Գլխավոր տեղեկություն
Համար
N 816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.698
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2003 թվականի N 816-Ն

ԱԶԱՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 49-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ազատ ջրօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 7
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 5-ի N 816-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ազատ ջրօգտագործմանն առնչվող իրավահարաբերությունները, բացառությամբ, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների, անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի, հակահրդեհային նպատակներով ազատ ջրօգտագործման, որոնք կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առանձին կարգերով։

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ջրօգտագործողի հայտի գնահատման արդյունքում ջրօգտագործողը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կարող է ազատվել ջրօգտագործման թույլտվություն ստանալու պահանջից՝ նաև այն դեպքերում, երբ`

ա) ջրօգտագործումը նպաստում է ջրի ազգային ծրագրով սահմանված բնապահպանական խնդիրների լուծմանը.

բ) իրականացվում է էկոլոգիապես ընդունելի տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված փորձագիտահետազոտական և ուսումնական նպատակներով ջրային ռեսուրսի ժամանակավոր օգտագործում` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ փորձաքննական դրական եզրակացության առկայությամբ.

գ) ջուրն օգտագործվում է ջրային ռեսուրսի հոսքի ուղղությամբ (գետաբերանից դեպի գետաթափ վայրը)՝ Հայաստանի Հանրապետության սահմանին հարակից վերջին բնակավայրի վարչական տարածքում` ջրի որակական ցուցանիշներին համապատասխան (հաշվառման պայմանով):

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

3. Ազատ ջրօգտագործող հանդիսացող իրավաբանական անձը կարող է իրականացնել ազատ ջրօգտագործում՝ դրա մասին նախարարություն տեղեկատվություն ներկայացնելուց հետո:

Իրավաբանական անձը ջրօգտագործման հաշվառման համար նախարարություն է ներկայացնում պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը՝ նշելով ջրօգտագործողի անվանումը, ջրային ռեսուրսի անվանումը և տեղեկատվություն ջրօգտագործման նպատակի, ջրային ռեսուրսի մակերեսի, ափերի, դրանց հարակից տարածքների, ինչպես նաև ջրային միջավայրի օգտագործման մասին։

4. Ազատ ջրօգտագործումը չպետք է հանգեցնի ջրերի ստանդարտների խախտմանը, ջրօգտագործման մասով՝ այլ ջրօգտագործողների իրավունքների սահմանափակմանը և պետք է համապատասխանի ջրավազանային կառավարման պլաններին:

5. Նախարարությունը, հիմք ընդունելով ջրավազանային կառավարման մարմնի ներկայացրած տեղեկատվությունը, կարող է տվյալ ազատ ջրօգտագործումը սահմանափակել ջրօգտագործման թույլտվությամբ, երբ այդպիսի ազատ ջրօգտագործումը՝

ա) սպառնում է կամ կարող է սպառնալ տվյալ ջրավազանային կառավարման տարածքի ազգային ջրային պաշարի նվազեցմանը.

բ) խախտում է կամ կարող է խախտել ջրի նկատմամբ պահանջարկը՝ ըստ սահմանված գերակայությունների։

6. Նախարարությունը, հիմք ընդունելով մարդկանց առողջության համար ջրային ռեսուրսի վտանգավորության մասին առողջապահության բնագավառում լիազոր մարմնի ներկայացրած տեղեկատվությունը, կարող է սահմանափակել կամ կասեցնել ազատ ջրօգտագործումը՝ ըստ ջրային ռեսուրսի (ռեսուրսների) կամ դրա (դրանց) մասի (մասերի), եթե՝

ա) տվյալ տարածաշրջանում հայտնաբերվել են համաճարակի դեպքեր, և առկա է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման վտանգ.

բ) ջրային ռեսուրսն աղտոտված է այն չափով, որ կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում՝

ա) նախարարությունը՝ տվյալ պայմանն ի հայտ գալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով պետք է հայտարարի ազատ ջրօգտագործման սահմանափակման կամ կասեցման մասին, նշելով՝

ջրային ռեսուրսը (ռեսուրսները) կամ դրա (դրանց) մասը (մասերը), որից (որոնցից) արգելվում է ազատ ջրօգտագործումը,

ջրավազանը, որտեղ գործում է տվյալ սահմանափակումը,

ազատ ջրօգտագործման սահմանափակման կամ կասեցման պատճառները և ժամկետը (եթե այն կանխատեսելի է),

ազատ ջրօգտագործումը չսահմանափակելու, չկասեցնելու հնարավոր հետևանքները.

բ) նախարարությունն ազատ ջրօգտագործման սահմանափակումների պատճառները վերացնելուց հետո մեկ օրվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է հայտարարված վտանգների (պատճառների) վերացման մասին։

8. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով։

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 816-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան