Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.31/35(1488).1 Հոդ.421.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.04.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

   

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17609/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17609/02/18
2019թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

 Ա. Սմբատյան
   Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

 

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Գ. Հակոբյան

   

Ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

   

2019 թվականի ապրիլի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Հայկ Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Աբրահամյանի ընդդեմ Բանկի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Աբրահամյանը պահանջել է Բանկից բռնագանձել 52.285.515 ՀՀ դրամ, որից 48.570.000 ՀՀ դրամը` վարձավճարների գումար, 3.715.515 ՀՀ դրամը` որպես տույժերի գումար, ինչպես նաև 48.570.000 ՀՀ դրամի նկատմամբ 24.08.2018 թվականից մինչև պարտավորության կատարման օրը պայմանագիր 1-ի և պայմանագիր 2-ի 4.1-րդ կետով նախատեսված օրական 0,1 տոկոսի չափով հաշվարկվող տույժի գումարներ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2019 թվականի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդան Աբրահամյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 179-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը 07.12.2018 թվականի վճիռը կողմերին է ուղարկել 11.12.2018 թվականին, իսկ բողոքաբերն այն ստացել է 12.12.2018 թվականին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտած այն իրավական դիրքորոշումները, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը պետք է մեկնարկի բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորություն ունենալու պահից, ինչով և պայմանավորված բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է վերը նշված վճռին ծանոթանալու իրական հնարավորություն ունենալու պահից սկսած սահմանված ժամկետի պահպանմամբ՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի վճիռը հրապարակված չի եղել դատական իշխանության պաշտոնական կայքում, ինչպես նաև այն, որ  հնարավոր չէ պարզել, թե վերոգրյալ կայքում դատական ակտը երբ է հրապարակվել ու երբ է այն  օգտատերերի (երրորդ անձանց) համար հասանելի դարձել, ինչը հավաստվում է ՀՀ դատական դեպարտամենտ կատարված փաստաբանական հարցմանը տրված պատասխանով:

Հատկանշական է, որ սույն գործի շրջանակներում ներկայացված վերաքննիչ բողոքը քննած դատավորների կազմը մեկ այլ` թիվ ԵԿԴ/1514/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում 25.01.2019 թվականի որոշմամբ բավարարել է բողոք բերած անձի միջնորդությունը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, և վճռի դեմ վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, քննելով թիվ ԵԿԴ/1514/02/17 և թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործերի շրջանակներում ներկայացված վերաքննիչ բողոքները միևնույն կազմով, նմանատիպ փաստական հանգամանքներում միևնույն իրավական դրույթը միևնույն բովանդակությունն ունեցող միջնորդության նկատմամբ կիրառել է հակասող մեկնաբանություններով և կայացրել է միմյանց հակասող որոշումներ, ինչն առաջացնում է օրենքի միատեսակ կիրառության և, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչված որոշումների` իրավական որոշակիության սկզբունքի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն` բավարարել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ու վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ներկայացված վճռաբեկ բողոքում հստակեցված չեն նյութական կամ դատավարական նորմի խախտումները, որոնք իբրև թույլ են տրվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանն ակնհայտորեն պետք է մերժեր բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությունը, քանի որ այն ներկայացվել էր գրեթե 1 ամիս 4 օր անց: Բողոքաբերն իր իրավունքներն իրացրել է անբարեխղճորեն, վերաքննիչ բողոքը ներկայացնելով 11.01.2019 թվականին, այն պարագայում, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը լրացել է 08.01.2019 թվականին, ուստի բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և   179-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու վերականգնելը կարող է պայմանավորվել այդ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելու հանգամանքով, առանց հաշվի առնելու, թե արդյոք բողոքարկվող դատական ակտն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հասցեատիրոջը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ   կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն  հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տես` Pérez de Rada Cavanilles v. Spain, application, թիվ  116/1997/900/1112 գանգատով ՄԻԵԴ, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե՛ս Pеrez de Rada Cavanilles v. Spain, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 27):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը և 179–րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17–րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (...) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362–րդ հոդվածի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով դատարանի եզրափակիչ դատական ակտերը հրապարակելու կանոնը, միևնույն ժամանակ սահմանել է այդ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչը նաև ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը:

ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական ակտի մասին ծանուցելու՝ իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատական ակտի մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր               31-47):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

  Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

Միաժամանակ հարկ է նշել, որ 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչելով իր ՍԴՈ-1052  որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):

 

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 07.12.2018 թվականի վճռով Վարդան Աբրահամյանի հայցը բավարարվել է: Գործում առկա է միայն Դատարանի 10.12.2018 թվականի թիվ Ե236139 ուղեկցական գրությունը՝ վճիռը Բանկին ուղարկելու մասին (հատոր 2-րդ, գ.թ, 110), սակայն առկա չէ վերը նշված գրությամբ ուղարկված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց, ինչպես նաև Դատարանի վճիռը Բանկի կողմից ստանալու փաստը հաստատող փոստային հետադարձ ծանուցագիր:

11.01.2019 թվականին փոստային առաքմամբ (հիմք` փոստային ծրար, հատոր 3-րդ, գ.թ. 25) Բանկի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ Բանկի ներկայացուցիչը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել բողոք բերելու ժամկետը, պատճառաբանելով, որ Դատարանի վճիռը Բանկը ստացել է 12.12.2018 թվականին (հատոր 3-րդ, գ.թ, 23-24):

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 31.01.2019 թվականի որոշմամբ անդրադառնալով Դատարանի 07.12.2018 թվականի վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետն այդ վճիռը 12.12.2018 թվականին ստացած լինելու փաստի ուժով վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությանը, հանգել է այն հետևության, որ Դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 07.12.2018 թվականին հրապարակվելու պարագայում բողոք բերած անձը կարող էր վճռի հրապարակմանը հաջորդած մեկամսյա ժամկետում բողոքարկել այն` անկախ վճռի թղթային օրինակը ստացած չլինելուց: Արդյունքում Վերաքննիչ դատարանը վերը նշված որոշմամբ մերժել է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը (հատոր 3-րդ, գ.թ, 33): 

 

Հաշվի առնելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Բանկին ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին նպատակ է հետապնդում նաև ապահովելու այն բողոքարկելու իրավունքի իրացումը:  

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Բանկը գործն ըստ էության լուծող դատական ակտը ստացել է հրապարակման օրը: Ավելին, գործում առկա չէ նաև ապացույց այն մասին, թե Դատարանը վճիռը երբ է ուղարկել Բանկին՝ փոստային ծառայության հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի 10.12.2018 թվականի թիվ Ե236139 ուղեկցական գրությունը՝ վճիռը Բանկին ուղարկելու մասին, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացվել:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում առկա չէ նաև ապացույց առ այն, որ Դատարանի 07.12.2018 թվականի վճիռն ստացվել է Բանկի կողմից, այնուամենայնիվ՝ ըստ վերաքննիչ բողոքին կից ներկայացված բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին միջնորդության մեջ պարունակվող տեղեկության` բողոքարկված վճիռը Բանկը ստացել է 12.12.2018 թվականին:

Այնուհետև Դատարանի 07.12.2018 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ ներկայացրել է 11.01.2019 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, և պատճառաբանելով, որ բողոքարկվող վճիռն ստացվել է 12.12.2018 թվականին, միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից դատական ակտը Բանկին ուղարկելու և այն Բանկի կողմից ստանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վերաքննիչ դատարանին հայտնի միակ տեղեկությունը բողոքարկվող վճիռը 12.12.2018 թվականին ստացված լինելու մասին բողոք ներկայացրած անձի փաստարկն է, որը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հիմք ընդունվեր ու համարվեր հավաստի:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից, ըստ որի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության կրողը դատարանն է, ուստի վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից ստանալու մասին ապացույցները պետք է առկա լինեին գործի նյութերում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետը հաշվարկելիս Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի վճռի օրինակը ստանալու օրվա վերաբերյալ բողոքաբերի կողմից ներկայացված տեղեկությունը՝ այն համարելով հավաստի, եթե վճռի օրինակը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից ստանալու փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ, քանի որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն Բանկի ներկայացուցչի նշված միջնորդությունը ենթակա էր բավարարման և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանի վճիռը 07.12.2018 թվականին հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, ուստի վերաքննիչ բողոք բերած անձը կարող էր վճռի հրապարակմանը հաջորդած մեկամսյա ժամկետում բողոքարկել այն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ օրենսդրի կողմից հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրականացմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, քանի որ անհիմն կերպով է մերժել Բանկի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 07.12.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 31.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Ե. Խունդկարյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան