Գլխավոր տեղեկություն
Համար
N 572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.29/34(1487) Հոդ.413
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 572-Ն

 

 ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հողագրունտի հանույթի կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 21
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 10-ի N 572-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ

 

I. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) հողագրունտ՝ երկրի մակերևույթը ծածկող հողի շերտ, որը չի ներառում օգտակար հանածոներ և հողի բերրի շերտ.

2) հողագրունտի հանույթի տեղամաս՝ որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող տեղամաս, որում պետք է իրականացվեն հողագրունտի հանույթի աշխատանքներ.

3) կառուցապատման օբյեկտ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող կամ վերակառուցվող տրանսպորտային, էներգետիկ, ջրային, կապի կամ ինժեներական այլ ենթակառուցվածքներ, բնակելի, հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտներ.

4) պետական կառավարման մարմին` կառուցապատման օբյեկտի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին.

5) դիմումատու՝ կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպություն.

6) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված հողագրունտի հանույթի և տեղամասերի ուսումնասիրությունների, շինարարական հրապարակների, մոտեցման ճանապարհների կառուցման արդյունքում խախտված հողերի վերականգնման (անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ.

7) հողագրունտի հանույթի իրավունք` հողագրունտի հանույթի թույլտվությամբ հավաստվող` հողագրունտի հանույթի տեղամասից հողագրունտի հանույթի իրավունք.

8) իջվածք՝ երկրի մակերևույթի պարփակված կամ համարյա պարփակված ցածրադիր վայրեր.

9) լեռնային փորվածք՝ լեռնային աշխատանքների կատարման հետևանքով երկրի մակերևույթի վրա արհեստական ճանապարհով առաջացած խոռոչ.

10) հարթավայր՝ երկրի հարթ՝ առանց լեռների ու բարձր բլուրների մակերես, դաշտավայր:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցապատման օբյեկտների կառուցման ընթացքում լիցքի իրականացման նպատակով անհրաժեշտ հողագրունտի հանույթի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

3. Հողագրունտի հանույթի տեղամաս կարող են հանդիսանալ պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող՝ միայն գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերի կամ այլ հողատեսքերի գործառնական նշանակության հողամասերը՝ առանց նպատակային և գործառնական նշանակության փոփոխության:

4. Հողագրունտը հողամասի սեփականատիրոջ սեփականությունն է և, որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, կարող է օտարվել տվյալ հողամասի նկատմամբ հողագրունտի հանույթի իրավունք ունեցող անձին՝ կառուցապատման օբյեկտի կառուցման նպատակով օգտագործելու համար: Հողագրունտի վաճառքի հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով: Հողագրունտի մեկ խոր. մետրի արժեքը որոշվում է հողամասի սեփականատիրոջ (համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասի դեպքում՝ համայնքի ավագանու) և հողագրունտի հանույթի իրավունք ունեցող անձի փոխադարձ համաձայնությամբ: Եթե հողագրունտի հանույթի տեղամասը պետական սեփականություն է, ապա հանված հողագրունտի արժեքը հողագրունտի հանույթ իրականացրած անձի կողմից վճարվում է համայնքի բյուջե:

5. Իջվածքները, լեռնային փորվածքները և հարթավայրերը չեն կարող դիտարկվել հողագրունտի հանույթի տեղամասեր, եթե ռեկուլտիվացիոն աշխատանքների ծրագրում նախատեսված չէ կառուցապատման օբյեկտի շինարարության ընթացքում առաջացած ոչ պիտանի գրունտների կուտակմամբ տվյալ տեղանքի նախնական տեսքի վերականգնումը:

6. Հողագրունտի հանույթը պետք է բացառի պայթեցման աշխատանքները:

7. Հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձն իրավունք չունի իրականացնելու հողագրունտի հանույթի աշխատանքներ՝ առանց տվյալ տարածքի սեփականատիրոջ հետ կնքված հողատարածքի վարձակալության (օգտագործման) մասին պայմանագրի:

8. Հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի սեփականատիրոջ հետ կնքված հողատարածքի վարձակալության (օգտագործման) մասին պայմանագրով կարգավորվում են նաև ռեկուլտիվացման աշխատանքների, հողագրունտի հանույթի հետևանքով առաջացած վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Հողագրունտի հանույթի ընթացքում հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձի պարտավորությունների, այդ թվում՝ ռեկուլտիվացման աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հողամասի սեփականատիրոջ և հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձի միջև կնքվող հողամասի վարձակալության (օգտագործման) մասին պայմանագրում սահմանվում է տուգանք: Ռեկուլտիվացման աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար նախատեսված տուգանքի չափը չպետք է պակաս լինի բնապահպանական կառավարման պլանով ռեկուլտիվացման աշխատանքների կատարման համար նախատեսված արժեքից:

9. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հողագրունտի հանույթի իրավունք ունեցող անձին տրամադրվում են վարձակալությամբ, առանց մրցույթի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով: Հողատարածքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

10. Պետական կառավարման մարմինը վարում է հողագրունտի հանույթի իրավունքի հաշվառման մատյան, որտեղ նշվում են հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձի անվանումը (անունը, ազգանունը), կառուցապատվող օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի տվյալները, հողագրունտի հանույթի իրավունքի ժամկետը, այդ թվում՝ երկարաձգման ժամկետը, ինչպես նաև իրավունքի դադարման ժամկետը և հանույթի տեղամասից հանված հողագրունտի ծավալը:

11. Եթե հողագրունտի հանույթի տեղամասը դիմումատուի սեփականությունն է, ապա տվյալ տեղամասի նկատմամբ կիրառելի չեն սույն կարգով նախատեսված վարձակալության (օգտագործման) և հողագրունտի վաճառքի հետ կապված դրույթները:

12. Սույն կարգով նախատեսված հողագրունտի վաճառքի հետ կապված դրույթները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասերի վրա՝ պայմանով, որ տվյալ հողամասից հանված հողագրունտն օգտագործվելու է պետական սեփականություն հանդիսացող կամ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում կառուցվող կառուցապատման օբյեկտի շինարարության համար:

 

III. ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հողագրունտի հանույթի տեղամասերի ընտրության նպատակով, նախքան հողագրունտի հանույթի թույլտվություն ստանալը, դիմումատուն կամ կառուցապատման օբյեկտի նախագծման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը հողամասերի սեփականատերերի հետ կնքած գրավոր համաձայնությամբ ուսումնասիրում է տվյալ տեղամասերը: Հողամասի սեփականատիրոջ հետ համաձայնեցվում է նաև ուսումնասիրման եղանակը: Հողագրունտի տեղամասերն ուսումնասիրած կազմակերպությունը պարտավոր է վերականգնել տեղամասերի ուսումնասիրությունների արդյունքում խախտված հողամասերը:

14. Հողագրունտի հանույթի թույլտվություն ստանալու համար դիմումատուն դիմում է ներկայացնում պետական կառավարման մարմին՝ նշելով դիմումատուի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը, կառուցապատվող օբյեկտի անվանումը և հողագրունտի հանույթի իրավունքի համար հայցվող ժամկետը:

15. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը`

1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը, գրանցման համարը.

2) կառուցապատվող օբյեկտի այն տեղամասի եզրակետերի կոորդինատները, որտեղ նախատեսվում է օգտագործել հանվող հողագրունտը՝ որպես լիցքի նյութ.

3) կառուցապատման օբյեկտը կառուցապատողի (պատվիրատուի) տեղեկանքը կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներում դիմումատուի ներգրավվածության հիմքերի և ժամկետների մասին.

4) համապատասխան համայնքի ավագանու համաձայնությունը՝ համայնքի վարչական տարածքում հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու համար.

5) հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի սեփականատիրոջ՝ նոտարական կարգով վավերացված նախնական պայմանագիրը հողագրունտի հանույթի տեղամասը դիմումատուին վարձակալությամբ (օգտագործման) տրամադրելու մասին.

6) հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող կամ տեղամասը ներառող հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի տեղագրական հատակագիծը՝ եզրակետերի կոորդինատներով, էլեկտրոնային և թղթային տարբերակներով, էլեկտրոնային տարբերակը կազմվում է եռաչափ մոդելավորմամբ և Հայաստանի Հանրապետությունում գործող WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում.

7) կառուցապատման օբյեկտի տվյալ տեղամասի համար անհրաժեշտ լիցքի նյութի ծավալը և հանույթի տեղամասից հանվող հողագրունտի մոտավոր ծավալը.

8) բնապահպանական կառավարման պլանը՝ հողագրունտի հանույթի հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումները, մշտադիտարկման պլանը՝ ներառյալ ռեկուլտիվացման աշխատանքների նկարագրությունը և արժեքը.

9) անվտանգության միջոցառումների ցանկը.

10) հողագրունտի հանույթի ընթացքում առաջացած ոչ պիտանի նյութի և հողի բերրի շերտի ժամանակավոր կուտակման տեղամասերը.

11) հողագրունտի հանույթի տեղամասում հանվող հողագրունտի համապատասխանության վերաբերյալ կառուցապատման օբյեկտի շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության եզրակացությունը՝ կազմված դաշտային և լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում:

16. Պետական կառավարման մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (եթե հողագրունտի հանույթի տեղամասը գտնվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող հատվածների, պաշտպանական գոտու սահմաններում) ու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարան (եթե հողագրունտի հանույթի տեղամասը գտնվում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտու սահմաններում) (այսուհետ՝ շահագրգիռ մարմիններ)՝ սույն կարգի 17-րդ կետում նշված եզրակացությունները, տեղեկանքները՝ համաձայնությունը տրամադրելու հայցմամբ: Եթե պետական կառավարման մարմինը և շահագրգիռ մարմինը համընկնում են, ապա համապատասխան եզրակացությունը, տեղեկանքը, համաձայնությունը (կամ դրա տրամադրման մերժումը) տրամադրվում են դիմումատուի դիմումի շրջանակներում:

(16-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն ուսումնասիրում է բնապահպանական կառավարման պլանը և տրամադրում դրական կամ բացասական եզրակացություն, ինչպես նաև տրամադրում է տեղեկանք հողագրունտի հանույթի տեղամասում բնության հատուկ պահպանվող տարածքների, բնության հուշարձանների, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերի կամ կենդանիների բնակատեղիների, ինչպես նաև տվյալ տարածքով անցնող կենդանիների միգրացիոն ուղիների բացակայության կամ առկայության մասին.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ուսումնասիրում է անվտանգության միջոցառումների ցանկը և տալիս դրական կամ բացասական եզրակացություն, ինչպես նաև տալիս է տեղեկանք հողագրունտի հանույթի տեղամասում արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի գործոնների բացակայության կամ առկայության մասին.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տալիս է տեղեկանք հողագրունտի հանույթի տեղամասում հաշվառված հանքավայրերի ու հանքերևակումների և էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների բացակայության կամ առկայության մասին.

4) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը տալիս է տեղեկանք հողագրունտի հանման տեղամասում պատմամշակութային հուշարձանների բացակայության կամ առկայության մասին.

5) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, եթե հողագրունտի հանույթի տեղամասը գտնվում է միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող հատվածների, պաշտպանական գոտու սահմաններում, և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանը, եթե հողագրունտի հանույթի տեղամասը գտնվում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտու սահմաններում, տալիս են համաձայնություն կամ մերժում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների սահմաններում գտնվող հողագրունտի հանույթի տեղամասում հողագրունտի հանույթի աշխատանքների իրականացումը: Համաձայնության տրամադրման մերժման դեպքում հստակ նշվում են մերժման հիմքերը:

(17-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

18. Եթե շահագրգիռ մարմինը փաստաթղթերն ուսումնասիրելիս գտնում է, որ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին, ապա, նշելով համապատասխան թերությունները, դրանք ներկայացնում է պետական կառավարման մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է դիմումատուին՝ առաջարկելով 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և ներկայացնել պետական կառավարման մարմին:

19. Դիմումատուն սույն կարգի 18-րդ կետում նշված ժամկետում վերացնում է թերությունները և անհրաժեշտ փաստաթղթերը դիմումով ներկայացնում է պետական կառավարման մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է համապատասխան շահագրգիռ մարմիններ: Լրացուցիչ ժամկետի անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմինը, դիմումատուի հայցմամբ, երկարաձգում է թերությունների վերացման ժամկետը, սակայն ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով:

20. Սույն կարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալուց հետո պետական կառավարման մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է բոլոր շահագրգիռ մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերը և դրական եզրակացությունների, համաձայնությունների ու բնապահպանական, տեխնիկական, ընդերքօգտագործման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության բնագավառում խոչընդոտների բացակայությունը հավաստող տեղեկանքների առկայության դեպքում տրամադրում է հողագրունտի հանույթի իրավունք, որը շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված փաստաթղթերի հետ միասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին: Նույն ժամկետում հողագրունտի հանույթի իրավունքի տրամադրման մասին տեղեկատվությունը պետական կառավարման մարմնի կողմից տրամադրվում է նաև համապատասխան համայնքի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին, շահագրգիռ մարմիններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված ժամկետում հողագրունտի հանույթի թույլտվության տրամադրման մասին դիմումը մերժվում է՝

1) եթե սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերում սահմանված ժամկետներում դիմումատուն չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը.

2) սույն կարգի 16-րդ կետում նշված որևէ շահագրգիռ մարմնի բացասական եզրակացության, համաձայնության տրամադրման մերժման կամ բնապահպանական, տեխնիկական, ընդերքօգտագործման, պատմության կամ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության բնագավառում խոչընդոտների գոյությունը հավաստող տեղեկանքների առկայության դեպքում:

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված որևէ հիմքի առկայության դեպքում պետական կառավարման մարմինն ընդունում է դիմումի մերժման մասին որոշում, որը շահագրգիռ մարմինների եզրակացությունների, տեղեկանքների, համաձայնությունների տրամադրման մերժման հետ միասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին՝ հստակ նշելով մերժման հիմքերը: Սույն կետում նշված ժամկետում հողագրունտի հանույթի իրավունքի տրամադրման մերժման մասին տեղեկատվությունը տրամադրվում է նաև շահագրգիռ մարմիններին:

23. Հողագրունտի հանույթի իրավունքը տրամադրվում է որոշակի ժամկետով, որը կարող է լինել ոչ ավելի, քան կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման կապալի պայմանագրի ժամկետի ավարտման օրվանից մեկ ամիս առաջ ընկած ժամանակահատվածը:

24. Հողագրունտի հանույթի իրավունքի ժամկետը, հողագրունտի հանույթի իրավունք ունեցող անձի հայցմամբ, կարող է երկարաձգվել, սակայն ոչ ավելի, քան վերջինիս հետ կնքված կապալի պայմանագրի ժամկետի ավարտման օրվանից մեկ ամիս առաջ ընկած ժամանակահատվածը: Հողագրունտի հանույթի իրավունք ունեցող անձը հողագրունտի հանույթի իրավունքի ժամկետի երկարաձգման պահանջ կարող է ներկայացնել հողագրունտի հանույթի իրավունքի ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Դիմումին կից ներկայացվում է համայնքի ավագանու համաձայնությունը հայցվող ժամկետում համայնքի տարածքում հողագրունտի հանույթ իրականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան համայնքի ավագանու և հողամասի սեփականատիրոջ համաձայնությունը հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի օգտագործման (վարձակալության) մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Պետական կառավարման մարմինը հողագրունտի հանույթի իրավունքի ժամկետը երկարաձգելու մասին դիմումը՝ կից փաստաթղթերով ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է հողագրունտի հանույթի իրավունքի ժամկետը երկարաձգելու թույլտվություն, ինչի մասին ծանուցում է համապատասխան համայնքի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին, հողագրունտի հանույթի իրավունք ունեցող անձին, շահագրգիռ մարմիններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

25. Հողագրունտի հանույթի իրավունքի գործողության ընթացքում հողագրունտի հանույթի իրավունքը փոխանցելի է միայն միևնույն կառուցապատման օբյեկտի շինարարությունն իրականացնող՝ հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձի փոփոխության դեպքում: Համապատասխան փոփոխություն կատարվելուց (նոր կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կապալառու կազմակերպությունը պետական կառավարման մարմնին տեղեկացնում է փոփոխության մասին՝ ներկայացնելով կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, պատվիրատուի տեղեկանքը կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներում կազմակերպության ներգրավվածության հիմքերի և ժամկետների մասին, ինչպես նաև հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի սեփականատիրոջ հետ ստորագրված՝ նոտարական կարգով վավերացված նախնական պայմանագիրը՝ հողագրունտի հանույթի տեղամասը կազմակերպության օգտագործմանը (վարձակալության) տրամադրելու մասին: Նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից հողագրունտի հանույթի իրավունքը համարվում է փոխանցված կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող նոր կազմակերպությանը: Պետական կառավարման մարմինը, տվյալ տեղեկություններն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, հողագրունտի հանույթի իրավունքն այլ անձի փոխանցելու մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին, համայնքի ղեկավարին, շահագրգիռ մարմիններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

26. Հողագրունտի հանույթի իրավունքի ժամկետը ներառում է նաև հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ժամկետը:

27. Հողագրունտի հանույթի իրավունքը կարող է վաղաժամկետ դադարեցվել՝

1) դիմումատուի պահանջով.

2) պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ, եթե դիմումատուի կողմից ավելի քան երկու անգամ խախտվել կամ չեն իրականացվել իրավունքի տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պահանջները.

3) եթե հողագրունտի հանույթի տեղամասում հայտնաբերվում է օգտակար հանածո կամ պատմամշակութային հուշարձան:

28. Պետական կառավարման մարմինն ընդունում է հողագրունտի հանույթի իրավունքը վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին, համայնքի ղեկավարին, շահագրգիռ մարմիններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

29. Հողագրունտի հանույթի իրավունքի վաղաժամկետ դադարեցման մասին որոշումն ստանալու օրվանից 20-օրյա ժամկետում դիմումատուն պարտավոր է իրականացնել հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի ռեկուլտիվացման աշխատանքներ:

 

IV. ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձն իրավունք ունի`

1) հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի սահմաններում իրականացնելու հողագրունտի հանույթի աշխատանքներ.

2) հողագրունտի հանույթի աշխատանքների իրականացման նպատակով հիմնելու շինարարական հրապարակ, կառուցելու մոտեցման ճանապարհներ՝ ապահովելով տվյալ հողամասի սեփականատերերի համաձայնությունը.

3) վաղաժամկետ հրաժարվելու հողագրունտի հանույթի իրավունքից` կատարելով ռեկուլտիվացման աշխատանքներ:

31. Հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձը պարտավոր է`

1) ապահովել հողագրունտի հանույթի իրավունքի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթերի պահանջները.

2) պահպանել հողագրունտի հանույթի և տեղափոխման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.

3) հանված հողագրունտն օգտագործել այն կառուցապատման օբյեկտի շինարարության համար, որի կառուցման կամ վերակառուցման նպատակով ստացել է հողագրունտի հանույթի իրավունք.

4) ապահովել շրջակա միջավայրի, ինչպես նաև երրորդ անձանց շինությունների և այլ կառույցների պահպանությունը հողագրունտի հանույթի հետ կապված աշխատանքների հնարավոր վնասակար ազդեցությունից.

5) աշխատանքների կատարման ժամանակ պատմության և մշակույթի հուշարձաններ հայտնաբերելիս՝ կասեցնել այդ աշխատանքները և 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել պետական կառավարման մարմնին ու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին.

6) վերականգնել հողագրունտի հանույթի հետևանքով խախտված հողամասերը.

7) պահպանել թափոնների և կենցաղային աղբի հավաքման, փոխադրման, պահման, մշակման, հեռացման, վնասազերծման, տեղադրման և թաղման համար սահմանված նորմերը.

8) հողագրունտի հանույթի ընթացքում օգտակար հանածոներ հայտնաբերելիս՝ դադարեցնել հողագրունտի հանույթի աշխատանքները և 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել պետական կառավարման մարմնին և ընդերքօգտագործման ոլորտի կառավարման լիազոր մարմնին.

9) հողագրունտի հանույթի աշխատանքների ավարտից հետո, ինչպես նաև հողագրունտի հանույթի իրավունքի վաղաժամկետ դադարեցման մասին որոշումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում, նախքան ռեկուլտիվացման աշխատանքներն սկսելը, պետական կառավարման մարմին ներկայացնել հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի տեղագրական հատակագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով. էլեկտրոնային տարբերակը կազմվում է եռաչափ մոդելավորմամբ և Հայաստանի Հանրապետությունում գործող WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում: Պետական կառավարման մարմինը հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող հողամասի տեղագրական հատակագիծն էլեկտրոնային և թղթային տարբերակներով ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին, շահագրգիռ մարմիններ, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

 

V. ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

32. Հողագրունտի հանույթի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

33. Հողագրունտի հանույթի ընթացքում աշխատանքների անվտանգության պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 572-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան