ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 սեպտեմբերի 2019 թ. |
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ա. Վարդևանյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 01.07.1998 թ., Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 01.09.1998 թ. և ուժի մեջ է մտել 12.01.1999 թ.:
Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ 35-րդ հոդվածը սահմանում է.
«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
1) բացակայում է հանցագործության դեպքը.
2) արարքի մեջ հանցակազմ չկա.
3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.
5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.
6) անցել են վաղեմության ժամկետները.
7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.
8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.
9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.
11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
11. Սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելը հիմք է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշմամբ:
2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
3. Դատախազը, քննիչը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատախազն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել նաև գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչև դատական նիստում գործի քննությունն սկսվելը:
4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող «Խափանման միջոց կիրառելու հիմքերը» վերտառությամբ 135-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն»:
Գործի քննության առիթը Ռոբերտ Քոչարյանի՝ 2019 թվականի մայիսի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, կողմերի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերելի կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ինչպես նաև նույն Օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում են Սահմանադրության 27-րդ և 63-րդ հոդվածներին:
Ըստ դիմողի՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմնավոր կասկածի ինստիտուտը չի կարող հանդիսանալ Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիության գնահատման մեխանիզմ՝ հաշվի առնելով առհասարակ անձեռնմխելիության էությունը և դրանով հետապնդվող նպատակները, քանի որ վերջինս ուղղված է նաև այդ երաշխիքից օգտվող անձանց պաշտպանությանը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի գնահատման տեսանկյունից:
Մինչդեռ դիմողը կարծում է, որ քննարկման առարկա քրեական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածով ամրագրված հիմնավոր կասկածի ինստիտուտին տրվել է յուրովի մեկնաբանություն, ըստ որի՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածով ամրագրված հիմնավոր կասկածի ինստիտուտը գործառութային անձեռնմխելիության պարտադիր բաղադրիչ է:
Դիմողը նաև ներկայացնում է Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքի սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգի խախտման հիմնավորումներ: Մասնավորապես, այս կապակցությամբ դիմողը հայտնում է, որ միայն այն հանգամանքը, որ Օրենսգրքի 135-րդ հոդվածը և դրան տրված դատական մեկնաբանությունը չեն անդրադառնում խափանման միջոցի կիրառման կարգին և դրանով սահմանված կարգավորումներին` բացառապես գործնականում մեկնաբանելով հիմնավոր կասկածի պայմանին վերաբերող նորմերը, ինքնին վկայում են Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության պաշտպանության երաշխիք հանդիսացող օրենքով սահմանված կարգի պահպանման ելակետային պայմանի խախտման մասին:
Բացի դրանից, դիմողը նշում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքի սահմանափակման` օրենքով սահմանված կարգի խախտում է այն, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված պայմանների լիարժեք գնահատմանը պետք է հաջորդի կալանքի քննությունը, քանի որ դատարանը նշված հոդվածի ուժով կարող է առհասարակ անդրադարձ չկատարել կալանավորման հարցին՝ պայմանավորված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությամբ: Այս համատեքստում վերլուծելով տարբեր քրեական գործերի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները` դիմողը գտնում է, որ կալանքը ենթակա չէ կիրառման մինչև անձեռնմխելիության հաղթահարումը կամ դրա առկայության հարցի պարզումը, այսինքն՝ այն պետք է քննարկվի մինչև հիմնավոր կասկածին անդրադառնալը:
Անդրադառնալով Սահմանադրությամբ երաշխավորված` պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը՝ դիմողը նշում է, որ Հանրապետության նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով անձեռնմխելիության ինստիտուտը դիտարկվում է բացառապես պաշտոնաթող Հանրապետության նախագահի պաշտոնավարման ընթացքում օրինական գործողությունների համատեքստում, չի համապատասխանում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ էլ միջազգային փորձին: Դիմողը կարծում է, որ գործառութային անձեռնմխելիության բացահայտման համար ելակետային է պաշտոնական կարգավիճակի առկայության կամ բացակայության փաստը պարզելը, և դիմողի վերաբերյալ դատարանները հստակ հաստատել են, որ նրան մեղսագրվող արարքում դիմողը հանդես է եկել որպես Հանրապետության նախագահ, այսինքն՝ իր պաշտոնական կարգավիճակում:
Այս կապակցությամբ դիմողը նաև փաստում է, որ պատահական չէ, որ Սահմանադրությունը պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման մեխանիզմ չի նախատեսում, քանի որ սահմանադրի կամքը prima facie հանդիսացել է առհասարակ այդ հարցին անդրադարձ չկատարելը, եթե ենթադրյալ արարքը կատարվել է Հանրապետության նախագահի կարգավիճակից ելնելով. այն քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:
Դիմողն արձանագրում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, քանի որ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքում չի քննարկվում անձի անձեռնմխելիության հետ կապված գործընթացի չպահպանման հարցը, իսկ Օրենսգրքի մնացյալ հոդվածներում անձեռնմխելիության ինստիտուտը քննարկվում է բացառապես դիվանագիտական անձեռնմխելիության շրջանակներում: Ընդ որում, ըստ դիմողի՝ հիշյալ օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել քննարկման առարկա հարցը Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերի տեսանկյունից դիտարկելու պարագայում:
Բացի դրանից, դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 135-րդ հոդվածը` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 66-րդ հոդվածին:
Ի հիմնավորումն վերոգրյալ դիրքորոշման՝ դիմողը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանման և կիրառման արդյունքում առաջ է քաշվել հիմնավոր կասկածի գնահատման ամբողջությամբ նոր չափորոշիչ, որը վերաբերում է գործառութային անձեռնմխելիության առկայության կամ բացակայության հաստատման հարցին:
Դիմողը նաև առարկություն է ներկայացրել պատասխանողի դիրքորոշումների վերաբերյալ` նշելով, որ պատասխանողի կողմից որևէ բովանդակային անդրադարձ չի կատարվել վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցին, ինչպես նաև վիճարկվող դրույթներին՝ իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցին:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Առավելապես վերարտադրելով տարբեր իրավակարգավորումներ, մասնավորապես, Օրենսգրքի վիճարկվող դրույթները, իրավական պետության (Սահմանադրության 1-ին հոդված), անձնական ազատության (Սահմանադրության 27-րդ հոդված), արդար դատաքննության (Սահմանադրության 63-րդ հոդված) և անմեղության կանխավարկածի (Սահմանադրության 66-րդ հոդված) վերաբերյալ սահմանադրական դրույթները, դիմողի դիրքորոշումները, Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, հղում կատարելով Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային, ինչպես նաև քրեադատավարական մի շարք կարգավորումների՝ պատասխանողը գտնում է, որ անձնական ազատությունը բացարձակ չէ, և սահմանադրական ու քրեական իրավունքի նորմերն ամրագրում են մարդուն ազատությունից զրկելը` հստակ սահմանելով այնպիսի կարգավորումներ, որոնց հիման վրա դա կարելի է անել:
Անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտմանը՝ պատասխանողը վկայակոչում է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, որոնք, իր կարծիքով, վերաբերում են այդ հարցին: Իսկ անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման առնչությամբ պատասխանողը նշում է, որ այն` որպես մեղադրյալի օբյեկտիվ կարգավիճակ, չի նշանակում, որ Սահմանադրությունը բացառում է մեղադրյալի մեղավորությունը: Այնուհետև պատասխանողը մեջբերում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-871 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն անմեղության կանխավարկածի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` պատասխանողը հանգում է հետևության, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածով և 135-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավադրույթները համահունչ են անձնական ազատության, արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջներին:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
արդյոք Օրենսգրքում առկա են Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց՝ իրենց լիազորությունների ժամկետում և դրանից հետո իրենց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությունների համար հետապնդելուց և պատասխանատվության ենթարկելուց արդյունավետ պաշտպանելու համար անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Դիմումում բարձրացված հարցերի շրջանակներում Սահմանադրական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները հիմնականում կիրառելի համարելով նաև սույն գործով՝ փաստում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթները քրեական գործով դիմողի մեղքի ապացուցված լինելու առումով դեռևս չեն կիրառվել, և դիմողը դրանց սահմանադրականությունը վիճարկում է իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, որով հնարավոր է դարձել մեղադրանքի առաջադրումը և կալանքի՝ որպես խափանման միջոցի ընտրությունը:
Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով մեղադրանքի, ուստիև կալանքի իրավաչափության հարցի լուծումը պայմանավորված է պաշտոնաթող Հանրապետության նախագահի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքներով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողը նաև այս տեսանկյունից է բարձրացնում Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի հարցը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքների օրենսդրական կենսագործման ենթադրյալ բացակայությունն ուղղակիորեն կարող է հանգեցնել նրա անձնական ազատության, ինչպես նաև դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների՝ Սահմանադրության տեսանկյունից չարդարացված սահմանափակման: Հետևաբար, մեղադրանքի, ուստիև կալանքի իրավաչափության գնահատման համար էական նշանակություն ունի ոչ միայն մեղադրանքի հիմքում դրված քրեական օրենքի, այլև քրեական հետապնդումը կանոնակարգող՝ քրեադատավարական օրենքի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչը ներառում է նաև քրեադատավարական օրենքում Սահմանադրությանը հակասող օրենսդրական բացեր չլինելը:
Ելնելով վերոգրյալից` սույն գործը դիմումում բարձրացված հարցադրումների շրջանակներում Սահմանադրական դատարանը քննում և լուծում է ոչ թե պաշտոնաթող Հանրապետության նախագահի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքների ենթադրյալ բովանդակային խախտման տեսանկյունից, ինչը դիմումի շրջանակներում և ներկա փուլում` հաշվի առնելով անհատական դիմումի թույլատրելիության նախադրյալները, հնարավոր չէ, այլ Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց, այդ թվում` պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված` մեղադրանքի իրավաչափության ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով որևէ պաշտոնատար անձի գործառութային անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքների ուղղակի ներազդեցությունը նրա` որպես մասնավոր անձի` Սահմանադրությամբ երաշխավորված վերոգրյալ հիմնական իրավունքների և ազատության վրա, ինչպես նաև այդ առումով վերջնական դատական ակտի առկայության և դատական պաշտպանության միջոցների սպառման փաստերը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթները քննության է առնում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրությունը կարևորագույն սահմանադրական գործառույթներ իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց օժտել է անձեռնմխելիությամբ, որի նպատակը նախևառաջ այդ անձանց բնականոն և արդյունավետ գործունեությունը երաշխավորելն է, ինչպես նաև այդ անձանց պաշտպանելն է նրանց լիազորություններին ոչ իրավաչափ միջամտություններից և անհիմն հետապնդումներից:
Միևնույն ժամանակ, սահմանադրական անձեռնմխելիության բովանդակությունը անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց համար միասնական կամ միատեսակ չէ, և կախված կոնկրետ պաշտոնատար անձի կարգավիճակից՝ անձեռնմխելիությունն ունի տարբեր ծավալ և հաղթահարման տարբեր ընթացակարգեր:
Այսպես՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Անձեռնմխելիության այս իրավունքը տարածվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի վրա (Սահմանադրության 193-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասություն):
Ըստ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
Վերոնշյալ պաշտոնատար անձանց հավելյալ սահմանադրական պաշտպանության տրամադրումը պայմանավորված է նրանց սահմանադրական հատուկ կարգավիճակով, դրանից բխող նրանց գործառույթների բովանդակությամբ (այսուհետ՝ գործառութային անձեռնմխելիություն): Դրան զուգահեռ Սահմանադրությունը նախատեսում է անձեռնմխելիության ևս մեկ երաշխիք, որը որոշակի պաշտոնատար անձանց պաշտպանում է նաև նրանց կարգավիճակի կամ գործունեության հետ չկապված հետապնդումներից (այսուհետ՝ անձնական անձեռնմխելիություն): Սակայն այս հարցում ևս կարգավորումները նույնական չեն:
Վկայակոչված սահմանադրական նորմերից հետևում է, որ Ազգային ժողովի պատգամավորը, Հանրապետության նախագահը և Մարդու իրավունքների պաշտպանն իրենց լիազորությունների ժամկետում օգտվում են ինչպես գործառութային, այնպես էլ անձնական անձեռնմխելիությունից, իսկ այդ ժամկետից հետո՝ միայն գործառութային անձեռնմխելիությունից: Մինչդեռ դատավորներն օժտված են միայն գործառութային անձեռնմխելիությամբ և անձնական անձեռնմխելիությունից չեն օգտվում: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում առկա կարգավորման ուժով (83-րդ հոդվածի 5-րդ մաս) նույնաբովանդակ պաշտպանություն է նախատեսված նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների համար:
Անդրադառնալով Հանրապետության նախագահի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքներին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անժամկետ է (Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր: Նույնական կարգավորումներ առկա էին նաև 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 56.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերում): Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահի անձնական անձեռնմխելիությանը, ապա այն գործում է միայն նրա լիազորությունների ժամկետում և դադարում է այդ ժամկետի ավարտով (Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ մաս: Նույնական կարգավորումներ առկա էին նաև 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 56.1-ին հոդվածի 3-րդ մասում):
Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորող սահմանադրական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաև նախանշված չէ այդպիսի ընթացակարգ: Իհարկե, դա չի նշանակում Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորության բացառում, քանի որ Սահմանադրության 141-րդ հոդվածով նախատեսված Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը, որը նրա անձնական անձեռնմխելիության երաշխիքի վաղաժամկետ դադարեցման միջնորդավորված կառուցակարգ է, հանգեցնում է հենց նրա լիազորությունները Սահմանադրությամբ սահմանված ժամկետից շուտ դադարեցնելուն, որն էլ իր հերթին թույլ է տալիս նրա նկատմամբ նախաձեռնել պատասխանատվության ենթարկելու գործընթաց:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:
4.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածում սպառիչ թվարկվում են մի շարք փաստական և իրավական հանգամանքներ, որոնց հաստատված առկայության հետ անհամատեղելի է կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը կամ քրեական գործի վարույթի շարունակությունը:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր՝ 30.03.2010 թ. ՍԴՈ-871 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն առ այն, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում հստակ առանձնացված չեն գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման կամ այդ երկու ինստիտուտների համատեղ կիրառման հիմքերը, միաժամանակ փաստում է, որ հիշյալ հոդվածի 3-5-րդ մասերում ամրագրված կարգավորումների ուժով դրանք քրեական վարույթն իրականացնող մարմնի համար համապատասխան դատավարական որոշում կայացնելու պարտադիր նախադրյալ են: Բացառություն են կազմում միայն Օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերը, որոնք լրացուցիչ երաշխիքներ են սահմանում մեղադրյալի և տուժողի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության համար և որոշակի պայմանով քրեական վարույթն իրականացնող մարմնին արգելում են դադարեցնել քրեական հետապնդումը և ավարտել գործի վարույթը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման ինստիտուտների նպատակը նախևառաջ հանցանքի կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի հիմնական, ներառյալ՝ արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և կրկին չդատվելու իրավունքների իրականացման դատավարական երաշխիքներ ամրագրելն է, ինչպես նաև քրեական վարույթի իրականացման արդյունավետ կազմակերպական կառուցակարգ և ընթացակարգ սահմանելը: Ուստի դրանց ոչ ամբողջական կամ ոչ պատշաճ իրավական կանոնակարգումներն ուղղակիորեն վտանգում են այդ նպատակի կենսագործումը:
Անդրադառնալով սույն գործով դիմումում վկայակոչված քրեական գործով դատարանների կողմից Օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանները, ուղղակիորեն չմեկնաբանելով Օրենսգրքի 35-րդ հոդվածը, ըստ էության կիրառել են այն. մեկնաբանել են Սահմանադրության 140-րդ հոդվածը` իրենց ընկալման շրջանակներում կոնկրետացնելով Հանրապետության նախագահի, այդ թվում` պաշտոնաթող, գործառութային անձեռնմխելիության նպատակները և ծավալը: Բացի այդ, հարկ է նշել, որ կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառումն անհնար է առանց քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայությունը պարզելու` անկախ նրանից, թե այդ հոդվածը ձևական առումով հիշատակվու՞մ է դատական ակտում, թե՝ ոչ: Փաստ է նաև, որ դատարաններն անդրադարձել են Սահմանադրությամբ ամրագրված` պաշտոնաթող Հանրապետության նախագահի անձեռնմխելիության` որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի, մեկնաբանությանը:
2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ անդրադառնալով օրենքի դրույթի կիրառման եզրույթին` Սահմանադրական դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ այդ եզրույթը չի նշանակում դատական ակտերում օրենքի դրույթի ցանկացած վկայակոչում: Օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի իրավական հետևանքներ: Դա նշանակում է, որ օրենքի դրույթի ձևական չվկայակոչումը վերջնական դատական ակտում չի ենթադրում, որ այն դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ: Տվյալ դեպքում առաջադրվել է մեղադրանք և կիրառվել է խափանման միջոց՝ կալանք: Ընդ որում, օրենսդրական բացի դեպքում որևէ կոնկրետ վկայակոչում դատական ակտում անհրաժեշտ չէ, որ Սահմանադրական դատարանն անդրադառնա այդ օրենսդրական բացի սահմանադրականության հարցին, քանի որ այլ կերպ օրենսդրի կողմից թույլ տրված օրենսդրական բացերը, որոնք կարող են խախտել կամ խախտում են անձի հիմնական իրավունքները և ազատությունները, Սահմանադրական դատարանի կողմից չեն կարող քննվել կամ հաղթահարվել, մինչդեռ Սահմանադրական դատարանն այդ առումով ձևավորել է տևական և հետևողական պրակտիկա՝ արտահայտելով կոնկրետ իրավական դիրքորոշումներ:
Սույն գործով Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության մեկնաբանման եղանակով դատարանները փորձել են լրացնել քրեադատավարական օրենքի բացը, ընդ որում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, ինչը վկայում է, որ նրանք ընդունել և կարևորել են անձեռնմխելիության կանխորոշիչ նշանակությունը մեղադրանքի, հետևապես` նաև կալանքի իրավաչափության համար:1
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանները սովորական օրենքում ամրագրված որևէ հիմք չեն ունեցել կիրառելու սահմանադրական անձեռնմխելիության քրեադատավարական հետևանքները, քանի որ Օրենսգիրքն իրենց նման լիազորությամբ չի օժտել։
Այսպիսով՝ գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, ուստիև քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է, հետևապես, այն պետք է իր կոնկրետացումն ստանար նախևառաջ Օրենսգրքի վերաբերելի 35-րդ հոդվածում, որպեսզի իրավասու մարմինները ընթացակարգային հիմքեր ունենան կիրառելու այն քրեական դատավարության շրջանակներում:
4.3. Ինչ վերաբերում է Օրենսգրքի վերաբերելի այլ կարգավորումներին, ապա դրա 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից: Ըստ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի՝ քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի՝ քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից օգտվելու ուժով Օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վարույթն իրականացնող մարմնին օժտում է քրեական ընթացակարգը ժամանակավորապես ընդհատելու հայեցողական լիազորությամբ, սակայն չի կոնկրետացնում ո՛չ տվյալ անձի սահմանադրական կարգավիճակը, ո՛չ էլ անձեռնմխելիության տեսակը (գործառութային, թե անձնական): Հետևաբար, այս կարգավորումը հավասարապես վերաբերում է սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված բոլոր անձանց:
Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքում առկա են քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից օգտվող անձանց վերաբերող նաև այլ ընդհանուր կարգավորումներ, մասնավորապես՝ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքում ընդհանրապես բացակայում են Սահմանադրությունից բխող այնպիսի հատուկ և անհրաժեշտ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:
Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից:
Օրենսգիրքը, սակայն, չի նախատեսում այն իրավական հետևանքները, որոնք կառաջանան, եթե իրավասու մարմինը հանգեր այնպիսի եզրակացության, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձին վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխել է նրա կարգավիճակից կամ գործունեությունից: Ավելին՝ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ անձին վերագրվող արարքը վերաբերում է նրա կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությանը կամ անգործությանը, կամ կհաստատվի, որ նրա նկատմամբ արդեն հարուցված քրեական հետապնդումն անհամատեղելի է նրա գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի գործառութային անձեռնմխելիության առկայության հիմքով այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական ընդհանուր կանոնակարգումների համաձայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է, և միայն այդ հիմքի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Հակառակ դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ և անհապաղ դադարեցվեն:
Հետևապես, օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստիև կալանքի կիրառման իրավաչափությունը:
4.4. Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցերին (մասնավորապես՝ ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143):
Վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է.
1) oրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես oրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) oրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված կարգավորումներն անհրաժեշտ ամրագրում չեն ստացել Օրենսգրքում, ինչը հանգեցրել է նրան, որ իրավասու մարմինները որևէ պարտականություն չունեն պարզելու, թե արդյո՞ք այդ անձանց ներկայացված մեղադրանքը` նրանց մեղսագրվող արարքի տեսանկյունից, վերաբերում է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությանը կամ անգործությանը, թե՝ ոչ: Ավելին՝ դրա հետևանքով դատական վերահսկողություն իրականացնող դատարանն այդ անձանց գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից պարտավոր չէ ստուգել մեղադրանքի իրավաչափությունն անգամ նրանց նկատմամբ կալանք կիրառելիս, թեև կալանքն առավել ինտենսիվ միջամտություն է նրանց անձնական ազատությանը:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին:
Նման իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի) նկատմամբ կարող է հարուցվել և իրականացվել քրեական հետապնդում, ինչպես նաև նրանք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության այնպիսի գործողությունների համար, որոնք բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Այսինքն՝ այդ անձանց կարող է առաջադրվել ոչ օրինական և չհիմնավորված մեղադրանք, որի դեմ նրանք օժտված չեն լինի նաև գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությամբ:
Գործառութային անձեռնմխելիության առնչությամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու շրջանակներում իրավասու մարմինը պետք է կրի նաև մեղադրանքի իրավաչափությունը հիմնավորելու հավելյալ պարտականություն: Մինչդեռ դրա օրենսդրական չամրագրվածությունը ներազդում է գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի) անձնական ազատության, ինչպես նաև արդար դատաքննության հիմնական իրավունքի վրա՝ գործնականում հնարավոր դարձնելով Սահմանադրության տեսանկյունից ոչ իրավաչափ քրեական հետապնդումը նրանց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողության կամ անգործության համար, ինչը քրեադատավարական օրենքում անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու հիմքերի բացակայության պայմաններում կարող է հանգեցնել այդ անձանց համար նաև արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի խախտման:
Հաշվի առնելով սույն գործով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի պրակտիկան՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ հիշյալ դատարանը գտնում է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ազատազրկման «օրինականության» առումով հղում է ներպետական օրենսդրությանը և սահմանում, որ այն պետք է համապատասխանի ազգային օրենսդրության նյութաիրավական և դատավարական կանոններին: Սա առաջին հերթին պահանջում է, որ յուրաքանչյուր ձերբակալում կամ կալանք ներպետական օրենսդրությունում իրավական հիմք ունենա, բայց նաև վերաբերում է օրենքի որակին՝ պահանջելով, որ այն համապատասխանի օրենքի գերակայությանը՝ հայեցակարգ, որն արտացոլված է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում (տե՛ս, մասնավորապես՝ Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի (Kafkaris v. Cyprus (GC)) 21906/04 գործով 12.02.2008 թ. վճիռ, § 116 և Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի (Del Rio Prada v. Spain (GC)) 42750/09 գործով 21.10.2013 թ. վճիռ, § 125, ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը: Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:
4.5. Դիմողի կողմից բարձրացվում է նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը, հատկապես` Սահմանադրության 66-րդ հոդվածին հակասելու հարցը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, քանի որ այն վերաբերում է կալանավորման ընդհանուր նախադրյալներին և չէր կարող պարունակել հատուկ կարգավորումներ անձեռնմխելիությամբ օժտված անձանց վերաբերյալ, ուստի դրանում չէր կարող նաև առկա լինել օրենսդրական բաց:
Ինչ վերաբերում է վիճարկվող այս դրույթի՝ Սահմանադրության 66-րդ հոդվածին ենթադրյալ հակասությանը, ապա, նախ` այն չի կարող միայն դիմողի կամ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված այլ անձանց մասով ինքնին հակասել անմեղության կանխավարկածին: Բացի դրանից, հաշվի առնելով Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ընդհանուր բնույթը և Օրենսգրքի 35-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայությունը` դատական պրակտիկան չէր կարող ապահովել այդ դրույթի կիրառումը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ինչն անհնար էր բացահայտել հստակ ամրագրված և տարբերակված պոզիտիվ-իրավական ձևակերպումների բացակայության պայմաններում:
Իսկ դատարանների կողմից սոսկ սովորական օրենքի մեկնաբանության շրջանակներում վիճարկվող դրույթի ենթադրյալ սխալ կիրառման գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
________________
1 Վերաբերելի մասով տե՛ս, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշման 19-21-րդ կետերը:
Նախագահող` |
Հ. Թովմասյան |
4 սեպտեմբերի 2019 թվականի ՍԴՈ-1476 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|