Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-84
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.04.1995-15.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/6
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.03.1992
Ստորագրման ամսաթիվ
23.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով շարունակվող էներգետիկ ճգնաժամի, հանրապետության տրանսպորտային ուղիների շրջափակումների և սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշում եմ.

1. Հանրապետության գործադիր իշխանության բոլոր մարմինների աշխատանքները կազմակերպել` ելնելով տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման պահանջներից:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

եռօրյա ժամկետում մշակել ստեղծված իրավիճակից բխող գործողությունների ծրագիր` դրանում ներառելով հանրապետության կյանքի բոլոր կողմերի օպերատիվ կառավարումն ապահովող փոխհամաձայնեցված հստակ միջոցառումներ.

հատուկ հսկողություն սահմանել պետական իշխանության տեղական մարմինների գործադիր կոմիտեների կողմից համանման միջոցառումների իրականացման և աշխատանքային ու կատարողական կարգապահության բարձրացման նկատմամբ.

բոլոր հնարավորություններն ու միջոցները կենտրոնացնել գարնան գյուղատնտեսական աշխատանքները պահանջվող ժամկետներում կազմակերպելու և անցկացնելու համար:

3. Բնակչության կենսագործունեության և տնտեսության կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման նպատակով ստեղծել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբ:

Շտաբի կազմը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության կենսագործունեության և տնտեսության կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու, վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործումը կարգավորելու վերաբերյալ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից ընդունված որոշումները ենթակա են պարտադիր կատարման հանրապետության պետական կառավարման բոլոր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

Օպերատիվ կառավարման տարածքային շտաբներ ստեղծել հանրապետության շրջաններում, հանրապետական ենթակայության քաղաքներում և քաղաքների շրջաններում` պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների ղեկավարությամբ:

(3-րդ կետը փոփ. 14.04.95 ՆՀ-431)

4. Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից սահմանել պատասխանատու աշխատողների շուրջօրյա հերթապահություններ Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական վարչություններում, պետական տեսչությունում, գերատեսչություններում, շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ստեղծել բանվոր-ծառայողներից կազմված հանձնաժողովներ կամ օպերատիվ խմբեր` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործումը վերահսկելու նպատակով:

5. Թույլատրել հանրապետության գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին օպերատիվ կառավարման համապատասխան շտաբների եզրակացությունների հիման վրա անվստահություն հայտնել կամ աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնատար անձանց և աշխատողներին, որոնք խախտում են աշխատանքային կարգապահությունը կամ որոնց մեղքով չի ապահովվում օպերատիվ կառավարման շտաբների որոշումների կատարումը:

6. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչների խմբեր հանրապետության շրջաններում, հանրապետական ենթակայության քաղաքներում և քաղաքների շրջաններում` սույն հրամանագրից բխող որոշումների կատարման ընթացքը վերահսկելու, պետական իշխանության տեղական մարմինների գործադիր կոմիտեների աշխատանքը կոորդինացնելու համար:

7. Հանրապետությունում ստեղծված տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում արգելել, այնպիսի գործողությունների և քայլերի ձեռնարկումը, որոնք կարող են կազմալուծել բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, տնտեսական կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքը կամ թուլացնել հանրապետության պաշտպանունակությունը:

8. (կետն ուժը կորցրել է 14.04.95 ՆՀ-431)

9. (կետն ուժը կորցրել է 14.04.95 ՆՀ-431)

10. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` խիստ հսկողություն սահմանել նյութական ռեսուրսների օգտագործման վրա` դրանք ուղղելով առաջնահերթ կարիքների բավարարմանը:

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը`

հանրապետության դատախազության հետ համատեղ կտրուկ միջոցներ ձեռնարկել կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու, պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ.

սահմանել կարևորագույն պետական նշանակության և բնակչության կենսապահովման օբյեկտների պահպանության հատուկ ռեժիմ:

12. Սույն հրամանագրի կատարման ընթացքը յուրաքանչյուր շաբաթվա արդյունքներով քննության առնել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդում:

13. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

23 մարտի 1992 թ.

ՆՀ-84