«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2006 թվականի N 500-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`
ա) թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների ձևերը,
բ) ռեեստրի վարման գրքի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի (այսուհետ` ռեեստր) վարման հետ կապված հարաբերությունները:
2. Ռեեստրի վարման հիմնական նպատակը թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծումը, մշակումն ու պահպանումն է:
3. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
4. Ռեեստրում գրանցման ենթակա են`
ա) այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց համար հաստատվում են թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր,
բ) թափոնների վերամշակման և (կամ) օգտահանման շահագործվող օբյեկտները:
5. Ռեեստրի վարման նպատակով` թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտները (այսուհետ` օբյեկտ) մինչև 2007 թվականի մարտի 1-ը, իսկ նոր օբյեկտները՝ իրենց գործունեությունը սկսելուց հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ձևերին համապատասխան:
Հաշվետվությունը ներկայացվում է կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
Ռեեստրում գրանցված օբյեկտները մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում փոփոխված գրանցման հաշվետվություն, եթե հաշվետու տարում տեղի են ունեցել փոփոխություններ:
(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1045-Ն, լրաց. 29.01.16 N 69-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)
II. ՌԵԵՍՏՐԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Ռեեստրային գրանցման հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները`
ա) օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը,
բ) օբյեկտի մասին ընդհանուր տեղեկություններ (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, հողամասի մակերեսը, տեղանքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը),
գ) օբյեկտը շահագործման հանձնելու տարեթիվը,
դ) օբյեկտի հզորությունը (տ/տարի, տ/օր),
ե) տեխնոլոգիական սարքավորման տեսակը,
զ) գոյացող, վերամշակվող և օգտահանվող թափոնների բնութագիրը (անվանումը, ծածկագիրը, ագրեգատային վիճակը, վտանգավորության դասը, ծավալը` տ/տարի),
է) շահագործման գործելակարգը (ռեժիմը),
ը) ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` արտանետումները (աղտոտող նյութերի անվանումները, արտանետումների ծավալը` տ/տարի) արտահոսքերը (աղտոտող նյութերի անվանումները, արտահոսքերի ծավալը` տ/տարի), թափոնները (անվանումը, ծածկագիրը, վտանգավորության դասը, ծավալը՝ տ/տարի, հետագա տեղաբաշխումը),
թ) սանիտարական պահպանության գոտու բնութագիրը:
7. Ռեեստրային գրանցման հաշվետվությանը կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.01.16 N 69-Ն)
բ) օբյեկտի տեխնոլոգիայի համառոտ նկարագիրը:
(7-րդ կետը փոփ. 29.01.16 N 69-Ն)
III. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Ռեեստրի վարման նպատակով կազմվում է ռեեստրի վարման գիրք, որում գրանցվում են օբյեկտի անվանումը, ռեեստրային գրանցման հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, ռեեստրային գրանցման հաշվետվությանը կից ներկայացված փաստաթղթերի անվանումները, օբյեկտին տրվող ռեեստրային համարը և օբյեկտի կողմից ներկայացված ռեեստրային գրանցման հաշվետվության ու դրան կից ներկայացված փաստաթղթերի պահման գործի համարը:
9. Լիազոր մարմինն ուսումնասիրում է օբյեկտի կողմից սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու տեղեկությունների հավաստիությունը և, թերություններ չհայտնաբերելու դեպքում, գրանցում է պետական ռեեստրի վարման գրքում` ռեեստրային համարի ամրագրմամբ:
Օբյեկտները ռեեստրում գրանցված են համարվում դրանց ռեեստրային համար տալու օրվանից:
Օբյեկտին տրվում է տեղեկանք ռեեստրում գրանցման մասին:
10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են ռեեստրային գրանցման հաշվետվությունն ու փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Պահանջվող փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ ներկայացված փաստաթղթերում անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հաշվետվությունը, լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով վերադարձնում է լրամշակման:
Կրկնակի ներկայացված ռեեստրային գրանցման հաշվետվության և փաստաթղթերի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:
(10-րդ կետը խմբ. 29.01.16 N 69-Ն)
(հավելվածը խմբ. 10.09.15 N 1045-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.01.16 N 69-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |