Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945) Հոդ.39
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 22-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը և 61-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 22-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին) մշտադիտարկումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են այն իմաստներով, որոնք սահմանված են օրենսգրքով:

3. Սույն կարգի իմաստով լեռնային աշխատանքներ են համարվում երկրի ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման, այդ թվում՝ նաև նախնական մշակման աշխատանքային պրոցեսները, իսկ պոչանքային տնտեսություն է համարվում մետաղական օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադրման և պահպանման համար նախատեսված հատուկ շինությունների ու սարքավորումների համակարգը:

 

II. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների տարածքում մշտադիտարկումների (այսուհետ՝ մշտադիտարկումներ) իրականացումը հնարավորություն կընձեռի ստեղծելու տեղեկատվական հենք՝ հանքերի փակումից հետո շրջակա միջավայրի և բնակչության առողջության ու անվտանգության վրա օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով հետագա աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման համար:

5. Մշտադիտարկումների իրականացման հիմնական նպատակն է ստանալ տեղեկատվություն փակված հանքի, արդյունահանման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքի երկրաբանական միջավայրի, հիդրոերկրաբանական (պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխություն, դրենաժային ջրերի առաջացում) և ինժեներաերկրաբանական (լեռնային ապարների զանգվածում կամ երկրի մակերևույթին դեֆորմացիաների զարգացում, բացահանքերի կողերի լեռնային ապարների և արտադրական լցակույտերի շեպերի դեֆորմացում, սողանքային և կարստային գործընթացների ակտիվացում, տեխնածին երկրաշարժերի առաջացում) պայմանների փոփոխության մասին:

 

III. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Մշտադիտարկումների կառուցվածքն ու բովանդակությունը, դիտակետերի տեղադրումը և մշտադիտարկումների հաճախականությունը յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտում որոշվելու է՝ ելնելով դրա երկրաբանական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից, հանքավայրի մշակման եղանակից և արտադրական լցակույտերի տեղադիրքից, նախատեսվող ռեկուլտիվացիայից, ինչպես նաև պայմանավորված է լինելու հանքավայրում ընդերքօգտագործողի կողմից իրականացված մշտադիտարկումների տվյալներով:

7. Մշտադիտարկումների կառուցվածքն ու բովանդակությունը, դիտակետերի տեղադրումը և մշտադիտարկումների հաճախականությունն ամրագրվում է հանքի փակման ծրագրում ներառված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագրով, որը բաղկացած է տեքստային մասից և գծագրական հավելվածից: Մշտադիտարկումների իրականացման ծրագիրը շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ ենթակա է վերանայման՝ ներկայացվող հանքի փակման վերջնական ծրագրին համապատասխան:

8. Մշտադիտարկումներն իրականացվում են լեռնային աշխատանքների ազդեցության երկու գոտիներում: Առաջին գոտին, որտեղ անմիջապես իրականացվել են արդյունահանման աշխատանքները, և տեղադրված են արդյունահանման հետ կապված տեխնոլոգիական օբյեկտները, փաստացիորեն համընկնում է լեռնահատկացման սահմանների հետ: Երկրորդ՝ զգալի ազդեցության գոտու սահմանները որոշվում են վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների հնարավոր ազդեցության, ստորերկրյա ջրահոսքերի առաջացման ու զարգացման պայմանների, հիդրոդինամիկ ռեժիմի կանխատեսվելիք խախտման մասին տվյալների հիման վրա:

9. Մշտադիտարկումների կառուցվածքն ու բովանդակությունը կանխորոշող հիմնական գործոններն են՝

1) լեռնային ապարների տեղադրման պայմանները, դրանց քիմիական բաղադրության, ջրաֆիզիկական և ֆիզիկամեխանիկական հատկությունների փոփոխականությունը, տեկտոնական կառուցվածքի առանձնահատկությունները, ճեղքավորվածության, սողանքային և կարստային երևույթների առկայությունն ու դրանց զարգացումը և այլն.

2) արտածին երկրաբանական պրոցեսների զարգացման տեսակետից բարենպաստ, անկայուն, հեշտ դեֆորմացվող ապարների առկայությունը.

3) ջրատար հորիզոնների տեղադրման պայմանները, ջրատարողունակ ապարների հզորությունների և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխականությունը, լեռնային փորվածքներ ջրի ներհոսքի և հանքախորշային ջրերի առկայությունը.

4) հիդրոքիմիական պայմանները.

5) լեռնային փորվածքների ջրակալվածությունը պայմանավորող հնարավոր ջրաղբյուրները.

6) արդյունահանող կազմակերպության արտադրական լցակույտերի տեղադրման, պահպանման և տեղափոխման կառույցների առկայությունը:

10. Մշտադիտարկումների իրականացման դիտակետերի ընտրության ժամանակ հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները՝

1) տարբեր ջրատար հորիզոնների առկայության դեպքում նմուշառումն իրականացվելու է յուրաքանչյուր հորիզոնից, մեկ հզոր հորիզոնի դեպքում՝ նրա տարբեր կետերից.

 2) հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերի ջրաբաշխիչի, հակադարձ ներմղման համակարգի առկայության դեպքում դիտանցային հորատանցքերը տեղադրվելու են հիդրոդինամիկ ազդեցությամբ ամբողջ տարածքում, ընդ որում, հորատանցքերի մի մասը տեղադրվելու է ջրի վերցման և հետմղման համակարգերի միջև.

3) եթե արդյունահանված տարածքները կապված են հիդրոերկրաբանական տեսակետից փակ շերտերի հետ, ապա դիտակետերը տեղադրվելու են շերտի սահմանի երկու կողմերից.

4) լեռնային փորվածքներում դիտակետերը նպատակահարմար է տեղադրել փորվածքների բացահայտված և հնարավոր դեֆորմացման, տեկտոնական երևույթների զարգացման վայրերում.

5) ստորերկրյա ջրերի ծախսի, մակարդակի և քիմիական կազմի վրա հնարավոր ազդեցություն ունեցող օբյեկտներում (պոչամբարներ, շլամակուտակիչներ, պարզեցման լճակներ և այլ կառույցներ) նմուշառումը նպատակահարմար է իրականացնել աղտոտման ենթակա ջրատար հորիզոններից:

11. Հենակետային ցանցում ընդգրկված բոլոր դիտակետերի տեղադիրքն արտացոլվելու է միասնական կոորդինատային համակարգով ներկայացված մշտադիտարկումների ծրագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող գծագրական հավելվածում:

12. Մշտադիտարկումների իրականացման արդյունքները տարեկան կտրվածքով ամփոփվում են լիազոր մարմնի կողմից և եռամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, իսկ վտանգի հայտնաբերման դեպքում՝ անմիջապես:

 

IV. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

13. Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով կարող են իրականացվել շրջակա միջավայրի և ենթակառույցների հետևյալ բաղադրիչների մշտադիտարկումներ՝

1) օգտակար հանածոների արդյունահանված տարածքում՝

ա. լեռնային փորվածքների ամրակապման վիճակ,

բ. ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններ և ճեղքավորվածություն,

գ. կարստային և սողանքային երևույթների առկայություն, դրանց չափերի փոփոխություն,

դ. ստորգետնյա եղանակով արդյունահանված տարածքների մակերևույթի ուղղաձիգ դեֆորմացիաներ՝ հնարավոր նստեցումների բացառման նպատակով,

ե. բացահանքերի կողերի դեֆորմացիաներ՝ սողանքների և փլուզումների գնահատման նպատակով,

զ. հանքախորշային ջրերի ֆիզիկական հատկություններ, քիմիական կազմ, ծախս, մակարդակ և ջերմաստիճան,

է. ջրհավաք և դիտակետային հորատանցքերի հորատաբերանների, զտիչների, ամրակապման խողովակների և արտախողովակային ջրային հոսքերի իրավիճակ,

ը. ռեկուլտիվացված բացահանքի հատակի և կողերի բնահողային հատված.

2) արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքում՝

ա. մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական կազմ և ծախս,

բ. ստորգետնյա աղբյուրների քիմիական կազմ, մակարդակ, ծախս, ջերմաստիճան և ֆիզիկական հատկություններ,

գ. ռելիեֆի լանջերի դեֆորմացիաներ՝ սողանքների և փլուզումների գնահատման նպատակով,

դ. բուսականության տեսակային կազմ և հաբիտուս, կենդանական աշխարհի վիճակ,

ե. պոչամբարների տեխնիկական վիճակ,

զ. պոչանքային տնտեսության օբյեկտներից արտահոսքեր և հողերի աղտոտվածություն՝ արտահոսքի վայրից ռելիեֆի ավելի բարձր և ավելի ցածր հիպսոմետրիկ բարձրություններում,

է. ռեկուլտիվացված արտադրական լցակույտերի բնահողային հատված,

ը. հարակից տարածքների հողերի ջրային-աղային հաշվեկշիռ:

 

V. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Օգտակար հանածոների հանքավայրերի փակման ժամանակ առանձնահատուկ խնդիր է մշտադիտարկումների իրականացման տևողությունը:

15. Հանքերի կոնսերվացման ժամանակ մշտադիտարկումներն իրականացվելու են կոնսերվացման ամբողջ ընթացքում, իսկ հանքերի լուծարման ժամանակ՝ մինչև երկրադինամիկ, հիդրոդինամիկ և շրջակա միջավայրի հնարավոր աղտոտվածությունը բնութագրող ցուցանիշների կայունացումը:

16. Մշտադիտարկումների իրականացումը դադարեցվում է օրենսգրքով սահմանված կարգով արտադրական լցակույտերը՝ որպես տեխնածին հանքավայր տրամադրելու դեպքում:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 22-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների (այսուհետ՝ մշտադիտարկումներ) իրականացման վճարների չափերի հաշվարկումը և վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Մշտադիտարկումների իրականացման հաշվարկային բազային չափ է համարվում հանքի փակման ծրագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող մշտադիտարկումների ծրագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով իրականացվող մշտադիտարկումների նախահաշվային արժեքը:

 

II. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

 

3. Համաձայն սույն կարգի՝ մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարներ կատարողներ են Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործողները:

 

III. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

4. Մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարման ենթակա գումարների հատկացումը ընդերքօգտագործողի կողմից կատարվում է նախնական հատկացման և ընթացիկ հատկացումների ձևով:

5. Մշտադիտարկումների իրականացման նպատակով նախնական հատկացումը ընդերքօգտագործողի կողմից կատարվում է համապատասխան ընդերքօգտագործման մասին պայմանագրի ստորագրման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:

6. Ընթացիկ հատկացումները կատարվում են ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ը, հատկացումների չափը հաշվարկելով սույն կարգի 10-րդ կետում նշված կարգով (բանաձևով)` Ժ-ն հաշվարկելով կամ ընդունելով որպես ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետ՝ տարիներով։

7. Վերջին տարվա համար ընթացիկ հատկացումներ չեն կատարվում:

 

IV. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ

 

8. Մշտադիտարկումների իրականացման նպատակով հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

9. Նախնական հատկացման չափը սահմանվում է համապատասխան ընդերքօգտագործման մասին պայմանագրով, և այն չպետք է պակաս լինի մշտադիտարկումների իրականացման նպատակով կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափի 15 տոկոսից:

10. Հատկացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա կտրվածքով մշտադիտարկումների իրականացման նպատակով հատկացման ենթակա ընթացիկ հատկացումների գումարը չպետք է պակաս լինի հատկացումների նվազագույն չափից, որը հաշվարկվում է հետևյալ կերպ`

 

ՄՎ = (ՀԲ-ՆՎ)/Ժ,

 

որտեղ`

1) ՄՎ-ն մշտադիտարկումների իրականացման նպատակով կատարվող տարեկան հատկացումների նվազագույն չափն է` հազ. դրամներով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ.

2) ՀԲ-ն մշտադիտարկումների իրականացման նպատակով կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափն է` հազ. դրամներով.

3) ՆՎ-ն մշտադիտարկումների իրականացման նպատակով կատարվող նախնական հատկացման չափն է` հազ. դրամներով,

4) Ժ-ն մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարումների կատարման ժամկետն է` տարիներով, բացառությամբ վերջին տարվա:

 

V. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

11. Մշտադիտարկումների իրականացման նպատակով հատկացված գումարները պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված դեպոզիտային հաշվում:

12. Մշտադիտարկումների իրականացման նպատակով կատարվող հատկացումների գլխավոր կարգադրիչ է համարվում լիազոր մարմինը:

13. Տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշվից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջետային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:

(13-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

14. Սույն կարգի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան