ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2019 թվականի N 1257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության նպատակով կամ համայնքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման գործընթացը շարունակելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացնել 37954.7 հազար դրամ, այդ թվում՝ ինն ամսում` 25000.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված` Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների ու պահանջվող միջոցների հաշվարկի` որպես նախագծանախահաշվային օրինակելի փաստաթուղթ.
2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ընդունվելու և իրականացված աշխատանքների դիմաց վճարումները կատարվելու են ըստ փաստացի կատարված աշխատանքների տեսակների ու ծավալների՝ լուծարված կամ կոնսերվացված հորերի հաշվառման քարտի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ.
2) վեցամսյա ժամկետում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից կամավոր կարգով չգանձելու դեպքում գանձման գործընթացն իրականացնել դատական կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 24 Երևան |