Գլխավոր տեղեկություն
Համար
N 1071-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-12.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.17/48(851) Հոդ.1183
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 1071-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԽՈՐՔԱՅԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՔՆԱՇԱՏՐՎԱՆՈՂ) ՀՈՐԵՐԻՑ ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերը պետք է տեղադրվեն ու կնքվեն, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին տեղադրված ջրաչափիչ սարքերը սույն որոշման պահանջներին պետք է համապատասխանեցվեն ու կնքվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ համաձայն ջրօգտագործողի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 8
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 7-ի N 1071-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԽՈՐՔԱՅԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՆՔՆԱՇԱՏՐՎԱՆՈՂ) ՀՈՐԵՐԻՑ ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը:

2. Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորատանցքը միայն մեկ նպատակով շահագործելիս` ջրօգտագործողը (իրավաբանական կամ ֆիզիկական անձ) անմիջապես հորատանցքի փականից դուրս եկող խողովակով (այսուհետ` հիմնական խողովակ) արտամղվող ջրի ծավալը հաշվառում է ջրաչափիչ սարքի ցուցմունքով (այսուհետ` հիմնական ջրաչափ)՝

1) հիմնական ջրաչափը պետք է տեղադրված լինի փականից հետո՝ այնպես, որպեսզի հնարավոր լինի չափել հիմնական խողովակով արտամղվող ջրի ամբողջ ծավալը.

2) փականից հետո մինչև հիմնական ջրաչափն ընկած հատվածում պետք է բացառվի հիմնական խողովակին միացված որևէ խողովակի առկայությունը կամ հիմնական խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

3) հիմնական ջրաչափը պետք է տեղադրված լինի հիմնական խողովակի տեսանելի հատվածում և պետք է լինի հասանելի՝ դրա կնքման և հիմնական խողովակով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար:

3. Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորատանցքը միաժամանակ մեկից ավել նպատակներով շահագործելիս` ջրօգտագործողը սույն կարգի 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխան հիմնական ջրաչափը տեղադրելուց հետո հիմնական խողովակին միացած՝ արտամղված ջրի՝ յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակով (այսուհետ` առանձնացված խողովակ) արտամղվող ջրի ծավալը հաշվառում է ջրաչափիչ սարքի ցուցմունքով (այսուհետ` առանձնացված ջրաչափ)՝

1) առանձնացված ջրաչափը պետք է տեղադրված լինի հիմնական ջրաչափից հետո, հիմնական խողովակին միացված յուրաքանչյուր առանձնացված խողովակի վրա` պայմանով, որպեսզի հնարավոր լինի չափել առանձնացված խողովակով արտամղվող ջրի ամբողջ ծավալը.

2) հիմնական ջրաչափից մինչև խողովակների առանձնացման տեղը (հանգույցը) կամ մինչև առաջին առանձնացված խողովակն ընկած հատվածում, կամ առանձնացված խողովակների միջև ընկած հատվածներում պետք է բացառվի հիմնական կամ առանձնացված խողովակին միացված որևէ (առանց համապատասխան ջրաչափի) խողովակի առկայությունը կամ հիմնական, կամ առանձնացված խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

3) հիմնական խողովակի առանձնացման տեղից (հանգույցից) կամ յուրաքանչյուր առանձնացված խողովակի միացման տեղից մինչև առանձնացված ջրաչափն ընկած հատվածում պետք է բացառվի հիմնական կամ առանձնացված որևէ խողովակի միացված (առանց համապատասխան ջրաչափի) խողովակի առկայությունը, ինչպես նաև հիմնական կամ առանձնացված խողովակներին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

4) առանձնացված ջրաչափերը պետք է տեղադրված լինեն խողովակների տեսանելի հատվածներում և լինեն հասանելի՝ դրանց կնքման և առանձնացված խողովակներով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար։

4. Յուրաքանչյուր ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորատանցքի վրա ջրաչափիչ սարքը պետք է տեղադրվի խիստ անհատական` հաշվի առնելով հորատանցքի շահագործման նպատակայնությունը, տեխնոլոգիական փուլերի առանձնահատկությունները:

5. Ջրաչափիչ սարքի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորատանցքը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

6. Տեղադրված (տեղադրվող) ջրաչափիչ սարքերը պետք է ունենան օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ, որոնք պետք է վավերացված լինեն ստուգաչափման միջոցի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) պետք է դրված լինի ստուգաչափման մասին վկայական:

7. Տեղադրված (տեղադրվող) ջրաչափիչ սարքերը պետք է պարտադիր կնքված լինեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից (այսուհետ` բնապահպանական մարմին): Բնապահպանական մարմնի կողմից ջրաչափիչ սարքերի միջոցով ցուցմունքները փաստելու դեպքում (ջրաչափիչ սարքերի ցուցմունքի սխալանքը՝ մինչև 6 տոկոս) ջրաչափի սարքերը կապարակնքվում են սահմանված ձևի կապարակնիքներով: Կապարակնքելու իրավասությունը տրվում է բնապահպանական մարմնի ղեկավարի հրամանով, և պաշտոնատար անձին է հատկացվում անհատական կապարակնիք: Անհատական կապարակնիքը տրվում է բնապահպանական մարմնի ղեկավարի կողմից:

(7-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն) 

8. Կապարակնքումն իրականացվում է ջրաչափիչ սարք մուտք գործող և դուրս եկող խողովակների, ինչպես նաև ջրաչափիչ սարքի վրա երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կապարակնիքով կապարադրոշմելու միջոցով` այնպես, որպեսզի ջրաչափիչ սարքն ապամոնտաժելիս` կապարակնիքը խախտվի (պոկվի, վնասվի): Կապարակնքումն իրականացվում է ջրօգտագործողի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ: Ջրօգտագործողի կամ նրա ներկայացուցչի՝ կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում կազմվում է կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին արձանագրություն, և կապարակնքումն իրականացվում է առանց ջրօգտագործողի կամ նրա ներկայացուցչի ներկայության: Կապարակնքումն ավարտվելու պահին բնապահպանական մարմնի պաշտոնատար անձինք կազմում են կապարակնքման մասին ակտ, որտեղ նշվում են՝

1) կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքման իրավասություն ստանալու հրամանի համարը, ամսաթիվը, կապարակնքման օրը, ժամը, վայրը.

2) ջրօգտագործողի կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, բնակության վայրը, պաշտոնը.

3) կապարակնքվող ջրաչափիչ սարքի ստուգաչափման մասին վկայականի տվյալներով՝ չափման միջոցի անվանումը, գործարանային համարը, տեսակը, չափման տիրույթը, ճշտության դասը, կարգը (սխալանքը) և արտադրողը.

4) կապարակնքման պահին ջրաչափիչ սարքի հաշվարկի ցուցիչի տվյալները՝ համապատասխան չափման միավորներով, ինչպես նաև ջրաչափիչ սարք, հիմնական կամ առանձնացված ջրաչափ հանդիսանալու փաստը:

9. Կապարակնքման մասին ակտը կապարակնքումն ավարտելուց անմիջապես հետո ստորագրվում է բնապահպանական մարմնի պաշտոնատար անձանց և ջրօգտագործողի կամ նրա ներկայացուցչի կողմից: Կապարակնքման մասին ակտը կազմվում է երկու օրինակից. մեկ օրինակը տրվում է ջրօգտագործողին, մյուսը պահվում է բնապահպանական մարմնում: Ջրօգտագործողի կամ նրա ներկայացուցչի կողմից կապարակնքման մասին ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում՝ նշված կապարակնքման մասին ակտում դրա վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում, և կապարակնքման ակտի մեկ օրինակը ջրօգտագործողին է ուղարկվում պատվիրված նամակով՝ 10-օրյա ժամկետում: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից տրված ստուգաճշտման վկայականի հիման վրա բնապահպանական մարմնի կողմից ջրօգտագործողի տեղադրած չափման միջոցը կապարակնքվում է: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին ծանուցագիր տրված լինելու դեպքում ջրօգտագործողը կապարակնքման համար տեղադրում է սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանող չափման միջոց, որը կապարակնքվում է բնապահպանական մարմնի կողմից՝ սույն կարգին համապատասխան:

10. Սույն կարգի պահանջների խախտմամբ (այդ թվում` չկնքված չափման միջոցներով կամ կապարակնիքների խախտմամբ (կապարադրոշմի վնասելը, ջարդելը կամ պոկելը, մետաղալարի կտրվելը), չափման միջոցի համար սահմանված սխալանքից ավելի շեղում ունեցող հաշվառքի ցուցմունք կամ հաշվեկշիռ ունեցող չափման միջոցով) ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի արդյունահանումը համարվում է փաստացի ծավալների հաշվառման կարգի խախտում, ինչպես նաև առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

11. Կապարակնքված ջրաչափիչ սարքերի կապարադրոշմները կարող են պոկվել`

 1) սույն որոշմամբ սահմանված կարգով բնապահպանական մարմնի կողմից ջրաչափիչ սարքի տվյալների արձանագրման ժամանակ կապարակնիքի (կապարակնիքների) խախտման արձանագրման դեպքում՝ բնապահպանական մարմնի նախաձեռնությամբ.

2) ջրօգտագործողի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված վթարների կամ վերամիացումների, կամ վերանորոգումների ժամանակ.

3) ջրաչափիչ սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ ջրօգտագործողի մոտ կամ բնապահպանական մարմնում կասկած առաջանալու (այդ թվում` սույն կարգով ջրաչափիչ սարքի միջոցով արձանագրված տվյալների արդյունքում սահմանված կարգով բնապահպանական մարմնի կողմից իրականացվող չափագրումների ժամանակ հաշվիչի ցուցմունքից բխող` չափման միջոցի կասկածելի հաշվեկշռի) դեպքում բնապահպանական մարմնի նախաձեռնությամբ՝ օրենքով սահմանված կարգով ջրաչափիչ սարքն ստուգաճշտման ներկայացնելու նպատակով.

4) ջրօգտագործողի նախաձեռնությամբ՝ օրենքով սահմանված կարգով պետական չափագիտական հսկողության համար սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցում չափման միջոցն ստուգաչափման ներկայացնելու նպատակով.

5) ջրօգտագործողի կամքից անկախ՝ առանց որևէ մեկի միջամտության, արտակարգ իրավիճակների (երկրաշարժ, ջրհեղեղ, սողանքներ, պտտահողմեր և այլն), կապարակնիքի մետաղալարի կոռոզիայի և այլ դեպքերում:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում՝ սահմանված կարգով եռօրյա ժամկետում կազմվում են ապակապարակնքման մասին ակտեր երկու օրինակից. մեկ օրինակը տրվում է ջրօգտագործողին, մյուս օրինակը պահվում է բնապահպանական մարմնում: Ջրօգտագործողի բնականոն աշխատանքը չընդհատելու նպատակով բնապահպանական մարմնի կողմից մինչև ջրաչափիչ սարքի վերանորոգման աշխատանքների ավարտը, բայց ոչ ավելի, քան 30 օր, ջրօգտագործման ծավալը կորոշվի ջրերի հաշվառման այլընտրանքային մեթոդով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 499-Ն որոշման պահանջների:

 13. Սույն կարգին համապատասխան ջրաչափիչ սարքերի կապարակնքումից կամ ապակապարակնքումից հետո եռօրյա ժամկետում բնապահպանական մարմինը դրա մասին պետք է գրավոր ծանուցի հարկային մարմնին:

14 Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում ջրաչափիչ սարքը կապարակնքվում է բնապահպանական մարմնի կողմից՝ սույն կարգին համապատասխան:

15. Սույն կարգին համապատասխան ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից արդյունահանված ջրային ռեսուրսների ծավալները բնապահպանական մարմնի կողմից կարող են արձանագրվել յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով` տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, հաշվետու եռամսյակի կտրվածքով` տվյալ եռամսյակի վերջին աշխատանքային օրը, հաշվետու տարվա կտրվածքով` տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը, ինչպես նաև՝ ջրօգտագործողի կամ բնապահպանական մարմնի պահանջներով:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան