Գլխավոր տեղեկություն
Համար
N 741-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 25.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 741-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11

Երևան

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 741-Լ
որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ վիճակագրական կոմիտե) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իր կանոնադրության և այլ օրենքների ու իրավական ակտերի հիման վրա:

2. Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է և համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը և տարածմանն ուղղված ամբողջ գործունեությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

3. Վիճակագրական կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

4. Վիճակագրական կոմիտեի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, կրճատ՝ ՀՀ ՎԿ կամ Արմստատ.

2) ռուսերեն` Статистический комитет Республики Армения, կրճատ՝ Армстат.

3) անգլերեն` The Statistical Committee of the Republic of Armenia, կրճատ՝ Armstat.

4) ֆրանսերեն՝ Comité statistique de la République d'Arménie, կրճատ՝ Armstat:

5. Վիճակագրական կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր:

6. Վիճակագրական կոմիտեի խորհրդանշանը հետևյալն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_15383

 

Խորհրդանշանը կենտրոնում սպիտակ, բաց կապույտ ֆոնով և աջ վերնամասում ստվեր պարունակող ուղղանկյուն պատկեր է: Խորհրդանշանի մեջ գրաֆիկական սև գծապատկերով արտացոլված է Արարատ լեռը, որի ձախ և աջ մասերում արտացոլված են հայերեն ՀՎ և անգլերեն SA տառերը, որոնք արտահայտում են «Հայաստանի վիճակագրություն» և «Statistics Armenia» բառերի հապավումները:

7. Վիճակագրական կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են վիճակագրական կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալները (այսուհետ՝ նախագահի տեղակալներ), Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամները, վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդականը, վիճակագրական կոմիտեի նախագահի օգնականները, նախագահի տեղակալների օգնականները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, կառուցվածքային և գործառնական ստորաբաժանումները:

8. Վիճակագրական կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

9. Վիճակագրական կոմիտեի գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Հանրապետության պողոտա, Կառավարական N 3 շենք:

 

II. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Վիճակագրական կոմիտեի նպատակներն են`

1) պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան՝ հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրության ապահովումը, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները.

2) տնտեսական ու հասարակական գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական մարմիններին, հիմնարկներին, կազմակերպություններին (այդ թվում` միջազգային), ինչպես նաև հասարակությանը տեղեկատվությամբ ապահովումը:

11. Վիճակագրական կոմիտեի խնդիրներն են՝

1) պաշտոնական վիճակագրություն օգտագործողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակագրական տեղեկատվությամբ ապահովումը.

2) պաշտոնական վիճակագրություն արտադրողների համար միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին և սկզբունքներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.

3) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների ապահովումը.

4) վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող վիճակագրական փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը.

5) պաշտոնական վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը.

6) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ պետական խորհուրդ) կողմից սահմանված կարգով վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ապահովումը:

 

III. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Վիճակագրական կոմիտեի գործառույթներն են`

1) վիճակագրական ծրագրերին համապատասխան իրականացնում է պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունը և տարածումը.

2) պետական խորհրդի կողմից սահմանված մեթոդների, ընտրանքի և անցկացման կարգին համապատասխան իրականացնում է ընտրանքային հետազոտություններ.

3) օրենքով սահմանված կարգով իրականացնում է համատարած հաշվառումները.

4) պետական խորհրդի կողմից սահմանված վիճակագրական փաստաթղթերի միջոցով հավաքում է վիճակագրական տվյալներ (այդ թվում՝ վարչական ռեգիստրներից).

5) վարում է վիճակագրական, այդ թվում՝ բիզնես ռեգիստրներ.

6) վարում է վիճակագրական տվյալների շտեմարաններ.

7) հավաքում է անհրաժեշտ վիճակագրական տվյալներ քաղաքացիներից` նրանց կենսապայմանների, սոցիալ-ժողովրդագրական վիճակի, տնային տնտեսությունների և այլնի վերաբերյալ.

8) օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնում է Վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագիրը.

9) կնքում է համագործակցության պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր, ընդունում է համատեղ հրամաններ այլ պետությունների պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմինների, միջազգային կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

10) պետական խորհրդի կողմից սահմանված կարգով պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների համար սահմանում է համակարգված տարածման քաղաքականությունը՝ թափանցիկ ընթացակարգերով ազգային վիճակագրական համակարգում կիրառման համար, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության տարածման համար մեկ ընդհանուր տերմինաբանությունը.

11) համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը և տարածմանն ուղղված ամբողջ գործունեությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.

12) օրենքով սահմանված կարգով քննում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը.

13) իր իրավասության շրջանակում ապահովում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը:

(12-րդ կետը լրաց. 25.09.19 N 1358-Լ)

 

IV. Վիճակագրական կոմիտեի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Վարչապետը՝

1) հաստատում է վիճակագրական կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) վերահսկողություն է իրականացնում վիճակագրական կոմիտեին ամրացված կամ օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

3) հաստատում է վիճակագրական կոմիտեի տարեկան հաշվեկշիռը.

4) նշանակում է պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անդամներին.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վիճակագրական կոմիտեի նախագահի և պետական խորհրդի անդամների թեկնածությունները.

6) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

14. Պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման գործառույթների մասով ազգային վիճակագրական համակարգի, այդ թվում՝ վիճակագրական կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական խորհուրդն է:

15. Պետական խորհուրդը՝

1) ընդունում է պաշտոնական վիճակագրության վերաբերյալ նորմատիվ և անհատական բնույթի որոշումներ` օրենքով նախատեսված դեպքերում.

2) հաստատում է վիճակագրական ծրագրերը.

3) իրականացնում է վերահսկողություն վիճակագրական ծրագրերի իրագործման նկատմամբ.

4) հաստատում է վիճակագրական ծրագրերի կատարման հաշվետվությունները.

5) հաստատում է պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման սկզբունքները.

6) վիճակագրական կոմիտեի նախագահի ներկայացմամբ հաստատում է իր և հանրային խորհրդի աշխատակարգերը.

7) վիճակագրական կոմիտեի նախագահի ներկայացմամբ հաստատում է վիճակագրական կոմիտեի գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.

8) հաստատում է վիճակագրական կոմիտեի կողմից տվյալների հավաքման կարգը (մեթոդները, ընդգրկումը, պարբերականությունը).

9) պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների համար սահմանում է համակարգված տարածման քաղաքականությունը՝ թափանցիկ ընթացակարգերով ազգային վիճակագրական համակարգում կիրառման համար և պաշտոնական վիճակագրության տարածման համար մեկ ընդհանուր տերմինաբանություն.

10) սահմանում է վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալների, այդ թվում՝ վարչական ռեգիստրներից, հավաքվող վիճակագրական փաստաթղթերի (վիճակագրական հաշվետվություններ, հետազոտության հարցաթերթեր և այլն) ձևերը և դրանց լրացման կարգերը.

11) հաստատում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման կարգը.

12) ընդունում է վիճակագրական ծրագրերի մեջ այլ արտադրողների, նրանց ծրագրավորած արդյունքների և համապատասխան միջոցառումների ներառման մասին որոշումներ.

13) սահմանում է վիճակագրական ծրագրերի հիման վրա իրականացվող դիտարկումների մեթոդները, ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքը և անցկացման կարգը.

14) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Վիճակագրական կոմիտեի նախագահը՝

1) պատասխանատու է վիճակագրական կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ.

4) իրականացնում է վիճակագրական կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վիճակագրական կոմիտեին ամրացվող գույքի կազմը և չափը.

6) նշանակում և ազատում է իր խորհրդականին, օգնականներին և նախագահի տեղակալների օգնականներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

7) օրենքով կամ վիճակագրական կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է վիճակագրական կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

8) հաստատում է վիճակագրական կոմիտեի հաստիքացուցակը.

9) հաստատում է վիճակագրական կոմիտեի գործառնական ստորաբաժանումների հաստիքացուցակը և աշխատավարձերը.

10) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

11) սահմանում է վիճակագրական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

12) վիճակագրական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությամբ պաշտոնական վիճակագրության առանձին ոլորտների ռազմավարական և մեթոդաբանական խորհրդատվական աջակցության նպատակով կարող է կազմավորել խորհրդատվական միավորներ՝ կազմված տվյալ ստորաբաժանման կազմից և տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտի վիճակագրության հիմնական օգտագործողներից.

13) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

14) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

15) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վիճակագրական կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումներն ու հանձնարարականները.

16) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, վիճակագրական կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

17) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում հաստատում է Վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագրի աշխատողների հաստիքացուցակը և աշխատավարձերը.

18) հաստատում է գաղտնիության պահպանման պարտավորագրի ձևը.

19) իրականացնում է աշխատանքի բաժանում նախագահի տեղակալների միջև.

20) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

17. Վիճակագրական կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է նախագահի տեղակալներից մեկը՝ վիճակագրական կոմիտեի նախագահի հրամանով:

18. Նախագահի տեղակալը՝

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում վիճակագրական կոմիտեի կառուցվածքային և գործառնական ստորաբաժանումներին, վիճակագրական կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է վիճակագրական կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն ու արդյունքների մասին տեղեկացնում վիճակագրական կոմիտեի նախագահին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական խորհրդի անդամների, գլխավոր քարտուղարի, կառուցվածքային և գործառնական ստորաբաժանումների, Վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագրի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում վիճակագրական կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է վիճակագրական կոմիտեի նախագահի կողմից տրված հանձնարարականները:

19. Նախագահի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախագահի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախագահի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախագահի տեղակալին:

20. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի վիճակագրական կոմիտեի գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք բերելու և իրականացնելու սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է վիճակագրական կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ.

4) օրենքով կամ վիճակագրական կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է վիճակագրական կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր Վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագրի աշխատողների հետ.

6) վիճակագրական կոմիտեի նախագահին առաջարկություններ է ներկայացնում վիճակագրական կոմիտեի կառուցվածքային և գործառնական ստորաբաժանումների, Վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագրի աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

7) վիճակագրական կոմիտեի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական խորհրդի անդամների, նախագահի տեղակալների, կառուցվածքային և գործառնական ստորաբաժանումների ղեկավարների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

9) իր համակարգման լիազորությունների շրջանակներում վիճակագրական կոմիտեի կառուցվածքային և գործառնական ստորաբաժանումներին, վիճակագրական կոմիտեին ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է վիճակագրական կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ ու դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով վիճակագրական կոմիտեի նախագահին.

10) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) վիճակագրական կոմիտեի նախագահի և (կամ) նախագահի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

21. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, ով փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Դրա անհնարինության դեպքում նրան փոխարինում է կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ նախագահի հանձնարարությամբ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է:

22. Վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդականը՝

1) վիճակագրական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառներում աշխատանքների համակարգում.

2) վիճակագրական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է խորհրդակցությունների, պետական խորհրդի նիստերի.

3) իր լիազորությունների շրջանակներում շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, վիճակագրական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն.

4) իրականացնում է խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ:

23. Վիճակագրական կոմիտեի նախագահի օգնականը՝

1) կազմակերպում է վիճակագրական կոմիտեի նախագահի մոտ տեղի ունեցող աշխատանքային հանդիպումները և խորհրդակցությունները.

2) վիճակագրական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է խորհրդակցությունների.

3) կատարում է վիճակագրական կոմիտեի նախագահի այլ հանձնարարականներ:

24. Նախագահի տեղակալի օգնականը՝

1) կազմակերպում է նախագահի տեղակալի մոտ տեղի ունեցող աշխատանքային հանդիպումները և խորհրդակցությունները.

2) կատարում է նախագահի տեղակալի հանձնարարականները:

 

V. Վիճակագրական ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

25. Վիճակագրական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ներքին աուդիտի վարչություն.

2) Երևան քաղաքի վարչություն.

3) Արագածոտնի մարզային վարչություն.

4) Արարատի մարզային վարչություն.

5) Արմավիրի մարզային վարչություն.

6) Գեղարքունիքի մարզային վարչություն.

7) Լոռու մարզային վարչություն.

8) Կոտայքի մարզային վարչություն.

9) Շիրակի մարզային վարչություն.

10) Սյունիքի մարզային վարչություն.

11) Վայոց ձորի մարզային վարչություն.

12) Տավուշի մարզային վարչություն.

13) տնային տնտեսությունների վիճակագրության բաժին.

14) սոցիալական ոլորտի վիճակագրության բաժին.

15) բնապահպանության վիճակագրության բաժին.

16) աշխատանքի վիճակագրության բաժին.

17) մարդահամարի և ժողովրդագրության բաժին.

18) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին.

19) մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին.

20) վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին.

21) ֆինանսների վիճակագրության բաժին.

22) արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժին.

23) շինարարության վիճակագրության բաժին.

24) գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժին.

25) տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին.

26) առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժին.

27) բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժին.

28) որակի կառավարման բաժին.

29) վիճակագրական տեղեկատվության տարածման բաժին:

26. Վիճակագրական կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն.

2) իրավաբանական բաժին.

3) քարտուղարություն.

4) անձնակազմի կառավարման բաժին.

5) միջազգային վիճակագրական համագործակցության բաժին.

6) հաշվապահական հաշվառման բաժին.

7) ֆինանսատնտեսագիտական բաժին.

8) գնումների գործընթացի կազմակերպման և տնտեսական բաժին.

9) առաջին բաժին.

10) տպագրակազմարարական բաժին:

(26-րդ կետը փոփ. 03.07.19 N 885-Լ)

 

VI. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Վիճակագրական կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

28. Վիճակագրական կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վիճակագրական կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

29. Վիճակագրական կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

30. Վիճակագրական կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ ու հաշվարկներ:

32. Վիճակագրական կոմիտեի կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը:

33. Վիճակագրական կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 03.07.19 N 885-Լ, լրաց. 25.09.19 N 1358-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան