Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-63-Ո-Կ-15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.20/81(1534) Հոդ.1023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.11.2019
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

          Ք. Երևան

   04 նոյեմբերի 2019 թ.

ԲԴԽ-63-Ո-Կ-15

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՇՈՏ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյանի,

 

մասնակցությամբ անդամներ`

Գ. Բեքմեզյանի,

Հ. Հովհաննիսյանի,

Մ. Մակյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Վ. Քոչարյանի,

Արդարադատության նախարար

 

Ռ. Բադասյանի,

Արդարադատության նախարարի առաջին

տեղակալ

 

 

Ռ. Գրիգորյանի,

Արդարադատության նախարարի տեղակալ

 

Ա. Վարդապետյանի,

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

 

Դ. Գասպարյանի,

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավոր

քարտուղարությամբ՝

 

Ա. Խաչիկյանի,

 

Մ. Թելոյանի,

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 06.09.2019թ. N 35-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Աշոտ Խաչիկյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

 

Արդարադատության նախարարի 17.07.2019թ. թիվ 26-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար առիթ է հանդիսացել փաստաբան Սեդա Սողոմոնյանի կողմից Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը:

Հաղորդման մեջ նշվել է, որ թիվ ԿԴ2/0571/02/19 քաղաքացիական գործով Դատարանի 22.04.2019թ. որոշմամբ Թամմի Էլիզաբեթ Ավանսիի հայցադիմումն ընդդեմ Արմեն Ավանսիի, երրորդ անձ՝ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին, վերադարձվել է՝ պատճառաբանելով, որ քաղաքացիական գործն ընդդատյա է ոչ թե Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին: Դատարան 25.04.2019թ. կրկին մուտք են արվել հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ այս անգամ կցելով նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանք, ըստ որի՝ պատասխանողը հաշվառված է ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 8-րդ թաղ., 16 շենք, 38 բն. հասցեում: Սակայն 26.04.2019թ. ստացվել է Դատարանի գրությունը կրկին ներկայացված հայցադիմումը՝ կից ներկայացված փաստաթղթերով վերադարձնելու մասին: 14.05.2019թ. նոր հայցադիմում է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույնպես մակագրվել է Դատավորին (քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0868/02/19): Դատավորի կողմից 23.05.2019թ. կրկին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ հայցադիմումին կից ներկայացված՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին թիվ 796138 տեղեկանքը տրված է նախորդ տարվա հուլիս ամսին, և չի բացառվում, որ պատասխանողը ներկա պահին արդեն իսկ դուրս գրված լինի տվյալ հասցեի հաշվառումից:

Արդարադատության նախարարի 17.07.2019թ. թիվ 26-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված խախտման հատկանիշների առկայության հիմքով:

Կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

 

Արդարադատության նախարարը միջնորդության մեջ մասնավորապես նշել է, որ թիվ ԿԴ2/0571/02/19 քաղաքացիական գործով հայցվորի կողմից պատասխանողի հաշվառման վայրի վերաբերյալ ապացույց չներկայացվելու հիմքով, իսկ թիվ ԿԴ2/0868/02/19 քաղաքացիական գործով հաշվառման վայրի հասցեի վերաբերյալ փաստաթուղթը ոչ արժանահավատ դիտելու հիմքով դատավոր Աշոտ Խաչիկյանի կողմից հայցադիմումները վերադարձվել են հայցվորի կողմից պատասխանողի հաշվառման վայրի հասցեի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն օրենքով նախատեսված չլինելու պայմաններում: Արդյունքում, թիվ ԿԴ2/0571/02/19 և թիվ ԿԴ2/0868/02/19 քաղաքացիական գործերով դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջների խախտումներ:

Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին՝ վարույթ հարուցող մարմինը գտել է, որ թիվ ԿԴ2/0571/02/19 և թիվ ԿԴ2/0868/02/19 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտում։

Միաժամանակ, Նախարարն արձանագրել է, որ Դատավորի կողմից դատավարական նորմերի, ինչպես նաև վարքագծի կանոնի խախտման կոպտությունն առկա է, քանի որ նշված քաղաքացիական գործերով հայցվորի կողմից պատասխանողի հաշվառման վայրի վերաբերյալ ապացույց չներկայացվելու հիմքով հայցադիմումը վերադարձնելը, ինչպես նաև հաշվառման վայրի հասցեի վերաբերյալ փաստաթուղթը ոչ արժանահավատ դիտելու հիմքով հայցադիմումը վերադարձնելը հանգեցրել են անձի իրավունքների և ազատությունների սահմանափակմանը և որպես հետևանք՝ դատական իշխանության հեղինակազրկմանը:

Վերսկսված դատական նիստի ընթացքում քննարկվել է կարգապահական վարույթի հարուցման ժամկետի հարցը: Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը նախատեսում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում:

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ սույն գործով պահպանված է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետը:

Վարույթ հարուցող մարմինը հայտնել է նաև, որ խախտման մասին վերջինիս հայտնի դառնալու պահն է հանդիսացել Վերաքննիչ դատարանի 28.06.2019թ. որոշումը։

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին:

Արդարադատության նախարարին ներկայացված գրավոր բացատրության մեջ Դատավորը նշել է, որ թիվ ԿԴ2/0571/02/19 քաղաքացիական գործով հայցադիմումի վրա կատարված նշումից բացի, այլ ապացույց առ այն, որ պատասխանողը հաշվառված է Կոտայքի մարզում, չի ներկայացվել: Մինչդեռ հայցվորի ներկայացուցիչ փաստաբանների կողմից հայցադիմումին կից ներկայացված՝ Երևան քաղաքում քննված երկու գործերով փաստաթղթերի պատճենները ևս հավաստել են պատասխանողի՝ Երևան քաղաքում բնակվելու հանգամանքը: Դատավորի համոզմամբ, եթե պարզվեր, որ պատասխանողը հաշվառված է Կոտայքի մարզում, ապա նշված քաղաքացիական գործերը, բնականաբար, կուղարկվեին ըստ ընդդատության, այն է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հետևաբար, քննարկվող գործով հայցվորի ներկայացուցիչները, որոնք նախորդ գործերով ևս հանդես են եկել որպես ներկայացուցիչներ, չէին կարող տեղյակ չլինել պատասխանողի՝ Կոտայքի մարզի հետ որևէ առնչություն չունենալու մասին:

Թիվ ԿԴ2/0571/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում մինչև Դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելը (22.04.2019թ.), նույն օրը պատասխանողի ներկայացուցչի կողմից թիվ 2057/19 մուտքային համարով ստացվել է հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ միջնորդություն, որի շրջանակներում Դատարանը տեղեկացվել է, որ իր վստահորդն այդ պահի դրությամբ փաստացի գտնվում և բնակվում է Երևան քաղաքում՝ կցելով 01.10.2018թ-ին «Սենդի» համատիրության կողմից տրված տեղեկանքը: Բացի դրանից, «Սենդի» մանկական զարգացման կենտրոնի կողմից տրված տեղեկանքով նույնպես հաստատվել է, որ երեխայի բնակության վայրը նույնպես գտնվում է Երևան քաղաքում: Պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵԴ/12831/02/18 քաղաքացիական գործը՝ նույն անձանց միջև, առկա է վեճ երեխայի բնակության վայրը հոր հետ որոշելու մասին, որը նույնպես ենթակա է քննության պատասխանողի բնակության վայրի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Թիվ ԿԴ2/0868/02/19 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի կողմից ի հավաստումն այն հանգամանքի, որ պատասխանողի հաշվառման վայրի հասցեն Կոտայքի մարզն է, ներկայացվել է 25.06.2018թ. տրված թիվ 796139 տեղեկանքը: Արդյունքում՝ Դատարանը գտել է, որ պատասխանողը, հնարավոր է, փոխել է իր հաշվառման վայրի հասցեն, որի արդյունքում վերադարձրել է հայցադիմումը, ինչն արգելք չէր կարող հանդիսանալ, որ հաղորդում ներկայացրած անձը, օգտվելով «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով իրեն վերապահված իրավունքներից, ձեռնամուխ լիներ տեղեկանքը նորացնելու իր պարտականության կատարմանը:

Քննարկվող քաղաքացիական գործերով հայցվորի ներկայացուցիչը պատասխանողի հաշվառման վայրի վերաբերյալ 25.06.2018թ. թիվ 796139 տեղեկանքը նորացնելու փոխարեն հաջորդաբար հայցադիմումներ է ներկայացրել Կոտայքի մարզի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ, այնուհետև վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան և իր սուբյեկտիվ անգործությամբ դրսևորած ոչ պատշաճ վարքագծի հետևանքով խախտել է իր վստահորդի արդար դատաքննության և ողջամիտ ժամկետում գործի քննության օրենսդրորեն երաշխավորված իրավունքները, ոտնահարել իր վստահորդի՝ դատարանի մատչելիության իրավունքը:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված գրավոր պատասխանի մեջ Դատավորը վերահաստատել է Արդարադատության նախարարին ներկայացված գրավոր բացատրությամբ արտահայտված իրավական փաստարկները: Դատավորը նաև հավելել է, որ ներկա պահին, որպես այդպիսին, չկա թիվ ԿԴ2/0571/02/19 քաղաքացիական գործ. այն փաստաբան Ս. Սողոմոնյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի արդյունքում չի ընդունվել վարույթ և 06.06.2019թ. Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշմամբ վերադարձվել է, այնուհետև, բողոքը մերժվել է , այսինքն՝ իր կողմից 22.04.2019թ. կայացված որոշումը՝ հայցադիմումը վերադարձնելու մասին, չի վերացվել, այն մնացել է օրինական ուժի մեջ վերադաս ատյանի կողմից:

Դատավորը նաև նշել է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի՝ կարգապահական վարույթ պետք է հարուցվեր այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից 1 ամսվա ընթացքում, որպիսին առկա էր փաստաբանի բողոքը Արդարադատության նախարարություն ստացվելու պահից, այն է՝ 16.05.2019թ.: Եթե նույնիսկ այդ ժամկետի համար որպես ելակետ վերցվեր 31.05.2019թ., ապա վարույթ հարուցելու հիմք հանդիսացող առիթն արդեն իր ուժը կորցրել էր 30.07.2019թ./1 ամիս/, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այդ պաշտոնում նշանակվել է 19.06.2019թ.:

Դատավորը նաև նշել է, որ ինքը որևէ կարգապահական խախտում չի կատարել, սակայն, եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնի որևէ թերացում, որոշում կայացնելիս հաշվի առնի այն, որ իր պաշտոնավարմանը մնացել է 40 օր, ինքը 23 տարվա պաշտոնավարման ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին և գերեվարվել:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

 

1. 16.05.2019թ. փաստաբան Սեդա Սողոմոնյանի կողմից Արդարադատության նախարարին ներկայացվել է հաղորդում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

2. 12.04.2019թ-ին Դատարան մուտքագրված և Դատավորի կազմին 17.04.2019թ. հանձնված հայցադիմումը (քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0571/02/19), Դատարանի 22.04.2019թ. որոշմամբ վերադարձվելու արդյունքում երկրորդ անգամ դատարան մուտքագրվել է 14.05.2019թ-ին և Դատավորի կազմին հանձնվել է 15.05.2019թ-ին (քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0868/02/19), որը Դատարանի 23.05.2019թ. որոշմամբ կրկին վերադարձվել է, և միայն նշված որոշումը Վերաքննիչ դատարանի 28.06.2019թ. որոշմամբ վերացվելուց հետո թիվ ԿԴ2/0868/02/19 քաղաքացիական գործը 25.07.2019թ. ստացվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել այլ դատավորի:

3. Դատավորի նկատմամբ Արդարադատության նախարարի 17.07.2019թ. թիվ 26-Ա որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

4. 24.07.2019թ. N 28-Ա որոշմամբ Արդարադատության նախարարը երկարաձգել է կարգապահական վարույթի տևողությունը դատավորի բացակայության ժամանակահատվածով՝ հիմք ընդունելով այն փաստը, որ Դատավորին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 20.06.2019թ. թիվ 106/19Ա հրամանի համաձայն տրամադրվել է արձակուրդ 20 աշխատանքային օր տևողությամբ՝ հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ:

5. 26.08.2019թ. Դատավորը կարգապահական վարույթի շրջանակներում գրավոր բացատրություն է ներկայացրել Արդարադատության նախարարին:

6. Արդարադատության նախարարը 06.09.2019թ. թիվ N 35-Ա որոշմամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:

7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին Արդարադատության նախարարի 06.09.2019թ. թիվ N 35-Ա որոշումը Բարձրագույն դատական խորհուրդ ստացվել է 09.09.2019թ.:

8. Գործի քննության կապակցությամբ հրավիրված նիստը Բարձրագույն դատական խորհրդի 12.09.2019թ. թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-15 որոշմամբ նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին:

9. 17.10.2019թ. թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-15 որոշմամբ վերսկսվել է գործի քննությունը, և Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի առաջին տեղակալի, Արդարադատության նախարարի տեղակալի և Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1) արդյո՞ք թիվ ԿԴ2/0571/02/19 և թիվ ԿԴ2/0868/02/19 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից խախտվել է հայցադիմումը վարույթ ընդունելու՝ օրենքով սահմանված կարգը,

2) արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը կարող է գնահատվել որպես կոպիտ և ակնհայտ:

 

Թիվ ԿԴ2/0571/02/19 քաղաքացիական գործով Դատարանի 22.04.2019թ. որոշմամբ Թամմի Էլիզաբեթ Ավանսիի հայցադիմումն ընդդեմ Արմեն Ավանսիի, երրորդ անձ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին, վերադարձվել է՝ պատճառաբանելով, որ գործով պատասխանողի հաշվառման վայրի հասցե նշված է Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 8-րդ թաղ., 16 շենք, 38 բն., մինչդեռ հակառակ դրան՝ հայցադիմումում որպես վերջինիս փաստացի բնակության կամ ծանուցման հասցե նշված է ք. Երևան, Արամի փող., 86 շենք, բն. 20 հասցեն:

 

Դատարան 25.04.2019թ. կրկին մուտք են արվել հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ այս անգամ կցելով նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանք, ըստ որի՝ պատասխանողը հաշվառված է Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 8-րդ թաղ., 16 շենք, 38 բն. հասցեում: Սակայն 26.04.2019թ. ստացվել է Դատարանի գրությունը կրկին ներկայացված հայցադիմումը կից ներկայացված փաստաթղթերով վերադարձնելու մասին:

Հայցվորի կողմից 25.04.2019թ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտք է արվել հայցադիմում, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2019թ. որոշմամբ վերադարձվել է՝ պատճառաբանելով, որ պատասխանողի հաշվառման վայրի հասցեն Երևան քաղաքի տարածքում չի գտնվում, որպիսի պայմաններում հայցադիմումն ընդդատյա չէ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Այնուհետև, հայցվորի կողմից 14.05.2019թ. նոր հայցադիմում է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույնպես մակագրվել է Դատավորին (քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0868/02/19): Դատավորի կողմից 23.05.2019թ. կրկին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ հայցադիմումին կից ներկայացված՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին թիվ 796138 տեղեկանքը տրված է նախորդ տարվա հուլիս ամսին, և չի բացառվում, որ պատասխանողը ներկա պահին արդեն իսկ դուրս գրված լինի տվյալ հասցեի հաշվառումից:

Դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին 23.05.2019թ. որոշումը 29.05.2019թ-ին բողոքարկվել է վերաքննության կարգով:

Վերաքննիչ դատարանի 28.06.2019թ. որոշմամբ Դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 23.05.2019թ. որոշումը վերացվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իրավակարգավորումների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ հայցի հարուցման փուլում հայցվորը կրում է միայն պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն հայցադիմումում նշելու պարտականություն, հետևաբար տվյալ հարցի կապակցությամբ հայցվորի վրա որևէ այլ պարտականություն դնելը չի բխում գործող օրենսդրության պահանջներից և անհարկի խոչընդոտում է վերջինիս դատարան դիմելու իրավունքը (թիվ ԵԱՆԴ/3828/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016թ. որոշում):

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Քաղաքացիական դատավարության շրջանակներում հայցադիմումին ներկայացվող պահանջներն ամրագրված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածում: Ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են` պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն:

Բարձրագույն դատական խորհուրդը, Վերաքննիչ դատարանի 28.06.2019թ. որոշումը հիմք ընդունելով, հիմնավոր է համարում վարույթ հարուցող մարմնի այն դիրքորոշումը, ըստ որի՝ «Հայցադիմումին ներկայացվող՝ օրենքով սահմանված դատավարական պահանջներից է նաև պատասխանողի հաշվառման վայրի հասցեն նշելը: Միևնույն ժամանակ, օրենսդիրը՝ թեև հայցվորի համար սահմանել է պատասխանողի հաշվառման վայրի հասցեն նշելու պարտականություն, այնուամենայնիվ հայցվորի վրա չի դրել իր կողմից հայցադիմումում նշված՝ պատասխանողի՝ համապատասխան հասցեում հաշվառված լինելու վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն»: Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ նման պարտականություն ամրագրված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կամ որևէ այլ իրավական ակտի դրույթներով:

Այս հարցի առումով կարևորվում է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, մասնավորապես` Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՆԴ/3828/02/15 քաղաքացիական գործով 22.07.2016թ. կայացրած որոշման (նշված որոշումը կայացվել է 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 09.04.2018թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում) շրջանակներում անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյո՞ք քաղաքացիական գործի հարուցման փուլում հայցադիմում ներկայացնելիս հայցվոր կողմի վրա դրված է պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականություն, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ. «  (…) պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն նշելը չի կարող նույնացվել այդ հասցեի վերաբերյալ համապատասխան ապացույց ներկայացնելու պարտականության հետ: Նման մոտեցման դեպքում անձի վրա դրվում է պարտականություն յուրաքանչյուր դեպքում պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրը նշելիս հայցադիմումին կից ներկայացնել նաև պատասխանողի կողմից որևէ հասցեում բնակվելու կամ գտնվելու վերաբերյալ հիմնավորող ապացույցներ: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ և 88-րդ հոդվածների տառացի մեկնաբանությունից նման հետևություն չի կարող բխեցվել: (…) Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից չի բխում ապացույցները բացառապես հայցադիմումին կից ներկայացնելը՝ նկատի ունենալով նաև գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առկայությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցադիմումի բովանդակությանը և ընդդատության ինստիտուտին առնչվող հոդվածների փոխկապակցված մեկնաբանությունից բխում է, որ օրենսդրորեն հայցվորի վրա դրված չէ պարտականություն հայցադիմում ներկայացնելիս ներկայացնելու նաև թույլատրելի ապացույցներ պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ: Հետևաբար գործող օրենսդրությամբ հայցվորի վրա դրված է միայն հայցադիմումում պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրը նշելու պարտականություն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունելիության փուլում ընդդատության հարցը պարզելիս գործում է պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ հայցադիմումում նշված հասցեի հավաստիության կանխավարկածը, որը կարող է ստուգվել գործի քննության հետագա փուլերում՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը դատարանին վերապահել է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու լիազորություն»:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ քննության առարկա գործի շրջանակներում թիվ ԿԴ2/0571/02/19 քաղաքացիական գործով հայցադիմումը վերադարձնելու մասին 22.04.2019թ. որոշմամբ հայցվորի վրա դրվել է պատասխանողի հաշվառման վայրի հասցեի վերաբերյալ ապացույց ներկայացնելու՝ օրենքով չնախատեսված պարտականություն, իսկ թիվ ԿԴ2/0868/02/19 քաղաքացիական գործով հայցադիմումը վերադարձնելու մասին 23.05.2019թ. որոշմամբ հայցվորի կողմից պատասխանողի հաշվառման վայրի հասցեի վերաբերյալ ներկայացված ապացույցը գնահատվել է որպես ոչ արժանահավատ: Հետևաբար, նշված որոշումները կայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանող 122-րդ հոդվածի և արդյունքում` նաև 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, այն է՝ Դատավորի կողմից խախտվել է հայցադիմումը վարույթ ընդունելու՝ օրենքով սահմանված կարգը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, ինչպես նաև խախտման արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, որն արտահայտվել է նրանում, որ անձի վրա դրվելով օրենքով չնախատեսված պարտականություն՝ խախտվել է դատական պաշտպանության իրավունքը և խախտել անձի վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ սույն միջնորդության քննության համար հրավիրված նիստի ժամանակ Դատավորը նշել է, որ ինքը «վախեցել է» հայցադիմումը վարույթ ընդունել՝ ունենալով կասկածներ պատասխանողի հաշվառման հասցեի միտումնավոր խեղաթյուրման վերաբերյալ, թեև տեղյակ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պատասխանողի հաշվառման հասցեի ստուգման լիազորության և պարտականության բացակայության մասին, ինչը Բարձրագույն դատական խորհուրդը համարում է անթույլատրելի և գտնում է, որ խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական վարույթի հարուցման՝ օրենքով սահմանված ժամկետն անցած լինելու վերաբերյալ Դատավորի փաստարկն անհիմն է, քանի որ վարույթ հարուցող մարմինը որպես կարգապահական վարույթի հարուցման ժամկետ է դիտարկել Դատարանի կողմից ընդունված դատական ակտի՝ Վերաքննիչ դատարանի կողմից վերացնելու ժամկետը, այն է՝ 28.06.2019թ., իսկ կարգապահական վարույթը հարուցվել է 17.07.2019թ-ին: Հետևաբար, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի խախտում առկա չէ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ և 5-րդ մասերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին հայտարարել նկատողություն:

 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

  

 

 Ռ. Վարդազարյան

Անդամներ`    Գ. Բեքմեզյան
     Հ. Հովհաննիսյան
   

 Մ. Մակյան

 Լ. Մելիքջանյան
     Ա. Մխիթարյան
     Ս. Չիչոյան
   

 Վ. Քոչարյան