Գլխավոր տեղեկություն
Համար
N 1408-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1408-Լ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-275-10.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

     

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-275-10.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

     

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է գործող օրենքի (այսուհետ՝ օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասից հանել «15 000 և ավելի բնակչություն ունեցող» բառերը, ինչի արդյունքում, անկախ համայնքի բնակչության թվից, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է առաջանում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարների համար։ Միաժամանակ, նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման ինստիտուտը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ միջոց: Այն նախ և առաջ արտացոլված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, որում, մասնավորապես, սահմանվել է, որ մինչև 2021 թվականն ընդլայնվելու է հայտարարատուների շրջանակը՝ հայտարարատուների ցանկում, ի թիվս մի շարք այլ պաշտոնյաների, ներառելով նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին և աշխատակազմերի քարտուղարներին, հանրային նշանակության կազմակերպություններում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց: Հակակոռուպցիոն ռազմավարությամբ աստիճանաբար անցում է կատարվելու համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը:

Բացի դրանից՝ նշված հանձնառությունն ամրագրվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» N 1307-Լ որոշմամբ՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի կատարելագործում» հանձնառության շրջանակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավորվել է մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, ի դեմս «.....15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմերի քարտուղարների»:

Հարկ է նկատել, որ հայտարարատու անձ շրջանակի ընդլայնումն առաջացնում է լրացուցիչ հայտարարագրերի ընդունման ու վերլուծության ծանրաբեռնվածություն, որը պահանջում է աշխատակազմի լրացուցիչ ռեսուրսներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարագրման ինստիտուտի կատարելագործման և հայտարարատու անձանց շրջանակի ընդլայնման խնդիրների լուծումը կիրականացնի փուլ առ փուլ՝ ապահովելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր լիազորությունների անխոչընդոտ իրկականացումը:

Ելնելով շարադրվածից՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը ներկա փուլում թողնել անփոփոխ՝ մինչև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ավելի համապարփակ փոփոխությունների կատարումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը.

2) ներկայացված նախագծով փոփոխության ենթարկվող 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթն ուժի մեջ են մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից:

Ուստի, 2011 թվականի մայիսի 26-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-172-Ն օրենքում փոփոխություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է: Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում, փոփոխությունը պետք է նախատեսվեր 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում: