Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1496
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543) Հոդ.1182
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

10 դեկտեմբերի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունն (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Աստանայում` ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Արձանագրությունն ունի 3 Հավելված՝ Հավելված 1. «Պահանջներ իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկության կազմին և կառուցվածքին ներկայացվող», Հավելված 2. «Պահանջներ ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկության կազմին ու կառուցվածքին ներկայացվող», Հավելված 3. «Պահանջներ գույքի առանձին տեսակների և դրա սեփականատերերի (տիրապետողների) վերաբերյալ տեղեկության կազմին և կառուցվածքին ներկայացվող»:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինն ինքնուրույն մշակի տեղեկության ձևավորման ու մշակման համար նախատեսված ծրագրային ապահովումը,

● երաշխավորել, որ ՀՀ իրավասու մարմինն ապահովի փոխանցվող տեղեկության պատշաճ պաշտպանությունը, որի հասանելիությունն ու տարածումը սահմանափակված են՝ Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան,

● ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը սահմանի և համաձայնեցնի Արձանագրության 1-ին հոդվածում նշված տեղեկությունը ներկայացնելու ձևաչափերը, ինչպես նաև կապի ուղիներով այն փոխանցելու կարգը՝ դրանք հաստատելով ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների Համակարգող խորհրդի նիստին՝ հետագայում տեղադրելով Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում,

● ապահովել, որ ՀՀ և Արձանագրության մասնակից պետությունների միջև տեղեկության փոխանակումը կատարվի ամեն տարի՝ հաշվետու տարվա արդյունքներով (սկսելով այն հաշվետու տարվա համար տեղեկության տրամադրումից, որում Արձանագրությունն ուժի մեջ է մտնում), ինչպես նաև նախորդ տարիների համար ավելի վաղ տրամադրված տեղեկության հստակեցման արդյունքներով՝ Արձանագրության հավելվածներով նախատեսված ժամկետներին համապատասխան,

● ապահովել, որ փոխանակման մասնակից պետությունների իրավաբանական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվի փոխանակման մասնակից ՀՀ իրավասու մարմնի կողմից՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ,

● ապահովել, որ փոխանակման մասնակից ՀՀ իրավասու մարմնի կողմից փոխանակման մասնակից պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց և (կամ) հարկային ռեզիդենտներին փոխանակման մասնակից ՀՀ տարածքում վճարված եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ տեղեկության փոխանակումը կատարվի հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ,

● ապահովել, որ փոխանակման մի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ տեղեկությունը տրամադրվի Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված ձևաչափով,

● ապահովել, որ տեղեկության փոխանակման ժամանակ ՀՀ իրավասու մարմինն օգտագործի անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների այնպիսի տեսակների տեղեկատու, որոնց նկատմամբ իրավունքները գրանցված են փոխանակման մասնակից պետությունների քաղաքացիների անունով՝ Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեի կայքում տեղադրված նկարագրությանը համապատասխան,

● ապահովել, որ ներկայացված տեղեկության մեջ հարցման հատկանիշի առկայության դեպքում փոխանակման մասնակից ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ փոխանակման մեկ այլ մասնակից պետության տարածքում գրանցված (գտնվող) գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) բնակության վայրի (գտնվելու վայրի) հասցեի վերաբերյալ տեղեկությունը որպես պատասխան ուղարկվի այդ՝ փոխանակման այլ մասնակից պետության իրավասու մարմնին հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ, իսկ փոխանակման մասնակից ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ գույքի սեփականատիրոջ (տիրապետողի) հասցեն որոշելու անհնարինության դեպքում տեղեկացվի հասցեի վերաբերյալ տվյալների բացակայության մասին:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

10 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1496

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան