Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1 Հոդ.818.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼԴ/0151/01/13

ԼԴ/0143/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

    Ս. Օհանյանի
   
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի դեկտեմբերի 25-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Սարիկ Սանդոյի Ուլուխանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով (թիվ ԼԴ/0151/01/13 քրեական գործով) Սարիկ Ուլուխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված 4 տարի ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ից:

1.1. Առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ նույն դատարանի՝ 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է:

2. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 4 դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

3. Նշված որոշման դեմ պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով (թիվ ԼԴ/0143/01/14 քրեական գործով) Ս.Ուլուխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 2 (երկու) տարին, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

5. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել, և դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ:

6. Դատապարտյալ Սարիկ Ուլուխանյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սարիկ Ուլուխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] 2012 թվականի աշնանը [Ալավերդի] քաղաքի Սանահին թաղամասի «Անասնագոմեր» կոչվող տեղանքից քաղել, հավաքել է կանեփ տեսակի խոտաբույսի տերևներ, տեղափոխել իր տուն, որտեղ չորացնելու և մանրացնելու միջոցով, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար ապօրինի պատրաստել և իր տանը պահել է զգալի չափերի` 2.5 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (...)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

9. Բողոքաբերը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Սարիկ Ուլուխանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 8-ի որոշումը վերանայելու համար:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

14. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

15. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Ուլուխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափով` 2.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պատրաստելու և պահելու համար5:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են դատապարտյալ Ս.Ուլուխանյանի կատարած արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 2.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ նոր փոփոխությունները վերացնում են 2.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի պատրաստելու և պահելու արարքի հանցավորությունը: Ուստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ս.Ուլուխանյանի կողմից կատարված հանցանքի վրա։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Սարիկ Ուլուխանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 8-ի որոշումը վերանայելու համար։

18. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի  4-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի մարտի 3-ի որոշումն ու դատապարտյալ Սարիկ Ուլուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 3-ի որոշումը. ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով` դատավճիռների համակցությամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, պետք է մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված պատժից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2013 թվականի դեկտեմբերի 4-ից` Ս.Ուլուխանյանին պետք է անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սարիկ Սանդոյի Ուլուխանյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 8-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Սարիկ Սանդոյի Ուլուխանյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի  4-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և փոփոխել: Սարիկ Սանդոյի Ուլուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Դատապարտյալ Սարիկ Սանդոյի Ուլուխանյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 3-ի որոշումը բեկանել և փոփոխել: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով` դատավճիռների համակցությամբ Սարիկ Ուլուխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով նշանակված պատժին՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված պատժից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի դեկտեմբերի 4-ից և Սարիկ Սանդոյի Ուլուխանյանին անհապաղ ազատ արձակել՝ սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս թիվ ԼԴ/0151/01/13 քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 186-190:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան