Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 15.08.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 998-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-225-15.07.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-225-15.07.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-225-15.07.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է օրենքով սահմանված շահառուների ցանկում ներառել նաև 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ նախատեսելով համապատասխան կազմերի հատուցման չափերը: Համաձայն նախագծի հիմնավորման՝ առաջարկությունը պայմանավորված է հատուցման հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների առկա չափով, ինչպես նաև հաշվի առնելով մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարևորությունը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների կազմի՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներ, սահմանման հիմքում դրվել է հասցված վնասի բովանդակությունը:

Դրամաշնորհների վճարի և տրամադրվող հատուցումների չափերը որոշելու համար կատարված հաշվարկներում հաշվի են առնվել միայն գործող օրենքով սահմանված դեպքերը, ինչը նշանակում է, որ դրամաշնորհային վճարի սահմանված չափն այսօր կարող է սպասարկել միայն տվյալ հատուցման դեպքերը: Այն դեպքում, երբ ընդլայնվի հատուցման տրամադրման շրջանակը՝ անհրաժեշտություն կառաջանա կատարելու նոր հաշվարկներ:

Գործող օրենքով սահմանված հատուցման չափերը որոշելու համար հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են տվյալ կարգի համար հաշմանդամություն ունեցող զինծառայողին տրամադրվող թոշակի, պայմանագրային զինծառայողներին տրամադրվող աշխատավարձի չափերը, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը: Կարծում ենք, որ, առանց համապատասխան հաշվարկների, հատուցման գումարի չափ սահմանելն ընդունելի չէ:

Ներկայումս հիմնադրամի կողմից հավաքագրվող միջոցները գերազանցում են արդեն իսկ կատարված հատկացումների չափը, ինչը տրամաբանական է, քանի որ հիմնադրամը մշտապես գործող կառույց է և արդեն իսկ կուտակել է մեծածավալ պարտականություններ՝ առաջիկա քսան տարվա համար: Անհրաժեշտ է ընդգծել նաև այն փաստը, որ ներկայումս հավաքագրված միջոցները հիմնադրամի «ազատ» միջոցները չեն, այլ հիմնադրամի «ապագա խոստումն» արդեն իսկ ստանձնած պարտավորությունների համար են: Հավաքագրված միջոցների մոտավորապես 75 տոկոսը (16,949,147,289 դրամից 12,300,000,000 դրամը) հիմնադրամի պարտավորությունն է՝ տրամադրվող հատուցման դեպքերի մասով: Ապահովագրական ընկերության մոդելով գործող ցանկացած կազմակերպության միջոցները մշտապես գերազանցում են առկա պարտավորությունները, քանի որ առկա են մի շարք ռիսկեր, որոնք առաջանալու դեպքում կառույցը պետք է ունակ լինի ապահովելու իր գործունեության շարունակականությունը: Հնարավոր ռիսկերը մեծածավալ են նաև հիմնադրամի դեպքում և հաշվի են առնվել՝ ինչպես հիմնադրամի ստեղծման փուլում, այնպես էլ՝ գործունեության ընթացքում մշտապես կատարվող հաշվարկներում: Դրանք կարող են լինել ինդեքսավորման, աշխատաշուկայում հնարավոր ցնցումների, շփման գծում լարվածության ուժգնացման կամ լայնածավալ գործողությունների ռիսկեր:

Հիմնադրամի առաջնային նպատակներից է եղել գործող օրենքի շրջանակներում ընդլայնել հատուցումների տրամադրումը՝ ժամանակագրական առումով հետ գնալու միջոցով: Ներկայումս, հաշվի առնելով հիմնադրամի ֆինանսական դրությունը, հատուցումներ են տրամադրվում ոչ միայն 2017 թվականից հետո, այլև 2008-2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով, և կատարվում են հաշվարկներ 2008 թվականից հետ գնալու մասով՝ նույնպես: Շարադրվածն իր հերթին մեծացրել է հիմնադրամի պարտավորությունների ծավալը և ծանրաբեռնվածությունը: Տրամադրված հատուցումների 75 տոկոսից ավելին (314 դեպքից՝ 240-ը) 2017 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերն են: Նախատեսվում է հաջորդ 2-3 տարվա ընթացքում հատուցում տրամադրել 1990-ականների սկզբից օրենքով սահմանված դեպքերում կյանքին կամ առողջությանը վնաս հասցված զինծառայողներին:

Կարծում ենք, որ առաջիկա տարիներին հիմնադրամը պետք է առաջնորդվի իր որդեգրած քաղաքականությամբ և հատուցումների տրամադրման ծավալն աճեցնի նախկինում տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումներ տրամադրելու միջոցով:

Միայն այս գործընթացների վերջնական արդյունքներով կարող է քննարկվել օրենքով սահմանված շահառուների կազմը կամ դեպքերի շրջանակն ընդլայնելու հարցը, ընդ որում, գտնում ենք, որ օրենքում նպատակահարմար է լինելու ներառել միայն 3-րդ խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող զինվորական կենսաթոշակառուներին:

Հարկ է նկատել նաև, որ անձանց առողջական վիճակի այն աստիճանը, որի հիման վրա տրվում է հաշմանդամության 3-րդ խումբ, շատ հաճախ փոփոխական է, և վերափորձաքննության արդյունքներով հավանականությունը մեծ է, որ անձը հետագա բուժումների իրականացման հիման վրա չի ճանաչվի հաշմանդամություն ունեցող: Այս առումով հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց օրենքով սահմանված շահառուների ցանկում ընդգրկելը կարող է արդյունքում հանգեցնել հատուցման նշանակման և դադարեցման անընդհատ գործընթացի, ինչը բարդացնելու է հիմնադրամի գործունեությունը:

Հաշվի առնելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի դրույթների ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել նաև օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում և 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան