաններով ապահովել ծառայության մատուցումը.

2.2.2. ծառայությունները տրամադրել սույն պայմանագրով սահմանված կարգով դիմողի նույնականացումն ապահովելուց հետո.

2.2.3. ապահովել սեղմ ժամկետում դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունումը, փոխադրումը և հանձնումն իրավասու մարմնին.

2.2.4. դիմողի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում վերջինիս տրամադրել ծառայություններն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը.

2.2.5. ծառայությունների մատուցման արդյունքում եռամսյակային կտրվածքով պատվիրատուին ներկայացնել հաշվետվություն իր կողմից մատուցված ծառայությունների ծավալի, դիմողների կողմից ներկայացված դիմումների քանակի, ծառայությունների մատուցման գործընթացում հայտնաբերված թերությունների և դրանց մատուցմանն առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ.

2.2.6. ապահովել որակյալ անձնակազմ, աշխատողների բարեկիրթ վերաբերմունք ծառայությունների մատուցման համար դիմած անձանց հանդեպ.

2.2.7. ապահովել աշխատանքային օրերին և ժամերին ծառայությունների անխափան մատուցումը.

2.2.8. ծառայությունների մատուցման ծավալներից ելնելով՝ ապահովել սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջների համալրումը.

2.2.9. ծառայությունները մատուցել պատվիրատուի հետ համաձայնեցրած նվազագույն թվին համապատասխան գրասենյակներում և պատվիրատուի հետ համաձայնեցրած ժամանակացույցին համապատասխան.

2.2.10. ապահովել դիմողների կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակների առձեռն կամ փոստային կապի միջոցով հանձնումը պատվիրատուին՝ ամսվա կտրվածքով.

2.2.11. պետական տուրքի կամ օրենքով նախատեսված այլ վճարների գանձումն իրականացնել վճարահաշվարկային գործունեության իրականացման լիցենզիայի առկայության կամ նման լիցենզիա ստացած սուբյեկտի միջոցով.

2.2.12. լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին անհապաղ գրավոր տեղեկացնել պատվիրատուին։

2.3. Պատվիրատուն իրավունք ունի`

2.3.1. ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին` նախապես մեկ օր առաջ դրա մասին գրավոր տեղեկացնելով կատարողին.

2.3.2. կատարողից պահանջելու անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները.

2.3.3. կատարողից պահանջելու ներկայացնել ծառայությունների մատուցման արդյունքների հաշվետվություն.

2.3.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու կատարողի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1. սույն պայմանագրով սահմանված կարգով ծառայության մատուցման արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` դրա մասին անհապաղ գրավոր հայտնել կատարողին.

2.4.2. սույն պայմանագրով սահմանված կարգով կատարողի կողմից խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու դեպքում ապահովել սեղմ ժամկետում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.

2.4.3. կատարողի կողմից ծառայությունների մատուցման արդյունքում ներկայացված հաշվետվությունը քննարկել այն ստանալուց հետո տասն օրվա ընթացքում՝ կատարողին գրավոր ներկայացնելով հայտնաբերված թերությունների վերացման կամ ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ.

2.4.4. կատարողի կողմից ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները պատվիրատուին ներկայացնելու դեպքում իր իրավասության շրջանակում անհապաղ ձեռնարկել միջոցներ հայտնաբերված թերությունները վերացնելու կամ կանխելու համար.

2.4.5. կատարողին տրամադրել համապատասխան ավտոմատացված համակարգ մուտք գործելու համար նախատեսված մուտքի անուն և նախնական գաղտնաբառ։

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

3.1. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար կատարողը կարող է գանձել միջնորդավճար՝ մինչև 1500 դրամի չափով՝ բանակցելով պատվիրատուի հետ:

3.2. Փոստային ծառայությունների համար նախատեսված վճարները գանձվում են գործող սակագների համաձայն:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.2. Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման կամ ոչ պատշաճ կարգով կատարման արդյունքում պատվիրատուին կամ դիմողին պատճառված վնասները ենթակա են հատուցման կատարողի կողմից` լրիվ ծավալով:

4.3. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասն օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

5.1. Սույն պայմանագրով և սույն պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

6.2. Սույն պայմանագիրը կնքվում է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

6.3. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

6.4. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու հետևանքով՝ պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երեք ամիս առաջ:

6.5. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

 ԿԱՏԱՐՈՂ

   
 --------
քաղ. Երևան,
 
   
 

 ղեկավար
Կ.Տ. (ստորագրությունը)

   
 ----------
Կ.Տ. (ստորագրությունը)
 

(հավելվածը լրաց. 14.11.19 N 1601-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման

 

ՕՊԵՐԱՏՈՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սեղան կամ դիմասեղան՝ նախատեսված դիմողների կողմից փաստաթղթերի լրացման համար

Առանձին աշխատասենյակ կամ առանձնացված վայր, եթե ծառայությունները չեն մատուցվելու սպասարկման գրասենյակի բոլոր պատուհաններից

Չորս աթոռ

Համակարգիչ

Ջրի սարք

Մեկ հեռախոս

Մեկ տպիչ սարք

Մեկ տեսաներածման սարք

Մեկ պատճենահանման սարք

Դիմողների ստորագրությունների ներբեռնման համար նախատեսված սարք

Ինտերնետ կապ

Արտաքին և ներքին գովազդ՝ միասնական պետական ծառայությունների տարբերանշանով

Օդորակիչ

Օպերատորի սպասարկման գրասենյակը կարող է ունենալ նաև համակարգիչ՝ նախատեսված դիմողների համար, տեսանկարահանող սարքեր և այլ տեխնիկական միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան