Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (20.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2015 թվականի N 45-Ա

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը և դրա իրագործման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործման միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը` դրանք ըստ տարիների քննարկելով և ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների տարեկան ծրագրերում և գերակա խնդիրներում:

(2-րդ կետը փոփ. 12.09.19 N 1230-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 22-ի N 45-Ա որոշման

 

Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ

 

ԳԼՈՒԽ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 1. Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում դիտվում է բուսածածկ տարածքների հրդեհների քանակի, ինչպես նաև դրանց հետևանքով այրված տարածքների զգալի աճ: 2001-2009 թվականներին միջինում արձանագրվել է անտառային հրդեհների տարեկան յոթ դեպք, մինչդեռ 2010-2011 թվականներին արձանագրված դրանց տարեկան միջին թիվը կազմել է 50 դեպք: Հրդեհների արձանագրված տարեկան միջին թիվը, որն ազդել է բուսածածկ տարածքների վրա, 2010-2011 թվականներին աճել է շուրջ հինգ անգամ` 2004-2009 թվականների տարեկան միջին ցուցանիշի համեմատ:

 2. Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման հիմնական պատճառը չորացած բույսերի մնացորդների այրումն է դաշտերում և արոտավայրերում, որտեղից չվերահսկվող կրակը տարածվում է մոտակայքում գտնվող անտառների վրա:

 3. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության` 2005-2010 թվականներին հրդեհների կողմից անտառներին պատճառված վնասը կազմել է 504 միլիոն դրամ, որից 500.2 միլիոն դրամ վնասը պատճառվել է միայն 2006 թվականին:

 4. Հայաստանի Հանրապետության հրդեհային առավելագույն ժամանակաշրջաններն արձանագրվել են հուլիսից սեպտեմբերն ընկած ջերմային ալիքների ժամանակ: Համեմատած 1948-1980 թվականների միջև ընկած ժամանակահատվածի հետ` Հայաստանում 1980-2012 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ջերմային ալիքների թիվն աճել է տարեկան 40%-ով:

 5. Անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար և կարող են բացասական ազդեցություն ունենալ անտառային պաշարներն օգտագործող անտառամերձ համայնքների սոցիալական կայունության վրա:

 6. Հրդեհներն ազդում են ոչ միայն բուսածածկ տարածքների վրա, դրանք նաև ռիսկեր են պարունակում տեղի համայնքների և բնակչության համար: Չպայթած զինամթերքով և ականներով պատված տարածքներում առաջացած հրդեհները լրացուցիչ վտանգ են ներկայացնում հրշեջների և հրդեհների դեմ պայքարող այլ անձանց համար: Բուսածածկ տարածքների հրդեհների հետևանքով առաջացած ծխային աղտոտումները նույնպես մեծապես ազդում են մարդու առողջության վրա և կարող են բնակչության շրջանում հանգեցնել դժբախտ պատահարների:

 

ԳԼՈՒԽ II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 7. Սույն ռազմավարության մեջ օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) բուսածածկ տարածքներ` անտառային, հատուկ պահպանվող տարածքների, գյուղատնտեսական, բնակավայրերի և այլ նպատակային նշանակության հողերում աճող վայրի և (կամ) մշակովի բուսատեսակներով տարածք.

2) անտառային հրդեհ՝ բնականորեն կամ արհեստականորեն առաջացած հրդեհ անտառում.

3) բուսածածկ տարածքների հրդեհների կառավարում՝ միջոցառումների համակարգ` ուղղված բուսածածկ տարածքների հրդեհների կանխատեսման, կանխարգելման, ժամանակին հայտնաբերման, մեկուսացման և մարման միջոցով հողերի նպատակային կառավարմանը, մարդկանց կյանքի, գույքի և այլ նյութական արժեքների անվտանգության ապահովմանը.

4) բուսածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգ` հրդեհավտանգության դիտարկումների, հետազոտությունների, գնահատման և կանխատեսման գործընթաց` պայմանավորված եղանակային և մարդածին գործոններով, այրվող նյութերի վիճակով, կրակի աղբյուրներով և հրդեհներով, բուսածածկ տարածքներում հրդեհները հայտնաբերելու, ժամանակին հրդեհների կանխարգելիչ միջոցառումներ մշակելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 8. Բուսածածկ տարածքների հրդեհների ռազմավարության (այսուհետ՝ ռազմավարություն) նպատակն է հզորացնել բուսածածկ տարածքների հրդեհները կանխարգելելու և դրանց արձագանքելու ներպետական կարողությունները:

 9. Ռազմավարության հիմնական ուղղություններն են՝

1) մոնիթորինգի և տեղեկատվական միասնական համակարգի ստեղծումը, վերլուծական աշխատանքների իրականացումը, արագ արձագանքման մեխանիզմների ներդրումը.

2) իրավական դաշտի և ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակեցումը.

3) հրդեհների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը.

4) հրդեհների արագ արձագանքման կարողությունների զարգացումը, բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության ապահովումը.

5) հրդեհաշիջումը և հետևանքների վերացումը.

6) միջազգային համագործակցության զարգացումը բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտում:

 

ԳԼՈՒԽ IV. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

 10. Առկա իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծության արդյունքներն են`

1) բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելումն ու հսկողությունը կարգավորող իրավական ակտերն են՝

ա. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը,

բ. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

գ. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

դ. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

ե. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

զ. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

է. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշումը,

 ը. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 29-ի «Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրն ու անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 563-Ա որոշումը,

թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշումը,

ժ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը հաստատելու մասին» N 234-Ն հրամանը,

ժա. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 10-ի «Անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգը հաստատելու մասին» N 130-Ն հրամանը,

ժբ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 27-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 364-Ա հրամանը,

ժգ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի փետրվարի 14-ի «Հրդեհների կառավարման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ» N 15-Ա հրամանը.

2) սույն ռազմավարության 10-րդ կետի 1-ին ենթակետով թվարկված իրավական ակտերով սահմանված բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկի նվազեցման ոլորտում գործառույթներ իրականացնող մարմիններն են՝

ա. անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինները՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը,

բ. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը,

գ. իրենց գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,

դ. անտառի սեփականատերերը,

ե. անտառային տնտեսություն վարող անձինք,

զ. պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները,

է. միջազգային և հասարակական կազմակերպությունները,

ը. քաղաքացիները:

(10-րդ կետը փոփ. 12.09.19 N 1230-Ա)

 11. Առկա համակարգի ինքնագնահատումը՝

1) հրդեհների կառավարման ոլորտի գործող իրավական դաշտն անբավարար է, հատկապես` տեխնածին և կլիմայական ռիսկերի հաշվառման մասերով.

2) հրդեհների ռիսկերի կրճատման և բուսածածկ տարածքներ հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունները սահմանափակ են.

3) առկա է մասնագիտացված և ժամանակակից հրշեջ սարքավորումների պակաս, հատկապես` լեռնային և դժվարամատչելի տարածքներ հասնելու համար.

4) առկա է մասնագիտական գիտելիքների պակաս բուսածածկ տարածքների հրդեհների անվտանգ և արդյունավետ հսկողության հիմունքների իմացության ոլորտում.

5) հրդեհների կանխարգելման և պատրաստվածության միջոցառումների ֆինանսավորումն անբավարար է.

6) համայնքների ղեկավարների կողմից հակահրդեհային միջոցառումների իրականացման մակարդակն անբավարար է.

7) հրդեհների կանխարգելման և դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակն անբավարար է.

8) շահագրգիռ կողմերի միջև համագործակցության մակարդակն անբավարար է և առկա է ինտեգրված տեղեկատվության փոխանակման համակարգի (պլատֆորմի) պակաս.

9) առկա է պատշաճ մակարդակի կրթության, հետազոտությունների, գիտելիքների ու փորձի տարածման ծառայությունների պակաս.

10) բացակայում են մոնիթորինգի և վաղ ահազանգման համակարգերը:

12. Ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն՝

1) Հայաստանը ներկայումս տուժում է բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի ոչ արդյունավետ կառավարումից, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողերում կրակի ոչ ճիշտ օգտագործման հսկողության իրականացումից, որի պատճառը հիմնականում ֆինանսական միջոցների, պետական մարմինների մասնագիտական կարողությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընդգրկվածության սահմանափակ մակարդակն է.

2) հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայական փոփոխությունները տարածաշրջանում ապագայում կհանգեցնեն չափազանց շոգ և չոր ժամանակահատվածների, որը կմեծացնի լայնածավալ բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման և տարածման ռիսկը, պետք է իրականացվեն անհրաժեշտ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ ռիսկի նվազեցման համար:

 

 ԳԼՈՒԽ V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

13. Մոնիթորինգի և տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, վերլուծական աշխատանքների իրականացում, արագ արձագանքման մեխանիզմների ներդրումը ներառում է՝

1) ռազմավարական նպատակները՝

ա. հրդեհների ազգային տվյալների բազայի և արխիվի ստեղծում ու վարում,

բ. հրդեհների վաղ ահազանգման նպատակով մոնիթորինգի իրականացում, այդ թվում՝ օգտվելով տեղեկությունների և տվյալների ազգային ու միջազգային մատակարարներից (ազգային և միջազգային հիդրոօդերևութաբանական կայաններ (ցանցեր), մոնիթորինգի արդյունքների տրամադրում պատասխանատու մարմիններին,

գ. պատասխանատու մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում հրդեհների ռիսկերի գնահատման գործընթացների իրականացում,

դ. հանրության շրջանում հրդեհներին վաղ արձագանքման, իրազեկության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,

ե. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու կամավորական խմբերին անհրաժեշտ տեղեկատվությամբ և մեթոդական օգնությամբ աջակցում,

զ. մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար վերապատրաստումների կազմակերպում.

2) գործողությունները՝

ա. շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և գիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել մշտական գործող միջգերատեսչական աշխատանքային խումբ` որպես բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտի խորհրդատվական և համակարգող մարմին, սահմանել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործառույթների և լիազորությունների շրջանակը,

բ. միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ համայնքային հողերում հրդեհների կառավարման պատասխանատու անձի (մարմնի) նշանակման, ինչպես նաև բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման բարելավման ուղղությամբ անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ,

գ. մշակել և շահագրգիռ մարմիններին տրամադրել բուսածածկ տարածքների հրդեհների կառավարմանը վերաբերող համապատասխան միջազգային ուղեցույցներ:

14. Իրավական դաշտի և ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակեցումը ներառում է՝

1) ռազմավարական նպատակները՝

ա. ապահովել բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը և հետևողականորեն բարձրացնել դրանց կիրարկման արդյունավետությունը՝ հաշվի առնելով ներկա և ապագա անթրոպոգեն ու կլիմայական ռիսկերը,

բ. օժանդակել գործող մասնագիտական հրշեջ-փրկարարական ջոկատներին՝ գյուղական վայրերում բուսածածկ տարածքների հրդեհների դեմ կամավորական-հասարակական միավորներ ստեղծելու միջոցով,

գ. սահմանել չափանիշներ բուսածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգի իրականացման անհրաժեշտ տեղեկատվության նկատմամբ,

դ. կարգավորել կրակի օգտագործումը բոլոր տեսակի հողերի վրա, հատկապես գյուղատնտեսական նշանակության, սկսել վերահսկելի կրակի օգտագործման համար թույլտվությունների համակարգի ստեղծման գործընթացը,

ե. ապահովել մշտական միջգերատեսչական համակարգի` բոլոր մակարդակներում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ներդաշնակեցումը.

2) գործողությունները`

ա. մշակել և իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված են բուսածածկ տարածքներում իրավական և ինստիտուցիոնալ դաշտի բարելավմանը,

բ. գյուղական վայրերում կամավորական հրշեջ խմբերի ստեղծման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծում:

15. Հրդեհների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը ներառում է՝

1) ռազմավարական նպատակները՝

ա. բուսածածկ տարածքների հրդեհների, կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների և հրդեհների կանխարգելման գործում ակտիվ մասնակցության մասին հանրային իրազեկության բարձրացում, հատկապես հրդեհավտանգ տարածքների գյուղական համայքների շրջանում,

բ. բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման գործում ակտիվ մասնակցության մասին հանրային իրազեկության բարձրացում, հատկապես հրդեհավտանգ ժամանակաշրջանում,

գ. քաղաքացիական հասարակությանը շահագրգռելը բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման և դրանցից ինքնապաշտպանվելու գործում ակտիվ մասնակցության համար,

դ. համայնքների կարողությունների ձևավորում հրդեհների կանխարգելման գործում,

ե. հրդեհների դեպքում մարդկանց անվտանգության ապահովում ականապատված և դեռևս պայթուցիկներ պարունակող տարածքներում.

2) գործողությունները՝

ա. անտառների կառավարման և գյուղատնտեսության համար պատասխանատու տարածքային մարմինների համար պետական բյուջեով միջոցների նախատեսում՝ հրդեհների կառավարման պլանավորման միջոցառումներ իրականացնելու համար` շեշտը դնելով բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի կրճատման վրա,

բ. հրդեհների կանխարգելմանը նպաստելու նպատակով հանրային իրազեկման իրականացում` անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և հանգստի գոտիներում, ինչպես նաև դրանց հարող ճանապարհներին հրդեհի վտանգի նախազգուշացնող ցուցանակներ տեղադրելու և մասսայական լրատվամիջոցներով իրազեկելու միջոցով,

գ. հրդեհների կանխարգելման թեմաներով երկխոսությունների անցկացում անտառների կառավարմանն առնչվող մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության միջև, այդ թվում` տեղական մակարդակում վերապատրաստումների կազմակերպման միջոցով,

դ. բուսածածկ տարածքները հրդեհներից պաշտպանելու վերաբերյալ ուղեցույցների և նորմատիվների մշակում,

ե. ականների և չպայթած պայթուցիկների տեղակայումը մատնանշող քարտեզների մշակում և տարածքում, որոնք պետք է հստակ տեղեկություններ պարունակեն բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ քաղաքացիական անձանց և հրշեջ-փրկարարական ուժերի մուտքի սահմանափակման վերաբերյալ («կարմիր գոտիների» սահմանազատում),

զ. մշակել կրթական բարեփոխումներ` ընդլայնելու դպրոցականների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների գիտելիքները կլիմայական փոփոխությունների, բուսածածկ տարածքների վրա ազդող հրդեհների վտանգավոր հետևանքների վերաբերյալ,

է. անտառներին և բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայքների ղեկավարների ու վարչակազմերի շրջանում բարձրացնել իրազեկությունը բուսածածկ տարածքներում հրդեհների ռիսկերի, ինչպես նաև դրանց առաջացման անթրոպոգեն և կլիմայական գործոնների վերաբերյալ:

 16. Բուսածածկ տարածքներում հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման կարողությունների զարգացումը և հրդեհային անվտանգության ապահովումը ներառում է՝

1) ռազմավարական նպատակները՝

ա. հրդեհների կանխարգելման և (կամ) մարման համար պատասխանատու պետական ինստիտուտների կարողությունների ընդլայնում,

բ. բուսածածկ տարածքների հրդեհներից մարդկային կյանքերի և գույքի պաշտպանության գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն.

2) գործողությունները`

ա. մշակել վերապատրաստման նյութեր և այլ ուղեցույցներ` հզորացնելու հրշեջների և միջադեպերի կառավարման կազմի կարողությունները,

բ. կազմակերպել համապատասխան մասնագիտական վերապատրաստում և պարբերական դասընթացներ արհեստավարժ և կամավոր հրշեջների, ինչպես նաև հրդեհների մարման համար պատասխանատու այլ մարմինների աշխատողների, այդ թվում` հրդեհների դեմ պայքարում ներգրավվող կամավորների համար,

գ. ուղեցույցներ տրամադրել բնակչությանը՝ բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ, հրդեհավտանգ ժամանակաշրջանի սկզբում անցկացնել հանդիպումներ ռիսկային համայնքների բնակչության համար,

դ. ապահովել, որ հրդեհավտանգ ժամանակաշրջանի սկզբում հրշեջ սարքավորումները լինեն սարքին և պատրաստ օգտագործման համար, ստուգված և գործարկված լինեն ահազանգման ու միջադեպերի կառավարման հաղորդակցության և համակարգման միջոցները,

ե. ձևավորել ազգային կարողություններ հրդեհների մեծ վտանգի ժամանակահատվածում վաղ ահազանգերի ստացման և տարածման ոլորտում (ազգային և միջազգային կիրառության համար),

զ. Հայաստանի Հանրապետության տարածքում (և հարևան պետությունների սահմանամերձ տարածքներում) ակտիվ հրդեհների ամենօրյա մոնիթորինգի համար անհրաժեշտ տեղեկությունները ստանալու և հրդեհավտանգ ժամանակաշրջանում համապատասխան մարմիններին տրամադրելու նպատակով մշակել և ներդնել արբանյակային համակարգ,

է. առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում բուսածածկ տարածքների հրդեհների արագ հայտնաբերման համար կազմակերպել պարեկային խմբեր և օդային հսկողություն:

17. Հրդեհաշիջումը և հետևանքների վերացումը ներառում է՝

1) ռազմավարական նպատակները`

ա. բուսածածկ տարածքներում, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունը մեծ է, կստեղծվեն հրդեհաշիջման մասնագիտացված միավորներ, որոնք կզինվեն հրդեհների դեմ պայքարի արձագանքման գործիքներով, օրինակ, ձեռքի գործիքներով և ամենագնաց մեքենաներով,

բ. անտառային տնտեսություն վարող կազմակերպություններում կձևավորվեն հրդեհների մարման համար անհրաժեշտ միջոցներով ապահովված ստորաբաժանումներ (հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման խմբեր).

2) գործողությունները`

ա. անտառտնտեսությունների բյուջեներում ներառել միջոցներ` հրշեջ խմբերը զինելու համար (ձեռքի գործիքներ, անձնական պաշտպանության սարքավորում և այլն),

բ. դիմել դոնորներին՝ բուսածածկ տարածքների հրդեհավտանգ տարածքներում հրդեհների դեմ պայքարի արագ արձագանքման խմբերը թեթև մեխանիկական սարքավորումներով և փոխադրամիջոցներով, այդ թվում՝ ձիերով համալրելու համար,

գ. ստեղծել կամավորական միավորումներ, օրենսդրորեն սահմանել դրանց ֆինանսավորման ու փոխհատուցման հարցերը,

դ. հրդեհված բուսածածկ տարածքները վերականգնելու համար մշակել համապատասխան ծրագրեր և ձեռնամուխ լինել ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացմանը:

18. Ռիսկեր և հաջողության գործոններ`

1) բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրագործման ռազմավարության իրականացման հիմնական ռիսկային գործոնը դա լիազոր մարմնի և շահագրգիռ մարմինների միջև արդյունավետ ու համակողմանի համագործակցության կազմակերպումն է.

2) բուսածածկ տարածքների հրդեհների ռազմավարության իրականացման հաջողությունը մեծապես կախված է լիազոր մարմնի կարողություններից:

 

ԳԼՈՒԽ VI. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Միջազգային համագործակցության հիմնավորում՝

1) Միջազգային համագործակցությունը բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտում հնարավորություն է ընձեռում պետություններին կիսելու գիտելիքներն ու փորձը հրդեհագիտության և հրդեհների կառավարման ոլորտում: Միջազգայնորեն ընդունված չափորոշիչների մշակումն ու դրանց կիրառությունը կարողությունների ձևավորման, սարքավորումների նախագծման և հրդեհների կառավարման ընթացակարգերի ոլորտում թույլ են տալիս ստեղծել (փոխգործարկելի) համակարգեր այն պետությունների համար, որոնք ցանկություն ունեն կիսելու ռեսուրսները: Բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկային պետությունները կարող են աջակցել մեկմեկու, եթե արտաքին օժանդակություն տրամադրող և ստացող պետություններից հրդեհի մասնագետները կիրառեն համընդհանուր չափորոշիչներ.

2) հատկապես կարևոր է գիտելիքների, փորձի և ռեսուրսների փոխանակումը հրդեհների մարման կարողությունների ձևավորման և սարքավորումների տրամադրման ոլորտում: Երկկողմ համագործակցության համաձայնագրերը կարող են կարգավորել համատեղ վերապատրաստման դասընթացները, վարժությունները և գործելակարգերը հրդեհային արտակարգ իրավիճակներում անդրսահմանային օժանդակության համար: Տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ոչ պաշտոնական և կամավոր համագործակցության մեխանիզմները, ինչպիսիք են տարածաշրջանային և միջազգային ցանցերը, կարող են լրացուցիչ օժանդակություն տրամադրել տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ոլորտում, օրինակ, հրդեհների արբանյակային հայտնաբերման, մոնիթորինգի և ազդեցության գնահատման առաջավոր համակարգերի և մեթոդների, վաղ ահազանգման համակարգերի կիրառության, նմանատիպ էկոլոգիական, մշակութային և սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող պետությունների միջև գիտելիքների և փորձի փոխանակման ոլորտում:

 20. Միջազգային համագործակցության նպատակներն են՝

1) կատարելագործել գիտելիքները և փորձը հրդեհագիտության ու հրդեհների կառավարման ոլորտում` փոխանակելով դրանք տարածաշրջանի և աշխարհի այլ պետությունների հետ.

2) մշակել համագործակցության համաձայնագրեր և (կամ) հուշագրեր հարևան պետությունների հետ, որոնք թույլ կտան փոխանակել մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ բուսածածկ տարածքների հրդեհների պատրաստության և արձագանքման ոլորտում.

3) դառնալ միջազգային այն կամավորական ցանցերի և կազմակերպությունների անդամ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն զբաղվում են շրջակա միջավայրին և հասարակությանը հրդեհների պատճառած վնասների նվազեցման հարցերով:

 21. Միջազգային համագործակցության առաջնահերթ գործողություններից են ակտիվորեն մասնակցել՝

1) Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անտառային հրդեհների մասնագետների թիմի և վերջինիս իրավահաջորդ մեխանիզմի հետ.

2) ՄԱԿ-ի աղետների կրճատման Միջազգային ռազմավարության ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպա/Կովկաս անտառային հրդեհների տարածաշրջանային ցանցի և Անտառային հրդեհների համաշխարհային ցանցի հետ, աղետների ռիսկերի կրճատման ՄԱԿ-ի գրասենյակի Տարածաշրջանային Հարավ-արևելյան Եվրոպայի/Կովկասի անտառային հրդեհների ցանցի և Աղետների ռիսկերի կրճատման ՄԱԿ-ի գրասենյակի Անտառային հրդեհների համաշխարհային ցանցի հետ.

3) անտառային հրդեհների կառավարման վերապատրաստումներին, վարժանքներին և փորձագետների փոխանակումներին տարածաշրջանի ու այլ պետությունների հետ.

4) միջազգային խորհրդաժողովներին, հատկապես անտառային հրդեհների միջազգային խորհրդաժողովներին (չորս տարին մեկ):

 

ԳԼՈՒԽ VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

 22. Ռազմավարության իրականացման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական միջոցները:

 23. Առանձին գործողությունների, նյութատեխնիկական բազայի թարմացման, ինչպես նաև ուսուցման, վերապատրաստման ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ միջազգային դրամաշնորհային ծրագրերը:

 

ԳԼՈՒԽ VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

 24. Սույն ռազմավարության իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության:

 

ԳԼՈՒԽ IX. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

 25. Ռազմավարության իրականացման արդյունքում սպասվում է բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի (դեպքերի քանակի և դրանց հետևանքների) և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցում, ինչպես նաև բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման զգալի բարելավում:

(հավելվածը փոփ. 12.09.19 N 1230-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 22-ի N 45-Ա որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման նպատակը

Իրականացման ժամկետները

Պատասխանատու կատարողները

 Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1. Մոնիթորինգի և տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, վերլուծական աշխատանքների իրականացում, արագ արձագանքման մեխանիզմների ներդրում

1)

«Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և գիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով` որպես բուսածածկ տարածքների կառավարման ոլորտի խորհրդատվական և համակարգող մարմին:

2015 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման լիազոր մարմնի և համայնքային հողերում հրդեհների կառավարման պատասխանատու անձի (մարմնի) նշանակման, ինչպես նաև բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման բարելավման ուղղությամբ անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջար-կությունների փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման լիազոր մարմնի և համայնքային հողերում հրդեհների կառավարման պատասխանատու անձի (մարմնի) նշանակում, որոնք իրենց իրավասությունների շրջանակներում կիրականացնեն հրդեհների ռիսկերի գնահատման և նվազեցման գործընթացներ:

2016 թ.
1-ին եռամսյակ

Միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 2. Իրավական դաշտի և ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակեցում

3)

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության անտառային հողերում հրդեհային անվտանգության կանոնների հստակեցում

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

4)

Հայաստանի Հանրապետության բնա-պահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տա-րածքներում հրդեհային անվտանգու-թյան կանոնների ընդունում

Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների հստակեցում

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

5)

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհային անվտանգության կանոնների հստակեցում

2016 թ. 2-րդ եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

6)

ՀՍՏ 350-2012 «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում. Անտառային հրդեհների մոնիթորինգ և կանխատեսում. Ընդհանուր պահանջներ» Ազգային ստանդարտում փոփոխությունների և լրացումների կատարում

ՀՍՏ 350-2012 «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում. Անտառային հրդեհների մոնիթորինգ և կանխատեսում. Ընդհանուր պահանջներ» Ազգային ստանդարտի դրույթները համապատասխանեցնել ռազմավարության դրույթներին

2016 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 3. Հրդեհների կանխարգելման միջոցառումների կազմակերպում

7)

Բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի նվազեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների ու վարչակազմի համար դասընթացների կազմակերպում

Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի ու վտանգավոր հետևանքների, այդ բնագավառում գործող իրավական փաստաթղթերի ու կանոնների և դրանց պահպանման մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների ու վարչակազմի իրազեկման բարձրացում

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

8)

Հրշեջ-փրկարարների, անտառային տնտեսությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատողների համար բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի նվազեցման մասով վերապատրաստման դասընթացների իրականացում

Հրշեջ-փրկարարների, անտառային տնտեսությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատողների բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի նվազեցման գիտելիքների և կարողությունների հզորացում

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

9)

Հրդեհավտանգ բուսածածկ տարածքներում ականների և չպայթած պայթուցիկների տեղակայումը մատնանշող քարտեզների մշակում և տրամադրում արձագանքող ստորաբաժանումներին

Ականների և չպայթած պայթուցիկների տեղակայումը մատնանշող հրդեհավտանգ բուսածածկ տարածքների քարտեզների առկայություն, որոնք պետք է հստակ տեղեկություններ պարունակեն բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ քաղաքացիական անձանց և հրշեջ-փրկարարական ուժերի մուտքի սահմանափակման վերաբերյալ («կարմիր գոտիների» սահմանազատում):

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

10)

Սահմանամերձ ականապատ բուսածածկ հրդեհավտանգ տարածքներում ականազերծման աշխատանքների իրականացում

Սահմանամերձ ականապատ բուսածածկ տարածքներում հրդեհների դեպքում հրշեջների և բնակչության անվտանգության ապահովում

2016-2019 թթ.

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

11)

Բնակչության համար բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և դրանց վտանգավոր հետևանքների մասին իրազեկվածության ապահովում, այդ թվում՝ ահազանգող պաստառների մշակում, տպագրում ու տեղադրում, հեռուստահաղորդումների և հանրամատչելի ֆիլմերի պատրաստում ու ցուցադրում

Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և վտանգավոր հետևանքների մասին, ինչպես նաև դրանց առաջացմանը նպաստող մարդածին և կլիմայական գործոնների մասին Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից բնակչության իրազեկման բարձրացում

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 4. Հրդեհների արագ արձագանքման կարողությունների զարգացում, բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության ապահովում

12)

Անտառային հրդեհների մոնիթորինգի և կանխատեսման սարքերի ու սարքավորումների ձեռքբերում և տրամադրում անտառային տնտեսություններին, բնության հատուկ պահպանվող տարածքներին, հրշեջ-փրկարարական և կամավորական ջոկատներին

Անտառային տնտեսությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների և հրշեջ փրկարարական ջոկատների անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգի, կանխատեսման և արագ արձագանքման կարողությունների հզորացում

2016-2019 թթ., ֆինանսավորման առկայության պայմաններում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

13)

Համապատասխան մասնագիտական վերապատրաստումների և պարբերական դասընթացների կազմակերպում արհեստավարժ ու կամավոր հրշեջների ու բուսածածկ տարածքների հրդեհների մարման համար պատասխանատու այլ մարմինների աշխատողների, այդ թվում` ներգրավվող կամավորների համար

Բուսածածկ տարածքների հրդեհներ մարման համար պատասխանատու մարմինների վերապատրաստված ու ուսուցանված աշխատողներ

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

14)

Բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման թեմաներով ուսումնավարժությունների, վարժանքների, սեմինարների և խորհրդակցությունների անցկացում` դրանցում ընդգրկելով շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին, ինչպես նաև բնակչությանը

Բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման թեմաներով շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստում և բնակչության ուսուցում

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

15)

Ուղեցույցների մշակում և տրամադրում ռիսկային համայնքների բնակչությանը՝ բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Հրդեհավտանգ ժամանակաշրջանի սկզբում ռիսկային համայնքների բնակչության հետ հանդիպումների անցկացում

Բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ ռիսկային համայնքների բնակչության իրազեկվածության բարձրացում

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 5. Հրդեհաշիջում և հետևանքների վերացում

16)

Բուսածածկ տարածքների հրդեհներին արձագանքման սարքերի ու սարքավորումների ձեռքբերում և տրամադրում անտառային տնտեսություններին, բնության հատուկ պահպանվող տարածքներին, հրշեջ-փրկարարական և կամավորական ջոկատներին

Անտառային տնտեսությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների և հրշեջ փրկարարական ջոկատների բուսածածկ տարածքների հրդեհներին արագ արձագանքման կարողությունների հզորացում

2016-2019 թթ., ֆինանսավորման առկայության պայմաններում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

17)

Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում կամավոր հրշեջ ջոկատների ձևավորում

Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի պատրաստվածության բարձրացում Հայաստանի Հանրապետության անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում:

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 6. Միջազգային համագործակցության զարգացում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ոլորտում

18)

Մասնակցություն ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անտառային հրդեհների մասնագետների թիմի և վերջինիս իրավահաջորդ մեխանիզմի հետ

ա. կատարելագործել գիտելիքները և փորձը հրդեհագիտության ու հրդեհների կառավարման ոլորտում` փոխանակելով դրանք տարածաշրջանի և աշխարհի այլ պետությունների հետ,

բ. մշակել համագործակցության համաձայնագրեր և (կամ) հուշագրեր հարևան պետությունների հետ, որոնք թույլ կտան փոխանակել մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ բուսածածկ տարածքների հրդեհների պատրաստության և արձագանքման ոլորտում,

գ. դառնալ միջազգային այն կամավորական ցանցերի և կազմակերպությունների անդամ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն զբաղվում են շրջակա միջավայրին և հասարակությանը հրդեհների պատճառած վնասների նվազեցման հարցերով

2016-2019 թթ.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

19)

Մասնակցություն ՄԱԿ-ի աղետների կրճատման Միջազգային ռազմավարության ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպա/Կովկաս անտառային հրդեհների տարածաշրջանային ցանցի և Անտառային հրդեհների համաշխարհային ցանցի հետ, աղետների ռիսկերի կրճատման ՄԱԿ-ի գրասենյակի Տարածաշրջանային Հարավ-արևելյան Եվրոպայի/Կովկասի անտառային հրդեհների ցանցի և Աղետների ռիսկերի կրճատման ՄԱԿ-ի գրասենյակի Անտառային հրդեհների համաշխարհային ցանցի հետ

2016-2019 թթ.

 

20)

Մասնակցություն անտառային հրդեհների կառավարման վերապատրաստումներին, վարժանքներին և փորձագետների փոխանակումներին տարածաշրջանի ու այլ պետությունների հետ

2016-2019 թթ.

 

21)

Մասնակցություն միջազգային խորհրդաժողովներին, հատկապես անտառային հրդեհների միջազգային խորհրդաժողովներին (չորս տարին մեկ)

2016-2019 թթ.

 

22)

«Հրդեհների վերաբերյալ վարչական վիճակագրական տեղեկատվության ռեգիստրի ձևավորում և վարում» միջոցառումը:

  2016-2019 թթ.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն


 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2019, N 1230-Ա 20.09.2019, N 45-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան