Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1487
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.13/78(1531) Հոդ.984
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

6 նոյեմբերի 2019 թ.

  

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

  

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողների՝ Արտակ Գալստյանի (ներկայացուցիչ՝ Ս. Սարգսյան) և Վերաքննիչ քրեական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 41, 69 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արտակ Գալստյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դիմումների հիման վրա՝ Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի «Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 376.1-ին հոդվածի` սույն գործով վիճարկվող 4-րդ կետը սահմանում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

«4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները»:

Օրենսգրքի 376.1-ին հոդվածը լրացվել և փոփոխվել է 28.11.2007թ. ՀՕ-270-Ն, 26.12.2008թ. ՀՕ-237-Ն, 05.02.2009թ. ՀՕ-45-Ն օրենքներով:

Գործի քննության առիթը Արտակ Գալստյանի` 2019 թվականի հուլիսի 3-ին և Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի հիմքով` Սահմանադրական դատարանի 2019 թվականի հուլիսի 24-ի ՍԴԱՈ-85 աշխատակարգային որոշմամբ վերոհիշյալ դիմումներով գործերը միավորվել են դատական նույն նիստում քննելու համար:

Ուսումնասիրելով սույն գործով դիմողների և պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողների դիրքորոշումները

1.1. Դիմող Ա. Գալստյանը գտնում է, որ Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետը սպառիչ չի թվարկում բողոքարկման ենթակա` քրեական դատավարությունում անձի իրավունքները և ազատությունները սահմանափակող առաջին ատյանի դատարանների կողմից կայացված որոշումների ցանկը, իսկ տվյալ նորմին դատական պրակտիկայում տրվել են այնպիսի մեկնաբանություն և կիրառում, որոնք հակասում են Սահմանադրության 3, 6, 27 և 28-րդ հոդվածներին, 29-րդ հոդվածի 5-րդ մասին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին:

Ա. Գալստյանի կարծիքով` Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետի կիրառման արդյունքում խախտվում է Օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի սկզբունքը, համաձայն որի՝ վերաքննիչ դատարանն օժտված է կալանավորման որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը լուծելու լիազորությամբ և, ըստ այդմ՝ փաստացի ստացվում է, որ վերաքննիչ դատարանը ստանում է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու առերևույթ օրինական հիմք, որն անթույլատրելի է:

1.2. Դիմող Վերաքննիչ քրեական դատարանը նշում է, որ Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Օրենսգրքով սահմանված չէ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո, այսինքն՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո, կայացրած որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն:

Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետը և դրան իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը, այնքանով, որքանով ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու, այդ թվում նաև կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկման հնարավորություն սահմանված չէ՝ անձի՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը բողոքարկելու իրավունքի անհամաչափ սահմանափակում է և չի համապատասխանում Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին:

   

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի՝ միավորված գործի վարույթը ենթակա է կարճման:

Պատասխանողը նշում է, որ միավորված գործի դիմումներով առաջադրված հարցերի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ և 478.2-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» ՍԴՈ-1446 որոշումը:

Պատասխանողի վերոհիշյալ դիրքորոշման վերաբերյալ դիմող Ա. Գալստյանը ներկայացրել է առարկություն, մասնավորապես, նշելով, որ Օրենսգրքի 376.1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴՈ-1446 որոշմամբ ընդհանրապես քննության չի առնվել, և Սահմանադրական դատարանն այդ մասով գործի վարույթը կարճել է աշխատակարգային որոշմամբ:

  

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական հարցերի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

ա) վիճարկվող դրույթի իրավակարգավորմամբ և դրա՝ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ապահովվու՞մ է արդյոք անձի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքի, ինչպես նաև անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրաիրավական պահանջները,

բ) վիճարկվող դրույթի իրավակարգավորումը և դրա՝ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահու՞նչ են արդյոք Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթի իրավակարգավորման սահմանադրականությունը քննության է առնում Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 75 և 81-րդ հոդվածների համատեքստում:

Ինչ վերաբերում է պատասխանողի այն դիրքորոշմանը, որ միավորված գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ առկա է Սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 19-ի ՍԴՈ-1446 որոշումը, Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՍԴՈ-1446 որոշմամբ Օրենսգրքի 376.1-ին հոդվածի սահմանադրականությունը չի գնահատվել, և նկատի ունենալով, որ դրա վերաբերյալ դիմողի կասկածները հիմնավոր չեն եղել, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով, Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործն այդ մասով կարճվել է:

     

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանի կողմից կալանքի՝ որպես խափանման միջոցի հետ կապված հարցերի քննությունը կատարվում է ինչպես քրեական գործով մինչդատական վարույթում, այնպես էլ գործը դատական քննության նախապատրաստելու և դատական քննության փուլերում:

Սույն գործով քննության առարկա հարցը վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու (որպես խափանման միջոց ընտրված կալանքը չփոփոխելու կամ չվերացնելու) մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկմանը:

Օրենսգրքի «Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը» վերտառությամբ 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը:

Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Հարկ է նշել, որ օրենսդիրը հիշյալ դրույթով ուղղակիորեն չի սահմանել այնպիսի միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, ինչպիսիք են՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները:

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոհիշյալ իրավակարգավորումը կիրառվում է հիմնականում այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ վիճարկվող դրույթով սահմանված միջանկյալ դատական ակտերը ենթակա են անմիջական բողոքարկման: Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթով ուղղակիորեն չսահմանված միջանկյալ դատական ակտերին, ապա դրանց բողոքարկման հնարավորությունը չի բացառվում, սակայն հետաձգվում է ավելի ուշ փուլ: Այսինքն՝ դրանք կարող են բողոքարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման հետ միաժամանակ: Այդուհանդերձ, դատական պրակտիկայում արձանագրվում են նաև վիճարկվող դրույթով ուղղակիորեն չսահմանված միջանկյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման արդյունքում ներկայացված բողոքները քննության առնելու դեպքեր (Տե´ս, օրինակ, Վերաքննիչ քրեական դատարանի 15.09.2016թ. ԵԿԴ/0001/01/15, 08.09.2016թ. ԵԿԴ/0267/01/15, 24.01.2017թ. ԵԿԴ/0032/01/16 քրեական գործերով կայացրած որոշումները):

Հարկ է նշել նաև, որ Վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է քննության առարկա հարցին, մասնավորապես, իր՝ 2018 թվականի մարտի 20-ի ԵԿԴ/0274/01/15 քրեական գործով կայացրած որոշմամբ: Դրանով Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ « .… քրեադատավարական օրենքը չի նախատեսում ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու (ներառյալ՝ կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու) մասին առաջին ատյանի դատարանի՝ դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո (այլ կերպ՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո դատական նիստում դատավարության համապատասխան մասնակիցների մասնակցությամբ քննարկումների արդյունքների հիման վրա) կայացրած որոշման՝ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն»:

4.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության «Անձնական ազատությունը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ անձնական ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշները սահմանված են միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում, մասնավորապես՝

- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է,

- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է,

- Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Կալանավորման, դրա կիրառման պայմանների և չարաշահման դեմ երաշխիքների վերաբերյալ» Rec (2006)13 հանձնարարականի 19-րդ կետի համաձայն՝ «(1) Կալանքի տակ գտնվող անձը պետք է հատուկ իրավունք ունենա արագացված ընթացակարգով բողոքարկելու իր կալանավորման օրինականությունը դատարանում: (2) Այդ իրավունքը կարող է իրականացվել կալանքի կիրառման վերաբերյալ որոշման պարբերաբար վերանայման միջոցով, որի ընթացքում կարող են քննարկվել կալանավորված անձի կողմից բարձրացված բոլոր հարցերը»:

Սահմանադրական և միջազգային վերոհիշյալ իրավակարգավորումների բովանդակությանն անդրադարձել են Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ արտահայտելով կոնկրետ իրավական դիրքորոշումներ: Այսպես.

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-827, ՍԴՈ-913, ՍԴՈ-1059, ՍԴՈ-1295, ՍԴՈ-1421) արտահայտած իրավական դիրքորոշումներով բացահայտելով անձնական ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ հատկանշել է այդ իրավունքի հնարավոր սահմանափակման, ինչպես նաև պաշտպանության սահմանադրաիրավական չափանիշները: Սահմանադրական դատարանն իր՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1295 որոշմամբ ամրագրել է, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի նորմերի իրավական բովանդակությունից, մասնավորապես, անմիջականորեն բխում է.

- անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ,

- անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով,

- անձն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը,

- ազատությունից զրկելու իրավաչափության հարցը դատարանը որոշում է սեղմ ժամկետում:

2018 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1421 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակում նախատեսող քրեադատավարական ցանկացած ընթացակարգի սահմանադրականությունը կախված է ոչ միայն այդ իրավունքի սահմանափակման իրավաչափության սահմանադրաիրավական չափորոշիչների պահպանման նկատմամբ դատական վերահսկողության պատշաճ և արդյունավետ իրականացումից, այլ նաև անձի՝ ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի երաշխավորումից: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ անձի սահմանադրական իրավունքների պատշաճ պաշտպանության երաշխավորումը քրեական վարույթի շրջանակներում հավասարապես հասանելի պետք է լինի ինչպես գործի դատական քննության, այնպես էլ դատական քննության նախապատրաստման շրջանակներում:

Անձնական ազատության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև կալանքի իրավաչափությունը վիճարկելու իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ-ը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է այն, որ անձի շարունակական կալանքի վերանայման համատեքստում վարույթը պետք է լինի մրցակցային և երաշխավորի կողմերի` դատախազի և կալանավորված անձի միջև «զենքերի հավասարությունը» (Nikolova v. Bսlgaria գործով Մեծ պալատի 1999թ. մարտի 25-ի վճիռ, գանգատ թիվ 31195/96, § 58, Altinok v. Turkey գործով 2011թ. նոյեմբերի 29-ի վճիռ, գանգատ թիվ 31610/08, §§ 47, 55),

- կալանավորման իրավաչափությունը վերանայելիս առաջնային հիմնարար երաշխիք է դիտարկվում դատական արդյունավետ քննության իրավունքի ապահովումը ինչպես Կոնվենցիայի 5-րդ, այնպես էլ 13-րդ հոդվածների համատեքստում: Նշվում է նաև, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասում «օրինականություն» հասկացությունն ունի նույն իմաստը, ինչ որ նույն հոդվածի 1-ին մասում, ուստի ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն կալանքի տակ պահելու նկատմամբ վերահսկողության իրավունք ոչ միայն ներպետական իրավունքի պահանջների, այլև Կոնվենցիայի, դրա սկզբունքների և նպատակների առումով (Chahal v. Tհe Սnited Kingdom գործով Մեծ պալատի 1996թ. նոյեմբերի 15-ի վճիռ, գանգատ թիվ 22414/93, § 127),

- ընդգծվում է, որ իրավական պաշտպանության գոյություն ունեցող միջոցը պետք է լինի բավարար չափով որոշակի, իսկ կալանքի օրինականությունը պետք է ստուգվի ողջամիտ պարբերականությամբ (Iłowiecki v. Poland, 2001թ. հոկտեմբերի 4-ի գործով վճիռ, գանգատ համար 27504/95, § 76, Shishkov v. Bulgaria գործով 2003թ. հունվարի 9-ի վճիռ, գանգատ թիվ 38822/97, § 88, Vachev v. Bulgaria գործով 2004թ. հուլիսի 8-ի վճիռ, գանգատ թիվ 42987/98, § 71, Shtukaturov v. Russia գործով 2008թ. մարտի 27-ի վճիռ, գանգատ թիվ 44009/05, § 121),

- նշվում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը պետություններին չի պարտադրում կալանքի օրինականության քննության համար ներդնել արդարադատության երկաստիճան մակարդակ։ Այնուամենայնիվ, պետությունը, որը կիրառում է նման համակարգ, սկզբունքորեն պետք է կալանավորված անձանց շնորհի նույն երաշխիքները թե՛ առաջին ատյանի դատարանի, թե՛ վերաքննիչ դատարանի մակարդակում: Ընդգծվում է նաև, որ երկաստիճան համակարգի դեպքում որոշելու համար, թե արդյոք կալանքի օրինականության վերաբերյալ որոշումը կայացվել է սեղմ ժամկետում, թե` ոչ, գնահատվում է ընդհանուր քննության տևողությունը (Totհ c. Aսtricհe գործով 1991թ. դեկտեմբերի 12-ի վճիռ, գանգատ թիվ 11894/85, § 84, Navarra v. France գործով 1993թ. նոյեմբերի 2-ի վճիռ, գանգատ թիվ 13190/87, § 28, Kucera v. Slovakia գործով 2007թ. հուլիսի 17-ի վճիռ, գանգատ թիվ 48666/99, § 107):

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համադրման արդյունքում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ անձնական ազատությունից զրկելու` կալանքի իրավաչափությունը վիճարկելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ են իրավական այնպիսի երաշխիքներ, որոնք, մասնավորապես, կապահովեն կալանքի իրավաչափության ստուգման ողջամիտ պարբերականությունը, կողմերի՝ իրենց դիրքորոշումները պաշտպանելու հավասար հնարավորությունները և կլինեն արդյունավետ՝ չխախտելով անձնական ազատությունից զրկելու՝ կալանքի իրավաչափությունը վիճարկելու իրավունքի էությունը:

4.3. Քրեադատավարական օրենսդրության դրույթների համալիր վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը, նախ՝ արձանագրում է, որ Օրենսգիրքը չի սահմանում դատական քննության հստակ և առավելագույն ժամկետներ, ինչով չի բացառվում պրակտիկայում դրա ընդհուպ մի քանի տարի տևելը:

Բացի դրանից, դատական քննության փուլում կալանքը որպես խափանման միջոց անձի նկատմամբ ընտրվում է անորոշ ժամկետով: Օրենսդրորեն, ի տարբերություն մինչդատական վարույթի, դատարանում գործի քննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում (Օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մաս): Որպես դրա հետևանք՝ օրենսդրորեն սահմանված չէ նաև առաջին ատյանի դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետի երկարացման հնարավորություն:

Ինչ վերաբերում է կալանքի իրավաչափության ստուգման ողջամիտ պարբերականությանը, ապա գործող իրավակարգավորումներով այն առաջին ատյանի դատարանի կողմից իրականացվում է միայն մինչդատական վարույթում: Դատական քննության փուլի ողջ ընթացքում արդեն ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության ստուգման միակ նախադրյալ կարող է հանդիսանալ այն փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ կողմի միջնորդությունը: Նման միջնորդության բացակայության դեպքում դատարանի վրա օրենսդրորեն դրված չէ կալանքի իրավաչափությունը ստուգելու որևէ պարտականություն: Դատական քննության փուլում կալանքի իրավաչափության ստուգումը ձևավորված իրավակիրառական պրակտիկայում վերադաս դատական ատյանների քննարկման առարկա է դառնում միայն առաջին ատյանի դատարանում գործի վարույթի ավարտից հետո, այլ ոչ թե դրա ընթացքում:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ նման վիճակը համահունչ չէ անձնական ազատությունից զրկելու` կալանքի իրավաչափությունը վիճարկելու իրավունքի իրացումն ապահովելու սահմանադրական և միջազգային չափանիշներին:

Սույն գործով վիճարկվող դրույթից հետևում է, որ անձի ազատության իրավունքի սահմանափակման դեպքում պաշտպանության կողմը չունի դատարանի՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը չփոփոխելու կամ չվերացնելու որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն, այն պարագայում, երբ մեղադրանքի կողմն ունի դատարանի՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատական քննությունը իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման առումով արդյունավետ է, եթե հիմնված է մրցակցության սկզբունքի վրա, այսինքն՝ ի թիվս այլնի, քրեական դատավարության կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումները պաշտպանելու հավասար հնարավորություններով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմի համար վերը նշված հնարավորության բացակայության դեպքում մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը չի ապահովվում, հետևաբար՝ կալանքի իրավաչափության վիճարկման հարցում վերադաս դատական ատյաններում պաշտպանության կողմը պետք է ունենա նույն իրավունքները, հնարավորությունները, ինչ առաջին ատյանի դատարանում:

4.4. Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև քննարկել Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված «սեղմ ժամկետ» եզրույթի համատեքստում:

Անձնական ազատությունից զրկելու իրավաչափության հարցի հետ կապված որոշումները դատարանի կողմից սեղմ ժամկետում կայացնելու սահմանադրական պահանջի նպատակն է ապահովել անձնական ազատությունից զրկված անձի՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքի արդյունավետ իրացումը: Սեղմ ժամկետում որոշում կայացնելու սահմանադրական պահանջը վերաբերում է ինչպես առաջին ատյանի դատարաններին, այնպես էլ վերադաս դատական ատյաններին:

Այս առումով հատկանշական են ՄԻԵԴ-ի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումները ևս: ՄԻԵԴ-ը նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ է տալիս կալանավորված ցանկացած անձի դիմել իրավասու դատարան`«անհապաղ» որոշում կայացնելու համար այն հարցի վերաբերյալ, թե արդյոք կալանքը նախատեսող սկզբնական որոշումից հետո ի հայտ եկած նոր ապացույցների հիման վրա իր կալանքը դեռ «օրինական» է, թե՝ ոչ (Abdulkhanov c. Russie գործով 2012թ. հոկտեմբերի 2-ի վճիռ, գանգատ թիվ 14743/11, § 213, Azimov c. Russie գործով 2013թ. ապրիլի 18-ի վճիռ, գանգատ թիվ 67474/11, § 152), ինչպես նաև արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ առկա է կալանքի տակ գտնվելու օրինականության հարցի անհապաղ լուծման հատուկ անհրաժեշտություն դատարանի կողմից գործի երկարատև քննության դեպքում, քանի որ անձը պետք է ունենա հնարավորություն ողջ ծավալով օգտվել անմեղության կանխավարկածից (Moiseyev v. Russia գործով 2008թ. հոկտեմբերի 9-ի վճիռ, գանգատ թիվ 62936/00, § 160-163): Հարկ է ընդգծել նաև, որ հիշյալ գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, այն պատճառով, որ վերադաս դատական ատյանն անհապաղ չի քննել անձի՝ իրեն կալանքից ազատելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերված բողոքը:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմի՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքի փոփոխման կամ վերացման միջնորդությունների մերժման մասին որոշումների անմիջական բողոքարկման հնարավորություն նախատեսելու անհրաժեշտությունը բխում է նաև Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված «սեղմ ժամկետի» պահանջից, որով ապահովվում է նաև հիշյալ մասով սահմանված հիմնական իրավունքի արդյունավետ իրացումը:

4.5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատել նաև դատական պաշտպանության իրավունքի և դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման տեսանկյունից:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գոյություն ունեն գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման առանձնահատկություններ: Սահմանադրական դատարանն իր` 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավադրույթները, արձանագրել է. « …. օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը .… »:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, երբ գործն ըստ էության չլուծող դատական ակտով սահմանափակվում է անձնական ազատության հիմնական իրավունքը, ապա այդ իրավունքի պաշտպանությունն արդյունավետ չի իրացվում հետաձգված բողոքարկման միջոցով, քանի որ անձը դատական քննության ողջ ընթացքում շարունակում է մնալ կալանքի տակ անորոշ ժամկետով՝ չունենալով այդ ընթացքում կալանքի իրավաչափությունը բողոքարկելու հնարավորություն:

Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, դրա արդյունավետության երաշխավորման առանձնահատուկ ինստիտուտ է վերադաս դատական ատյանների կողմից դատական ակտի վերանայումը։ Քրեադատավարական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից և դատական պաշտպանության իրավունքի ու դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման ապահովման նկատառումներից ելնելով՝ պաշտպանության կողմի համար պետք է երաշխավորվի որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների անմիջական բողոքարկումը վերաքննության կարգով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների ներքին անկախության վրա չի կարող ազդել մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն ընդունված գործն ըստ էության չլուծող այն միջանկյալ դատական ակտերի վերանայումը, որոնք ուղղակիորեն կապված չեն վերջնական դատական ակտի բովանդակության հետ, քանի որ վերջինս, ի թիվս այլնի, ներառում է եզրահանգումներ գործի փաստական հանգամանքների, ապացույցների գնահատման, մեղսագրվող արարքի որակման, պատժի նշանակման վերաբերյալ: Որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները չեն կանխորոշում առաջին ատյանի դատարանի եզրահանգումները քրեական գործով լուծման ենթակա հիմնական հարցերի՝ ամբաստանյալի մեղավորության և նրա պատժի վերաբերյալ: Հետևաբար՝ Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետով մինչև վերջնական դատական ակտ կայացնելը` որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների իրավաչափությունը ստուգելու հնարավորություն չնախատեսելը, հաշվի առնելով հատկապես կալանքի բնույթը որպես անձի անձնական ազատությանն ամենաինտենսիվ միջամտության եղանակ, չի կարող պայմանավորված լինել արդարադատության արդյունավետության շահով:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ընտրված խափանման միջոց կալանքը չփոփոխելու որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը պարունակում է վերադաս դատարանի բնականոն գործունեությունը խաթարելու վտանգ, մասնավորապես, այդպիսի միջնորդություններ ներկայացնելու քանակի տեսանկյունից որևէ արգելքի բացակայության առումով, պետք է նշել, որ օրենսդիրը սահմանել է պահանջ, համաձայն որի՝ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը (Օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մաս):

Սահմանադրական դատարանը գտնում է՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների անմիջական բողոքարկման սահմանափակումը՝ պայմանավորված այդպիսի բողոքների քանակով, չի կարող լինել ի հաշիվ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման ապահովման:

4.6. Անդրադառնալով վիճարկվող դրույթի իրավակարգավորման շրջանակներում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման իրավունքի իրացման օրենսդրական ապահովման (օրենսդրական բացի) խնդրին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր մի շարք որոշումներով անդրադարձել է օրենսդրական բացի հասկացության բովանդակությանը (Տե´ս, օրինակ, ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1476): Մասնավորապես, Սահմանադրական դատարանն իր 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ ամրագրել է, որ « .… այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթում առկա է օրենսդրական բաց՝ բացակայում է որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը: Ինչպես վերը նշվել է` օրենսդրական հիշյալ բացը հանգեցրել է հակասական իրավակիրառական պրակտիկայի ձևավորման:

Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ սույն գործով վիճարկվող դրույթն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, համահունչ չէ Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու չափանիշներին:

Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման միջոցով անձնական ազատության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորության արդյունավետ իրացումը պետք է ապահովվի անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի համապատասխան օրենսդրական երաշխավորմամբ և հստակ ամրագրմամբ, այդ թվում՝ կալանքի իրավաչափության ստուգման ողջամիտ պարբերականության, կողմերի՝ իրենց դիրքորոշումները պաշտպանելու հավասար հնարավորություններ նախատեսելով, ինչպես նաև որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու և քննելու համար համալիր կարգավորումներ նախատեսելով, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով ապահովել մասնավոր և հանրային շահերի հավասարակշռված պաշտպանությունը: Նշվածը բխում է Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայից: Հիշյալ օրենսդրական բացի հաղթահարումը Ազգային ժողովի լիազորությունների տիրույթում է:

Ելնելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով՝ առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ:

   

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 69 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող:

2. Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետը և 19-րդ մասը, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները և վիճարկվող դրույթի՝ դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը, փաստելով սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի փոխկապվածությունը Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումներին, ինչպես նաև նկատի ունենալով սահմանադրական օրենքի պահանջը՝ իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  

Նախագահող

Ա. Գյուլումյան

 

6 նոյեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1487

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան