Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 24.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2019 թվականի N 592-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-111-18.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 22

Երևան

     

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-111-18.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

     

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) քննարկվող հոդվածներն առաջարկում է թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված դիտարկումները.

1) նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է ընդլայնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասի նորմի դիսպոզիցիայում սահմանված սուբյեկտների շրջանակը՝ պատասխանատվություն նախատեսելով ոչ միայն պաշտոնատար անձի (հատուկ սուբյեկտի), այլ նաև պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի (ընդհանուր սուբյեկտի) համար: Առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ «(…) նորմի դիսպոզիցիայում նկարագրված արարքի կատարումը պաշտոնատար անձ չհանդիսացող անձի կողմից ևս հնարավոր է և ունի ոչ պակաս հանրային վտանգավորություն:»: Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ պաշտոնատար անձ չհանդիսացող անձի (ընդհանուր սուբյեկտի) կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դրսևորման տարբեր ձևերը (օրինակ, ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը և այլն) գործող քրեական օրենսգրքի 3323-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով քրեականացված են:

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3325-րդ հոդվածում պատասխանատվություն է նախատեսված նոտարի գործունեությանը միջամտելու համար, և այս պարագայում ևս պարզ չէ, թե նախագծի ընդունման դեպքում ինչպես են միմյանցից սահմանազատվելու նոտարի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու և գործունեությանը միջամտելու հանցակազմերը: Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների դիսպոզիցիաներում գործունեությանը միջամտելը դիտարկվում է որպես լիազորությունների իրականացումը խոչընդոտելու առանձին դրսևորում (օրինակ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 332-րդ և 332.1-ին հոդվածներ).

2) նախագծի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «լիազորությունների» եզրույթը փոխարինել «գործունեության» եզրույթով, քանի որ վերջինս օգտագործվում է «Նոտարիատի մասին» և «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ «փաստաբանական գործունեություն» եզրույթը չափազանց լայն է. այն ներառում է նաև խորհրդատվություն՝ ներառյալ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը: Ինչ վերաբերում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, ապա այստեղ օրենսդիրն օգտագործում է ինչպես «լիազորություններ», այնպես էլ՝ «գործունեություն» հասկացությունները: Հետևաբար, ելնելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, գտնում ենք, որ քրեական կառուցակարգերում առավել նպատակահարմար է գործածել «լիազորություններ» եզրույթը.

3) նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար խստացնել քրեաիրավական նորմի սանկցիան՝ նախատեսելով ազատազրկման ձևով պատիժ՝ մեկից մինչև երեք տարի ժամկետով: Այդ առումով հայտնում ենք, որ ներկայումս պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականության հիմնական ուղղություններից է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների կիրառման շրջանակի ընդլայնումը և պատժի նպատակների իրականացման ապահովումը՝ ազատազրկման ձևով պատժի նվազագույն կիրառմամբ: Հետևաբար, կարծում ենք, որ քննարկվող արարքի համար ազատազրկման ձևով պատժատեսակի նախատեսումը նպատակահարմար չէ, ուստի, առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է.

4) նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություններ, որոնք նպատակ են հետապնդում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ այն դեպքերում, երբ նա դատավարության մասնակցին վիրավորել է ոչ միայն դատական նիստերի դահլիճում, այլ նաև ընդհանրապես՝ ելնելով դատավարական կարգավիճակից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Դիտարկելով դատավարության մասնակցին որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտի՝ առաջարկում ենք անմիջական օբյեկտը՝ «դատական իշխանության հեղինակությունը», փոխարինել «արդարադատության նկատմամբ ոտնձգությամբ», սակայն ամրագրելով, որ անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե անձը դատավարության մասնակցին վիրավորել է՝ ելնելով դատավարական կարգավիճակից:»: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Այս սահմանադրական դրույթից բխում է, որ դատավարության մասնակիցները ոչ թե արդարադատություն իրականացնող սուբյեկտ են, այլ իրենց գործունեությամբ նպաստում են արդարադատության իրականացմանը: Եվ հենց դատական իշխանության հեղինակության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների կարևորությամբ է պայմանավորված օրենսդրի այն մոտեցումը, որ քաղաքացիաիրավական զանցանք հանդիսացող վիրավորանքը, որն ուղղված է դատավարության մասնակիցների դեմ, քրեաիրավական բնույթ է ստանում դատական նիստերի դահլիճում՝ դատական իշխանության կողմից իր հիմնական սահմանադրական գործառույթը՝ արդարադատությունն իրականացնելիս:

Ելնելով շարադրվածից՝ գտնում ենք, որ առաջարկվող օրենսդրական կարգավորման ընդունման դեպքում կխեղաթյուրվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված քրեաիրավական նորմի էությունը, հետևաբար, նախագծի հեղինակի կողմից բարձրացված խնդիրը պետք է մնա քաղաքացիաիրավական կարգավորման տիրույթում: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանները կոչված են իրականացնելու արդարադատություն՝ ոչ միայն գործն ըստ էության քննելիս, այլ նաև մինչդատական վարույթում անձի իրավունքների և ազատությունների ապահովման նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, հետևաբար, փարատվում է նախագծի հեղինակի այն մտավախությունը, որ անձը կենթարկվի քաղաքացիաիրավական պատասխանատվության, եթե դատավարության մասնակցին վիրավորի մինչդատական վարույթում, օրինակ, խափանման միջոց կալանքի միջնորդության քննության ժամանակ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան