Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1473
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499).1 Հոդ.619.8
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 հուլիսի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մայիսի 21-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

1. Արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) կատարումն առավել դյուրին դարձնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Արձանագրությամբ ստանձնում է մասնավորապես հետևյալ պարտավորությունները.

- երաշխավորել Համաձայնագրին համապատասխան առաքվող զինվորական նամակագրության անձեռնմխելիությունը, և որ այդ նամակագրությունը չի կարող բացվել և չի կարող պահվել, ինչպես նաև երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ մարմինները կապահովեն սուրհանդակների (ցրիչների և թղթատարների)՝ պետական սահմանի անարգել հատումը Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, կցուցաբերեն աջակցություն զինվորական նամակագրության օպերատիվ առաքման կազմակերպմանը և կտրամադրեն անհրաժեշտ օգնություն նրանց կողմից իրենց իրավասության շրջանակներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս (հոդված 4),

- չթույլատրել այնպիսի զինվորական նամակագրության առաքումը Ռուսաստանի Դաշնություն, որի պարունակությունը, Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն, դասվում է արգելված վտանգավոր բեռների և իրերի (այդ թվում՝ զենքի, թմրանյութի և դրանց կիրառման ու պատրաստման հարմարանքների) շարքին (հոդված 6),

3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Համաձայնագրում հղում է կատարվել հետևյալ միջազգային փաստաթղթերին.

- 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Ազգային ժողովի կողմից՝ 24.02.2015 թ. ԱԺՈ-147-Ն որոշմամբ (15.04.2014 թ. ՍԴՈ-1146),

- 2014 թվականի հոկտեմբերի 10-ի՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Ազգային ժողովի կողմից՝ 04.12.2014 թվականի ԱԺՈ-132-Ն որոշմամբ (14.11.2014 թ. ՍԴՈ-1175),

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1473