Գլխավոր տեղեկություն
Համար
N 847-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 13.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2019 թվականի N 847-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-175-05.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-175-05.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է, հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը, խմբագրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասը՝ հստակեցնելով, որ քրեական պատասխանատվությունից կազատվեն այն ապաստան հայցողները և փախստականները, ովքեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության:

Նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ նկատառումները՝

1) Նախագծով առաջարկվող կարգավորման մեջ հստակեցված չէ ապաստան հայցելու նախնական նպատակի առկայությունը՝ որպես խրախուսական նորմի կիրառման պարտադիր հատկանիշ, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի գերակշիռ մեծամասնության պարագայում նշված անձինք սահմանապահ զորքերի ծառայողների կողմից չհայտնաբերվելու նպատակով շրջանցում են պետական սահմանի անցման կետերը՝ չնախատեսված վայրերում հատելով սահմանը, իսկ սահմանապահ զորքերի կամ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվելուց հետո ապաստանի խնդրանք կամ դիմում չեն ներկայացնում, ավելին՝ նման խնդրանք կամ դիմում չեն ներկայացնում նաև քրեական գործի հարուցման փուլում, ինչպես նաև նախնական քննության սկզբնական շրջանում: Արդյունքում, ապօրինի սահմանահատների կողմից հետագայում դիմում ներկայացվելու հանգամանքը, հաշվի առնելով նաև «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված կարգավորումները, վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվում է որպես քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված միջոց, ինչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված բացառությունը կիրառելի չէ:

Հետևաբար, կարծում ենք, անհրաժեշտ է առաջարկվող կարգավորման մեջ հստակեցնել ապաստան հայցելու նախնական նպատակի առկայությունը՝ որպես խրախուսական նորմի կիրառման պարտադիր հատկանիշ.

2) Նախագծով ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի փոփոխված 3-րդ մասը պարունակում է «ապաստան հայցող» հասկացությունը, որը ներառված չէ նույն իրավահարաբերությունները կարգավորող՝ վերոնշյալ կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետում: Իսկ միջազգային և ներպետական, ազգային օրենսդրության մեջ հակասությունների առկայության պարագայում, գործում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող միջազգային պայմանագիրը:

Այս առումով գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ գործող 329-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ տվյալ անձանց շրջանակը ներկայացված է առավել ընդլայնված, այն է՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք գործող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, լիովին համահունչ է «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետին, հետևապես, այն փոփոխելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը կրկնում է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, առաջարկում ենք վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը համապատասխանեցնել «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան