Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.05.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/4399/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/4399/05/14
2017թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

  

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆի

 

 

Ա. Բարսեղյանի

 

 

Մ. Դրմեյանի

 

 

Գ. Հակոբյանի

 

 

Ռ. Հակոբյանի

 

 

Տ. Պետրոսյանի

     

 

Ե. Սողոմոնյանի

 

 

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի մայիսի 17-ին,

քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Մեսրոպ Եսայանի` վարչական պատասխանատվության ենթարկելու, և ըստ Մեսրոպ Եսայանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Մեսրոպ Եսայանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է Մեսրոպ Եսայանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մեսրոպ Եսայանը պահանջել է Ոստիկանության գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ, ինչպես նաև ճանաչել կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման փաստը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դիլանյան), (այսուհետ` Դատարան) 28.04.2015 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցի ընդունումը մերժվել են:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր՝ Ա. Սարգսյան), (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2015 թվականի որոշմամբ Մեսրոպ Եսայանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.04.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մեսրոպ Եսայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով ժամկետ սխալներն ուղղելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մեսրոպ Եսայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մեսրոպ Եսայանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանը 23.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1289 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով ճանաչել է (2015թ. փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասերին հակասող:

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1289 որոշումն ուղղակի ազդեցություն ունի թիվ ՎԴ/4399/05/14 վարչական գործի ելքի վրա, քանի որ բողոքաբերի կողմից Դատարան ներկայացված հակընդդեմ հայցադիմումի ընդունման մերժումը պատճառաբանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքով (իսկ ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժվել է դատարանների կողմից): Մինչդեռ ՀՀ Սահմանադրական դատարանի 23.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1289 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով ճանաչվել է (2015թ. փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասերին հակասող:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և բավարարել վճռաբեկ բողոքը՝ վերացնել Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում այդ դատական ակտով կիրառված օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելը կամ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այն հանգամանքը հաստատվելը, որ այդ դատական ակտով տվյալ օրենքի դրույթը կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է օրենքի այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված օրենքի դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը չեն համապատասխանում դրա՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 28.04.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Դատարանը մերժել է Մեսրոպ Եսայանի հակընդդեմ հայցի ընդունումը՝ պատճառաբանելով, որ վերջինս բաց է թողել հակընդդեմ հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական ժամկետը, այն է՝ մինչև գործով դատաքննություն նշանակելը, իսկ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը Դատարանի կողմից մերժվել է։

Վերաքննիչ դատարանը 07.08.2015 թվականի որոշմամբ Դատարանի 28.04.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մեսրոպ Եսայանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 23.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի որոշման դեմ Մեսրոպ Եսայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթը ընդունելը մերժել է։

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Գևորգ Սաֆարյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 23.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1289 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով ճանաչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասերին հակասող՝ պատճառաբանելով, որ օրենսդրորեն այդ դրույթով կողմերի համար գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու ժամկետի առումով հավասար պայմաններ չի ապահովվել:

Միևնույն ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերոգրյալ որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 01.12.2016 թվականը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` (...) նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ունեցել են այդ իրավունքն իրացնելու հնարավորություն (...):

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ իրավունք ունեին այդ օրենքի դրույթի սահմանադրականության հարցով դիմելու ՀՀ սահմանադրական դատարան: Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անձն իր հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունի այն դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելուց հետո վեց ամսվա ընթացքում, որով իր նկատմամբ կիրառվել է նշված օրենքի դրույթը:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի
5-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

-  տվյալ դատական ակտով այդ անձանց հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել,

-  սպառվել են տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները,

-  ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ չի լրացել տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

-       Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ կիրառված օրենքի դրույթներից մեկը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը՝ «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մեսրոպ Եսայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

-       ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվել են. նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ,

-       ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ` 23.06.2016 թվականին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից` 23.12.2015 թվականից, հաշվարկվող վեցամսյա ժամկետը չի լրացել:

Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով սույն գործով բողոք բերած անձն ունի նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման դիմում ներկայացնելու իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ կիրառված օրենքի դրույթներից մեկը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը՝ «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մեսրոպ Եսայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնելու դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 23.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1289 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու փաստը նոր հանգամանք է սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 23.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1289 որոշմամբ վերոնշյալ նորմի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 01.12.2016 թվականը: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով 01.12.2016 թվականին  իրավական ուժը կորցրել է։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի կիրառման արդյունքում Մեսրոպ Եսայանի խախտված սահմանադրական իրավունքը հնարավոր է վերականգնել վերջինիս հակընդդեմ հայցադիմումը` որպես այն ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացված հակընդդեմ հայցադիմում համարելու միջոցով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայցադիմումն օրենքով նախատեսված դատավարական ժամկետում ներկայացված լինելը դրա ընդունելիության պայմաններից միայն մեկն է, իսկ սույն գործով Դատարանը 28.04.2015 թվականի որոշմամբ չի անդրադարձել հակընդդեմ հայցադիմումի ընդունելիության մյուս պայմաններին, ինչն իրականացնելու դեպքում միայն հնարավոր կլինի գործնականում ապահովել Մեսրոպ Եսայանի՝ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցադիմումի ընդունելիության մյուս պայմաններին անդրադառնալու միջոցով այն վարույթ ընդունելու հարցը լուծելու համար Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և Դատարանի 28.04.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա են վերացման, իսկ գործն այդ մասով՝ նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։

2. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնել և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 28.04.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

Ա. Բարսեղյան

  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

 

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան