Գլխավոր տեղեկություն
Համար
N 1422-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526) Հոդ.944
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1422-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1454-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «գլխավոր քարտուղարն է» բառերից հետո լրացնել «կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձն է» բառերով.

2) 19-րդ կետում՝

ա. «նախագծային փաստաթղթերի հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տվյալ շինարարական աշխատանքի կատարման համար չի պահանջվում նախագծային փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» բառերով,

բ. 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «կառավարման» բառերը.

3) 20-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ ենթակետով՝

«3) գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույց: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կատարվող գնումների դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամանակացույցը հաստատվում է գնման պահանջի ծագման օրվանից հաշված 20 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող գնումների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվելուց հետո ձեռնարկվում են միջոցներ մինչև բյուջետային տարին սկսվելը օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա գնման գործընթացները կազմակերպելու և պայմանագրերը կնքելու ուղղությամբ: Եթե շինարարական ծրագրի գնման համար պահանջվող ամբողջական միջոցները նախատեսված են հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրում, ապա գնման գործընթացը կազմակերպվում է օրենքի սույն ենթակետում նշված կարգավորման համաձայն՝ նախագծային փաստաթղթերով նախատեսված ամբողջական արժեքով:».

4) 21-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21. Եթե գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումը`»,

բ. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. գնման առարկայի բնութագրերը: Ապրանքների գնման դեպքում նշվում է նաև մասնակցի կողմից առաջարկվող ապրանքային նշանի, ֆիրմային անվանման, մակնիշի և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, իսկ պայմանագրի կատարման փուլում ապրանքն արտադրողից կամ վերջինիս ներկայացուցչից երաշխիքային նամակի կամ համապատասխանության սերտիֆիկատի ներկայացման անհրաժեշտությունը, եթե դրանք կիրառելի են տվյալ ապրանքի համար: Ընդ որում, պայմանագրի կատարման փուլում այն կնքած մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ չի պահանջվում.».

5) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ՝ բացառությամբ գնումը սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով կատարելու դեպքերի:».

6) 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-39-րդ կետերով՝

«33. Մշակութային և (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, բացառությամբ շինարարական աշխատանքների

34. Մշակութային արժեքների ձեռքբերում

35. Պարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման ծառայություններ

36. Պետական կամ համայնքային հիմնարկից տեղական ինքնակառավարման մարմնի կարիքների համար ծառայությունների ձեռքբերում

37. Բանկային սպասարկման ծառայություններ

38. Պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ապրանքի, աշխատանքի և ծառայության ձեռքբերում, եթե տվյալ կազմակերպության ստեղծման նպատակը` կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան, հիմնադրին կամ վերջինիս կողմից ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություններին` գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն է

39. Պետության և համայնքի հիսուն տոկոսից ավել մասնակցությամբ առևտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից».

7) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. պետության կամ համայնքների կարիքների համար գնումների դեպքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու, այլ պատվիրատուների դեպքում՝ ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի, իսկ հիմնադրամների դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ անհետաձգելի համարված այլ դեպքերում,».

8) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ ենթակետերով՝

«6) ծրագրային ապահովման, ներառյալ եթե այդ նպատակով կնքվելիք պայմանագրի գնի հիսուն տոկոսից ավելը վերաբերում է ապարատային ապահովումներին, ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների (ծառայությունների) գնումը համարվում է խորհրդատվական ծառայություն, և դրանց ձեռքբերումն իրականացվում է օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում սույն ենթակետի կիրառման դեպքում կարող է չկիրառվել նախաորակավորման ընթացակարգ.

7) շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացնում է պատվիրատուն.

8) գնման ընթացակարգը որպես ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում որակելու համար հաշվի է առնվում կնքվելիք պայմանագրի գնի մեջ դրանցից որևէ մեկի մեծ տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը, բացառությամբ շինարարական աշխատանքների:».

9) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«32. Հրավերով նախատեսվում է նաև, որ՝

1) մասնակիցը հայտով ներկայացնում է՝

ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` նշելով էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն և հեռախոսահամարը,

բ. իր կողմից հաստատված հավաստում՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր համապատասխանության մասին,

գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացրած գնային առաջարկի չափով որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Ընդ որում շինարարական ծրագրերի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում սույն պարբերությամբ նախատեսված ապահովման չափը հավասար է շինարարական աշխատանքների գնման համար սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով նախատեսված արժեքի տաս տոկոսին: Սույն պարբերությամբ նախատեսված շինարարական աշխատանքի գնման արժեքը հրապարակվում է հրավերում: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը՝

- չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման, որի դեպքում ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով.

- գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը կամ գնման առարկա է հանդիսանում շինարարական ծրագրերի կատարման տեխնիկական հսկողության ծառայությունը, ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով: Ընդ որում ապահովման գործողության ժամկետը չպետք է պակաս լինի կնքվելիք պայմանագրով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման վերջնաժամկետից, ներառյալ՝ պայմանագրի կատարման արդյունքի ընդունման համար սահմանված ժամկետը, և ներկայացվում է օրենքի 35-րդ կետով սահմանված կարգով,

դ. գնային առաջարկ,

ե. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը՝ պայմանով, որ դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն՝ ուղեկցող գրությամբ,

զ. ապրանքների գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը և արտադրողի անվանումը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր),

է. հայտարարություն` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին,

ը. հայտարարություն` տվյալ գնման գործընթացում իրեն, սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության բացակայության մասին.

թ. այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, ով ուղղակի կամ անուղղակի ունի մասնակցի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ավելի, քան տասը տոկոսը, ներառյալ՝ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը կամ այն անձի (անձանց) տվյալները, ով իրավունք ունի նշանակելու կամ ազատելու մասնակցի գործադիր մարմնի անդամներին կամ ստանում է մասնակցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին: Սույն պարբերության մեջ նշված անձանց բացակայության դեպքում ներկայացվում են գործադիր մարմնի ղեկավարի և անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում.

2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման: Ընդ որում, մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե`

ա. գնային առաջարկի ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և՛ տառերով, և՛ թվերով կամ միայն տառերով,

բ. գնային առաջարկի ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին,

գ. գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված,

դ. գնային առաջարկի ինքնարժեք, շահույթ, ավելացված արժեքի հարկ և ընդհանուր գումար սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների լումաները կլորացված են մինչև հինգ տասնորդականը՝ դեպի ներքև ամբողջ թիվը, իսկ հինգ տասնորդական և դրանից ավելին՝ դեպի վերև ամբողջ թիվը,

ե. գնային առաջարկի ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ սյունակներում գումարները լրացված են ինչպես թվերով, այնպես էլ տառերով, և դրանք համապատասխանում են միմյանց, իսկ ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարի մեջ լրացված են ավելորդ բառեր, որի արդյունքում ստացվում է գոյություն չունեցող թիվ: Ընդ որում սույն պարբերության մեջ նշված դեպքում գնահատող հանձնաժողովը հայտը գնահատելիս հիմք է ընդունում ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով լրացված գումարների հանրագումարը,

զ. գնային առաջարկի սյունակներում տառերով լրացված գումարների մեջ լումաները նշված են թվերով.

3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը ներկայացնում է նաև իր կողմից՝

ա. հաստատված՝ լրացված ծավալաթերթ-նախահաշիվ, հաշվի առնելով հրավերին կցված ծավալաթերթով ըստ աշխատանքների նախահաշվային բաժինների համար սահմանված առավելագույն կշիռները: Ընդ որում կշիռները կիրառվում են մասնակցի առաջարկած ընդհանուր գնային առաջարկի նկատմամբ, նկատի ունենալով, որ շեղումը չի կարող ավել կամ պակաս լինել հրավերին կցված ծավալաթերթով տվյալ բաժնի համար սահմանված կշռի չափի տասը տոկոսից: Աշխատանքների բաժինները չեն կարող արհեստականորեն միավորվել կամ առանձնացվել,

բ. առաջարկվող՝ հրավերին կցված նախագծային փաստաթղթերով սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխանող սարքերի և սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները, արտադրողները և երաշխիքային ժամկետները: Ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրի նախագծում ներառվում են վերջինիս կողմից հայտով ներկայացված սարքերը և սարքավորումները.

4) պահանջի դեպքում որևէ մասնակցի հայտի պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած այլ մասնակցին: Պահանջի կատարման անհնարինության դեպքում պահանջը ներկայացրած անձին անհապաղ տրամադրվում են հայտում ներառված փաստաթղթերը, որոնց վերջինս ծանոթանում է տեղում, իրավունք ունի լուսանկարելու դրանք և վերադարձնում է քարտուղարին նիստի ընթացքում՝ առանց խոչընդոտելու հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

5) նշում կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին, պայմանով, որ ընտրված մասնակիցը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում, կանխավճարի չափը չի կարող գերազանցել ընտրված մասնակցի առաջարկած գնի 25 տոկոսը՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա կատարվող գնումների.

6) կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած այլ մասնակիցը: Եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները.

7) մասնակիցները կարող են գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`

ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,

բ. հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ: Սույն պարբերության պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը,

գ. եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.

8) եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով՝ պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով.

9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում հայտի ապահովման չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին, և եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն ենթակետով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.

10) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին՝

ա. նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի տասնապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի ապահովումը, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով,

բ. նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա որակավորման ապահովումը հատկացված ֆինանսական միջոցների չափով ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, իսկ հետագայում պահանջվող ֆինանսական միջոցների մասով ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.

11) էլեկտրոնային եղանակով ծանուցումներն իրականացվում են տեղեկություններն էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, որի ժամանակ ծանուցումներն իրականացվում են թղթային եղանակով: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները: Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ հավաստագիրը` զետեղված «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում, կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով: Գնման ընթացակարգն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցները` այդ փաստաթղթերը ներկայացնում են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.

12) ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ապրանքների գնման դեպքում պայմանագրի նախագծում ներառվում է ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը.

13) ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր, և դա ներկայացնելու գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.

14) գնման ընթացակարգին (միևնույն չափաբաժնին) արգելվում է սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը.

15) բողոքարկման վճարը կատարելու համար լիազորված մարմնի անվանմամբ բացված գանձապետական հաշվեհամարը և տվյալներ այն մասին, որ ներկայացվող բողոքում անձը պետք է նշի նաև այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որի բողոքը բավարարվելու դեպքում պետք է փոխանցվի վճարը.

16) որակավորման ապահովումը չի վերադարձվում այն ներկայացրած անձին, եթե վերջինս խախտել է պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը.

17) գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են ըստ առանձին չափաբաժինների: Եթե չափաբաժիններով կազմակերպված գնման ընթացակարգի շրջանակում`

ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ՝ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի նկատմամբ: Եթե հանրագումարը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների ներկայացված գնային առաջարկները չեն գերազանցում այդ չափը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում,

բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ: Եթե ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրի ընդհանուր գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների գները չեն գերազանցում այդ չափը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, իսկ որակավորման ապահովումը բանկային երաշխիքի ձևով՝ պայմանագրի ընդհանուր գնի չափով,

գ. մասնակիցը հրաժարվում է որևէ չափաբաժնից կամ պայմանագիր կնքելուց, կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից, ապա հայտի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված ապահովման չափով,

դ. կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով որևէ չափաբաժնի մասով լուծվում է, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները վճարվում են միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված գումարի չափով.

18) եթե մասնակիցը օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ցուցակներում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա տվյալ հայտը ենթակա չէ մերժման.

19) եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.

20) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գնման հայտը հաստատվելու օրվա դրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, և կնքվելիք պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ.

21) հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը գերազանցում է յոթանասունհինգ չափաբաժինը, ապա հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում.

22) հրավերի վերաբերյալ մասնակցին չի տրամադրվում պարզաբանում, եթե հարցումը վերաբերում է վերջինիս կողմից առաջարկվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համարժեքության համապատասխանությանը.

23) ավտոմեքենաների, սարքերի և սարքավորումների վերանորոգման ծառայությունների գնման դեպքում, հրավերով սահմանվում է նաև ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման միավոր առավելագույն գինը, իսկ մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է՝ հաշվի առնելով այդ առավելագույն գների հանրագումարը՝ նկատի ունենալով, որ կնքվող պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝

ՎԳ=ՄԳ/ՆԳxԾxՔ, որտեղ՝

1) ՎԳ-ն պայմանագրով սահմանված առանձին տեսակի ծառայությունների մատուցման դիմաց վճարվող գումարն է.

2) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած հանրագումարային գինն է.

3) ՆԳ-ն ծառայության մատուցման համար սահմանված առավելագույն միավոր գների հանրագումարն է.

4) Ծ-ն մատուցված ծառայության առավելագույն միավորի գինն է.

5) Ք-ն մատուցված ծառայության քանակն է.

24) պատվիրատուն և (կամ) գնահատող հանձնաժողովը կարող է պատճառաբանված որոշման դեպքում սույն կարգի 67-րդ կետի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով ստուգել մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին բավարարելու մասին հայտով ներկայացված հավաստման իսկությունը.

25) յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալը, էլեկտրոնային փոստի միջոցով գնահատող հանձնաժողովի քարտուղարին ներկայացնել հիմնավորումներ հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերի՝ օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների տեսակետից՝ առանց նշելու անունը-ազգանունը: Ներկայացված հիմնավորումներն ընդունելի համարվելու դեպքում գնահատող հանձնաժողովը սահմանված ժամկետում դրանցով պայմանավորված փոփոխություններ է կատարում հրավերում.

26) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման, որի դեպքում ապահովումը այն ներկայացրած անձին վերադարձվում է օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ վերջինիս կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում.

27) պայմանագրի ապահովումը այն ներկայացրած անձին վերադարձվում է օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ վերջինիս կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում:».

10) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«33. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ՝

1) պայմանագրի կողմը պատասխանատվություն է կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխման դեպքում պայմանագրի կողմը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) համատեղ գործունեության (կոնսորցիումի) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.

4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը պայմանագրով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն պատասխանատու ստորաբաժանման կողմից պայմանագրի արդյունքը չընդունվելու դեպքում: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Եթե`

ա. պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով կնքված այն համաձայնագրի գնի նկատմամբ, որի շրջանակներում արձանագրվել է ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը,

բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով, և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավելի չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ.

5) գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի ու տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ.

6) եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքների թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին՝ պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

7) ծառայությունների, նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական ծրագրերի կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ծառայությունը, աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել մատուցված ծառայության, կատարված աշխատանքի կամ մատակարարված ապրանքի թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին՝ պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

8) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է: Սույն կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում հսկողություն և (կամ) վերահսկողություն իրականացնող մարմինները, իսկ մյուս դեպքերում պատվիրատուն այդ մասին ծանուցում են իրավապահ մարմիններին՝ վերջիններիս և պայմանագիր կնքած մասնակցին ներկայացնելով հիմքերը.

9) պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել՝ նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ.

10) նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`

ա. շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաների և այլն) և օգտագործվելիք նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,

գ. ներկայացնում է աշխատանքների առանձին տեսակների կատարման օրացուցային ժամանակացույցը,

դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է հայերեն և ռուսերեն լեզուներով՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

11) շինարարական աշխատանքների կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծողը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի տասը տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների արժեքի քսանհինգ տոկոսին,

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի հանգեցրած՝ փաստացի կատարված աշխատանքների արժեքի հիսուն տոկոսին.

12) եթե պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, սակայն տվյալ տարում նախատեսված չեն կամ նախատեսված են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա պայմանագրում նախատեսվում է, որ հետագայում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով: Եթե պայմանագրի կատարման համար հատկացված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա պատվիրատուի կողմից համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված որակավորման և պայմանագրի ապահովումները` նախատեսված ֆինանսական միջոցների չափով, փոխարինվում է բանկային երաշխիքով կամ կանխիկ փողով՝ հաշվի առնելով սույն կարգի 32-րդ կետի 17-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները: Ընդ որում, պայմանագրի կողմը համաձայնագիրը կնքում, իսկ ապահովումների փոխարինման դեպքում նաև նոր ապահովումները պատվիրատուին ներկայացնում է համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է.

13) շինարարական աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում են կապալի օբյեկտի և դրա առանձին մասերի երաշխիքային ժամկետները, և սահմանվում է, որ եթե այդ ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով.

14) շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը քաղաքաշինական փորձաքննության ենթարկելու նպատակով անձի հետ կնքվող պայմանագրում նախատեսվում է, որ շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում անձը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի տասը տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների արժեքի քսանհինգ տոկոսին,

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի հանգեցրած՝ փաստացի կատարված աշխատանքների արժեքի հիսուն տոկոսին.

15) որակավորման և պայմանագրի ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովումների գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին.

16) եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված, և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստն ամրագրվում է երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը.

17) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը ուղարկվում է նաև պայմանագիր կնքած անձի էլեկտրոնային փոստին.

18) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ և 37-րդ կետերով նախատեսված գնումների:».

11) 34-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է տեղեկագրում: Ընդ որում հայտարարության և հրավերի տեքստերը, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, պայմանագիր կնքելու, կնքված պայմանագրի և ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունները հրապարակվում են նաև ռուսերեն լեզվով: Ռուսերեն լեզվով հրապարակված նյութերի տարաբնույթ (երկակի) մեկնաբանման հնարավորության դեպքում հիմք է ընդունվում հայերեն տեքստը.

2) գնման ընթացակարգը թղթային եղանակով կազմակերպվելու դեպքում հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում նյութերը հայերեն և ռուսերեն լեզուներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է նաև տեղեկագրում.».

12) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«40. Հայտերի բացման և գնահատման նիստում`

1) նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված։ Հանձնաժողովի քարտուղարը հաղորդում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.

3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված, հիմք ընդունելով տառերով գրվածը.

4) հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը, կամ եթե այն ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: Գնումն էլեկտրոնային համակարգով իրականացվելու դեպքում հիմք է ընդունվում համակարգում կցված` մասնակցի կողմից հաստատված գնային առաջարկը.

5) հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է ընտրված և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին: Ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված ապրանքի ամբողջական նկարագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին: Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում, կամ եթե ոչ գնային պայմանները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման հայտով սահմանված գինը կամ գնումն իրականացվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա՝

ա. ընտրված և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),

բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված բոլոր մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,

գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը,

դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,

ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ դրան ներկա մասնակիցների ներկայացրած գների, որոնք չեն գերազանցում գնման հայտով սահմանված գինը, որոշվում ու հայտարարվում են ընտրված և հաջորդական տեղերն զբաղեցրած մասնակիցները,

զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է բանակցությունների արդյունքում ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ՝

- միևնույն գնման առարկայի բնութագրերով տվյալ օրացուցային տարում արդեն իսկ կազմակերպվել է առնվազն մեկ գնման մրցակցային ընթացակարգ, որը չկայացած է հայտարարվել մասնակիցների ներկայացրած գները գնման հայտով սահմանված գինը գերազանցելու հիմքով պայմանավորված.

- ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում.

է. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը կամ նվազագույն գները հավասար են, գնման ընթացակարգն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած, բացառությամբ սույն ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված դեպքի:».

13) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Եթե անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա, ապա մասնակցին ուղարկվող ծանուցմանը կցվում է նաև կոմիտեից ստացված տեղեկատվության բնօրինակից սկանավորված տարբերակը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:».

14) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«42. Եթե սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը սույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «դ» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:».

15) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«43. Հայտերի բացման և գնահատման նիստի ավարտից հետո ոչ ուշ, քան հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը`

1) հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրության բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը և սույն կարգի 32-րդ կետի 25-րդ ենթակետի հիման վրա ստացված հիմնավորումների քննարկման ամփոփաթերթը, որը պարունակում է տեղեկություններ նաև հիմնավորումները ստանալու ամսաթվի և էլեկտրոնային փոստի հասցեների վերաբերյալ, հրապարակում է տեղեկագրում: Եթե հիմնավորումներ չեն ներկայացվել, ապա հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ դրա մասին կատարվում են համապատասխան նշումներ: Ընդ որում, հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են արձանագրված անհամապատասխանությունները և դրանցով պայմանավորված հայտերի մերժման հիմքերը.

2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում: Գնահատող հանձնաժողովի այն անդամները, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն ենթակետում նախատեսված հայտարարությունները, որոնք տեղեկագրում քարտուղարը հրապարակում է ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը:».

16) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«48. Եթե հայտերի գնահատման արդյունքում անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում, ապա այն համարվում է շտկված, եթե մասնակիցը ներկայացնում է տրամադրած տեղեկատվության մեջ նշված գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) օրինակը:».

17) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«50. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով, եթե ներկայացվել է նաև որակավորման ապահովումը հիմնավորող փաստաթուղթը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը պայմանագրում ներառվում է՝ համաձայն ընտրված մասնակցի կողմից ներկայացված և գնահատող հանձնաժողովի կողմից բավարար գնահատված առաջարկի:».

18) 56-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք միասին գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Շինարարական աշխատանքների դեպքում սույն ենթակետով նախատեսված տոկոսի հաշվարկի մեջ չեն ներառվում սկզբնական նախահաշվով նախատեսված ծավալների նկատմամբ առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության փաստացի կատարված աշխատանքների ճշգրտումները: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման մասնագիտական եզրակացությունն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը.».

19) 67-րդ կետը «կարող է» բառերից հետո լրացնել «պատճառաբանված որոշման դեպքում» բառերով.

20) 71-րդ կետում՝

1) 1-ին ենթակետում՝

ա. «բ», «գ», «դ» տառերը փոխարինել «բ», «գ», «դ» և «ե» տառերով.

բ. «գ» պարբերությունից հանել «և որակավորումը» բառերը.

գ. «զ» պարբերությունում «ներկայացնում է» բառերից հետո լրացնել «որակավորման և» բառերով.

2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա, ապա՝

ա. մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում,

բ. ընտրված մասնակիցը որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա,

գ. մասնակցի հայտը ներառում է գնային առաջարկը, ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը, իսկ գնումը սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա կատարվելու դեպքում նաև իր կողմից հաստատված հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի համապատասխանության մասին.

3) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա, ապա մասնակիցը՝

ա. հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում,

բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ:».

21) 72-րդ կետում «միավորի կեսը» բառերը փոխարինել «միավորը» բառով.

22) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«91. Լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է առավելագույն` «100» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները:».

23) 96-րդ կետի՝

1) 1-ին ենթակետից հանել «որակավորված մասնակիցներից» բառերը.

2) 2-րդ ենթակետից հանել «որակավորման հատկանիշներին և» բառերը.

24) 99-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«99. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով, եթե ներկայացվել է նաև որակավորման ապահովումը հիմնավորող փաստաթուղթը:».

25) 109-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ՝

«ՀՀ պաշտպանության նախարարության պատվերներով իրականացվող տեղական արտադրության ռազմական նշանակության ապրանքի և (կամ) գույքի համար, որոնց ընդունումը (նախատեսված է) իրականացվել է պատվիրատուի ներկայացուցչության միջոցով, արձանագրության ստորագրման համար հիմք է ընդունվում ներկայացուցչության կողմից այդ ապրանքի և (կամ) գույքի համար տրված դրական եզրակացությունը:».

26) 114-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Ընդ որում մինչև կանխավճարի ամբողջական մարումը, պայմանագրի կողմին վճարումներ չեն կատարվում.».

27) ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերությունները, 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 11-րդ կետը, 44-րդ, 46-րդ, 47-րդ, 49-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ կետերը, 69-րդ կետի 2-րդ, 70-րդ կետի 3-րդ, 85-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, XIV գլուխը:

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1454-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան