ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1416-Լ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-274-10.09.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-274-10.09.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) փոխվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի որոշման կարգը, որով անուղղակիորեն կարգավորում է նաև այդ աշխատողների հիմնական աշխատավարձի չափը:
Նախագծով առաջարկվում է վերոհիշյալ աշխատողների աշխատավարձի ֆոնդը որոշել` հիմք ընդունելով պետական հատվածում 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշը` հաշվի առնելով նաև գնաճի ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձերի չափերը սահմանված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) ներդրված վարձատրության միասնական համակարգի շրջանակում: Դրան համապատասխան քաղաքացիական աշխատանք կատարողների հիմնական աշխատավարձի գործակիցները, ըստ նրանց կողմից կատարվող աշխատանքի բարդության, համապատասխանեցվել են նույն բարդության աշխատանք կատարող քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի գործակիցներին: Նույն տրամաբանությամբ սահմանվել են նաև տեխնիկական սպասարկում իրականացնողների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները:
Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական աշխատավարձի չափերն էապես չեն կարող տարբերվել պետական իշխանության այլ մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձերի չափերից (հնարավոր են որոշակի բացառություններ)՝ աշխատավարձի գործող ֆոնդի պայմաններում, ինչն արդարացի է:
Նախագծով առաջարկվում է աշխատավարձի վերանայման այլ գործիքակազմ սահմանել Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար և բարձրացնել միայն վերը նշված գերատեսչություններում համապատասխան աշխատողների աշխատավարձը: Նախագծից պարզ չէ, թե ինչով է հիմնավորվում միայն նշված խմբի աշխատողների աշխատավարձի բարձրացումը, որը բովանդակային առումով հատվածական լուծում է և չի բխում պետական իշխանության մարմիններում ներդրված աշխատավարձի միասնական համակարգի սկզբունքներից: Այն նաև չի արտահայտում աշխատավարձի վերանայման ընդունված մոտեցումները (որպես կանոն աշխատավարձի վերանայումների համար հիմք է ընդունվում նվազագույն աշխատավարձի փոփոխությունը):
Բացի դրանից, նախագծի հիմնավորման մեջ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի որոշման համար հիմք ընդունվող մեծությունը՝ 132280 (66140*2) համեմատվում է 2013 թվականի Հայաստանի Հանրապետության տնտեսության միջին աշխատավարձի հետ, և այդ մեծությունը (132280) համեմատության մեջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության 2018 թվականի միջին աշխատավարձի ցուցանիշի հետ, որի հիման վրա հաշվարկվում է այդ խմբի աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշ (բարձրացման միտումով): Մինչդեռ Օրենքի հիմքում նման տրամաբանություն դրված չէ, որով պայմանավորված հիմնավորված չէ նաև առաջարկվող չափով աշխատավարձի ֆոնդի և դրան համապատասխան աշխատողների աշխատավարձի բարձրացումը (եթե 2020 թվականի համար հիմք ընդունվի 2018 թվականի համար հաշվարկված համանուն ցուցանիշը (171454 դրամ), ապա առանց գնաճի ցուցանիշի հաշվարկի աշխատավարձի ֆոնդը, մեր մոտավոր գնահատմամբ, կաճի շուրջ 30 տոկոսով):
Ավելին, պետական իշխանության մարմիններում ներդրված վարձատրության միասնական համակարգի սկզբունքներին համապատասխան պետական պաշտոններ, պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղաքացիական աշխատանք կատարող, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման գործակիցների միջև սահմանված հարաբերակցությունը պահպանելու նպատակով՝ պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի որոշման համար ևս որպես կողմնորոշիչ հիմք է ընդունվում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձի և համապատասխան պաշտոնի համար սահմանված գործակցի արտադրյալով):
Հարկ է նկատել նաև, որ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներով բազային աշխատավարձի չափն ուղղակիորեն կապվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար սահմանված նվազագույն աշխատավարձի հետ՝ նպատակ ունենալով ապահովել պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի չափի և աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերի միջև կապը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության փոփոխությամբ պայմանավորված աշխատավարձերի վերանայման գործընթացը:
Այսինքն, վարձատրության գործող համակարգն ապահովում է աշխատավարձերի վերանայման ճկուն գործիքակազմ՝ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական պայմանները:
Վերը նկարագրված խնդիրներից բացի, ներկայացված առաջարկության ընդունման դեպքում կստեղծվի մի իրավիճակ, որի պարագայում քաղաքացիական կամ պետական այլ ծառայողների հիմնական աշխատավարձը ավելի ցածր կլինի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմի, վարչապետի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնողների հիմնական աշխատավարձից:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական իշխանության մարմիններում աշխատավարձերի բարձրացումը դիտարկում է վարձատրության միասնական համակարգի շրջանակում, որի ուղղությամբ ներկայում իրականացվում են աշխատանքներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրային կառավարման բարեփոխումների 4 ոլորտներով իրականացվող աշխատանքների շրջանակներում կքննարկի նաև Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձերի բարձրացման հարցը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Այդուհանդերձ հայտնում ենք, որ՝
1) նախագծի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «Ազգային վիճակագրական կոմիտե» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Վիճակագրական կոմիտե» բառերով.
2) նախագծի համար հիմք հանդիսացող ցուցանիշների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը հրապարակված է Արմստատի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թ. հունվարին» ամսական տեղեկատվական զեկույցում՝ հttps://www.armstat.am/file/article/sv_01_19a_142_.pdf, 70-րդ էջ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|