ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն` հանրաքվեով և ներկայացուցչական մարմինների միջոցով:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը իրականացնում է օրենսդիր իշխանությունը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին օրենքով սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնական անձը Հայաստանի Հանրապետության նախագահն է, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների համակարգը, իրավասությունների շրջանակը և փոխհարաբերության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների կազմավորման կարգը, իրավասությունները, գործունեության սկզբունքները և փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունը նրա ժողովրդի սեփականությունն է:
Հայաստանի Հանրապետության սեփականությունն են հանդիսանում նրա տարածքի վրա գտնվող նախկին միութենական և միութենական-հանրապետական ենթակայության գերատեսչությունների բոլոր օբյեկտները:
Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտայի ֆոնդերի մասնաբաժնի իրավունք, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքում են դրանք գտնվում:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում օրենքով ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը և սեփականության բոլոր ձևերի իրավահավասարությունը:
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ազատ ձեռներեցությունը և պայմաններ է ստեղծում նրա զարգացման համար:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և հոգատարության ներքո:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մեջ մտնելու և քաղաքացիությունը կորցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կազմակերպությունները իրավահավասար են և հավասար իրավունքներով են մասնակցում պետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը պետության և ժողովրդի հիմնական խնդիրներից մեկն է և դրա իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է զինված ուժեր, ազգային անվտանգության մարմիններ և հայտարարում է ընդհանուր զինապարտություն:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտքն է:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ ղեկավարվում է միջազգային իրավական ակտերով և այլ պետությունների հետ իր փոխհարաբերությունները կարգավորում է միջպետական համաձայնագրերի հիման վրա:
Հոդված 14. Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնուրույն ֆինանսավարկային քաղաքականություն և այդ կապակցությամբ կազմակերպում է անկախ պետական բանկային և վարկային մարմիններ, հիմնում ազգային դրամ:
Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության, մշակույթի և լրատվության ինքնուրույն համակարգ:
Հոդված 16. Մինչև Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը գործող սահմանադրությունն ու օրենքները գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին և «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի հիման վրա ընդունված օրենսդրական ակտերին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
25 սեպտեմբերի 1991 թվականի, Հ.Ն.-0405-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|