Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-13
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.1992-01.01.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992.03.31/6(1010)
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.02.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 փետրվարի 1992թ. Հ.Ն-0532-1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

Օրենքը երաշխավորում է կենսաթոշակառուների նյութական ապահովության և սոցիալական պաշտպանվածության իրավունքը` սահմանելով աշխատանքային և սոցիալական կենսաթոշակներ:

 

ԲԱԺԻՆ I

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները սույն օրենքով սահմանված կարգով ունեն պետական կենսաթոշակային ապահովության իրավունք:

 

Հոդված 2. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կենսաթոշակային ապահովությունը

 

Սույն օրենքը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:

 

Հոդված 3. Կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությունը

 

Քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 4. Պետական կենսաթոշակների տեսակները

 

Սույն օրենքով նշանակվում են հետևյալ պետական կենսաթոշակները.

ա) աշխատանքային կենսաթոշակներ`

- տարիքային.

- տարիքային արտոնյալ.

- հաշմանդամության (աշխատանքային ստաժ ունեցող հաշմանդամներին).

- երկարամյա ծառայության.

բ) սոցիալական կենսաթոշակներ`

- ծերության.

- հաշմանդամության.

- կերակրողին կորցնելու դեպքում:

 

Հոդված 5. Աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք

 

Սույն օրենքով նախատեսված մյուս պայմանների բավարարման դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն`

ա) բոլոր կարգի գործատուների մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող այն անձինք, ովքեր ենթակա են եղել սոցիալական ապահովագրության և սահմանված կարգով կատարել են սոցիալական ապահովագրության մուծումներ.

բ) ինքնուրույն կերպով իրենց աշխատանքով ապահովող անձինք, այդ թվում` ձեռներեցները, անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված անձինք, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները, եթե սահմանված կարգով կատարել են սոցիալական ապահովագրության մուծումներ.

գ) ստեղծագործական բնույթի գործունեությամբ զբաղված անձինք, եթե սահմանված կարգով կատարել են սոցիալական ապահովագրության մուծումներ.

դ) պետական սոցիալական ապահովագրության ենթակա այլ անձինք, եթե սահմանված կարգով կատարել են սոցիալական ապահովագրության մուծումներ.

ե) բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնարանների, կադրերի պատրաստման դպրոցների և դասընթացների սովորողները, ասպիրանտները, կլինիկական օրդինատորները և դոկտորանտները.

զ) ռազմականացված կազմավորումների, կապի նախարարության հատուկ կապի ծառայության, ինչպես նաև այլ հատուկ ծառայությունների այն աշխատողները, ովքեր ենթակա չեն սոցիալական ապահովագրության և որոնք պետական կենսաթոշակային ապահովության վերաբերյալ սահմանված է այլ կարգ.

է) պետական պարտականությունները կամ հասարակական պարտքը կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:

 

Հոդված 6. Սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք

 

Սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն բոլոր անաշխատունակ քաղաքացիները` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 7. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

Միաժամանակ տարբեր պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, նշանակվում է մեկ կենսաթոշակ` նրա ընտրությամբ:

Կենսաթոշակառուի ցանկությամբ կենսաթոշակներ նշանակող մարմինները իրականացնում են արդեն նշանակված մի կենսաթոշակից մյուսին փոխադրումը` կենսաթոշակառուի դիմում տալու օրվանից:

 

Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցները

 

Պետական կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդից:

Կենսաթոշակային ֆոնդը ինքնուրույն ֆինանսական համակարգ է և չի մտնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմի մեջ:

Կենսաթոշակային ֆոնդը ձևավորվում է`

ա) գործատուների կողմից սոցիալական ապահովագրության նպատակներով մասհանվող միջոցներից.

բ) քաղաքացիների սոցիալական ապահովագրության պարտադիր մուծումներից.

գ) պետական բյուջեից կատարվող հատկացումներից.

դ) գործատուների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումներից.

ե) կենսաթոշակային ֆոնդի ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեությամբ ձեռք բերված միջոցներից և այլ մուտքերից:

Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակային ֆոնդը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Կենսաթոշակային ֆոնդի կանոնադրությունը, միջոցների ձևավորման չափերը, կարգը և պայմանները, ինչպես նաև ծախսման ուղղությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ներկայացմամբ:

Կենսաթոշակային ֆոնդը ազատվում է բոլոր տեսակի հարկերից, ներառյալ նաև այն գումարների մասով, որ ստացվում է ֆոնդի ֆինանսատնտեսական բնույթի գործունեությունից:

Կենսաթոշակները հարկման ենթակա չեն:

 

Հոդված 9. Պետական կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմինները

 

Պետական կենսաթոշակային ապահովություն իրականացնում են սոցիալական ապահովության մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 10. Լրացուցիչ կենսաթոշակի կամավոր ապահովագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդից պետական կենսաթոշակային ապահովության հետ մեկտեղ քաղաքացիներն ունեն պետական և ոչ պետական ապահովագրական մարմինների (գործակալությունների, ընկերությունների, կազմակերպությունների և այլն) հետ լրացուցիչ կենսաթոշակի ապահովագրության պայմանագրեր կնքելու իրավունք:

Պետական և ոչ պետական ապահովագրական մարմինների գործունեության և իրավասության շրջանակները կենսաթոշակային ապահովության բնագավառում սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Գործատուները, եթե դա նախատեսված է կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերով, կարող են լիովին կամ մասնակիորեն իրենց աշխատողներին հատուցել լրացուցիչ կենսաթոշակի կամավոր ապահովագրության պայմանագրերով նրանց կատարած մուծումները:

 

ԲԱԺԻՆ II

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

 

Հոդված 11. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն`

ա) տղամարդիկ` 60 տարին լրանալու և առնվազն 25 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում.

բ) կանայք` 55 տարին, իսկ 5 և ավելի երեխա ծնած և մինչև 8 տարին լրանալը խնամած մայրերը` 50 տարին լրանալու և առնվազն 20 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի դեպքում:

Մայրերին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս ընդհանուր աշխատանքային ստաժում սույն օրենքի 37 հոդվածի առաջին մասով սահմանված կարգով հաշվառվում է նաև երեխաների խնամքի հետ կապված ժամանակաշրջանը, պայմանով, որ ընդհանուր աշխատանքային ստաժի առնվազն 5 տարիներին նրանք զբաղված են եղել աշխատանքային գործունեությամբ և սահմանված կարգով կատարել սոցիալական ապահովագրության մուծումներ:

 

Հոդված 12. Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր երբևէ աշխատել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված արտադրություններում, համապատասխան մասնագիտության աշխատատեղերում և պաշտոններում:

Նշված արտադրություններում և արտադրամասերում համապատասխան կատեգորիաների աշխատողների կենսաթոշակի անցնելու արտոնյալ տարիքը և արտոնության իրավունք տվող աշխատանքային ստաժի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, իսկ նրանց պետական սոցիալական ապահովագրության կարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 13. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի չափերը

 

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքի 41 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի 60 չափով:

Տղամարդկանց համար 25, իսկ կանանց համար 20 տարուց ավելի աշխատած յուրաքանչյուր 1 լրիվ տարվա դիմաց կենսաթոշակն ավելանում է ամսական միջին փաստացի վաստակի 1 տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, թե քանի տարվա աշխատանքային ստաժի պայմանով է տվյալ քաղաքացին կենսաթոշակի իրավունք ստացել:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի չափը չպետք է ցածր լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից:

 

Հոդված 14. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող տարիքային աշխատանքային կենսաթոշակը

 

 Լրիվ կենսաթոշակ նշանակելու համար բավարար աշխատանքային ստաժ չունեցող անձանց (հոդված 11) տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ունեցած ստաժին համամասնական չափով (հոդված 43), սակայն համապատասխան կատեգորիաների անձանց համար նախատեսված ծերության սոցիալական կենսաթոշակից ոչ պակաս (հոդված 23):

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

 

Հոդված 15. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակման պայմանները

 

 Հաշմանդամներին աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում`

ա) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով` անկախ աշխատանքային ստաժից.

բ) ընդհանուր հիվանդության հետևանքով` սույն օրենքով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում:

Այն անձանց, ովքեր հաշմանդամ ճանաչվելուց հետո (անկախ հաշմանդամության պատճառներից) շարունակել են աշխատել, նշանակվում է աշխատանքային տարիքային կենսաթոշակ`

ա) տղամարդկանց` 50 տարին լրանալու և առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժի դեպքում.

բ) կանանց` 45 տարին լրանալու և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում:

Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանվող կենսաթոշակի նշանակման դեպքում դադարեցվում է սույն հոդվածի առաջին մասով և սույն օրենքի 25 հոդվածով սահմանվող կենսաթոշակների վճարումը:

 

Հոդված 16. Ընդհանուր հիվանդության հետևանքով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը

 

 Ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է հետևյալ աշխատանքային ստաժի առկայության դեպքում.

 

Տարիքային խումբը

 Աշխատանքային ստաժը

 

տղամարդիկ

 կանայք

20-24

1 տարի

1 տարի

25-29

3 տարի

3 տարի

30-34

5 տարի

5 տարի

35-39

7 տարի 

7 տարի

40-44

9 տարի

9 տարի

45-49

11 տարի

10 տարի

50-54

13 տարի

11 տարի

55-59

15 տարի

12 տարի

 

 Եթե ձեռք է բերվել համապատասխան տարիքային խմբի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժ և աշխատանքը շարունակվել է հաջորդ տարիքային խումբն անցնելիս, ապա ստաժի պայմանը կատարված է համարվում` անկախ հաջորդ տարիքային խմբի համար սահմանված պահանջներից:

Մինչև 20 տարեկան դառնալը ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած անձանց կենսաթոշակ է նշանակվում անկախ աշխատանքային ստաժից:

 

Հոդված 17. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանք հանդիսացող հաշմանդամությունը

 

 Հաշմանդամությունը համարվում է աշխատանքային խեղման հետևանք, եթե հաշմանդամության պատճառած դժբախտ դեպքը տեղի է ունեցել`

ա) աշխատանքային պարտականությունները կատարելիս (այդ թվում` գործուղման ժամանակ), ինչպես նաև առանց հատուկ հանձնարարության ձեռնարկության կամ կազմակերպության օգտին որևէ գործողություն կատարելիս.

բ) աշխատանքի գնալիս կամ աշխատանքից վերադառնալիս.

գ) ձեռնարկության, կազմակերպության տարածքում կամ այլ աշխատավայրում աշխատաժամանակի, ինչպես նաև սահմանված ընդմիջումների, աշխատանքը սկսվելուց առաջ կամ ավարտվելուց հետո արտադրության գործիքները, հագուստը, աշխատատեղը կարգի բերելու համար անհրաժեշտ ժամանակաընթացքում.

դ) արտադրական ուսուցման, պրակտիկայի կամ գործնական պարապմունքների ժամանակ.

ե) պետական պարտականությունները կամ հասարակական պարտքը կատարելիս:

Հաշմանդամության հանգեցնող մասնագիտական հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

 

Հոդված 18. Աշխատանքային ստաժ ունեցող հաշմանդամներին նշանակվող աշխատանքային կենսաթոշակի չափերը

 

Սույն օրենքի 15 հոդվածի առաջին մասով սահմանվող կենսաթոշակները նշանակվում են հետևյալ չափերով`

ա) I խմբի հաշմանդամներին` սույն օրենքի 41 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի 60 տոկոսի չափով.

բ) II խմբի հաշմանդամներին` սույն օրենքի 41 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի 50 տոկոսի չափով.

գ) III խմբի հաշմանդամներին` սույն օրենքի 41 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի 30 տոկոսի չափով:

Սույն օրենքի 15 հոդվածի երկրորդ մասով սահմանվող կենսաթոշակները նշանակվում են սույն օրենքի 41 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի 60 տոկոսի չափով: Պահանջվող աշխատանքային ստաժից ավելի աշխատած յուրաքանչյուր 1 լրիվ տարվա համար այդ չափն ավելանում է 1 տոկոսով:

Աշխատանքային ստաժ ունեցող հաշմանդամներին նշանակվող աշխատանքային կենսաթոշակի չափը չպետք է ցածր լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից:

 

Հոդված 19. Հաշմանդամներին ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում նշանակվող աշխատանքային կենսաթոշակը

 

Ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված այն անձանց, ովքեր լրիվ կենսաթոշակի նշանակման համար բավարար աշխատանքային ստաժ չունեն (հոդված 16), հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում առկա ստաժին համամասնական չափով (հոդված 43), սակայն հաշմանդամության I, II, III խմբերի համար համապատասխանաբար սահմանվող հաշմանդամության սոցիալական կենսաթոշակից ոչ պակաս (հոդված 26):

 

ԳԼՈՒԽ 3. ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

 

Հոդված 20. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Երկարամյա ծառայության համար աշխատանքային կենսաթոշակ է սահմանվում քաղաքացիների այն կատեգորիաների համար, որոնց աշխատանքային գործունեությունը մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը հանգեցնում է աշխատունակության կամ մասնագիտական պիտանիության կորստի: Երկարամյա ծառայության համար աշխատանքային գործունեության տեսակների ցանկը, ինչպես նաև աշխատանքային ստաժի չափն ու կենսաթոշակի անցնելու տարիքը ըստ համապատասխան կատեգորիաների հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

 

Հոդված 21. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի չափերը

 

Երկարամյա ծառայության համար աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է սույն օրենքի 41 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի 60 տոկոսի չափով:

Երկարամյա ծառայության համար աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի սահմանված չափը գերազանցող համանման աշխատանքային ստաժի յուրաքանչյուր 1 լրիվ տարվա դիմաց կենսաթոշակն ավելանում է ամսական միջին փաստացի վաստակի 1 տոկոսի չափով:

Երկարամյա ծառայության համար աշխատանքային կենսաթոշակի չափը չպետք է ցածր լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից:

 

ԲԱԺԻՆ III

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 4. ԾԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

 

Հոդված 22. Ծերության սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Աշխատանքային կենսաթոշակի իրավունքի բացակայության դեպքում ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն`

ա) տղամարդիկ` 65 տարին լրանալու դեպքում.

բ) կանայք` 60 տարին լրանալու դեպքում, իսկ 3 և ավելի երեխա ծնած և մինչև 8 տարին լրանալը խնամած մայրերը` 55 տարին լրանալու դեպքում:

 

Հոդված 23. Ծերության սոցիալական կենսաթոշակի չափերը

 

Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով, իսկ 3 և ավելի երեխա ծնած և մինչև 8 տարին լրանալը խնամած մայրերին` 100 տոկոսի չափով:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

 

Հոդված 24.  Հաշմանդամության խմբերը սահմանելու կարգը

 

 Ըստ աշխատունակության կորստի հաշմանդամները բաժանվում են երեք խմբի` I, II, III:

Հաշմանդամության պատճառները, խմբերը, ինչպես նաև հաշմանդամության վրա հասնելու ժամանակը որոշում են բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները (ԲԱՓՀ), որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 25. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Աշխատանքային կենսաթոշակի իրավունքի բացակայության դեպքում հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է`

ա) I, II, III խմբի հաշմանդամներին.

բ) հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին:

Մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաների համար սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք տվող բժշկական ցուցումների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացմամբ:

 

Հոդված 26. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի չափերը

 

 Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է հետևյալ չափերով`

ա) I խմբի հաշմանդամներին, մանկուց I և II խմբերի հաշմանդամներին և մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով.

բ) II խմբի հաշմանդամներին` (բացառությամբ մանկուց հաշմանդամների) նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով.

գ) III խմբի հաշմանդամներին` նվազագույն աշխատավարձի 40 տոկոսի չափով:

 

ԳԼՈՒԽ 6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 27. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

 

 Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում մահացած կերակրողի ընտանիքի այն աշխատունակ անդամներին (հոդված 28), որոնք գտնվել են նրա խնամքի տակ:

Մահացած կերակրողի զավակներին սոցիալական կենսաթոշակ նշանակվում է անկախ այն բանից, նրանք մահացած կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:

Կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

Ընտանիքի անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժինը առանձնացվում է և վճարվում առանձին:

Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:

 

Հոդված 28. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները`

ա) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում եղբայրները, քույրերը և թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

բ) կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, կինը կամ ամուսինը, եթե չեն աշխատում.

գ) ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրը կամ քույրը` անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 8 տարին չլրացած զավակների, եղբայրների, քույրերի կամ թոռների խնամքով և չի աշխատում.

դ) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում:

Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների արտադրությունից կտրված ուսուցման սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան նրանց 23 տարին լրանալը:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են մահացածների ընտանիքներին, տարածվում են նաև սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված և մեռած հայտարարված անձանց ընտանիքների վրա:

 

Հոդված 29. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

 

Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները` հարազատ զավակներին համահավասար:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասները այդ իրավունքը պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:

Խորթ հայրը ու խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հոր և մոր հետ համահավասար, եթե մահացած խորթ զավակին պահել ու դաստիարակել են առնվազն 5 տարի:

Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:

Ամուսնու մահվան դեպքում նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաև կենսաթոշակառուի նոր ամուսնության դեպքում:

 

Հոդված 30. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է հետևյալ չափերով`

ա) յուրաքանչյուր երեխային` նվազագույն աշխատավարձի 40 տոկոսի չափով.

բ) երկու ծնողներին կորցրած կամ մահացած միայնակ ծնողի զավակներից յուրաքանչյուրին` նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով.

գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով:

Բոլոր դեպքերում կերակրողին կորցնելու սոցիալական կենսաթոշակը նշանակվում է և վճարվում է անկախ այն բանից, կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:

 

Հոդված 31. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակումը և վճարումը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին

 

Կերակրողին կորցնելու դեպքում լիովին պետական խնամքի տակ գտնվելու ժամանակամիջոցում որբ երեխաներին վճարվում է նշանակված սոցիալական կենսաթոշակի 50 տոկոսը:

Վճարվող գումարները մինչև որբ երեխայի չափահաս դառնալը փոխանցվում են վերջինիս հաշվին և չեն կարող որևէ մեկի կողմից տնօրինվել:

 

ԲԱԺԻՆ IV

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 7. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

Հոդված 32. Կենսաթոշակների նշանակման կարգը

 

 Կենսաթոշակների նշանակման հարցը քննարկում և համապատասխան որոշում են ընդունում սոցիալական ապահովության մարմինները (հոդված 9), համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

 Մերժման որոշում ընդունելուց հետո ամենաուշը 5 օրվա ընթացքում սոցիալական ապահովության մարմինը այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառն ու գանգատարկման կարգը, միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:

 

Հոդված 33. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

 

Կենսաթոշակները նշանակվում են դրանց համար դիմելու օրվանից, բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա) տարիքային, ծերության և հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են կենսաթոշակային տարիքը լրանալու կամ ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամությունը հաստատելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է կենսաթոշակային տարիքը լրանալուց կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո 6 ամսից ոչ ուշ.

բ) կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքի առաջացման օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո 12 ամսից ոչ ուշ:

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները նշանակվում են ԲԱՓՀ-ի կողմից սահմանված հաշմանդամության ամբողջ ժամանակաշրջանի համար:

60 տարեկանից բարձր տղամարդկանց և 55 տարեկանից բարձր կանանց հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է ցմահ: Այդ հաշմանդամների բժշկական վերազննությունը կատարվում է միայն նրանց դիմումի համաձայն:

Տարիքային, ծերության, երկարամյա ծառայության և հաշմանդամներին նշանակվող աշխատանքային կենսաթոշակները (հոդված 15, երկրորդ մաս) նշանակվում է ցմահ:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակամիջոցի համար, որի ընթացքում մահացածի ընտանիքի անդամը համարվում է անաշխատունակ (հոդված 28) և, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, չի աշխատում:

Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են չափի փոփոխումը կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:

 

Հոդված 34. Կենսաթոշակների նշանակման համար դիմելու կարգը

 

Կենսաթոշակները նշանակում են քաղաքացիների մշտական բնակության վայրի սոցիալական ապահովության համապատասխան մարմինները` գրավոր դիմումների հիման վրա:

Քաղաքացիներն անձամբ են ներկայացնում կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը:

Բոլոր կարգի գործատուները, ինչպես նաև համապատասխան պետական ծառայությունները քաղաքացիների պահանջով պարտավոր են նրանց ապահովել կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերով:

Սոցիալական ապահովության մարմինները պարտավոր են`

ա) իրենց դիմած քաղաքացիներին ապահովել խորհրդատվությամբ կենսաթոշակների նշանակման կարգի հետ կապված հարցերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրանց աջակցել պահանջվող փաստաթղթերը ստանալու գործում.

բ) բոլոր կարգի գործատուներից, պետական այլ ծառայություններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը:

 

Հոդված 35. Նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու ժամկետները

 

Նշանակված կենսաթոշակի վերահաշվարկումը կատարվում է`

ա) կենսաթոշակի բարձրացման իրավունք վերապահող հանգամանքներ առաջանալիս` այն ամսվա սկզբից, որի ընթացքում կենսաթոշակառուն դիմել է կենսաթոշակը վերահաշվարկելու համար.

բ) կենսաթոշակի նվազեցման համար հիմք հանդիսացող հանգամանքներ առաջանալիս` այն ամսվա սկզբից, որի ընթացքում ի հայտ են եկել այդ հանգամանքները:

 

Հոդված 36. Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների գանգատարկումը

 

Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ սոցիալական ապահովության համապատասխան մարմինների որոշումները կարող են գանգատարկվել ըստ ենթակայության վերադաս մարմնին, իսկ վերադասի կայացրած որոշումից դժգոհ մնալու դեպքում` դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ 8. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

Հոդված 37. Աշխատանքային ստաժում հաշվառվող գործունեության տեսակները

 

 Աշխատանքային ստաժում հաշվառվում են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակները`

ա) բոլոր կարգի գործատուների մոտ (անկախ սեփականության ձևից) աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը, անկախ աշխատանքի բնույթից և տևողությունից, եթե սահմանված կարգով կատարվել են սոցիալական ապահովագրության մուծումներ.

բ) ամեն կարգի այլ աշխատանքային գործունեությունը, որի ընթացքում սահմանված կարգով կատարվել են սոցիալական ապահովագրության մուծումներ.

գ) չաշխատող մոր կողմից երեխայի խնամքը` յուրաքանչյուր երեխայի համար 3 տարի, սակայն 15 տարուց ոչ ավելի.

դ) I խմբի հաշմանդամի խնամքը ընտանիքի չաշխատող չափահաս անդամներից մեկի կողմից, սակայն 10 տարուց ոչ ավելի.

ե) ծառայությունը զինված ուժերում, ազգային անվտանգության և ներքին գործերի մարմիններում և հատուկ ջոկատներում.

զ) ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացներում, ինչպես նաև արտադրությունից կտրված ուսուցման այլ ձևերում:

Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ներկայացմամբ:

 

Հոդված 38. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող գործունեության տեսակները

 

Աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով`

ա) գործող բանակի կազմում զինվորական ծառայությունը մարտական գործողությունների ընթացքում, այդ թվում` պարտիզանական ջոկատներում և այլ միավորումներում գտնվելու ժամանակամիջոցը.

բ) անհիմն կերպով քրեական պատասխանատվության ու բռնությունների ենթարկված և հետագայում արդարացված անձանց կալանքի տակ պահելու, ազատազրկման վայրերում ու աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակամիջոցը:

Աշխատանքային գործունեության որոշ տեսակները, ինչպես նաև որոշակի շրջաններում (բարձրլեռնային, զարգացման առաջնային տարածքներ հայտարարված և այլն) աշխատած տարիները ընդհանուր աշխատանքային ստաժում կարող են հաշվառվել արտոնյալ պայմաններով: Նման շրջանների ցուցակը և աշխատանքային գործունեության համապատասխան տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, իսկ արտոնությունների սահմանման կարգն ու պայմանները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 39. Աշխատանքային ստաժի հաստատման կարգը

 

Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է: Աշխատանքային գրքույկի կամ նրանում համապատասխան գրառումների բացակայության դեպքում աշխատանքային ստաժի հաստատման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կողմից:

 

Հոդված 40. Կենսաթոշակները հաշվարկելիս ընդհանուր վաստակում հաշվառվող աշխատանքի վարձատրության տեսակները

 

Կենսաթոշակները հաշվարկելիս վաստակի մեջ են մտցվում աշխատանքի վարձատրության այն տեսակները, որոնցից սահմանված կարգով կատարվել են սոցիալական ապահովագրության մուծումներ:

Երկու և ավելի գործատուների մոտ համատեղության կարգով աշխատած անձանց կենսաթոշակի հաշվարկման ժամանակ վաստակի մեջ են մտցվում աշխատանքի վարձատրության տեսքով ստացված բոլոր այն գումարները, որոնցից սահմանված կարգով կատարվել են սոցիալական ապահովագրության մուծումներ:

Ստեղծագործական բնույթի գործունեությամբ զբաղված անձանց կենսաթոշակը հաշվարկելիս վաստակի մեջ են մտցվում պետական դրույքներով հաշվարկվող հեղինակային այն հոնորարները, որոնցից սահմանված կարգով կատարվել են սոցիալական ապահովագրության մուծումներ: Եթե ստեղծագործական գործունեությանը զուգահեռ վերջիններս աշխատանքային պայմանագրի հիման վրա ունեցել են նաև վարձատրովի աշխատանք, ապա վաստակի մեջ մտցվում են և հեղինակային հոնորարը և աշխատանքի վարձատրության տեսքով ստացված գումարները:

Եթե գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատած անձինք դրամական վարձատրությանը զուգահեռ ստացել են նաև այնպիսի բնամթերային վարձատրություն, որի արժեքի դիմաց սահմանված կարգով կատարել են սոցիալական ապահովագրության մուծումներ, ապա բնամթերային վարձատրության արժեքը նույնպես մտցվում է վաստակի մեջ:

Կենսաթոշակի հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակում հաշվառվող աշխատանքի վարձատրության տեսակները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ինչպես նաև ընդհանուր վաստակի հաշվարկման կարգն ու եղանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 41. Ամսական միջին փաստացի վաստակի որոշելու կարգը

 

Սույն օրենքի 5 հոդվածում նշված անձանց ամսական միջին փաստացի վաստակը հաշվարկվում է վերջին 15 տարվա աշխատանքային ստաժի շրջանակներում կենսաթոշակառուի ընտրությամբ ցանկացած 5 հաջորդող տարիների ընդհանուր վաստակից:

Ամսական միջին փաստացի վաստակը որոշվում է հաջորդող 60 օրացուցային ամիսների համար ստացած վաստակի ընդհանուր գումարը վաթսունի բաժանելու միջոցով: Կենսաթոշակի համար դիմողի ցանկությամբ աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու կապակցությամբ աշխատանքային օրերով ոչ լրիվ հաշվի են առնվում որպես լրիվ աշխատած օրացուցային ամիսներ:

Հաշվարկային ժամանակահատվածում տեղ գտած ընդմիջումները, ընդհանուր տևողությամբ ոչ ավելի, քան 6 ամիս, ամսական միջին փաստացի վաստկը որոշելիս կարող են հաշվառվել ընդմիջմանը նախորդած կամ հաջորդած ամսվա վաստակի չափով:

5 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում ամսական միջին փաստացի վաստակը որոշվում է աշխատած օրացուցային ամիսների դիմաց ստացած վաստակի ընդհանուր գումարը այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:

 

Հոդված 42. Կենսաթոշակի հաշվարկման կարգը

 

Կենսաթոշակը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված նորմաներին համապատասխան տոկոսներով` ամսական միջին փաստացի վաստակի համեմատությամբ (հոդված 13,18,21):

Կենսաթոշակի հաշվարկման ժամանակ ամսական միջին փաստացի վաստակը հաշվառվում է հետևյալ կերպ`

- ամսական միջին փաստացի վաստակի այն մասը, որը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափը, հաշվառվում է լիովին.

- նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափը գերազանցող միջին ամսական փաստացի վաստակի մնացած մասը հաշվառվում է հետևյալ համամասնությամբ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկ գումարից մինչև վեցապատիկ գումարի միջակայքի սահմաններում` 80 տոկոսի չափով, վեցապատիկից մինչև յոթապատիկի սահմաններում` 60 տոկոսի, յոթապատիկից մինչև ութապատիկի` 40 տոկոսի, ութապատիկից մինչև իննապատիկի` 20 տոկոսի, իննապատիկից մինչև տասնապատիկի` 10 տոկոսի և ավել դեպքում` 5 տոկոսի չափով:

 

Հոդված 43. Կենսաթոշակի հաշվարկումը աշխատանքային ոչ լրիվ ստաժի դեպքում

 

Աշխատանքային ոչ լրիվ ստաժի դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ կերպ. որոշվում է համապատասխան լրիվ կենսաթոշակը, որը բաժանվում է պահանջվող լրիվ աշխատանքային ստաժի ամիսների թվի վրա, և ստացված գումարը բազմապատկվում փաստացի աշխատանքային ստաժի ամիսների թվով (այդ ստաժի մեջ 15 օրվանից ավելի ժամանակամիջոցը հաշվառվում է որպես լրիվ ամիս, իսկ մինչև 15 օրը ներառյալ ընդգրկող ժամանակամիջոցը հաշվի չի առնվում):

Աշխատանքային ոչ լրիվ ստաժի դեպքում կենսաթոշակը նշանակվում է համապատասխան կատեգորիայի համար սահմանված սոցիալական կենսաթոշակից ոչ պակաս չափով (հոդվածներ 23,26):

 

Հոդված 44. Կենսաթոշակ հաշվարկելիս արտասահմանում աշխատած ժամանակաշրջանի վաստակի հաշվառումը

 

Հայաստանի Հանրապետությունից արտասահման աշխատանքի գործուղված կամ էլ արտասահմանյան գործատուների հետ կնքված պայմանագրերի հիման վրա արտասահմանում աշխատած քաղաքացիների ամսական միջին փաստացի վաստակը որոշելիս հաշվի է առնվում այն աշխատավարձը, որ նրանք ստացել են մինչև արտասահման գործուղվելը, կամ էլ, քաղաքացիների ընտրությամբ, Հայաստանի Հանրապետությունում համապատասխան մասնագիտացման ու որակավորման աշխատողների ամսական միջին վաստակի չափը:

 

Հոդված 45. Սոցիալական կենսաթոշակների հաշվարկման կարգը

 

Սույն օրենքով նշանակվող սոցիալական կենսաթոշակները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի համեմատությամբ տոկոսներով` ըստ սույն օրենքի 23,26,30 հոդվածներով սահմանված չափերի:

 

Հոդված 46. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

 

Հաշմանդամության կենսաթոշակները (աշխատանքային կամ սոցիալական) հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները`

ա) իրենց խնամքի տակ անաշխատունակ խնամարկյալներ ունեցող I և II խմբի հաշմանդամներին` յուրաքանչյուր խնամարկյալի համար նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով.

բ) I խմբի հաշմանդամներին` նվազագույն աշխատավարձի 40, իսկ II խմբի հաշմանդամներին` 25 տոկոսի չափով, նրանց խնամքի հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով.

գ) աշխատանքային կենսաթոշակներ ստացող պատերազմի I խմբի հաշմանդամներին` նվազագույն աշխատավարձի 150, II խմբի հաշմանդամներին` 100, իսկ III խմբի հաշմանդամներին` 75 տոկոսի չափով.

դ) սոցիալական կենսաթոշակներ ստացող պատերազմի I խմբի հաշմանդամներին նվազագույն աշխատավարձի 100, II խմբի հաշմանդամներին` 75, իսկ III խմբի հաշմանդամներին` 50 տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ, բայց ընդհանուր գումարով նվազագույն աշխատավարձի կրկնակի չափից ոչ ավելի:

Տարիքային և ծերության կենսաթոշակներ նշանակելիս և հաշվարկելիս սահմանվում են հետևյալ հավելումները`

ա) իրենց խնամքի տակ անաշխատունակ խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուներին` յուրաքանչյուր անաշխատունակ խնամարկյալի համար նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով.

բ) 75 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին` նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով, նրանց խնամքի հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով.

գ) պատերազմական գործողությունների մասնակցած կենսաթոշակառուներին` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ, բայց ընդհանուր գումարով նվազագույն աշխատավարձի կրկնակի չափից ոչ ավելի:

 

ԳԼՈՒԽ 9. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 47. Նշանակված կենսաթոշակի հետագա վերահաշվարկը

 

Այն կենսաթոշակառուները, որոնք տարիքային կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատել են ավելի բարձր վաստակով, քան այն վաստակը, որից հաշվարկվել էր կենսաթոշակը, կարող են դիմել կենսաթոշակի վերահաշվարկման համար: Կենսաթոշակի նոր չափը որոշվում է կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմելուն նախորդած վերջին 5 տարիների ընդհանուր վաստակից հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի համեմատությամբ, սույն օրենքով սահմանված կարգով:

Կենսաթոշակառուն, որը ոչ լրիվ ստաժի դեպքում տարիքային կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատել է, կարող է դիմել կենսաթոշակի վերահաշվարկման համար: Կենսաթոշակի նոր չափը որոշվում է դիմելու պահին առկա փաստացի ընդհանուր ստաժին համամասնական չափով:

Կենսաթոշակի յուրաքանչյուր հաջորդ վերահաշվարկը կատարվում է սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված նախորդ վերահաշվարկից ոչ շուտ, քան 2 տարի հետո:

Եթե կենսաթոշակառուն, շարունակելով աշխատել, ձեռք է բերել լրիվ կենսաթոշակի նշանակման համար բավարար ստաժ, ապա նրա դիմումի համաձայն կատարվում է կենսաթոշակի համապատասխան վերահաշվարկ, անկախ այն բանից, թե ոչ լրիվ ստաժի դեպքում կենսաթոշակ նշանակելուց հետո որքան ժամանակ է անցել:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկումից հետո նշանակվում է լրիվ չափով, եթե կենսաթոշակառուն ունի հաշմանդամ դառնալու պահին կենսաթոշակառուի տարիքին համապատասխանող լրիվ կենսաթոշակի նշանակման համար բավարար ստաժ:

Կենսաթոշակի վերահաշվարկը կենսաթոշակառուի ընտրությամբ կատարվում է կամ այն վաստակից, որից կենսաթոշակը սկզբնապես նշանակվել է, կամ էլ վերջին 5 տարիների ընդհանուր վաստակից հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակից:

Այն դեպքերում, երբ կենսաթոշակի նշանակումից հետո կենսաթոշակառուն ընտանեկան դրության փոփոխման, աշխատանքի ընդունվելու կամ այն դադարեցնելու կապակցությամբ ձեռք է բերում կամ կորցնում ընտանիքի անաշխատունակ անդամներին տրվող հավելումի իրավունք կամ այդ հավելումի չափը ենթակա է փոփոխման, նրա դիմումի համաձայն կատարվում է կենսաթոշակի համապատասխան վերահաշվարկ:

 

Հոդված 48. Նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված կենսաթոշակի վերահաշվարկը սույն օրենքի պահանջներին համապատասխան

 

Նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված կենսաթոշակի վերահաշվարկը կատարվում է կենսաթոշակառուի ցանկությամբ, եթե կենսաթոշակառուն ներկայացնում է սույն օրենքով նախատեսված` կենսաթոշակի բարձրացման իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր (աշխատանքային ստաժի, վաստակի չափի, ընտանիքի կազմի վերաբերյալ և այլն):

Վերահաշվարկը կատարվում է դիմելուն նախորդած ոչ ավելի, քան 12 ամիսների համար:

Նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված կենսաթոշակի վերահաշվարկը կենսաթոշակառուների ընտրությամբ կատարվում է կամ սույն օրենքով սահմանվող ամսական միջին փաստացի վաստակից, կամ էլ կենսաթոշակային գործի մեջ եղած փաստաթղթերով հաստատվող այն վաստակից, որից նախկինում հաշվարկված է եղել կենսաթոշակը:

 

Հոդված 49. Կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունը

 

Բոլոր կենսաթոշակները վճարվում են լրիվ` անկախ կենսաթոշակառուի վաստակից կամ այլ եկամտից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Նշանակված կենսաթոշակները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ինդեքսավորման:

 

 ԳԼՈՒԽ 10. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 50. Կենսաթոշակի վճարման ընդհանուր կարգը

 

 Կենսաթոշակը վճարվում է սոցիալական ապահովության համապատասխան մարմնի կողմից, ըստ բնակության վայրի` անկախ գրանցումից:

 Կենսաթոշակների վճարման ընդհանուր կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ներկայացմամբ:

 

Հոդված 51.

Կենսաթոշակի վճարումը լիազորագրով և դրա ձևակերպման կարգը

 

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով:

Լիազորագրերի տրման կարգը և պայմանները, ինչպես նաև գործողության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ:

 

Հոդված 52. Կենսաթոշակի վճարումը անցած ժամանակի համար

 

Ժամանակին չպահանջած կենսաթոշակի հասանելիք գումարները վճարվում են կենսաթոշակ ստանալու համար դիմելուն նախորդած ամենաշատը 5 տարիների համար:

Կենսաթոշակ նշանակող կամ վճարվող մարմնի մեղքով ժամանակին չվճարված կենսաթոշակի գումարները անցած ժամանակի համար վճարվում են առանց ժամկետի որևէ սահմանափակման:

 

Հոդված 53. Կենսաթոշակի վճարումը պետության խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին

 

Զառամյալների և հաշմանդամների համար նախատեսված պետական հաստատություններում ապրող կենսաթոշակառուներին վճարվում է կենսաթոշակի և տվյալ հաստատությունում ապրելու հետ կապված ծախսերի տարբերությունը, բայց ոչ պակաս, քան նշանակված կենսաթոշակի 25 տոկոսը:

Եթե պետության խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներն իրենց հերթին ունեն խնամարկյալներ, ապա կենսաթոշակի 25 տոկոսը վճարվում է կենսաթոշակառուներին, իսկ 50 տոկոսը` նրա խնամքի տակ գտնվող խնամարկյալներին:

 

Հոդված 54. Կենսաթոշակի չափի փոփոխման, վճարման, կասեցման կամ դադարեցման կարգը

 

Վերազննության արդյունքներով ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամության խումբը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է փոփոխման օրվանից, իսկ աշխատունակ ճանաչելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև այն ամսվա վերջը, որի ընթացքում նա աշխատունակ է ճանաչվել:

Եթե հաշմանդամը վերազննության համար նշանակված ժամկետում չի ներկայացել ԲԱՓՀ, ապա նրան կենսաթոշակի վճարումը կասեցվում է և վերսկսվում նորից հաշմանդամ ճանաչվելու օրվանից:

Հարգելի պատճառով վերազննության ժամկետը բաց թողնելու դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է վճարման կասեցման օրվանից մինչև վերազննության օրը, բայց ոչ ավելի, քան 3 տարվա համար, եթե ԲԱՓՀ-ը այդ ժամանակամիջոցում նրան հաշմանդամ ճանաչի: Ընդ որում, եթե վերազննության դեպքում հաշմանդամը փոխադրվել է հաշմանդամության այլ խումբ, ապա նշված ժամանակամիջոցի համար կենսաթոշակը վճարվում է ըստ նախկին խմբի:

Եթե ընդհանուր հիվանդության հետևանքով աշխատունակությունը կորցրած հաշմանդամին կենսաթոշակի վճարումը դադարեցվել է աշխատունակության վերականգնման պատճառով, կամ եթե նա կենսաթոշակ չի ստացել անհարգելի պատճառներով վերազննության չներկայանալու հետևանքով, ապա հետագայում նրան հաշմանդամ ճանաչելու դեպքում ավելի վաղ նշանակված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հաշմանդամությունը նորից հաստատելու օրվանից, պայմանով, որ կենսաթոշակի վճարման դադարեցումից հետո անցել է 5 տարուց ոչ ավելի: 5 տարուց ավելի անցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է ընդհանուր հիմունքներով:

 

Հոդված 55. Կենսաթոշակի վճարումը արտասահման մշտական բնակության մեկնած անձանց

 

Արտասահման մշտական բնակության մեկնած անձանց կենսաթոշակների վճարումը դադարեցվում է, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Եթե կենսաթոշակառուն վերադառնում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության, նրա կենսաթոշակի վճարումը ենթակա է վերականգնման Հայաստանի Հանրապետություն վերադառնալու օրվանից, եթե նա սոցիալական ապահովության մարմիններին դիմել է ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունում նշանակված կենսաթոշակը արտասահման մշտական բնակության մեկնող անձին միանվագ վճարվում է մեկ տարվա համար:

Արտասահման մշտական բնակության մեկնած անձին Հայաստանի Հանրապետությունում նշանակված կենսաթոշակի վճարումը շարունակվում է, եթե այն նշանակված է աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության պատճառով:

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով նշանակված կենսաթոշակը այլ երկրներ փոխադրելու և վճարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 56. Պահումներ կենսաթոշակից

 

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

ա) դատական վճիռների, որոշումների, դատավճիռների, նոտարական գրասենյակների կատարողական մակագրությունների, ինչպես նաև այլ վճիռների ու որոշումների հիման վրա, որոնց կատարումն իրականացվում է դատավճիռների կատարման համար սահմանված կարգով.

բ) կենսաթոշակառուի չարարկումների հետևանքով (ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, վաստակը կամ այլ եկամուտը թաքցնելու, ընտանիքի անդամների կազմի փոփոխությունների մասին տեղեկություններ չներկայացնելու հետևանքով) նրան ավելի վճարված գումարների բռնագանձմամբ` սոցիալական ապահովության համապատասխան մարմնի որոշման հիման վրա:

Կենսաթոշակից որևէ այլ պահումներ, բացի վերը նշվածներից, չեն թույլատրվում:

Կենսաթոշակից կատարվող պահման չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվելիք գումարից:

Ընտանիքի անդամներին պահելու (ալիմենտ), ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույքի հափշտակումների վնասը հատուցելու, խեղմամբ կամ այլ ձևով մի ուրիշի առողջությանը պատճառած վնասը հատուցելու, ինչպես նաև կերակրողի մահվան կապակցությամբ, աշխատավարձի ավելի ստացված գումարները օրենսդրությամբ նախատեսված կարգով վերադարձնելու նպատակով կենսաթոշակից կարող է պահվել ոչ ավելի, քան 50 տոկոսը:

Մյուս բոլոր դեպքերում կարող է պահվել կենսաթոշակի ոչ ավելի, քան 20 տոկոսը:

Կենսաթոշակից կատարվող բոլոր կարգի պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 50 տոկոսը:

 

Հոդված 57. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

 

Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան կապակցությամբ չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:

Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ կենսաթոշակի վեցապատիկ չափով:

Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք, ապա նրանց նպաստ է վճարվում թաղման փաստացի կատարված ծախսերի չափով` վերը նշված նպաստի սահմաններում:

Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում:

 

ԲԱԺԻՆ V

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 58. Պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է պատգամավորների տեղական խորհուրդների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համապատասխան մարմինների կողմից:

 

Հոդված 59. Պատասխանատվություն պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

Քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

20 մարտի 1992 թ.

ՀՕ-13

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.1995, ՀՕ-26 01.01.1996, ՀՕ-13
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան