Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.01/36(335) Հոդ.850
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2004 թվականի N 891-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամում:

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

4. (կետն ուժը կորցրել է 28.04.05 N 538-Ն):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 17
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 10-ի N 891-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

(3-րդ կետը լրաց. 26.08.04 N 1211-Ն)

4. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 100 հազ. դրամի չափով գույքային ներդրում:

5. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ»

հայերեն կրճատ`

ՀՀ ԱՎԶՀ

ռուսերեն լրիվ`

"Фонд восстановления и развития лесов Республики Армения"

ռուսերեն կրճատ`

ФВРЛ РА

անգլերեն լրիվ`

«Republic of Armenia forest's recovery and development fund»

անգլերեն կրճատ`

RAFRDF:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական տուն 3:

7. Հիմնադրամի գործունեության ժամկետը` անժամկետ:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

 

8. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը հանրապետության անտառների վերականգնման գործընթացին աջակցելը և անտառների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է, որոնց կնպատակաուղղվեն գործունեության հետևյալ տեսակները`

ա) անտառատնկումներ և անտառավերականգնում,

բ) անտառային բուսականության գենոֆոնդի պահպանություն,

գ) անտառային տարածքներում բույսերի պաշտպանություն,

դ) անտառամելիորացիոն աշխատանքների իրականացում,

ե) անտառային բուսականության տնկարկների հիմնում,

զ) անտառների պաշտպանության, պահպանության և վերարտադրության նպատակով գիտահետազոտական աշխատանքների իրականացում,

է) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացում:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

10. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

11. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային ու այլ հաշիվներ, իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված այլ նշաններ:

12. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

13. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

14. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար և դրանց համապատասխան:

15. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակից:

16. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

17. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (ներկայացուցչություններ, մասնաճյուղեր) և հիմնարկներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

18. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

19. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

20. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, արտարժույթով և այլն:

21. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցները, գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.

բ) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական նվիրատվությունները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

22. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերած անձանց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կարող են շնորհվել պատվավոր կոչումներ:

23. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` արտարժութային):

24. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

25. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

25.1 Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի գումարը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

(251-ին կետը լրաց. 26.08.04 N 1211-Ն)

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

26. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի կառավարիչը` գործադիր տնօրենը:

27. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է:

(27-րդ կետը խմբ. 26.08.04 N 1211-Ն)

28. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները, իսկ խորհրդի առաջին անհատական կազմը սահմանում է հիմնադիրը:

28.1 Խորհուրդը բաղկացած է 18 անդամից

(281-ին կետը լրաց. 26.08.04 N 1211-Ն, փոփ. 02.12.04 N 1700-Ն)

29. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`

ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

բ) հիմնադրամի բյուջեի և նրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

ե) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

զ) հոգաբարձուների խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

է) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

ը) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

թ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների (ներկայացուցչություններ, մասնաճյուղեր) և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը.

ժ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

ժա) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերությամբ գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը.

ժբ) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

ժգ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

ժդ) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

30. Հոգաբարձուների խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

31. Հոգաբարձուների խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Հոգաբարձուների խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

32. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև գործունեության այլ ոլորտներ.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու այլ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ ու հաշվետվություն.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններին ներկայացնելու առաջարկություններ.

ե) սպառիչ տեղեկատվություն ստանալու հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու հոգաբարձուների խորհրդից:

33. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին.

բ) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը.

գ) չխախտել հոգաբարձուների խորհրդի կանոնակարգի պահանջները:

34. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, սույն կանոնադրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ և կրել այլ պարտականություններ: Հիմնադրամի գործադիր մարմինը հիմնադրամի գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է հոգաբարձուների խորհրդին:

Հիմնադրամի գործադիր տնօրենը`

ա) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

բ) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) տնօրինում է հիմնադրամի գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները` համաձայն հոգաբարձուների խորհրդի հաստատված բյուջեի.

դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բացում է բանկային հաշիվներ.

զ) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափը.

է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

ը) տալիս է լիազորագրեր.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

36. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում` առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

37. Հիմնադրամն օրենքով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո` 15 օրվա ընթացքում, դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում` առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակվելու կամ նախազգուշացման պահանջները չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

39. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում ու վարվում, հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

40. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

41. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը լրաց., խմբ. 26.08.04 N 1211-Ն, փոփ. 02.12.04 N 1700-Ն


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 10-ի N 891-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության Uյունիքի մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

(համաձայնությամբ)

 

«Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 04.11.04 N 1521-Ն, խմբ. 09.08.07 N 924-Ն, փոփ. 03.07.08 N 696-Ն, 16.07.09 N 797-Ն, խմբ. 10.05.12 N 581-Ն, փոփ. 15.01.15 N 11-Ն, 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան