ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 13.05.2019թ. |
ԲԴԽ-27-Ո-Կ-09 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.
նախագահությամբ` Բարձրագույն |
Գ.Հարությունյանի, |
մասնակցությամբ` անդամներ |
Ա. Բեկթաշյանի, Գ. Դանիելյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Հովհաննիսյանի, Լ. Մելիքջանյանի, Ս. Մեղրյանի, Ա. Մխիթարյանի, Ս. Չիչոյանի, |
Երևան քաղաքի առաջին |
Դ. Գրիգորյանի, |
Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ |
Մ. Պապոյանի, |
Դատավորների ընդհանուր ժողովի |
Մ. Մակյանի, |
քարտուղարությամբ՝ |
Մ. Թելոյանի, |
դռնփակ նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով) N-Կ-9/2019 որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Դավիթ Գրիգորյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 11-ի NԿ-9/2019 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի 2019 թվականի հունվարի 23-ի հաղորդումը։
Հաղորդման մեջ նշվել է, որ 2019 թ. հունվարի 11-ին Դատավորին մակագրվել է 2018 թ. դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը, ինչպես նաև 2019 թ. հունվարի 10-ին նույն դատարան ստացված՝ նույն անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը: 2019 թ. հունվարի 11-ին Դատավորի կողմից կայացվել է ինքնաբացարկի որոշում:
Հաղորդում ներկայացնող անձը գտել է, որ Դատավորի գործողություններում առկա է դատավորի վարքագծի կանոնի խախտում:
Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019թ. փետրվարի 11-ի թիվ N-Կ-9/2019 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հաղորդման հիման վրա Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողով:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Հարուցված կարգապահական վարույթում առկա նյութերի, ինչպես նաև Դատավորի ներկայացրած գրավոր բացատրության ուսումնասիրության արդյունքում Կարգապահական հարցերի հանձնաժողովը գտել է, որ ծանրակշիռ չեն կարող համարվել Դատավորի այն հիմնավորումները, որ իր կողմից թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով ինքնաբացարկ չհայտնելը կարող էր անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել, իսկ կողմերին առիթ տալ վիճարկելու դատավորի՝ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան հանդիսանալու, դրանով պայմանավորված՝ նշված գործով արդարացի որոշում կայացնելու անկողմնակալության հարցը:
Կարգապահական հարցերի հանձնաժողովն արձանագրել է նաև, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը, ի թիվս այլնի, հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության առումով, հակառակ դեպքում դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը: Մինչդեռ, նշված հիմնավորմամբ ինքնաբացարկ հայտնելով` Դատավորը, փաստորեն, չի իրականացրել իր հերթապահության օրն իրեն մակագրված դատական գործով միջնորդությունների քննության և լուծման գործառույթները:
Կարգապահական հարցերի հանձնաժողովը հանգել է այն հետևությանը, որ Դատավորի՝ որպես արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից թույլ է տրվել խախտում, որի հետևանքով հեղինակազրկվել է դատական իշխանությունը, հետևաբար՝ Դատավորի վարքագծի կանոնի վերոհիշյալ խախտումը կոպիտ բնույթ է կրում:
Վարույթ հարուցած մարմինն իր փաստարկները հիմնավորելու համար որպես իրավական հիմքեր վկայակոչել է Սահմանադրությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը:
Մասնավորապես, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. դատավորը (...) որոնց հայտնի են քրեական դատավարությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր են դրանց մասին հայտնել դատավարության շահագրգռված մասնակիցներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ նրանք կասկածում են իրենց մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորությանը` հայտարարել ինքնաբացարկ կամ գործով վարույթից իրենց հեռացնելու մասին միջնորդություն»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով»: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին, կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. «1) Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.
4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
Վերոշարադրյալ սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումներից ելնելով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը եզրահանգել է, որ Դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում, ինչը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության: Նման պայմաններում Կարգապահական հարցերի հանձնաժողովի գնահատմամբ առկա է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք: Հանձնաժողովը միաժամանակ գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված՝ դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտումն էական չէ:
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է երկու գրավոր բացատրություն՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով և Բարձրագույն դատական խորհուրդ:
Կարգապահական հարցերի հանձնաժողով ներկայացրած գրավոր բացատրության մեջ Դատավորն անդրադարձել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից ներկայացված հաղորդմանը՝ մասնավորապես արձանագրելով. «Դատարանի նախագահի վերոնշյալ հաղորդման մեջ բացակայում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի վերաբերյալ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի վրա որևէ հղում, հետևաբար սա ինքնին վարույթը կարճելու հիմք է: Այդուհանդերձ կարելի է միայն ենթադրել, որ դատարանի նախագահն ակնարկում է տվյալ հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերում արտացոլված հիմքերից որևէ մեկի մասին…»:
Դատավոր Դ. Գրիգորյանը նշել է, որ հերթապահության օրը՝ 2019 թ. հունվարի 11-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո` ժամը 18:15-ին, քննության առնելու համար ստացել է 2019 թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:25-ին Դատարան մուտք եղած՝ մինչդատական քրեական վարույթի վերահսկողության առարկա հանդիսացող՝ մեղադրյալ Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, ինչպես նաև դեռևս 2018 թ. դեկտեմբերի վերջերին դատարան ստացված՝ նույն անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով միջնորդությունները:
Միաժամանակ Դատավորը հայտնել է, որ 2019 թ. հունվարի 11-ին միջնորդություններն ուսումնասիրելուց հետո, գրեթե անմիջապես գրավոր նամակով (էլեկտրոնային փոստով) Դատարանի նախագահին է ներկայացրել իր փաստարկները նախորդ օրը գրասենյակ մուտքագրված միջնորդությունները հերթապահության սահմանված կարգի (ժամանակացույցի) խախտմամբ իրեն մակագրվելու, դրա հնարավոր իրավական հետևանքների մասին, ապա նույն օրը որոշում է կայացրել թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով (երկու միջնորդություններով) ինքնաբացարկ հայտնելու մասին և նյութերը՝ տվյալ որոշմամբ արդեն հաջորդ օրը՝ առավոտյան հանձնել է Դատարանի (Ավան նստավայրի) գրասենյակ: Այնուհետև, Դատարանի նախագահ Ռ.Վարդազարյանը, ղեկավարվելով ըստ նստավայրերի հերթապահող դատավորների հավասարաչափ ծանրաբեռնվածության կանոնով, 2018 թ. հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ–29–Ո–67 որոշման և իր՝ 2018 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 683-Լ հրամանով հաստատված հավելվածներով սահմանված կարգի պահպանմամբ, արդարացիորեն այն վերամակագրել է Կենտրոն նստավայրի դատավոր Ա. Մկրտչյանին (ով և քննել ու լուծել է դրանք), ով վերոհիշյալ միջնորդությունները դատարան ներկայացնելու օրվա դրությամբ (01.01.19 թ. ներառյալ 10.01.19 թ.) ընդգրկված է եղել հերթապահության ժամանակացույցում՝ որպես հերթապահ դատավոր, թեև 2019 թ. հունվարի 12-ի դրությամբ հերթապահության ժամանակացույցում ընդգրկված էին բացառապես Ավան նստավայրի դատավորները։
Դատավորն ընդգծել է, որ համաձայն Դատարանի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 683-Լ հրամանի, որը նույն օրը հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ հաստատվել է Դատարանի, այդ թվում՝ Ավան նստավայրի 2019 թ. հունվար ամսվա հերթապահության ժամանակացույցը, ըստ որի՝ Ավան նստավայրի դատավորները պետք է հերթապահություն իրականացնեին 2019 թ. հունվարի 11-ից հունվարի 22-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Նույն ժամանակացույցով սահմանվել են նաև դատավոր Դ.Գրիգորյանի հերթապահության օրերը՝ հունվարի 11-ին, 15-ին, 17-ին, 19-ին, 22-ին, ուստի Դատարանի նախագահի կողմից տվյալ միջնորդությունների մակագրումը հաստատված ժամանակացույցից դուրս գտնվող դատավորին՝ իրավաչափ չէր, քանի որ հակասել է 2018 թ. հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ–29–Ո–67 որոշման 1-4-րդ կետերի պահանջներին և բացակայում է հերթապահության ժամանակացույցում դատարանի նախագահի կողմից փոփոխություններ կատարելու որևէ հրաման, ավելին՝ փոփոխությունը ենթակա էր հրապարակման դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում (այսինքն՝ պետք է հասանելի լիներ նաև հանրությանը, դատավարության հնարավոր մասնակիցներին)։
Դատավորը գտել է, որ վերը նշված պայմաններում լրացուցիչ ներգրավված դատավորի, տվյալ դեպքում՝ իր կողմից այդ միջնորդությունների քննարկումն ու ըստ էության լուծումը չէին կարող իրավաչափ համարվել, ավելին՝ կհանգեցնեին հասարակական բարձր հնչեղություն ունեցող գործով կայացվելիք դատական ակտի վիճարկումների և կառաջացնեին բացասական իրավական հետևանքներ։
Ըստ Դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու որոշում կայացնելիս իր կողմից դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնների որևէ խախտում թույլ չի տրվել, քանի որ թիվ ԵԴ/0743/06/18 գործը Դատարանի նախագահ Ռ.Վարդազարյանի կողմից իրեն է մակագրվել 2018 թ. հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշման և իր իսկ 2018 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 683-Լ հրամանով հաստատված հավելվածներով սահմանված կանոնների խախտմամբ։ Նման պայմաններում այդ խախտումները կարող էին ինչպես կողմերի, այնպես էլ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության առնչությամբ, քանի որ վերը նշված պայմաններում լրացուցիչ ներգրավված դատավորի, տվյալ դեպքում՝ իր կողմից այդ միջնորդությունների քննարկումն ու ըստ էության լուծումը չէին կարող իրավաչափ համարվել, ավելին՝ կհանգեցնեին հասարակական բարձր հնչեղություն ունեցող գործով կայացվելիք դատական ակտի վիճարկումների և կառաջացնեին բացասական իրավական հետևանքներ:
Դատավորը միաժամանակ ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ինքնաբացարկ հայտնելու հիմքերի և իրադրությունների թվարկումն սպառիչ չէ, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից անաչառ լինելու և գործը ճիշտ լուծելու հնարավորության հարցի պարզումը վերջին հաշվով գտնվում է վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում` դատավորի տիրույթում, այլ կերպ` նույն իրավիճակում և փաստական տվյալների առկայության պայմաններում մի դատավորը կարող է գործով ինքնաբացարկ հայտնել` հանգամանքները բավարար համարելով, իսկ մեկ այլ դատավոր` ըստ էության քննել և լուծել գործը։ Այսինքն՝ ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրահանգումները պայմանավորված են դրանց համար հիմք հանդիսացող փաստական տվյալների գնահատմամբ, այլ խոսքով՝ կրում են գնահատողական բնույթ։ Ինքնաբացարկի ինստիտուտի վերոնշյալ առանձնահատկությամբ պայմանավորված` կարգապահական խախտում արձանագրելիս և դրա համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնելիս, կարծում եմ, որ անհրաժեշտ է իմ փաստարկները հերքել՝ ապացուցողական առավել բարձր շեմ ապահովելով: Մինչդեռ, Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. մարտի 25-ի թիվ N-Կ-9/2019 որոշմամբ որևէ կերպ անդրադարձ չի կատարվել իր բացատրությամբ ներկայացված միջնորդություններին։
Դատավորը հանգել է այն հետևությանը, որ իր կողմից դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնների որևէ խախտում թույլ չի տրվել:
Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած գրավոր բացատրության մեջ Դատավորը վերահաստատել է Կարգապահական հարցերի հանձնաժողով ներկայացրած գրավոր բացատրության մեջ արտահայտված իրավական փաստարկները՝ պնդելով, որ թիվ ԵԴ/0743/06/18 գործով ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված է, այն կայացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով և վերը հիշատակված փաստարկները հաշվի առնելով, և խնդրել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժել` կայացնելով արդարացի որոշում։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները.
1. 2018 թ. դեկտեմբերի 26-ին Դատարան է մուտք եղել թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որին տրվել է դատական գործի ԵԴ/0743/06/18 համարը։
2. Դատական գործը Դատարանի Շենգավիթ նստավայր է ստացվել 2018 թ. դեկտեմբերի 27-ին և նույն օրը հանձնվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին։
3. 2019 թ. հունվարի 9-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազներ Կ.Բիշարյանի և Վ.Դոլմազյանի, ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի կողմից միջնորդություններ են ներկայացվել նախագահող դատավոր Ն. Բաղդասարյանին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ։
4. Դատավոր Ն. Բաղդասարյանը 2019 թ. հունվարի 10-ին թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով կայացրել է նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում:
5. 2019 թ. հունվարի 10-ին Դատարան է մուտք եղել նաև մեղադրյալ Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով միջնորդությունը:
6. Վերոգրյալ երկու միջնորդությունները 2019 թ. հունվարի 11-ին Դատարանի նախագահի կողմից մակագրվել են Դատարանի Ավան նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանին: Վերջինիս օգնականը հրաժարվել է միջնորդություններն ստանալ՝ պատճառաբանելով, որ դատավոր Հ.Մանուկյանը վատառողջ լինելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 11-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, դիմել է թիվ 1 քաղաքային հիվանդանոց և այնտեղ անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ։ Նույն օրը վերը նշված միջնորդությունները Դատարանի նախագահի կողմից վերամակագրվել են Դատարանի Ավան նստավայրի դատավոր Դ. Գրիգորյանին:
7. 2019 թ. հունվարի 11-ին դատավոր Դ.Գրիգորյանը կայացրել է ինքնաբացարկի որոշում` այն պատճառաբանությամբ, որ Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը Դատարան է մուտք եղել 2019 թ. հունվարի 10-ին, այլ ոչ թե դատավոր Դ. Գրիգորյանի հերթապահության օրը` 2019 թ. հունվարի 11-ին, իսկ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննող դատավոր Ն.Բաղդասարյանը 2019 թ. հունվարի 10-ի որոշմամբ հայտնել է ինքնաբացարկ, և նույն օրը որոշումը հանձնվել է կողմերին: Մինչդեռ դրանք Դատավորին մակագրվել են 2019 թ. հունվարի 11-ին:
8. Հանձնաժողովին է ներկայացվել նաև Դատարանի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 683Լ հրամանը, համաձայն որի` վերջինիս կողմից հաստատվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների 2019 թ. հունվար ամսվա հերթապահությունների ժամանակացույցը, որով 2019 թ. հունվարի 11-ի հերթապահության ժամանակացույցում ընդգրկված է եղել նաև Դատարանի դատավոր Դ. Գրիգորյանը:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի հաղորդումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: (...)
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. արդյո՞ք թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով առկա էր ինքնաբացարկ հայտնելու որևէ հիմք,
2. արդյո՞ք դատավորի կողմից թույլ է տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտում, որը կարող է որակվել որպես կոպիտ:
Առաջին հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում վերլուծել Դատավորի վարքագիծը՝ արդար դատաքննության իրավունքի իրավական հիմքերի, ինչպես նաև դատական գործերի բաշխման կանոնների պահպանման համատեքստում:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը (...):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.
4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
(...)
4. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Ինչպես պարզ է դառնում գործի նյութերից՝ Դատավորն ինքնաբացարկ է հայտնել այն պատճառաբանությամբ, որ 2018 թ. դեկտեմբերի 26-ին և սույն թվականի հունվարի 10-ին՝ ոչ իր հերթապահության օրը, Դատարան մուտքագրված և իրեն սույն թվականի հունվարի 11-ին մակագրված քննության առարկա միջնորդությունների քննությունն իր կողմից կարող էր ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհուրդն այս պատճառաբանությունը համարում է անհիմն, քանի որ միայն այն փաստը, որ Դատավորին միջնորդությունները մակագրվել են ոչ Դատարան մուտք լինելու օրը, չի կարող համարվել բավարար իր անաչառությունը կասկածի տակ դնելու համար: Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ միջնորդությունը մակագրվել է Դատավորի հերթապահության օրը, և հենց սա է կարևոր սույն կարգապահական վարույթի շրջանակներում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սույն գործով Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու՝ օրենքով սահմանված որևէ հիմքը բացակայում է: Բարձրագույն դատական խորհուրդն այս առնչությամբ հիմնավոր է համարում Կարգապահական հարցերի հանձնաժողովի այն փաստարկը, որ ինքնաբացարկ հայտնելով` դատավոր Դ.Գրիգորյանը, փաստորեն, չի իրականացրել իր հերթապահության օրն իրեն մակագրված դատական գործով միջնորդությունների քննության և լուծման գործառույթները:
Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում Դատավորի այն փաստարկը, որ ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն սահմանված, մասնավորապես ասվածը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրում է այն հանգամանքները, որոնք, ի թիվս այլնի, դասվում են ողջամիտ կասկած հարուցող հանգամանքների թվին, սակայն առաջին մասի ուժով՝ դրանք սպառիչ չեն: Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ թերևս վկայակոչված հոդվածը հայեցողություն է տալիս դատավորին որոշելու, թե կոնկրետ որ հանգամանքը կարող է ողջամիտ կասկած հարուցել իր անաչառության վերաբերյալ, պետք է հաշվի առնել, որ այդ հանգամանքները պետք է ոչ միայն դատավորի կարծիքով լինեն ինքնաբացարկի հիմք, այլև անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած առաջացնելու իրական և հիմնավոր վտանգ ներկայացնելու հիմք հանդիսանան: Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ ողջամիտ կասկած առաջացնելու մտավախությունը պետք է լինի իրական և ոչ թե մտացածին՝ պայմանավորված զուտ դատավորի մեկնաբանությամբ և անձնական գնահատականներով:
Ելնելով վերոշարադրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սույն գործով Դատավորի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնի խախտում. Դատավորն ինքնաբացարկ է հայտնել օրենքով նախատեսված որևէ հիմքի բացակայության և իրավիճակի զուտ հայեցողական գնահատման պայմաններում:
Դատավորի պատճառաբանությունների և կարգապահական վարույթի առնչությամբ տրված բացատրության վերլուծությունից բխում է, որ հիշյալ վարքագծի կանոնի խախտումը Դատավորը կատարել է կոպիտ անփութությամբ:
Վերոհիշյալի հաշվառմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ օրենքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս Դատավորը կոպիտ անփութությամբ թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում, ինչը հիմք է հանդիսանում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում նաև Կարգապահական հարցերի հանձնաժողովի այն դիրքորոշումը, որ խախտումը էական կարգապահական խախտում չէ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դավիթ Գրիգորյանը չի ունեցել կարգապահական տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Գ. Հարությունյան | |
Անդամներ` | Ա. Բեկթաշյան | |
Գ. Դանիելյան | ||
Ա. Խաչատրյան | ||
Հ. Հովհաննիսյան | ||
Լ. Մելիքջանյան | ||
Ս. Մեղրյան | ||
Ա. Մխիթարյան | ||
Ս. Չիչոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|