Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0030/13/12

Գործ թիվ ԵԷԴ/0030/13/12

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

    Ս. Օհանյանի
   
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  պաշտպան`  Դ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

2018 թվականի դեկտեմբերի 24-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշման դեմ դատապարտյալ Գուրգեն Ռոբերտի Գրիգորյանի պաշտպաններ Է.Բեգլարյանի և Դ.Մնացականյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 9-ի դատավճռով Գուրգեն Ռոբերտի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2–րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 3–րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանքի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի մարտի 30-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետի միջնորդությունը բավարարվել է, և դատապարտյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ վերը նշված դատավճռով նշանակված 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը փոխարինվել է 1.000 (հազար) ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակով:

3. Վերոհիշյալ որոշման դեմ պաշտպաններ Է.Բեգլարյանի և Դ.Մնացականյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել պաշտպաններ Է.Բեգլարյանը և Դ.Մնացականյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետի` դատապարտյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդությունը, իր դատական ակտում արձանագրել է. «(...) Դատապարտյալ Գուրգեն Ռոբերտի Գրիգորյանի նկատմամբ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.08.2011թ. թիվ ԵԱԴԴ/0108/01/10 դատավճռով նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը փոխարինել 1.000 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակով (...)»1:

7. Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտում վկայակոչելով գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման համար սահմանված կանոնները, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպանների բողոքը միանձնյա կազմով թողել է առանց քննության` հետևյալ հիմնավորմամբ. «(...) Նկատի ունենալով, որ դատապարտյալ Գուրգեն Գրիգորյանն Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 30-ի որոշումը ստացել է նույն թվականի ապրիլի 05-ին և դրա դեմ վերջինիս շահերի պաշտպանների կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել 2018 թվականի փետրվարի 27-ին, այսինքն` սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբ, գտնում եմ, որ այն պետք է թողնվի առանց քննության: (...)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերների պնդմամբ ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքի հեղինակները գտել են, որ քանի որ դատապարտյալն իր նկատմամբ նշանակված պատժատեսակն այլ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդության քննությանը մասնակից չի դարձվել և դրա մասին միայն 2018 թվականի փետրվարի 23-ին` պրոբացիայի պետական ծառայության կողմից ուղարկված ծանուցագրերը ստանալուց հետո է տեղեկացվել, զրկվել է պաշտպանության իր սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Վկայակոչելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի ապրիլի 23-ի թիվ ՍԴՈ-1082 որոշումը` բողոք բերած անձինք գտել են, որ այն կիրառելի է նաև Գ.Գրիգորյանի նկատմամբ:

Բացի այդ, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները` բողոքաբերները նշել են, որ հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը ենթակա չէ կատարման, քանի որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում ի կատար չի ածվել:

9. Բողոքաբերները, վկայակոչելով Գարեգին Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել են, որ նշանակված պատժի տեսակի փոփոխման վերաբերյալ գործերը Վերաքննիչ քրեական դատարանում պետք է քննվեն կոլեգիալ կազմով, մինչդեռ սույն գործով դրանք չեն պահպանվել:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշումը և Գ.Գրիգորյանին ազատել պատժի կրումից կամ բեկանել դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք դատապարտյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով առանց քննության թողնելը։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի համաձայն` «[Գ]ործն ըստ էության լուծող դատական ակտեր [են] առաջին ատյանի դատարանի դատավճիռ[ը], քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում[ը], բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում[ը], այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր[ը], ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` «(…)

4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է (…)»:

12.1 Վերոնշյալ իրավանորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ դատարանի այն որոշումը, որտեղ քննարկվում և իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, պատժատեսակի և պատժաչափի որոշումը, ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է և ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս: Մասնավորապես, անդրադառնալով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ կայացված դատական ակտերի բողոքարկման կարգին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված միջնորդությունը լուծելիս դատարանն ըստ էության անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում նախատեսված այնպիսի իրավական հարցի (ի՞նչ պատիժ պետք է նշանակվի հանցավորի նկատմամբ), որն օրենքի ուժով (ex lege) վերապահված է գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը։ Այլ կերպ՝ այդպիսի միջնորդությունը քննության առնելով` դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող` մասնավորապես պատժատեսակին և պատժաչափին առնչվող հարցեր: Հետևաբար, տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդության քննարկման արդյունքում կայացված դատական ակտը նույնպես գործն ըստ էության լուծող դատական ակտ է3:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` «(…)

4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է (…)»:

13. Ելնելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդության քննության արդյունքում կայացվող դատական ակտի բողոքարկման, ինչպես նաև բողոքի քննության նկատմամբ կիրառելի է գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննիչ բողոքարկման և բողոքի քննության դատավարական ընթացակարգը։ Այսինքն` քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս և վերաքննիչ բողոքը քննության առնելիս ենթակա են կիրառման, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված դատավարական պահանջները:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է դատապարտյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետի միջնորդությունը և 200.000 ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը փոխարինել 1.000 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակով4: Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատական ակտի դեմ բերված բողոքը միանձնյա կազմով թողել է առանց քննության5:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` որպես գործն ըստ էության լուծող, պետք է բողոքարկվեր և քննության առնվեր, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ: Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է կայացվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով` այդ կերպ ապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայության պահանջը6:

16. Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով առանց քննության թողնելն իրավաչափ չէ։

17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի և 387-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է կոլեգիալ կազմով վերաքննիչ բողոքի վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:

18. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի խախտման պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ բողոքաբերների կողմից բարձրացրած և սույն որոշման 8-րդ կետում նշված մյուս փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Գուրգեն Ռոբերտի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս նյութեր, թերթեր 14-16:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 107-109:

3 Տե՛ս mutatis mutandis, Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը, Գարեգին Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԱՐԱԴ/0017/13/12 որոշման 11.1-րդ կետը, Արթուր Ավետիսյանի գործով գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ/0125/13/17 որոշման 13-րդ կետը:

4 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը:

6 Մանրամասն տե՛ս Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան