Գլխավոր տեղեկություն
Համար
N 465-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.10.2019-12.05.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2016 թվականի N 465-Ա

 

ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 354-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հաստատել`

1) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ համաձայնությամբ և խորհրդակցական ձայնի իրավունքով իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, «Հայ ծնողների ակումբ» հասարակական խմբի ներկայացուցիչը, «Մեր փոքրիկը» հասարակական խմբի ներկայացուցիչը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 354-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունիսի 3-ի N 465-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարար
 (հանձնաժողովի նախագահ)

Գ. Գասպարյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
առաջին տեղակալ

Լ. Նանուշյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Կ. Իսախանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Լ. Առաքելյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Գ. Գևորգյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Ասատուրյան

- ՀՀ պաշտպանության նախարարության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության պետ, բ/ծ գնդապետ

Վ. Պետրոսյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետ

Կ. Աթոյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ

Ն. Փաշայան

- ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Վանյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն

Գ. Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 11.08.17 N 911-Ա, 16.10.19 N 1486-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունիսի 3-ի N 465-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի նիստերի վարման և որոշումների ընդունման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բնականոն կազմակերպման նպատակով հանձնաժողովը քննարկում է իմունականխարգելման վերաբերյալ քաղաքականությունները և ռազմավարությունները (այդ թվում նաև՝ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի հետ համագործակցության ուղղությամբ) ու բնագավառին վերաբերող այլ հարցեր:

3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

1) նպաստում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքների արդյունավետ ղեկավարմանը և համակարգմանը.

2) օժանդակում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բարելավմանը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 10 արձանագրային որոշմամբ հաստատված Իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարումն ու համակարգումն իրականացնող առողջապահության ոլորտի կառավարման լիազոր մարմնին ներկայացնում է իմունականխարգելման ոլորտում ուղղորդող առաջարկություններ.

4) ապահովում է իմունականխարգելման աշխատանքներում գործուն և արդյունավետ համագործակցություն, տեղեկատվության փոխանակում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`

1) իմունականխարգելման ոլորտում շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների միջև սերտ համագործակցության զարգացման համար որպես համակարգող մարմին հանդես գալը.

2) իմունականխարգելման ոլորտում համագործակցող կողմերի միջև պարտականությունների և պատասխանատվությունների հստակեցումը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների միջև շարունակական, գիտական համագործակցության խրախուսումը` նպաստելով դրանց միջև կառուցողական հարաբերությունների ստեղծմանը.

4) պետական մարմինների գործունեության ոլորտին և իմունականխարգելման ոլորտում առկա խնդիրներին ու գերակայություններին համապատասխան` հանձնաժողովի անդամների միջև պարտականությունների և պատասխանատվության հստակ բաշխումը.

5) իմունականխարգելման հիմնական ռազմավարությունների` նոր պատվաստանյութերի ներդրման, այդ թվում` համակցված պատվաստանյութերի կիրառման, ծառայությունների մատուցման համակարգի բարելավման, պատվաստումների անվտանգության և կայուն ֆինանսավորման ապահովման իրականացմանը նպաստելը.

6) ֆինանսական միջոցների հայթայթմանը մասնակցությունը` իմունականխարգելման գործընթացի կայուն ֆինանսավորման համար ներգրավելով նաև մասնավոր սեկտորին.

7) իմունականխարգելման ազգային ծրագրի բազմամյա և տարեկան պլանի մշակման աշխատանքներին մասնակցությունը.

8) հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի պահանջների իրականացման վերլուծությունը.

9) իմունականխարգելման ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

10) հանրապետությունում իմունականխարգելման ուղղությամբ առաջընթացի վերլուծությունը, խոչընդոտների և բացթողումների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

11) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի բարելավման համար արդյունավետ միջոցառումների մշակումը` շահագրգիռ նախարարություններ և կազմակերպություններ ներկայացնելով առաջարկություններ.

12) իմունականխարգելման գործընթացում խնդիրների լուծման երկարաժամկետ ծրագրերի մշակմանն աջակցելը և դրանց իրականացման ապահովումը.

13) նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, այլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպությունների կողմից` իմունականխարգելման ոլորտում ձեռնարկվող միջոցների մասին տեղեկատվություն ներկայացնելն ապահովելը.

14) Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում իմունականխարգելման հարցերին վերաբերող տեղեկատվական-կրթական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:

7. Հանձնաժողովի նիստերը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը:

8. Հանձնաժողովի նիստերում, բացի հանձնաժողովի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու շահագրգիռ պետական մարմինների, կազմակերպությունների, մասնավոր ոլորտի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` խորհրդակցական ձայնի իրավունքով:

9. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերի և դրանց վերաբերյալ որոշումների նախագծերը մշակվում են հանձնաժողովի անդամների կողմից` շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ: Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի անդամների կողմից հարցերը գրավոր ներկայացվելու միջոցով` նիստից 15 օր առաջ:

10. Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ` ըստ նախապես կազմված ժամանակացույցի: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում է հանձնաժողովի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն 3 օր առաջ:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից: Արձանագրություններն ուղարկվում են շահագրգիռ պետական մարմիններ, կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, հասարակական և միջազգային կազմակերպություններ` էլեկտրոնային փոստի միջոցով:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.

2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերը.

3) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`

1) հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հարցեր.

2) ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ.

3) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

15. Հանձնաժողովի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

2) կատարել հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

16. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

2) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում միջոցառումների իրականացումը, հանձնաժողովի նիստերի գումարման նախապատրաստական աշխատանքները.

3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը.

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

5) սահմանում է հսկողություն հանձնաժողովի որոշումների իրականացման նկատմամբ.

6) հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին.

7) կազմում է աշխատանքային խմբեր` իմունականխարգելման ոլորտում ի հայտ եկած խնդիրների լուծման, գերակա միջոցառումների իրականացման համար: Աշխատանքային խմբերի կազմը հաստատում է հանձնաժողովի նիստը կամ հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակամիջոցում:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2021, N 505-Ա 12.05.2021, N 465-Ա
16.10.2019, N 1486-Ա 17.10.2019, N 465-Ա
11.08.2017, N 911-Ա 12.08.2017, N 465-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան