Գլխավոր տեղեկություն
Համար
N 913-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 26.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2019 թվականի N 913-Լ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասը և 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հանրային խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 913-Լ որոշման

   

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   

1. Հանրային խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդակցական մարմին է: Խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա:

2. Խորհրդի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

 3. Խորհրդի գործունեության կարգը, ինչպես նաև խնդիրները և գործառույթները սահմանված են «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք): Խորհրդի գործունեությունն իրականացվում է խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների (այսուհետ՝ մշտական հանձնաժողովներ) նիստերի միջոցով:

4. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով խորհուրդը, ներգրավելով մասնագետների (փորձագետների), կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:

5. Խորհրդի յուրաքանչյուր նիստ, բացառությամբ խորհրդի առաջին նիստի, սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է խորհրդի անդամներից տարիքով ավագը:

6. Խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին խորհրդի անդամներին և խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց նիստի անցկացումից 3 օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է խորհրդի նախագահը` ծանուցումն ուղարկելով նրանց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով:

7. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

8. Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:

9. Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Խորհրդի յուրաքանչյուր նիստից առաջ խորհուրդը որոշում է, թե իր անդամներից ով պետք է արձանագրի նիստը: Նիստի արձանագրությունն ստորագրում է խորհրդի նախագահը և արձանագրությունը կազմած անդամը:

  

II. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

  

11. Մշտական հանձնաժողովների կազմավորման կարգը սահմանված է օրենքով:

12. Խորհրդին կից գործում է 15 մշտական հանձնաժողով՝ հետևյալ գործունեության ոլորտներում՝

1) գիտության և կրթության հարցերի հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, հրատարակչական գործ.

2) պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, անցումային արդարադատություն, իրավական իրազեկություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն.

3) քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով՝ մարդու իրավունքներ ու ազատություններ, ոչ կառավարական (հասարակական) կազմակերպություններ և միավորումներ, կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ և տեղեկատվության անվտանգության խնդիրներ.

4) ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, պետական գույքի կառավարում, բյուջետային օրենսդրություն, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ.

5) գյուղատնտեսական հարցերի հանձնաժողով՝ գյուղատնտեսություն, անասնաբուծություն, սննդամթերքի անվտանգություն.

6) բնապահպանական հարցերի հանձնաժողով՝ բնական պաշարներ, շրջակա միջավայր.

7) առողջապահության հարցերի հանձնաժողով՝ առողջապահություն, առողջապահական ապահովագրություն, մայրություն, մանկություն, ծնելիություն, սննդի անվտանգություն.

8) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով՝ տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, քաղաքաշինություն և տարաբնակեցում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.

9) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողով՝ պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.

10) ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողով՝ ձեռնարկատիրական գործունեություն, առևտուր և ծառայություններ, սպառողների իրավունքներ, ապրանքների ու ծառայությունների որակ և անվտանգություն.

11) մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով՝ մշակույթ, երիտասարդություն, սպորտ.

12) ժողովրդագրական և սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության դրսևորման դեմ հարցերի հանձնաժողով՝ ժողովրդագրություն, բնակչության միգրացիոն տեղաշարժեր և սեռի հատկանիշով պայմանավորված խտրականություն.

13) կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ կրոնական կազմակերպություններ, սփյուռքի կազմակերպություններ և խնդիրներ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների ներդաշնակեցում.

14) սոցիալական հարցերի հանձնաժողով՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներ, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, վետերանների խնդիրներ.

15) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողով՝ տրանսպորտ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

13. Մշտական հանձնաժողովների անդամների թիվը և նրանց վերապահված հարցերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելու ժամկետները սահմանվում են խորհրդի որոշմամբ:

14. Մշտական հանձնաժողովների կամ մշտական հանձնաժողովների կոլեգիաների հերթական նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը երկու անգամ:

15. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է մշտական հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ մշտական հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով:

16. Մշտական հանձնաժողովներում կարող են ներգրավվել նոր անդամներ' մշտական հանձնաժողովների ձևավորման մասով օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

17. Մշտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, դիմում ներկայացնելով խորհրդի քարտուղարություն, կարող է դադարեցնել իր անդամությունը մշտական հանձնաժողովին:

18. Մշտական հանձնաժողովի անդամը միաժամանակ չի կարող լինել այլ մշտական հանձնաժողովի անդամ, բայց իրավունք ունի խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու ցանկացած այլ մշտական հանձնաժողովի աշխատանքին:

 19. Մշտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տեղափոխվել մեկ այլ մշտական հանձնաժողով, եթե իրեն երաշխավորած կազմակերպության գործունեության ոլորտը համապատասխանում է տվյալ մշտական հանձնաժողովի գործունեությանը՝ միաժամանակ ներկայացնելով դիմում-երաշխավորագիր նույն կազմակերպությունից այլ մշտական հանձնաժողով տեղափոխվելու վերաբերյալ:

 20. Մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը:

21. Մշտական հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

 22. Մշտական հանձնաժողովն իր որոշմամբ կարող է ունենալ քարտուղար, որի պարտականությունները կարող են դրվել մշտական հանձնաժողովի անդամներից որևէ մեկի վրա:

 23. Մշտական հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, արձանագրություններն ստորագրվում են մշտական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

 24. Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն իրենց որոշմամբ ստեղծելու ոլորտային ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Որոշման մեջ պետք է նշված լինեն դրանց անվանումները, անդամների թիվը (ենթահանձնաժողովների դեպքում՝ առնվազն 8 անդամ), գործունեության ոլորտները:

 25. Այն դեպքում, երբ ստեղծվող ենթահանձնաժողովի գործունեության ոլորտը որոշակիորեն համընկնում է մեկ կամ ավելի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին, ապա տվյալ ենթահանձնաժողովի ստեղծումը պետք է համաձայնեցվի համապատասխան մշտական հանձնաժողովների նախագահների հետ և հաստատվի խորհրդի նիստում: Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն նան համատեղ ստեղծելու ենթահանձնաժողովներ:

 26. Յուրաքանչյուր մշտական հանձնաժողով իր աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրավունք ունի ստեղծելու մշտական հանձնաժողովի կոլեգիա, որում պարտադիր պետք է ներգրավված լինեն իր կազմում գործող ենթահանձնաժողովների նախագահները, խորհրդի անդամները՝ ըստ ցանկության, և տվյալ մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչություն ունեցող հեղինակավոր անհատներ, որոնց՝ մշտական հանձնաժողովի անդամ լինելը պարտադիր չէ: Մշտական հանձնաժողովի կոլեգիան մշտական հանձնաժողովի համակարգող մարմինն է՝ մշտական հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում: Մշտական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե մշտական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է:

 

III. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են խորհրդի որոշմամբ: Խորհրդի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, հանձնաժողովի անդամների կազմը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելու ժամկետները:

28. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալն ընտրվում են խորհրդի որոշմամբ:

29. Առանձին հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է խորհրդի որոշմամբ, որն ըստ անհրաժեշտության կարող է երկարաձգվել՝ ժամանակավոր հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

 30. Ժամանակավոր հանձնաժողովի նիստերը, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովի նախագահի և անդամների գործունեությունն իրականացվում են սույն կանոնադրության 1-ին բաժնով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով այդ կարգը չի հակասում սույն բաժնի դրույթներին:

31. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ ժամանակավոր հանձնաժողովի լուծարման դեպքում:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

 

32. Աշխատանքային խմբերն ստեղծվում են խորհրդի որոշմամբ: Որոշմամբ սահմանվում են խմբի անվանումը, անդամների կազմը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելու ժամկետները:

33. Աշխատանքային խումբն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով:

34. Աշխատանքային խմբի հերթական նիստերը, ինչպես նաև խմբի ղեկավարի և անդամների գործունեությունն իրականացվում են սույն կանոնադրության 1-ին բաժնով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով այդ կարգը չի հակասում սույն բաժնի դրույթներին:

 35. Աշխատանքային խմբի արտահերթ նիստերը հրավիրում է աշխատանքային խմբի ղեկավարը` իր նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Աշխատանքային խմբի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով:

36. Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն երկու երրորդը։

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան