Գլխավոր տեղեկություն
Համար
N 499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.483
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

3 ապրիլի 2003 թվականի N 499-Ն 

 

ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 3-ի N 499-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը (այսուհետ՝ հաշվառում) հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:

2. Հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) և (կամ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) ներկայացուցչի կողմից` ջրօգտագործողի անմիջական մասնակցությամբ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

(2-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հանդիսանում են ջրօգտագործման փաստացի ծավալներ՝ ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:

(3-րդ կետը խմբ. 14.03.19 N 225-Ն)

4. Հաշվառման արդյունքներն ուժի մեջ են մինչև ջրօգտագործողի կողմից ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի տեղադրումը, որի մասին կազմվում է երկկողմանի ակտ` գործակալության և (կամ) տեսչական մարմնի և ջրօգտագործողի միջև:

(4-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն)

5. Սույն կարգի համաձայն՝ ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը հաշվարկվում է ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալի հիման վրա՝

ա) ջրահոսքի արագություն, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է`

ինքնահոս խողովակների համար՝ 1.5 մ/վրկ,

ճնշումային խողովակների համար՝ 2.0 մ/վրկ,

բաց հունով ջրանցքների համար՝ 1.2 մ/վրկ.

բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է՝ խողովակների համար՝ դրանց կտրվածքի մակերեսը, բաց հունով ջրանցքների համար՝ ջրահոսքի հունի միջինացված լայնակի կտրվածքի մակերեսը. 

գ) ջրօգտագործման տևողություն (օր, ամիս, տարի):

(5-րդ կետը խմբ. 14.03.19 N 225-Ն)

5.1. Ջրառի կետում կամ ջրամատակարարման համակարգում պոմպի տեղադրված լինելու և այդ սարքավորումները շրջանցող ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում` ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալով`

1) պոմպի հզորություն (մ3/վրկ, մ3/ժամ).

2) պոմպի շահագործման հաշվարկային ժամանակահատված (ժամ, օր, ամիս, տարի):

(5.1-ին կետը լրաց. 27.06.13 N 671-Ն, փոփ. 14.03.19 N 225-Ն)

5.2. Ջրամատակարարման համակարգում հիդրոտուրբինի առկայության դեպքում՝ հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի հոսքի մեծությունը հաշվարկել հետևյալ բանաձևով՝

 

Q=E/9,81x∆Hxtxηտգ,

 

որտեղ Q-ն ջրի հոսքն է (խմ/վ), E-ն՝ փաստացի արտադրված էլեկտրաէներգիան (կՎտ/ժամ), ∆H-ը հաշվարկային ճնշումն է (մ), t-ն գեներատորի աշխատած ժամանակահատվածը (ժամ), ηտ՝ տուրբինի օգտակար գործողության գործակիցը, ηգ՝ գեներատորի օգտակար գործողության գործակիցը, իսկ 9.81-ը՝ ազատ անկման արագացումը (g=9,8մ/վրկ2):

(5.2-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն)

6. Ջրօգտագործողի և գործակալության միջև ծագած տարաձայնությունները, կապված ջրերի այլընտրանքային հաշվառման կարգի կիրարկման հետ, քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 27.06.13 N 671-Ն, լրաց., խմբ., փոփ. 14.03.19 N 225-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան