Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-80
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.1994-18.08.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/17
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «20» հուլիսի 1993թ. Հ.Ն-0912-I

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Օրենքի նպատակները

 

Սույն օրենքը սահմանում է ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցման, ինչպես նաև պետական գրանցման վավերացված տեղեկությունների օգտագործման կարգն ու պայմանները:

 

 Հոդված 2. Ձեռնարկությունների պետական ռեգիստրը

 

Ձեռնարկությունների պետական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմին է:

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրն ունի տեղական (շրջանային, քաղաքային) ստորաբաժանումներ:

Ձեռնարկությունների պետական ռեգիստրի աշխատակարգը սահմանվում է կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Հոդված 3. «Ձեռնարկությունների պետական գրանցում» հասկացությունը

 

Ձեռնարկությունների պետական գրանցումը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների իրավունակության ճանաչումն ու վավերացումն է պետության կողմից:

Ձեռնարկության իրավունակությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցի իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:

Ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը համարվում են գրանցված` պետական գրանցման վկայական ստանալու պահից:

Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցման դիմաց գանձվում է պետական տուրք:

 

 Հոդված 4. Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցումը

 

Պետական գրանցումն ընդգրկում է`

սկզբնական պետական գրանցումը, որն ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար պետական ռեգիստրում պետական գրանցման քարտի բացումն է.

ընթացիկ պետական գրանցումը, որն սկզբնական պետական գրանցմամբ բացված պետական գրանցման քարտում տեղեկությունների փոփոխությունների և լրացումների կատարումն է:

Ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտի վերակազմավորման կամ գործունեության դադարման դեպքում ձեռնարկությունների պետական ռեգիստրում բացված պետական գրանցման քարտը մարվում է:

Ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցումը կատարվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման միջոցով` ըստ նրանց գտնվելու վայրի:

Չգրանցված ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:

 

 Հոդված 5. Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սկզբնական պետական գրանցման կարգը

 

Սկզբնական պետական գրանցման նպատակով ձեռնարկության հիմնադիրը (հիմնադիրները), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձինք սույն օրենքի 12 հոդվածում սահմանված փաստաթղթերը ներկայացնում են իրենց գտնվելու վայրի ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստորաբաժանմանը, որի մասին ստորաբաժանման գրանցամատյանում կատարվում է գրառում:

Ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Անհամապատասխանության դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից ձեռնարկությունների համար` հնգօրյա, իսկ անհատ ձեռներեցի համար` եռօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձվում են` թերությունները վերացնելու մասին պարտադիր նշումով:

Փաստաթղթերի վերադարձումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ կարող է գանգատարկվել դատական կարգով:

Փաստաթղթերի ստուգումից հետո սույն օրենքի 11 հոդվածում սահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում, որն ուղարկվում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնին` կոդավորելու, պետական գրանցման համարանիշ շնորհելու և պետական գրանցման վկայական տալու համար:

 

 Հոդված 6. Կոդավորման կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում գործում է ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների պետական գրանցման կոդերի միասնական համակարգ:

Պետական գրանցման կոդերի համակարգը, ինչպես նաև կոդավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

 Հոդված 7. Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների ընթացիկ պետական գրանցման կարգը

 

Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների և լրացումների, ձեռնարկության կարգավիճակի, ինչպես նաև անհատ ձեռներեցի գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունները, լրացումները ընթացիկ պետական գրանցման նպատակով սույն օրենքի 12 հոդվածում սահմանված փաստաթղթերը ներկայացվում են ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստորաբաժանումներին, որի վերաբերյալ ստորաբաժանման կողմից գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:

Ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է ներկայացված փոփոխությունների և լրացումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ անհամապատասխանության դեպքում, սույն օրենքի 5 հոդվածի երկրորդ մասում նախատեսված ժամկետներում վերադարձնում է` թերությունների վերացման մասին պարտադիր նշումով:

Փաստաթղթերի վերադարձնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ կարող է գանգատարկվել դատական կարգով:

Փաստաթղթերի ստուգումից հետո ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստորաբաժանումը գրանցամատյանում գրառման օրվանից տասնօրյա ժամկետում սկզբնական պետական գրանցման քարտում կատարում է առաջարկված փոփոխություններն ու լրացումները և ուղարկում ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմնին:

Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններն ու լրացումները, ձեռնարկության կարգավիճակի, ինչպես նաև անհատ ձեռներեցի գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխություններն ու լրացումները գրանցված են համարվում պետական գրանցման քարտում պահանջվող փոփոխություններն ու լրացումները ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից դրանք վավերացնելուց հետո:

Դուստր ձեռնարկություն և առանձնացված ստորաբաժանում հիմնադրելու դեպքում հիմնադիր ձեռնարկության համար կատարվում է ընթացիկ պետական գրանցում` սույն հոդվածում սահմանված կարգով:

Ձեռնարկությունների վերակազմավորման այն բոլոր դեպքերում, երբ դրանց գործունեությունը չի դադարում, կատարվում է ընթացիկ պետական գրանցում:

Ձեռնարկության, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանման, անհատ ձեռներեցի գտնվելու վայրի փոփոխման դեպքում սույն հոդվածում սահմանված կարգով ընթացիկ գրանցում կատարելու օրվանից հնգօրյա ժամկետում պետական գրանցման քարտը տեղափոխվում է դրանց գտնվելու վայրի ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանում:

 

 Հոդված 8. Պետական գրանցման ժամկետները և մերժման հիմքերը

 

Ձեռնարկությունների պետական ռեգիստրին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրանցամատյանում գրառում կատարելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե այլ կարգ չի սահմանված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ձեռնարկությունը, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում, անհատ ձեռներեցի վկայականում կատարված փոփոխությունները և լրացումները կամ ձեռնարկության կարգավիճակի փոփոխությունները պետք է գրանցվեն կամ հիմնավորված մերժվեն ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից:

Ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից ձեռնարկության, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանման կամ անհատ ձեռներեցի, ինչպես նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում լրացումների և փոփոխությունների, կարգավիճակի փոփոխությունների գրանցումը կարող է մերժվել այն դեպքում, եթե ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Այլ պատճառներով ձեռնարկության պետական գրանցման մերժում, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում:

Եթե բոլոր փաստաթղթերը ներկայացնելու մասին գրանցամատյանում գրառում կատարելուց հետո 45 օրվա ընթացքում ձեռնարկության հիմնադիրը (հիմնադիրները), իսկ 25 օրվա ընթացքում որպես անհատ ձեռներեց գրանցվել ցանկացող անձը պաշտոնական մերժում չեն ստանում, ապա անհատ ձեռներեցը, ձեռնարկությունը, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունները և լրացումները, ձեռնարկության կարգավիճակի, անհատ ձեռներեցի գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունները և լրացումները համարվում են գրանցված, իսկ գրանցում իրականացնող ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է մեկ օրվա ընթացքում տալ պետական գրանցման վկայական: Սահմանված ժամկետում ձեռնարկությունը, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումը, անհատ ձեռներեցին չգրանցել, կամ հիմնադիր փաստաթղթերում, գրանցման վկայականներում լրացումներն ու փոփոխությունները չգրանցելը կամ գրանցումը մերժելը կարող են գանգատարկվել դատական կարգով:

Այն դեպքում, երբ դատարանը ապացուցել է ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի սկզբնական և ընթացիկ պետական գրանցումները ժամանակին չկատարելու կամ գրանցումը մերժելու անօրինականությունը, ձեռնարկությունների պետական ռեգիստրը փոխհատուցում է ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին պատճառած վնասը, այդ թվում` բաց թողնված օգուտները:

 

 Հոդված 9. Ձեռնարկությունների վերակազմավորման պետական գրանցումը: Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցի գործունեության դադարման պետական գրանցումը

 

Ձեռնարկության վերակազմավորման դեպքում, վերակազմավորման մասին հիմնադիրների (մասնակիցների) որոշումը ներկայացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, որի վերաբերյալ ստորաբաժանման գրանցամատյանում կատարվում է գրառում: Ձեռնարկությունների վերակազմավորման այն բոլոր դեպքերում, երբ ձեռնարկության գործունեությունը դադարում է, պետական գրանցման քարտը մարվում` գրանցամատյանում անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման մասին գրառում կատարելու օրվանից տասնօրյա ժամկետում, պետական գրանցման վկայականը ոչնչացվում է սույն հոդվածում սահմանված կարգով:

Ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցված ձեռնարկության գործունեության դադարման դեպքում, ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի կողմից լուծարման մասին կայացված որոշումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված լուծարքային հանձնաժողովի լուծարման գործընթացն ավարտելու մասին որոշման և սույն օրենքի 12 հոդվածում նախատեսված փաստաթղթերի հետ միասին 10 օրվա ընթացքում ներկայացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, որի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում: Անհատ ձեռներեցի գործունեության դադարման դեպքում անհատ ձեռներեցը ձեռնարկությունների պետական ռեգիստր է ներկայացնում դիմում և սույն օրենքի 12 հոդվածում նախատեսված փաստաթղթերը, որի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում:

Գրառման օրվանից 3 օրվա ընթացքում ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի պետական գրանցման քարտը մարվում է և պետական գրանցման վկայականի հետ միասին ուղարկվում ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմին, որտեղ մարված քարտի հիման վրա պետական գրանցման վկայականը ոչնչացվում է: Պետական գրանցման վկայականի ոչնչացման մասին կազմվում է արձանագրություն, որը պահվում է ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի պետական գրանցման գործում: Լուծարված ձեռնարկության կամ իր գործունեությունը դադարած անհատ ձեռներեցի տվյալները պետական ռեգիստրի արխիվում պահվում են 5 տարի:

Ձեռնարկությունների պետական ռեգիստրը պետական գրանցման քարտի մարումից 3 օրվա ընթացքում գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիան ուղարկում է այն տված պետական իրավասու մարմնին:

Ձեռնարկության վերակազմավորման, ինչպես նաև ձեռնարկության և անհատ ձեռներեցի գործունեության դադարման պետական գրանցումը չի կարող մերժվել ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից:

Ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարման պետական գրանցման համար տուրք չի գանձվում:

 

 Հոդված 10. Ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա ձեռնարկությունները

 

Ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա են`

անհատ ձեռներեցները.

անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները (այդ թվում գյուղացիական տնտեսությունները).

լիակատար ընկերակցությունները.

կոմանդիտային ընկերակցությունները.

արտադրական կոոպերատիվները.

սպառողական կոոպերատիվները.

գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները.

բաժնետիրական ընկերությունները.

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները.

պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունները.

դուստր ձեռնարկությունները.

համատեղ ձեռնարկությունները.

շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները.

ձեռնարկությունների տնտեսական միավորումները.

ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումները:

Դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների պետական գրանցումը հիմնադիր ձեռնարկության համար համարվում է ընթացիկ պետական գրանցում, իսկ դուստր ձեռնարկության, առանձնացված ստորաբաժանման համար` սկզբնական պետական գրանցում:

 

 Հոդված 11. Պետական գրանցման քարտում գրառվող տեղեկությունները

 

Ձեռնարկությունների պետական գրանցման քարտում գրառվում են հետևյալ տեղեկությունները.

պետական գրանցման համարանիշը,

պետական գրանցման ամսաթիվը,

ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը,

ձեռնարկության կարգավիճակն ու դրա փոփոխությունը, եթե կա այդպիսին,

ձեռնարկության անվանումը,

ձեռնարկության գտնվելու վայրը,

ձեռնարկության գործունեության տեսակը,

գործունեության ժամկետը,

ձեռնարկության հիմնադիրների կազմը և տեղեկություններ վերջիններիս վերաբերյալ,

անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների և տնտեսական ընկերակցությունների գրանցման դեպքերում` հիմնադիրների կամ անդամների գույքային վիճակի մասին,

ձեռնարկության սեփականության ձևի մասին,

բաժնետիրական ընկերությունների գրանցման դեպքում` կանոնադրական ֆոնդի չափը,

ձեռնարկության կանոնադրական ֆոնդում ներդրումների կատարման ժամկետը, հիմնադիրների (մասնակիցների) ներդրումների չափը և կազմը,

ձեռնարկության կամ կազմակերպության կողմից դուստր ձեռնարկության կամ ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման դեպքում` դրանց գտնվելու վայրը և անվանումը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիայի մասին,

ապրանքային, ֆիրմային, առևտրային և սպասարկման նշանների մասին,

գործունեության դադարման մասին:

Դուստր ձեռնարկության սկզբնական պետական գրանցման համար ներկայացվում են սույն հոդվածի առաջին մասում սահմանված տեղեկությունները:

Ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների պետական գրանցման քարտում գրառվում են հետևյալ տեղեկությունները.

պետական գրանցման համարանիշը,

պետական գրանցման ամսաթիվը,

հիմնադիր ձեռնարկության անվանումը և գտնվելու վայրը,

առանձնացված ստորաբաժանման ստեղծման կապակցությամբ հիմնադիր ձեռնարկության պետական գրանցման ձեռնարկությունների պետական ռեգիստրում ընթացիկ պետական գրանցում կատարելու մասին,

առանձնացված ստորաբաժանման անվանումը,

գտնվելու վայրը,

գործունեության տեսակը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիայի մասին,

ձեռնարկության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի, ինչպես նաև նրան տրված լիազորագրի տվյալների մասին,

գործունեության դադարման մասին:

Անհատ ձեռներեցի պետական գրանցման քարտում գրառվում են հետևյալ տեղեկությունները.

պետական գրանցման համարանիշը,

պետական գրանցման ամսաթիվը,

անհատ ձեռներեցի գույքային վիճակի մասին,

գործունեության տեսակը,

գործունեության դադարման մասին:

Սույն հոդվածում սահմանված տեղեկությունները ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից փոփոխվել չեն կարող:

 

 Հոդված 12. Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

Սկզբնական պետական գրանցման համար ներկայացվում են`

ձեռնարկության հիմնադիր (հիմնադիրների) կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձի դիմումը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված հիմնադիր փաստաթղթերը.

անհրաժեշտության դեպքում` գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիան.

անհատ ձեռներեցի, ինչպես նաև տվյալ կազմակերպական-իրավական տեսակի կամ կարգավիճակի ձեռնարկությունների պետական գրանցման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:

Ընթացիկ պետական գրանցման համար ներկայացվում են`

ձեռնարկության հիմնադրի (մասնակիցների) կամ անհատ ձեռներեցի դիմումը.

ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների և լրացումների մասին որոշումը, ինչպես նաև այդ փոփոխությունները և լրացումները:

Ձեռնարկությունների վերակազմավորման, ինչպես նաև ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարման պետական գրանցման համար ներկայացվում են`

ձեռնարկության հիմնադրի (մասնակիցների) կամ անհատ ձեռներեցի դիմումը.

ձեռնարկության վերակազմավորման մասին որոշումը, իսկ ձեռնարկության վերակազմավորումը լուծարման ընթացակարգով կատարվելու դեպքում` նաև լուծարքային հանձնաժողովի որոշումը.

անհատ ձեռներեցի տեղեկանքը հարկային տեսչությունից.

ձեռնարկատիրական գործունեության դադարման դեպքում` լուծարքային հանձնաժողովի որոշումը.

գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիան, եթե կա այդպիսին.

պետական գրանցման վկայականը:

 

 Հոդված 13. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարման կարգը

 

Ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստորաբաժանումները կազմում են տվյալ տարածքում (շրջանում, քաղաքում) գտնվող ձեռնարկությունների, ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռներեցների պետական գրանցման գործեր և վարում քարտարան` ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

 Հոդված 14. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկությունների հրապարակումը

 

Ձեռնարկությունների պետական ռեգիստրը բաց է պետական իշխանության մարմինների, ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող տեղեկություններին, ինչպես նաև դրանք ստանալ անմիջականորեն կամ փոստով, որի դիմաց մուծվում է վճար:

Ձեռնարկությունների պետական ռեգիստրը պարբերաբար հրապարակում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագիր», որտեղ հրապարակվում են սույն օրենքի 11 հոդվածում սահմանված տեղեկությունները:

Հրապարակված և պետական գրանցման քարտում գրառված տեղեկությունների անհամապատասխանության դեպքում գործում են պետական գրանցման քարտում գրառվածները, իսկ անճշտությունները ուղղված տեսքով հրապարակվում են «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրի» հաջորդ համարում:

Ձեռնարկությունների պետական ռեգիստր վարող անձինք պատասխանատվություն են կրում պետական գրանցմամբ վավերացված տեղեկությունների չարտոնված օգտագործման, հակաօրինական մշակման, տարածման, նրանց փոփոխման կամ ոչնչացման համար:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 2 սեպտեմբերի 1993 թ.
ՀՕ-80