Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն.-0405-1
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-13.07.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/18
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.09.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
25.09.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական պետություն է:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն` հանրաքվեով և ներկայացուցչական մարմինների միջոցով:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը իրականացնում է օրենսդիր իշխանությունը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին օրենքով սահմանված այլ իրավասություններ:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնական անձը Հայաստանի Հանրապետության նախագահն է, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների համակարգը, իրավասությունների շրջանակը և փոխհարաբերության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների կազմավորման կարգը, իրավասությունները, գործունեության սկզբունքները և փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունը նրա ժողովրդի սեփականությունն է:

Հայաստանի Հանրապետության սեփականությունն են հանդիսանում նրա տարածքի վրա գտնվող նախկին միութենական և միութենական-հանրապետական ենթակայության գերատեսչությունների բոլոր օբյեկտները:

Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտայի ֆոնդերի մասնաբաժնի իրավունք, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքում են դրանք գտնվում:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում օրենքով ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը և սեփականության բոլոր ձևերի իրավահավասարությունը:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ազատ ձեռներեցությունը և պայմաններ է ստեղծում նրա զարգացման համար:  

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և հոգատարության ներքո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մեջ մտնելու և քաղաքացիությունը կորցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կազմակերպությունները իրավահավասար են և հավասար իրավունքներով են մասնակցում պետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը պետության և ժողովրդի հիմնական խնդիրներից մեկն է և դրա իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է զինված ուժեր, ազգային անվտանգության մարմիններ և հայտարարում է ընդհանուր զինապարտություն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտքն է:

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ ղեկավարվում է միջազգային իրավական ակտերով և այլ պետությունների հետ իր փոխհարաբերությունները կարգավորում է միջպետական համաձայնագրերի հիման վրա:

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնուրույն ֆինանսավարկային քաղաքականություն և այդ կապակցությամբ կազմակերպում է անկախ պետական բանկային և վարկային մարմիններ, հիմնում ազգային դրամ:

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության, մշակույթի և լրատվության ինքնուրույն համակարգ:

 

Հոդված 16. Մինչև Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը գործող սահմանադրությունն ու օրենքները գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին և «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի հիման վրա ընդունված օրենսդրական ակտերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

25 սեպտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան

Հ.Ն.-0405-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան