ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1403-Լ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-278-12.09.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
|
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-278-12.09.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետև՝ նախագիծ) առաջարկվում է կարգավորել տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների նախագծերի, ավագանու նիստերի օրակարգերի նախագծերի հրապարակման և համապատասխան նիստերի առցանց հեռարձակման հետ կապված հարաբերությունները, ինչի արդյունքում կբարձրանա բնակչության իրազեկվածությունը և կապահովվի շրջանառվող նախագծերի վերաբերյալ բնակչության կարծիքի դրսևորումը և առաջարկությունների ներկայացումը:
Քանի որ նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են տեղական ինքնակառավարման ոլորտում տեղեկատվության ազատությանը վերաբերող խնդիրներին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրով (հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1307-Լ որոշմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստանձնել է «Համայնքային կայքերի արդիականացում. Տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում» վերտառությամբ հանձնառությունը, որի կատարման շրջանակներում նախատեսվում է քայլեր ձեռնարկել երկու ուղղությամբ՝ օրենսդրական փոփոխությունների իրականացում և համայնքային կայքերի գործառնական հնարավորությունների բարելավում:
Նախատեսվող օրենսդրական փոփոխություններով 3000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքները կպարտավորվեն իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակելու նաև՝
- համայնքում առկա կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում),
- համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները,
- համայնքապետարանի կողմից տրված թույլտվությունների քանակի և տեսակների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը,
- համայնքում պետական կամ համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը:
Նշենք, որ հրապարակման ենթակա վերը թվարկված տեղեկությունները նախատեսված է ներառել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ցանկում:
Համայնքային կայքերի գործառնական հնարավորությունների ընդլայնման մասով նախատեսվում է 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքների ՏԻՄ-երի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկման ապահովում իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական կայքում: Հարկ է նշել, որ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել տեխնիկական բնույթի աշխատանքներ ձեռնարկել համայնքների համացանցային կայքերի և e-draft-ի միջև փոխգործելիության հաստատման նպատակով: Ակնկալվում է, որ նման փոխգործելիության հաստատման պարագայում, վերոնշյալ համայնքների ՏԻՄ-երն իրենց կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերն իրենց համացանցային կայքերում կտեղադրեն այն ձևաչափով, որը e-draft-ի կողմից ներկայացվում է իրավական ակտեր հրապարակող պետական մարմիններին, իսկ հաստատվելիք փոխգործելիության շնորհիվ համայնքի կայքում տեղադրվածը նույնությամբ կարտացոլվի e-draft.am կայքի` ՏԻՄ-երի համար նախատեսված բաժնում:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել նաև, որ`
1) պետք է ուշադրություն դարձնել նաև անձնական տվյալների պաշտպանությանը: Այս նկատառումից ելնելով՝ նպատակահարմար ենք համարում, որպեսզի ՏԻՄ-երի կողմից հրապարակվեն միայն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, քանզի անհատական իրավական ակտերի հրապարակումը կարող է իր հետ բերել անձնական տվյալների պաշտպանության առումով իրավունքների խախտումների,
2) բնակչության թվաքանակի ներքին շեմի սահմանումը պետք է ապահովի, որ համայնքներն ունենան իրավական ակտերը սահմանված ձևաչափով կայքին ներկայացնելու, ինչպես նաև կայքում տեղադրվող նյութերը հետագայում սպասարկելու համապատասխան ունակություններ:
Ելնելով վերոնշյալից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծի՝
1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ oրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը.
1) 8-րդ կետի «ձևաթղթերը» բառից հետո լրացնել «և տրամադրված թույլտվությունների քանակի և տեսակների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետեր.
«15) համայնքում առկա համայնքային կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում),
16) համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները,
17) համայնքում պետական կամ համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը,
18) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ մասով.
«8. 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերն հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:»:
2. 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են բնակավայրի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|