Գլխավոր տեղեկություն
Համար
N 1564-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2019-28.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2019 թվականի N 1564-Ա

 

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը, ինչպես նաև՝ ելնելով 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

 Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 29-ի N 1564-Ա 

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Մանուկյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

 Լ. Մովսիսյան

 - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ

 

Օ. Էլոյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի պետ

 

Լ. Հակոբյան

 - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ(աշխատանքային խմբի քարտուղար)

 

Մ. Հարությունյան

 - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

Լ. Նալբանդյան

 - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

Ս. Ստեփանյան

 - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

Վ. Ասեյան

 - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության ԵՏՄ մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

 

Ա. Պետրոսյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

 

Վ. Սարգսյան

 - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

 

Վ. Ամիրյան

  - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն(համաձայնությամբ)

 

Մ. Վարդգեսյան

 - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի իրավաբան (համաձայնությամբ)

 

Մ. Թորոսյան

 - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

 

Տ. Ազիզյան

 - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

 

Է. Մեհրաբյան

 - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

 

Վ. Միրիջանյան

 - Էքսպո գրուպ ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Մ. Առաքելյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի պաշտոնակատար

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 29-ի N 1564-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և համակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների իրականացումն է:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խումբը մշակում է կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումների ծրագիր, անհրաժեշտության դեպքում մշակում է կոնվենցիայի դրույթների իրականացմանն ուղղված իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 6-րդ կետին համապատասխան:

6. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

7․ Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ աշխատանքային խմբի անդամներից մեկը՝ աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ։

8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը, աշխատանքային խմբի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը տրամադրվում են խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստերի անցկացման դեպքում՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

9. Նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների՝ աշխատանքային խմբի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):

10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/3-ը (կամ կեսից ավելին):

11. Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթի են: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:

14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:

15. Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը և աշխատանքային խմբի քարտուղարը:

16. Աշխատանքային խմբի քարտուղարն արձանագրությունը և որոշումները նիստից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը՝

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.

4) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ․

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Աշխատանքային խմբի անդամը՝

1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.

2) անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր՝ աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու, աշխատանքային խմբի նիստերի ընթացքում քննարկելու համար.

3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին․

5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Աշխատանքային խմբի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությանը:

20. Աշխատանքային խմբի քարտուղարությունն աշխատանքային խմբի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրն իրականացնում է աշխատանքային խմբի անդամների կողմից կատարված աշխատանքների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մշտադիտարկում և ամփոփում՝ աշխատանքային խմբի ղեկավարին ներկայացնելով նախորդ ժամանակահատվածի հաշվետվությունը, կատարված աշխատանքների արդյունքները՝ դրանում սահմանելով նաև առկա խնդիրների լուծման տարբերակներ.

2) նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի օրակարգը, աշխատանքային խմբի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և սույն աշխատակարգով սահմանված ժամկետներում աշխատանքային խմբի քարտուղարի միջոցով դրանք տրամադրում աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին.

3) մշակում և նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի քննարկմանը ներկայացվող հարցերը.

4) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները (աշխատանքային խմբի քարտուղար).

5) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը (աշխատանքային խմբի քարտուղար):

 

VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան