Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.29/34(1487).1 Հոդ.417.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.03.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/5900/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/5900/05/16
2019թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան  

Դատավորներ՝

Ա. Աբովյան
 

Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ն. Տավարացյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

       

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

2019 թվականի մարտի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.01.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Կարապետյանի ընդդեմ Ծառայության` Ծառայության 23.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604949249 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարեն Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 23.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604949249 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 09.12.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Կարեն Կարապետյանն իրավախախտման կատարման պահին գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կարեն Կարապետյանը պարտավոր էր ապացուցել ոչ միայն վիճարկվող վարչական ակտով իրեն վերագրվող արարքն իր կողմից կատարված չլինելու փաստը, այլ նաև այն փաստը, որ արարքը կատարվել է մեկ այլ անձի կողմից՝ նշելով կոնկրետ ֆիզիկական անձին անհատականացնող տվյալները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)     Ծառայության 23.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604949249 որոշմամբ Կարեն Կարապետյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի «88 CT 885» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 03.08.2016 թվականին՝ ժամը 13:04-ին, Երևան, Մուրացան/Ռոստովյան փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված 1.1 գծանշան պահանջը (գ.թ. 9).

2) ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետի 14.09.2016 թվականի թիվ 2/7/1-941 գրության պատճենի համաձայն` Կարեն Կարապետյանը ՀՀ սահմանը հատել է հետևյալ օրերին` (...) ելք` 05.09.2015 թվական, մուտք` 10.08.2016 թվական (...) (գ.թ. 22).

3) Կարեն Կարապետյանի անձնագրում առկա ելքի և մուտքի դրոշմակնիքների համաձայն` 05.09.2015 թվականից մինչև 10.08.2016 թվականը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից (գ.թ. 12).

4) Կարեն Կարապետյանը դատարանին չի հայտնել իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և չի ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տվյալ տրանսպորտային միջոցը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե տեսանկարահանմամբ կամ լուսանկարահանմամբ հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը կարող է արդյո՞ք անվավեր ճանաչվել այն հիմքով, որ իրավախախտումը կատարել է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից տարբերվող այլ անձ, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը դատարանին չի հայտնել իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և չի ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տվյալ տրանսպորտային միջոցը (տրանսպորտային միջոցը սեփականատիրոջ կամքից անկախ հանգամանքներում վերջինիս տիրապետությունից դուրս եկած չլինելու դեպքում)` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...):

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները: Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին:

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի՝ անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն՝ անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվության վերոնշյալ սկզբունքներից կատարել է բացառություն, որը վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտին:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա նույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով բացահայտված խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտի հարցում որոշակիորեն շեղվել է «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» սկզբունքներից և ամրագրել է այն կանխավարկածը, որ քննարկվող դեպքում ընդհանուր կանոնի համաձայն` վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը տրանսպորտային միջոցի սեփականատերն է, եթե վերջինս հանդիսանում է ֆիզիկական անձ:

Անդրադառնալով տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ առհասարակ իրավաբանական կանխավարկածն իրավական նորմերով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։ Ըստ այդմ, վկայակոչված իրավական դրույթով նախատեսված՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի էությունը հանգում է հետևյալին. տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթակա է տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, քանի դեռ չի ապացուցվել, որ տվյալ իրավախախտումը կատարել է այլ անձ:

ՀՀ սահմանադրական դատարանը, 21.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1282 որոշմամբ անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավական նորմի սահմանադրականության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը վարչական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր կանոնները սահմանելիս քննարկվող դեպքում վարչական պատասխանատվության սուբյեկտ է դիտարկել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը՝ հաշվի առնելով վերջինիս սեփականության իրավունքի իրացումից ծագող պարտականությունը, այն է՝ հանձնելու տրանսպորտային միջոցն այն անձի փաստացի օգտագործմանը, ով այն պետք է շահագործի ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան՝ դրանով իսկ չխախտելով այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նշված իրավակարգավորումը նպատակաուղղված է անձանց իրավունքների պաշտպանությանը և պայմանավորված է տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների կատարման, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձի առավել արագ բացահայտման և պատասխանատվության ենթարկման անհրաժեշտությամբ, ինչը ևս ուղղված է այլ անձանց իրավունքների ու օրենքով պահպանվող շահերի պահպանմանը:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ տվյալ իրավահարաբերություններում տրանսպորտային միջոցի սեփականատերը և իրավաչափ ձևով իր սեփականության օգտագործողը գտնվում են որոշակի իրավապայմանագրային հարաբերությունների մեջ, որը ենթադրում է նաև տրանսպորտային միջոցի օրինաչափ օգտագործման պարտավորություն և իրավախախտման համար պատասխանատվության անխուսափելիություն: Միևնույն ժամանակ, ելնելով մեղքի առկայությամբ պատասխանատվության, պատժի անհատականացման ընդհանուր սկզբունքներից՝ օրենսդիրը քննարկվող դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը վարչական պատասխանատվության սուբյեկտ է դիտարկում, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Նման իրավակարգավորում սահմանելու նպատակը ոչ միայն մեղքի առկայությամբ պատասխանատվության ընդհանուր սկզբունքի պահպանումն է, այլև տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ՝ սեփականության իրավունքի իրացումից ծագող պարտականության չկատարման դեպքերը կանխելը, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձի պատասխանատվության անխուսափելիության երաշխավորումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» վերոհիշյալ սկզբունքներից՝ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով այդ կանխավարկածը p է համարել այն դեպքում, երբ ապացուցվում է, որ իրավախախտումը կատարել է այլ անձ: Ընդ որում, տվյալ դեպքում մեղսագրվող իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստի ապացուցման բեռը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, որն իրավասու մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով տրանսպորտային միջոցով տեղի ունեցած իրավախախտումների դեպքում այն վարած անձի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ վրա դրված պարտականության իրավաչափության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ավտոմեքենայի յուրաքանչյուր սեփականատեր պետք է գիտակցի, որ ինքը պարտավոր է ենթարկվել որոշակի իրավական կարգավորման ռեժիմի, որի առկայությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների շահագործումից այլոց կյանքին և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգով: Հետևաբար այն անձինք, ովքեր ցանկանում են որպես սեփականություն ունենալ և շահագործել ավտոմեքենա, պետք է ստանձնեն որոշակի պատասխանատվություն և պարտականություններ, որոնք հանդիսանում են մեխանիկական տրանսպորտային միջոցներին վերաբերող իրավական կարգավորման ռեժիմի բաղկացուցիչ տարրերը: Ըստ Եվրոպական դատարանի՝ տրանսպորտային միջոցի սեփականատերը որոշ չափով պետք է համաձայնի ստանձնել ցուցմունք տալու պարտականություն՝ կապված իր մեքենայի ներգրավմամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետ: Ընդ որում, փոխադրամիջոցների սեփականատերերի վրա տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերով հայտնաբերված իրավախախտման կատարման պահին մեքենան վարող անձի մասին տվյալները բացահայտելու պարտականությունը պետք է համարել իրավաչափ՝ հաշվի առնելով իրավախախտման և պատասխանատվության միջոցի ոչ խիստ բնույթը, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև այդպիսի պարտականություն ունենալու կանխատեսելիությունը փոխադրամիջոցի սեփականատիրոջ համար (տե՛ս, O’Halloran and Francis v. The United Kingdom (15809/02, 25624/02) գործով Եվրոպական դատարանի 29.06.2007 թվականի վճիռը, 52-63-րդ կետեր):

Հաշվի առնելով քննարկվող հարցի շուրջ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկով իրավաչափ է համարել այն մոտեցումը, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար անհրաժեշտ իրավաբանական փաստի ապացուցման պարտականությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավական նորմը պետք է մեկնաբանվի և կիրառվի հետևյալ կերպ. եթե (1) տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ու տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար և (2) վարչական կամ դատական կարգով վիճարկում է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն այն հիմքով, որ իրավախախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ, ապա այդ վարչական ակտը կարող է վերացվել միայն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձն ապացուցի, որ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար ապացուցման ենթակա փաստական հանգամանքների բովանդակությունն օրենսդիրը սահմանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում, մասնավորապես՝ հետևյալ դրույթի միջոցով. «(...) եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ (...)»: Նշված իրավական նորմի բովանդակությունից հետևում է, որ տվյալ դեպքում օրենսդրի կողմից կանխորոշված ապացուցման ենթակա փաստական հանգամանքը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելն է: Փաստորեն, քննարկվող իրավիճակում անհրաժեշտ է ապացուցել ոչ թե այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը չի վարել տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, այլ այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ:

Վերոգրյալից ուղղակիորեն հետևում է, որ խնդրո առարկա հասարակական հարաբերությունների կարգավորման հարցում օրենսդրի կամքը հանգում է հետևյալին. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար անհրաժեշտ է ոչ թե ապացուցել այն փաստը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը չի վարել տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, այլ բացահայտել այն հանգամանքը, թե կոնկրետ ով է վարել տրանսպորտային միջոցը, այսինքն՝ թե կոնկրետ որ ֆիզիկական անձն է կատարել տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտումը, և ապացուցել այդ հանգամանքի առկայությունը: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացուցման բեռը կրող սուբյեկտը՝ տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, չի կարող բավարարվել միայն այն փաստի վկայակոչմամբ, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտման կատարման պահին ինքը չի վարել տվյալ տրանսպորտային միջոցը, և պարտավոր է հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ով է վարել տվյալ տրանսպորտային միջոցը՝ նշելով այդ անձին նույնականացնելու համար անհրաժեշտ և բավարար տվյալներ (առնվազն վերջինիս անունը և հասցեն): Ընդ որում, տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, մատնացույց անելով որևէ մեկին՝ որպես իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի, պարտավոր է ապացուցել, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տվյալ տրանսպորտային միջոցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձի կողմից վկայակոչված կոնկրետ անձի կողմից իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարելու փաստը վարչական կամ դատական ընթացակարգերի շրջանակներում չհաստատվելու (ապացուցված չհամարվելու) դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձի վրա օրենքով դրված ապացուցման պարտականությունը համարվում է չկատարված, ինչն էլ հանգեցնում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վերջինիս պատասխանատվության իրավաչափության հաստատմանը:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման բովանդակությունը հանգում է հետևյալին. տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը պարտավոր է իրավասու մարմնին (վարչական մարմին կամ դատարան) հայտնել իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տրանսպորտային միջոցը: Հակառակ պարագայում տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը համարվում է չհաղթահարված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վարչական պատասխանատվության ենթակա պատշաճ սուբյեկտ է դիտարկվում տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, և վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտը չի կարող վերացվել այն հիմքով, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները կարգավորվում են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենսդրական ակտում 21.12.2015 թվականին ընդունված և 11.01.2016 թվականից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-179-Ն օրենքով կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ևս վկայում են այն մասին, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման համար տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը պարտավոր է իրավասու մարմնին (վարչական մարմին կամ դատարան) հայտնել իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տրանսպորտային միջոցը:

Այսպես, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ 11.01.2016 թվականից գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու (...) միջոցով:

Նույն օրենքի՝ 11.01.2016 թվականից գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատը (բողոքը կամ հայցադիմումը) կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն գանգատը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա գանգատին (բողոքին կամ հայցադիմումին) պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը:

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը 11.01.2016 թվականից գործող իրավակարգավորումների միջոցով սահմանել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման, այսինքն՝ տվյալ իրավախախտումը փաստացի չկատարած տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ վարչական պատասխանատվության բացառման և տվյալ իրավախախտման իրական կատարողին պատասխանատվության ենթարկելու պայմաններն ու կարգը։ Ըստ այդ իրավակարգավորումների՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը կարող է հասնել իր նկատմամբ ընդունված վարչական ակտի վերացմանը թե՛ վարչական, թե՛ դատական կարգով այդ վարչական ակտը վիճարկելու միջոցով՝ իր բողոքի կամ հայցի հիմքում դնելով այն փաստական հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ: Ընդ որում, վարչական կամ դատական կարգով բողոքարկելով տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը՝ վերջինս պարտավոր է վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին ներկայացնել, ի թիվս այլ հանգամանքների, հետևյալ տվյալները (փաստաթղթերը).

1)   իրավախախտումը կատարած անձի անունը և ազգանունը,

2)   իրավախախտումը կատարած անձի վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը,

3)   տրանսպորտային միջոցն իրավախախտումը կատարած անձի կողմից օգտագործվելու հիմք հանդիսացող գրավոր պայմանագիրը (առկայության դեպքում):

Փաստորեն, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ 11.01.2016 թվականից գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածով սահմանված վերոգրյալ իրավական նորմերով օրենսդիրը տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձի վրա դրել է պարտականություն վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին հայտնել որոշակի տեղեկություններ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարած անձի և այդ անձի կողմից տրանսպորտային միջոցն օգտագործելու հիմքերի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ օրենսդիրը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածի հաղթահարման հարցում դրսևորել է հստակ մոտեցում առ այն, որ նշված կանխավարկածի հաղթահարման համար անհրաժեշտ ապացուցման բեռի բովանդակությունը հանգում է հետևյալին. տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը պարտավոր է իրավասու մարմնին (վարչական մարմին կամ դատարան) հայտնել իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տրանսպորտային միջոցը (տե՛ս, Ծովինար Զաքարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0846/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Կարեն Կարապետյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 23.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604949249 որոշումը: Նշված վարչական ակտով Կարեն Կարապետյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի «88 CT 885» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 03.08.2016 թվականին՝ ժամը 13:04-ին, Երևան, Մուրացան/Ռոստովյան փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված 1.1 գծանշան պահանջը: 

Դատարանը բավարարել է Կարեն Կարապետյանի հայցը՝ վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման օրը` 03.08.2016 թվականին, Կարեն Կարապետյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որպիսի փաստն ապացուցվում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետի 14.09.2016 թվականի թիվ 2/7/1-941 գրությամբ և Կարեն Կարապետյանի անձնագրում առկա ելքի և մուտքի դրոշմակնիքներով, հետևաբար հայցվորը լիարժեքորեն կատարել է իր վրա դրված` իրավախախտման սուբյեկտ չլինելու փաստի ապացուցման բեռը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը, հաստատել է Դատարանի պատճառաբանությունները՝ նշելով, որ տրանսպորտային միջոցը գտնվել է սեփականատիրոջ տիրապետումից դուրս, հետևաբար հնարավոր է հաստատված համարել, որ իրավախախտումը կատարվել է այլ անձի կողմից: 

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Կարեն Կարապետյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման (գծանշանի պահանջի խախտում) համար՝ հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը: Սույն վարչական գործի շրջանակներում նշված կանխավարկածը հաղթահարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի     32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացուցման բեռը կրող սուբյեկտը՝ «MERCEDES-BENZ» մակնիշի «88 CT 885» համարանիշի տրանսպորտային միջոցի սեփականատեր Կարեն Կարապետյանը, բավարարվել է միայն այն փաստի վկայակոչմամբ, որ Ծառայության 23.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604949249  որոշմամբ իրեն վերագրվող և տեսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտման կատարման պահին ինքը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել, հետևաբար այդ պահին ինքը չի վարել տվյալ տրանսպորտային միջոցը: Սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փաստը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետի 14.09.2016 թվականի թիվ 2/7/1-941 գրության և Կարեն Կարապետյանի անձնագրում առկա ելքի և մուտքի դրոշմակնիքների միջոցով հաստատված համարելը չի կարող դիտարկվել բավարար հիմք՝ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը հաղթահարելու համար: Այսպես, ըստ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշման` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը հաղթահարելու համար տրանսպորտային միջոցի սեփականատեր Կարեն Կարապետյանի վրա դրված ապացուցման բեռը հանգում է հետևյալին. վերջինս պարտավոր է դատարանին հայտնել իրեն վերագրվող իրավախախտման կատարման պահին՝ 03.08.2016 թվականին՝ ժամը 13:04-ին, «MERCEDES-BENZ» մակնիշի «88 CT 885» համարանիշի տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տվյալ տրանսպորտային միջոցը:

Մինչդեռ սույն գործով Կարեն Կարապետյանը չի կատարել օրենքով իր վրա դրված ապացուցման պարտականությունը, չի մատնանշել այն անձին, ով իրավախախտման կատարման պահին վարել է «MERCEDES-BENZ» մակնիշի «88 CT 885» համարանիշի տրանսպորտային միջոցը, Դատարան չի ներկայացրել այդ անձին նույնականացնելու համար անհրաժեշտ և բավարար տվյալներ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանխավարկածը պետք է համարվեր չհաղթահարված, և Կարեն Կարապետյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտը՝ Ծառայության 23.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604949249  որոշումը, չէր կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ իրավախախտման կատարման պահին՝ 03.08.2016 թվականին՝ ժամը 13:04-ին, «MERCEDES-BENZ» մակնիշի «88 CT 885» համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ, քանի որ այդ օրը Կարեն Կարապետյանը բացակայել է  Հայաստանի Հանրապետությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Դատարանը պատշաճ կերպով չի պարզել սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցը, այն է՝  Ծառայության 23.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604949249 որոշմամբ Կարեն Կարապետյանին մեղսագրվող արարքի կատարման պահին վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի «88 CT 885» համարանիշի տրանսպորտային միջոցը կոնկրետ անձի կողմից վարելու փաստը, քանի որ Կարեն Կարապետյանը պարտավոր է դատարանին հայտնել իրեն մեղսագրվող իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարած անձի ինքնությունը և ապացուցել, որ իրավախախտման կատարման պահին հենց այդ անձն է վարել տվյալ տրանսպորտային միջոցը, ինչպես նաև Կարեն Կարապետյանը պարտավոր է մատնանշել այդ անձին նույնականացնելու համար անհրաժեշտ և բավարար տվյալներ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ Կարեն Կարապետյանի ապացուցման պարտականության կատարումը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ապահովելու միջոցով գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոհիշյալ հարցը պարզելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.01.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

  Ս. Միքայելյան
 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան