Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1465
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494).1 Հոդ.535.3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 հունիսի 2019 թ.

 

 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում (այսուհետ` Կանոնադրություն) փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում` Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով, որոնց անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո:

 Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է Կանոնադրության 13-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ պարբերություններում կատարել Արձանագրությամբ սահմանված փոփոխությունները:

Ըստ այդմ՝ Կանոնադրության 13-րդ հոդվածի 3-րդ պարբերության փոփոխության արդյունքում՝ Հավաքական անվտանգության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները կամ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, եթե, համաձայն իրենց պետության օրենսդրության, նրանք իրավասու են որոշումներ կայացնելու Խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ:

Կանոնադրության 13-րդ հոդվածի 6-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Խորհրդի նախագահ է (այսուհետ` Նախագահ) հանդիսանում Խորհրդի այն անդամը, ով ներկայացնում է այն պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի հերթական նիստը, եթե Խորհուրդը այլ որոշում չի կայացնում»:

Նախկին կարգավորմամբ վերոհիշյալ պարագայում Նախագահը պահպանում էր Նախագահի իր իրավունքները և պարտականությունները մինչև Խորհրդի հաջորդ հերթական նիստը:

 

2. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

 2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

18 հունիսի 2019 թվականի

ՍԴՈ-1465