Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ1/0058/01/16

 ԱՎԴ1/0058/01/16

Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան

Դատավորներ՝

Ա. Ազարյան

Ռ. Բարսեղյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ' դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

    Ս. Օհանյանի
   
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ` դատախազ Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

2018 թվականի դեկտեմբերի 24-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 4-ի որոշման դեմ Տիգրան Գրիգորի Ռուբենյանի պաշտպան Ա.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի նոյեմբերի 16-ին Արարատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 26110516 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Տիգրան Ռուբենյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի դեկտեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված  կարգ, 2017 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով Տ.Ռուբենյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակի գումարվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Տ.Ռուբենյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված պատժից՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2017 թվականի դեկտեմբերի 18-ից:

3. Ամբաստանյալ Տ.Ռուբենյանի պաշտպան Լ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Տ.Ռուբենյանի պաշտպան Ա.Հակոբյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Տ.Ռուբենյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(…) 2016 թվականի նոյեմբերի 7-ին, իր տան հետնամասում ինքն իրեն աճած կանեփի բույսի տերևները քաղելով, առանց իրացման նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել և իր բաճկոնի գրպանում պահել զգալի չափերի՝ 1.78 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2016 թվականի նոյեմբերի 8-ին հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից՝ նրա անձնական խուզարկությամբ (…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է ակնհայտ անհիմն դատավճիռ, իսկ Վերաքննիչ դատարանը, այն թողնելով օրինական ուժի մեջ, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը և խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Մասնավորապես` խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 399-րդ հոդվածները:

Բողոքի հեղինակը նշել է, որ Տ.Ռուբենյանի կողմից մեղքն ընդունելը, կատարածի համար անկեղծորեն զղջալն ու ինքնախոստովանական ցուցմունքներ տալը վկայում են այն մասին, որ նա գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունն ու զղջացել դրա համար, որպիսի պարագայում պատժի նպատակների իրացումը, այդ թվում՝ պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է, ուստի Տ.Ռուբենյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 4-ի դատական ակտերը, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Տ.Ռուբենյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Սակայն հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները2` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից։

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք առկա է ամբաստանյալ Տ.Ռուբենյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք։

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը (…)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Տ.Ռուբենյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել զգալի չափի` 1.78 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի պահելու համար4:

Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Տ.Ռուբենյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում5:

Վերաքննիչ դատարանը, մերժելով ամբաստանյալի վերաքննիչ բողոքը,  Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ6:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Տ.Ռուբենյանին մեղսագրված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանք վերացնում են 1.78 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու արարքի հանցավորությունը։ Ուստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը կատարված հանցանքի վրա։

15. Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` 1.78 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու մեղադրանքով Տ.Ռուբենյանի նկատմամբ քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

16. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 4-ի որոշումը, ճանաչելու Տ.Ռուբենյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու։

17. Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի` սույն որոշման 6-րդ կետում բարձրացված փաստարկներին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Տիգրան Գրիգորի Ռուբենյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 4-ի որոշումը բեկանել, Տիգրան Գրիգորի Ռուբենյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել` Տիգրան Գրիգորի Ռուբենյանին թողնելով կրելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 28-ի որոշմամբ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը` պատժի սկիզբը հաշվելով 2017 թվականի դեկտեմբերի 18-ից:

2. Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված 1.78 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ոչնչացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 67:

2 Տե'ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

4 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

5 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:

6 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան