Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1486
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.06/77(1530) Հոդ.968
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 հոկտեմբերի 2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ և 18-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի՝ «Դատական վարույթի հրապարակայնությունը» վերտառությամբ 8-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:

2. Վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը վարչական դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:

3. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ:

4. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում:

5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, վարչական դատավարության մասնակիցները, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:

6. Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:

7. Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ»:

Օրենսգրքի ընդունումից հետո 8-րդ հոդվածի վերնագիրը խմբագրվել է 23.03.18 ՀՕ-212-Ն ՀՀ օրենքով, իսկ հոդվածը խմբագրվել է 16.01.18 ՀՕ-70-Ն, 23.03.18 ՀՕ-212-Ն ՀՀ օրենքներով:

Օրենսգրքի՝ «Կողմերի իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 18-րդ հոդվածը սահմանում է.

«1. Կողմերն իրավունք ունեն`

1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.

3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.

5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.

6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ.

7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.

8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։

2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։

3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները»:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթները փոփոխության կամ լրացման չեն ենթարկվել:

Գործի քննության առիթը ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 27-ի ՎԴ/9170/05/17 գործով «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգիրքը և օրենսդրական այլ ակտերի վերաբերելի նորմերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Սահմանադրության 50-րդ հոդվածով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 39-րդ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ և 33-րդ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում դիմողը նշում է, որ «…. վարչական վարույթի ընթացքում օրենսդրորեն ապահովված է առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվության պահպանման մեխանիզմ, ինչն ամրագրված է հետևյալով.

1. վարչական վարույթի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում ծանոթանալ այնպիսի նյութերին, որոնք հանդիսանում են գաղտնիք պարունակող տեղեկատվություն (այդ թվում՝ առևտրային գաղտնիք պարունակող), և

2. վարչական մարմնի վրա է դրվում պարտականություն չտրամադրել այնպիսի տեղեկատվություն, որը հանդիսանում է գաղտնիք պարունակող տեղեկատվություն (այդ թվում՝ առևտրային գաղտնիք պարունակող)»:

Մյուս կողմից, ուսումնասիրության առարկա դարձնելով վարչական դատավարության ընթացակարգը սահմանող օրենսդրական կարգավորումները, դիմողն արձանագրում է, որ Օրենսգիրքը «…. չի նախատեսում արգելք առ այն, որ վարչական գործով գաղտնիք պարունակող նյութերը ենթակա չլինեն դատավարության մասնակցին տրամադրման, չնայած այն հանգամանքին, որ նման լիազորությամբ և պարտավորությամբ օժտված են վարչական մարմինները՝ վարչական վարույթի իրականացման ընթացքում»:

Հղում կատարելով Օրենսգրքի 2-րդ հոդվածին՝ դիմողը նշում է, որ վարչական դատավարության ընթացքում դատարանը ղեկավարվում է բացառապես Վարչական դատավարության օրենսգրքով, իսկ դրանով նախատեսված դեպքերում՝ նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներով: Այսինքն՝ այլ օրենքի կիրառման հնարավորություն Վարչական դատավարության օրենսգրքով դատարանին տրված չէ:

Արդյունքում, դիմողի կարծիքով ստեղծվում է մի իրավիճակ, երբ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է, օրինակ, դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին մրցակցի նկատմամբ վարույթ հարուցելու դիմումով, վարույթի շրջանակներում կարող են հավաքագրվել մրցակցի առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք վարույթի շրջանակներում հասու չեն լինի դիմումատուին, սակայն վարչական ակտի դատական կարգով վիճարկման դեպքում դիմումատուն, որպես հայցվոր կամ երրորդ անձ, կարող է հնարավորություն ստանալ ծանոթանալու վարչական վարույթի ողջ նյութերին:

Դիմողը գտնում է, որ «…. նման մեխանիզմը կարող է գործածվել որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի (Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ) 4-րդ մասի «ա» կետով արգելված արդյունաբերական լրտեսության յուրօրինակ օրինականացված մեխանիզմ, և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները կարող են օգտագործվել արդար տնտեսական մրցակցության խաթարման համար»:

Վիճարկվող դրույթները դիտարկելով Սահմանադրության 51-րդ (Տեղեկություններ ստանալու իրավունքը), 60-րդ (Սեփականության իրավունքը), 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը), 63-րդ (Արդար դատաքննության իրավունքը), 74-րդ (Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ) և 75-րդ (Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը) հոդվածների համատեքստում, դիմողը գտնում է, որ դրանք հանգեցնում են անձի հիմնական իրավունքների խախտման:

Վերոշարադրյալից ելնելով՝ դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 8-րդ և 18-րդ հոդվածների դրույթներն այնքանով, որքանով այդ նորմերով նախատեսված չէ դատավարության այլ մասնակիցների վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիքներին վարչական դատավարության սահմաններում տեղեկանալու արգելք, հակասում են Սահմանադրության 51-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 74-րդ և 75-րդ հոդվածների համատեքստում Սահմանադրության 11-րդ, 33-րդ 34-րդ հոդվածներին և 59-րդ հոդվածի 3-րդ մասին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը փաստում է, որ «…. տեղեկատվության ազատության կարգավորման առարկա հարաբերությունները հանդիսանում են վարչաիրավական, ուստի սույն սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակներին վերաբերող տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները սահմանադրաիրավական ազատության արդյունավետ ապահովման տեսանկյունից հարկ է շրջագծել առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության բովանդակային հնարավորինս հստակ սահմանագծերով»:

Պատասխանողի դիրքորոշմամբ Օրենսգրքի 8-րդ և 18-րդ հոդվածները բխում են սահմանադրաիրավական նորմերի պահանջներից, մասնավորապես՝ Սահմանադրության 11-րդ, 33-րդ, 34-րդ, 59-րդ և 63-րդ հոդվածներից, ուստի վերջիններիս կարգավորման շրջանակներն ինքնին չեն կարող չհամապատասխանել Սահմանադրությամբ ամրագրված հիշյալ դրույթներին, քանի որ բխում են այդ իրավանորմերով ամրագրված դրույթների սահմանադրական պահանջից:

Պատասխանողը նշում է, որ օրենսդիրն Օրենսգրքով հստակ ամրագրել է այն կարևոր կառուցակարգը, որ վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել դատավարության մասնակիցների կազմից, եթե նրան ներգրավելու հիմքերը վերացել են, կամ եթե դատարանը հանգում է այն համոզման, որ ընդհանրապես բացակայում էին նրան որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերը՝ ոչ պատշաճ երրորդ անձ հանդիսանալու դեպքում, որտեղ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում՝ առանձին դատական ակտի տեսքով, վերջինիս դատավարության մասնակիցների կազմից հանելու դեպքում գործի վարույթը շարունակվում է:

Պատասխանողը նշում է, որ դատական վարույթի հրապարակայնությունը, որը հանդիսանում է արդար դատական քննության հիմնական բաղադրիչն ու կարևորագույն տարրը, բացարձակ չէ և որոշակի դեպքերում ենթակա է սահմանափակման՝ առևտրային գաղտնիք հանդիսացող օբյեկտի շրջանակներում:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումները՝ դատական վարույթի հրապարակայնության սկզբունքի իրավաչափ սահմանափակման շրջանակներում, վարչական դատավարության մասնակիցներին վերապահելով համապատասխան իրավական գործիքակազմերով, սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ապահովում են սահմանադրական պահանջների լիարժեք իրացում:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Դիմողը վիճարկվող դրույթների համատեքստում բարձրացնում է, ըստ էության, վարչական դատավարության շրջանակներում դատավարության մասնակիցների վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիքներին տեղեկանալու արգելքի բացակայության խնդիրը, ուստի Սահմանադրական դատարանը սույն որոշմամբ անդրադարձ է կատարում Օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավակարգավորումներին: Միաժամանակ, այդ դրույթների սահմանադրականությունը Սահմանադրական դատարանը հարկ է համարում դիտարկել ինչպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության հիմքով դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման վերաբերյալ սահմանադրական կարգավորումների, այնպես էլ օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում:

Այդ առումով սույն գործի շրջանակներում պարզաբանման են ենթակա հետևյալ հանգամանքները.

- արդյոք մասնավոր կյանքի, ներառյալ՝ առևտրային գաղտնիքի պաշտպանությանն ուղղված դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման հնարավորությունն ամրագրող սահմանադրաիրավական կարգավորումները կենսագործված են վարչական դատավարության օրենսդրությունում, մասնավորապես՝ վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումներում,

- արդյոք վարչական դատավարության օրենսդրության շրջանակներում առկա է օրենսդրական բաց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ չի նախատեսվում դատավարության այլ մասնակիցների վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիքներին տեղեկանալու արգելք:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 8-րդ հոդվածը վերաբերում է դատական վարույթի հրապարակայնությանը, որը դատավարության, այդ թվում՝ վարչական դատավարության կարևոր սկզբունքներից մեկն է: Մասնավորապես, Սահմանադրության «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասով ամրագրվում է դատական վարույթի հրապարակայնությունը սահմանափակելու հնարավորություն, մասնավորապես՝ դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով հրապարակայնության սկզբունքի էությանը, նշել է. «…. հրապարակայնության սկզբունքը թե' Սահմանադրության, թե' միջազգային իրավական ակտերի, թե' դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, որը ենթադրում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգի կիրառում` պայմանավորված կոնկրետ դատավարական առանձնահատկություններով», իսկ դրա սահմանափակման վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը հանգում է հետևյալին. «…. հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ հստակ նախատեսված հանգամանքների առկայության դեպքում, իսկ սահմանափակումն օրենքով նախատեսված կարգին համապատասխան իրացվելու պայմաններում ևս չի կարող խոսք լինել հրապարակայնության սկզբունքի խախտման մասին» (ՍԴՈ-1452, 02.04.2019 թ.):

Սահմանադրական վերոնշյալ դրույթն իր մասնավորեցումն է ստացել Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում: Մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները» վերտառությամբ 2-րդ գլխում, ի թիվս այլնի, նշվում է դատական վարույթի հրապարակայնության մասին: Վերոնշյալ սկզբունքը տեղ է գտել նաև Օրենսգրքում, որի շրջանակներում հստակեցվել են հրապարակայնության սահմանափակման հիմքերը: Ըստ այդմ սահմանվում է, որ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը վարչական դատավարության մասնակցի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր են սահմանում Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի իրականացման համար, և այդ իրավունքի բաղադրատարրը կազմող գործի հրապարակային քննության առումով սահմանադրականության հետ կապված խնդիր սույն գործով չի բարձրացվում:

 

4.2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները վերաբերում են վարչական դատավարության տարբեր ինստիտուտներին՝ մի դեպքում՝ հրապարակային դատաքննության բացառություններին, իսկ մյուս դեպքում՝ դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների համակարգին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը.

նախ՝ դռնփակ դատական նիստին իրավունք ունեն ներկա գտնվել դատական նիստերի քարտուղարը, վարչական դատավարության մասնակիցները (հայցվորը, պատասխանողը, երրորդ անձինք), նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը և թարգմանիչը, իսկ գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններն ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու իրավունքից օգտվողներն են միայն դատավարության մասնակիցները (հայցվորը, պատասխանողը, երրորդ անձինք) և նրանց ներկայացուցիչները,

երկրորդ՝ եթե դռնփակ նիստի մասնակիցները ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին, ապա գործի նյութերին ծանոթանալու համար օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ Օրենսգրքում որևէ կարգավորում չկա,

երրորդ՝ եթե դռնփակ դատական նիստն անցկացվում է դատարանի որոշմամբ, ապա գործի նյութերին ծանոթանալու համար դատարանի կողմից որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նյութերին ծանոթանալու իրավունքն ուղղված է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրագործմանը, ինչը կարևոր նշանակություն ունի գործի արդարացի քննությունն ապահովելու համար: Այդ առումով, գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների համար նախատեսելով գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ օրենսդիրը նպատակ չի ունեցել հրաժարվելու Սահմանադրությամբ և օրենքներով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկության պաշտպանության հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև գործի նյութերին ծանոթանալու իրավունքը կարող է իրագործվել մինչև դռնփակ դատական նիստի կայանալը, այնուամենայնիվ, վերոհիշյալ ինստիտուտներն անհրաժեշտ է դիտարկել համակարգային փոխկապակցվածության համատեքստում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դռնփակ նիստին ներկայացվող պահանջները հավասարապես պետք է վերաբերեն նաև կողմերի՝ գործի նյութերին ծանոթանալու իրավունքին:

 

4.3. Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ Օրենսգիրքը, սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, դրանցում նախատեսելով գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններն ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու իրավունքը, չի նախատեսել այնպիսի նյութերին ծանոթանալու արգելք, որոնք պարունակում են առևտրային գաղտնիք, այն դեպքում, երբ վարչական վարույթի ընթացքում օրենսդրորեն ապահովված է առևտրային գաղտնիք կազմող տեղեկության պահպանման մեխանիզմ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Ըստ այդմ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի՝ «Վարչական վարույթի նյութերի մատչելիությունը» վերտառությամբ 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասն ամրագրում է. վարչական վարույթի նյութերը տրամադրելիս վարչական մարմինը պարտավոր է պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիքներ, իսկ այդպիսի գաղտնիքներ տրամադրելիս` պարտավոր է պահպանել համապատասխան գաղտնիքի մասին օրենքով սահմանված կարգն ու պայմանները: Նշված իրավակարգավորումների նպատակն է ապահովել վարչական վարույթի շրջանակներում առևտրային գաղտնիք կազմող տեղեկության պահպանման մեխանիզմը՝ նախատեսելով ինչպես այդպիսի գաղտնիքներ չտրամադրելու, այնպես էլ օրենքով սահմանված կարգին և պայմաններին համահունչ տրամադրելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է վարչական դատավարությանը, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական կարգավորումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ առևտրային գաղտնիքի պաշտպանության համար արդեն իսկ ստեղծված են որոշակի օրենսդրական երաշխիքներ: Մասնավորապես՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով որպես դատական վարույթի կամ դրա մի մասի դռնփակ անցկացնելու պայման, ի թիվս այլնի, նշվում է մասնավոր կյանքի պաշտպանությունը: 

Սահմանադրական դատարանն իր՝ 02.07.2019 թ. ՍԴՈ-1467 որոշման 4.1. կետում արձանագրել է, «…. որ թեև «առևտրային գաղտնիք» եզրույթը Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այն անձանց մասնավոր կյանքի և տնտեսական գործունեության համար հիմնարար նշանակություն ունի, և դրա պաշտպանությունն իրավաչափ հիմք է հրապարակային քննության հիմնական իրավունքը սահմանափակելու համար»:

Վերոնշյալ հիմնադրույթն իր մասնավորեցումն է ստացել ինչպես Վարչական դատավարության, այնպես էլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի շրջանակներում: Այսպես, Վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով որպես դատական վարույթի դռնփակության հիմք, ի թիվս այլնի, նշվում է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առևտրային գաղտնիքի պաշտպանությունը: Նույն կարգավորումն առկա է նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում: Բացի դրանից, առևտրային գաղտնիքի պաշտպանության իրականացման համար համապատասխան երաշխիքներ են սահմանված մի շարք հատուկ օրենքներում, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքում (օրինակ՝ 141-րդ հոդվածը), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (օրինակ՝ 16-րդ և 33-րդ հոդվածները) և այլ օրենքներում: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ անձի մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները ենթակա են պաշտպանության դատավարության բոլոր փուլերում (հայցադիմումն ընդունելու հարցը որոշելուց սկսած):

Ըստ այդմ, բոլոր այն դեպքերում, երբ գործնականում խնդիրներ կառաջանան առևտրային գաղտնիքի պաշտպանության առումով՝ պայմանավորված վարույթի մասնակիցների՝ գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններն ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու իրավունքի իրացմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել առևտրային գաղտնիքի պաշտպանությանն ուղղված վերոնշյալ երաշխիքները և համապատասխան նյութերը տրամադրել բացառապես այն անձանց, որոնք արդեն իսկ նախազգուշացվել են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա իրավակարգավորումները վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում կիրառելու արդյունքում հնարավոր կլինի ապահովել առևտրային գաղտնիքի պատշաճ և արդյունավետ պաշտպանությունը:

Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումները համահունչ չեն Սահմանադրության 11-րդ հոդվածին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 11-րդ հոդվածը վերաբերում է տնտեսական կարգին, որը բովանդակային առումով չի առնչվում սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական խնդրին, ուստի այդ առումով դիմողի մտահոգությունները հիմնավոր չեն:

 

4.4. Ինչ վերաբերում է դիմողի կողմից բարձրացված այն հարցին, որ Օրենսգիրքը չի նախատեսում արգելք առ այն, որ վարչական գործով գաղտնիք պարունակող նյութերը ենթակա չլինեն դատավարության մասնակցին տրամադրման, ապա Սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Զարգացնելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

Սույն գործով դիմողի բարձրացրած խնդիրը՝ կապված վարչական դատավարության կողմերի իրավունքների և պարտականությունների, մասնավորապես՝ դատավարության այլ մասնակիցների վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիքներին տեղեկանալու արգելք նախատեսելու հետ, վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում դիտարկելու արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործող կանոնակարգումները չեն խոչընդոտում օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկության պաշտպանությանը, իսկ այդ կարգավորումների զարգացման հարցերը գտնվում են օրենսդիր մարմնի իրավասության տիրույթում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

1. Վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ գործի նյութերում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների առկայության դեպքում այդ նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններն ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու կողմերի իրավունքը ենթակա է իրականացման Օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով՝ ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացնելով օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. Գյուլումյան

     

29 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1486

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան