Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-24-Ո-Կ-08
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.22/32(1485) Հոդ.398
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2019
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   Ք. Երևան

 08 մայիսի 2019 թ.

ԲԴԽ-24-Ո-Կ-08

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Գ.Հարությունյանի,

 

մասնակցությամբ` անդամներ

Ա. Բեկթաշյանի,

Գ. Դանիելյանի,

Ա. Խաչատրյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ս. Մեղրյանի

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի

   

Երևան քաղաքի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի դատավոր

Հ. Մանուկյանի,
 
Դատավորների ընդհանուր ժողովի
կարգապահական հարցերի
հանձնաժողովի նախագահ
 
Մ. Պապոյանի,
 

Դատավորների ընդհանուր ժողովի
կարգապահական հարցերի
հանձնաժողովի անդամ

Մ. Մակյանի,
   
քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի

 

դռնփակ նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 25.03.2019 թվականի NԿ7/2019 որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Հարություն Մանուկյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

 

Հանձնաժողովի 2019 թ. մարտի 25-ի N-Կ-7/2019 որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (այսուհետ՝ Դատարանի նախագահ) կողմից 23.01.2019 թ-ին Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը։

Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ 2019 թ. հունվարի 11-ին Դատավորին մակագրվել է 2018 թ. դեկտեմբերի 26-ին Դատարան ստացված Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը, ինչպես նաև 2019 թ. հունվարի 10-ին նույն Դատարան ստացված նույն անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը: Դատավորի օգնականը հրաժարվել է ստանալ վերոնշյալ միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ Դատավորը վատառողջ լինելու պատճառով 2019 թ. հունվարի 11-ին ժամը 12:45-ի սահմաններում դիմել է թիվ 1 քաղաքային հիվանդանոց և այնտեղ անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողովին և Բարձրագույն դատական խորհրդին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

 

Վարույթ հարուցած մարմինն իր փաստարկները հիմնավորելու համար վկայակոչել է Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նորմերը:

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թ. հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:

Հանձնաժողովն արձանագրում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորումներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դատավորն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել:

Անդրադառնալով Դատավորի այն պատճառաբանությանը, որ իրեն մակագրված դատական գործերը վերադարձնելը պայմանավորված է եղել դրանք անհապաղ կամ սեղմ ժամկետներում քննելու օրենսդրական պահանջներով և անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների էական խախտում թույլ չտալու հանգամանքով, Հանձնաժողովը եզրակացրել է, որ այն ևս հիմնավոր չի կարող դիտարկվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն, իսկ դատարանը՝ համաձայնելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի՝ կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ համապատասխան որոշում է կայացնում:

Ինչ վերաբերում է խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննելու ժամկետներին, ապա հարկ է նշել, որ ներպետական օրենսդրությամբ այդ միջնորդությունն անհապաղ քննելու պահանջ սահմանված չէ, այն ենթակա է քննության և լուծման ողջամիտ ժամկետներում:

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների պահպանմամբ, վերլուծելով մեջբերված փաստերը՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ Դատավորը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի խախտում: Միաժամանակ, Հանձնաժողովը գտնում է, որ Դատավորի վերոնշյալ գործողություններով հեղինակազրկվել է դատական իշխանությունը, ուստի թույլ տրված վարքագծի կանոնի խախտումը կրում է կոպիտ բնույթ:

Հանձնաժողովը միաժամանակ գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտումը էական չէ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է երկու գրավոր բացատրություն, համապատասխանաբար՝ Հանձնաժողով և Բարձրագույն դատական խորհուրդ:

Հանձնաժողով ներկայացված իր բացատրությամբ Դատավորն արձանագրել է, որ hաղորդման մեջ նկարագրված չէ որևէ խախտման հիմնավոր փաստ, միաժամանակ նշելով, որ այն, թերևս, կարող է պայմանավորված լինել մամուլում (հավանաբար՝ armlur.am կայքում) շրջանառված այն մտացածին տեղեկատվությամբ, թե ինքը չի ցանկացել քննել միջնորդությունները, ու ստանալով այն՝ «նախաինֆարկտային վիճակով» դիմել է հիվանդանոց:

Դատավորը նշել է նաև, որ 2019 թ. հունվարի 11-ին ինքն ընդգրկված է եղել դատավորների հերթապահության ցուցակում՝ երկրորդ համարի ներքո (ըստ ընդունված կարգի՝ հերթապահության օրվա ընթացքում ստացված առաջին կալանքի միջնորդությունը մակագրվում է առաջին համարի ներքո նշված դատավորին): Այսինքն՝ նշված կալանքի հետ կապված միջնորդությունները չպետք է մակագրվեին իրեն: Դատավորը հայտնել է, որ 2019 թ. հունվարի 11-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, իր ինքնազգացողության վատթարացման պատճառով դուրս է եկել աշխատանքի վայրից և ժամը 13:20-ին դիմել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցում ստացել է առաջնային բուժօգնություն ու բժիշկների հորդորով անցել է անհրաժեշտ հետագա բժշկական հետազոտություններ:

Նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, երբ դեռևս գտնվել է հետազոտման մեջ, իր օգնականը՝ Հակոբ Շահբանդարյանը, տեղեկացրել է, որ իրեն է մակագրվել կալանքի երեք միջնորդություն:

Օգնականից տեղեկանալով այդ մասին՝ Դատավորը զանգահարել է Դատարանի նախագահին ու հայտնել, որ կեսօրից հիվանդանոցում անցնում է համապատասխան բուժզննություն, որը հնարավոր է տևի մինչև երեկո:

Դրանից հետո հեռախոսով օգնականին հանձնարարել է, որ այդ կապակցությամբ գրավոր նույնաբովանդակ զեկուցագիր ներկայացնի Դատարանի աշխատակազմի ղեկավարին: Դատավորի օգնականը, բառացիորեն տեղեկացնելով վերոգրյալի մասին, զեկուցագրում նշել է. «(...) Ուստի վերոնշյալ նյութերը վերադարձնում եմ հետագա ընթացքը լուծելու նպատակով»:

Դատավորը նշել է, որ միջնորդություններն ստանալուց հրաժարվելու մասին խոսք չկա զեկուցագրում, այդ մասին նաև հնարավոր չէ ողջամիտ դատողություն անել դրա բովանդակությունից: Ստեղծված իրավիճակում առաջարկել է քննարկել միջնորդությունները վերամակագրելու հարցը, որպիսի պայմաններում իրավասու պաշտոնատար անձը կարող էր, մասնավորապես՝ ա) միջնորդությունը վերամակագրել, բ) խնդրանքը չբավարարել ու այն վերադարձնել: Տվյալ դեպքում խնդրանքը դիտվել է հիմնավոր, ու միջնորդությունները վերամակագրվել են: Մինչդեռ, միջնորդություններն ընդունելուց հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող, հակառակ դեպքում դրանք առնվազն չէին վերամակագրվի:

Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությամբ Դատավորը հայտնել է, որ գտնում է, որ խնդիրը ոչ թե Հանձնաժողովի տեսակետն է, այլ այն բխում է օրենսդրական թերի կարգավորումներից, այսինքն՝ օրենքով հստակ նախատեսված չեն դատավորի վատառողջ լինելու, անձնական որևէ, նույնիսկ կենցաղային պատճառներով, գործը քննելու անհնարինության դեպքում միջնորդությունները, գործերը հանձնելու հնարավորություններ: Մինչդեռ՝ պետք է նշել, որ գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ անհնարինության պատճառով դատավորներն անձամբ կամ կազմի միջոցով հանձնում են գործերը վերամակագրման համար:

Դատավորը Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ Դատարանի նախագահը սույն կարգապահական վարույթի ընթացքում ներկայացրել է տարբեր բովանդակությամբ երկու գրություն: Դատավորն այս առնչությամբ արձանագրել է. «Հանձնաժողովը նախ գտել է, որ ինձ մակագրված դատական գործերը տվյալ դեպքում կարճատև առողջական խնդիրներ ունենալու պատճառով ես ընդհանրապես իրավասու չէի վերադարձնելու, այնուհետև գտել է, որ իմ կողմից անհապաղ վերադարձնելը հիմնավոր չէ: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ Հանձնաժողովը միևնույն խնդրո առարկայի վերաբերյալ երկու տարբեր դիրքորոշումներ է հայտնել, մասնավորապես՝ մի դեպքում գտել է, որ այդ դատական գործերն առողջական կարճատև խնդիրներ ունենալու պայմաններում ընդհանրապես վերադարձնելու իրավական հիմքեր չկան, իսկ մյուս դեպքում էլ գտել է, որ նույն դատական գործերն իմ կողմից անհապաղ վերադարձնելն է անհիմն: Այսինքն, Հանձնաժողովի այս մոտեցմամբ ստացվում է, որ, եթե իմ կողմից կարճատև առողջական խնդիրներ ունենալու դեպքում վերը նշված միջնորդությունները վերադարձվեին հիմնավոր կերպով, ապա դա կարող էր համարվել իրավաչափ, այն պայմաններում, երբ Հանձնաժողովն իր որոշմամբ արձանագրել է, որ նման իրավասություն չունեի: Ուստի գտնում եմ, որ Հանձնաժողովի միևնույն խնդրո առարկայի վերաբերյալ արտահայտած երկու տարբեր միջնորդությունները հիմնավոր չեն կարող համարվել, քանի որ առնվազն խախտվում է որոշակիության սկզբունքը»:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները.

 

1. 2018 թ. դեկտեմբերի 26-ին Դատարանում մուտք է եղել թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որին տրվել է դատական գործի ԵԴ/0743/06/18 համարը։ Դատական գործը Դատարանի Շենգավիթ նստավայր է ստացվել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին և նույն օրը հանձնվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին։

2. 2019 թ. հունվարի 9-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազներ Կ.Բիշարյանի և Վ.Դոլմազյանի, ՀԿԳ ավագ քննիչ Հր.Մուշեղյանի կողմից միջնորդություններ են ներկայացվել նախագահող դատավոր Ն.Բաղդասարյանին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ։ Դատավոր Ն. Բաղդասարյանը 2019 թ. հունվարի 10-ին թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով կայացրել է նախագահող դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում:

3. 2019 թվականի հունվարի 10-ին Դատարան է մուտք եղել նաև մեղադրյալ Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին թիվ ԵԴ/0743/06/18 դատական գործով միջնորդությունը:

4. Վերոգրյալ երկու միջնորդությունները 2019 թ. հունվարի 11-ին Դատարանի նախագահի կողմից մակագրվել են Դատարանի Ավան նստավայրի դատավոր Հ. Մանուկյանին:

5. Դատարանի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 683-Լ հրամանի համաձայն՝ վերջինիս կողմից հաստատվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների՝ 2019 թվականի հունվար ամսվա հերթապահությունների ժամանակացույցը, համաձայն որի` 2019 թ. հունվարի 11-ի հերթապահության ժամանակացույցում ընդգրկված է եղել նաև Դատավորը:

6. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Հանձնաժողովին է տրամադրվել Դատավորի կողմից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժշկի կողմից տրված տեղեկանքն առ այն, որ Հ. Մանուկյանը 2019 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 13:20-ին դիմել է «Հերացիե թիվ 1 հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժին՝ գանգատվելով գլխացավից, տագնապի, կրծքավանդակի դիսկոմֆորտի զգացողություններից: Արդյունքում՝ կատարվել է անհրաժեշտ հետազոտություն և ցուցաբերվել համապատասխան բժշկական օգնություն` հիվանդին տրվել է 25 մգ «Կապտոպրիլ»:

7. Հանձնաժողովին է ներկայացվել դատավորի օգնական Հ.Շահբանդարյանի գրավոր զեկուցագիրը, համաձայն որի՝ սույն թվականի հունվարի 11-ին նստավայրի պատասխանատու Է. Արզաքանյանն իրենց աշխատասենյակ է ներկայացրել թիվ ԵԴ/0743/06/18 կալանավորման ժամկետի երկարացման մասին նյութերը, թիվ ԵԴ/0743/06/18 այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին նյութերը և թիվ ԵԴ/0598/06/18 կալանավորման ժամկետի երկարացման մասին նյութերը: Ըստ զեկուցագրի՝ սույն թվականի հունվարի 11-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, Դատավորը վատառողջ լինելու կապակցությամբ դիմել է թիվ 1 քաղաքային հիվանդանոց և այնտեղ անցել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: Ինչի արդյունքում նույն օրը՝ ժամը 16:20-ին Դատավորի օգնականն ստացված նյութերը վերադարձրել է Դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին:

8. Ի պատասխան Հանձնաժողովի նախագահի 2019 թ. մարտի 19-ի գրության` Դատարանի նախագահը 2019 թ. մարտի 22-ի գրությամբ, ի թիվս այլնի, տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ 2019 թ. հունվարի 11-ին Դատավորին են մակագրվել թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերով միջնորդությունները: Նույն օրը Դատավորը հեռախոսազանգի միջոցով Դատարանի նախագահին տեղեկացրել է, որ ինքը գտնվում է նախաինֆարկտային կամ նախաինսուլտային վիճակում և հետազոտվելու նպատակով դիմել է թիվ 1 քաղաքային հիվանդանոց, ուստի, քանի որ իրեն մակագրված միջնորդությունները քննարկելու հնարավորություն չունի, խնդրել է դրանք վերամակագրել, ինչին ի պատասխան՝ առաջարկվել է վերամակագրման նպատակով վերը նշված միջնորդությունները դատավորի օգնականի միջոցով վերադարձնել Դատարանի գրասենյակ: Բացի դրանից, Հանձնաժողովի նախագահի հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք դատավոր Հ. Մանուկյանը 2019 թ. հունվարի 12-ին աշխատանքի ներկայացել է, թե՝ ոչ, ինչպես նաև տեղեկություններ ներկայացնելու առաջարկությանը՝ այն մասին, թե դրա նախորդ օրը Դատավորին՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում այլ ինչ միջնորդություններ են մակագրվել և դրանք ինչպիսի ժամկետներում են քննվել, Դատարանի նախագահը հայտնել է, որ 2019 թ. հունվարի 12-ին Դատավորի աշխատանքի ներկայանալու վերաբերյալ ստույգ տեղեկատվություն տրամադրել չի կարող, քանի որ 2019 թ. հունվարի 12-ը եղել է ոչ աշխատանքային՝ շաբաթ օր, ինչպես նաև չի կարող տեղեկատվություն տրամադրել նաև Դատավորին որևէ միջնորդություն մակագրելու մասին:

Միաժամանակ, Դատարանի նախագահը 2019 թ. մարտի 25-ին Հանձնաժողովին ներկայացրած լրացուցիչ գրությամբ տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 14-ին Դատավորը ներկայացել է աշխատանքի և նրան է մակագրվել թվով 9 միջնորդություն:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի միջնորդությունը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1) արդյո՞ք Դատավորը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով դատավորի վարքագծի կանոնի խախտում,

2) արդյո՞ք վերոնշյալ գործողությունների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը:

Առաջին հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում համադրել Դատավորի վարքագիծը՝ արդար դատաքննության իրավունքի իրավական հիմքերի, ինչպես նաև դատական գործերի բաշխման կանոնների պահպանման համատեքստում:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը (...):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում և դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

Բարձրագույն դատական խորհրդի 2018 թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական հիմքերը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու վերաբերյալ որևէ ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դատավորն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել կամ նախաձեռնել արդեն իսկ մակագրված դատական գործի վերամակագրում:

Դատավորի կողմից բերված այն փաստարկին, որ իրեն մակագրված դատական գործերը վերադարձնելը պայմանավորված է եղել դրանք անհապաղ կամ սեղմ ժամկետներում քննելու օրենսդրական պահանջներով և անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների էական խախտում թույլ չտալու հանգամանքով, Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ, նախ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում (...)»: Հետևաբար, խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննելու ժամկետների առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում Հանձնաժողովի այն դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ այդ միջնորդություններն անհապաղ քննելու պահանջ սահմանված չէ, այն ենթակա է քննության և լուծման ողջամիտ ժամկետներում: Բացի այդ, հետազոտության մեջ գտնվելը դեռևս հիմք չէր նշված դատական գործերը սահմանված ժամկետում, այդ թվում՝ Դատավորի ընկալմամբ անհապաղ քննարկելու համար, քանզի հետազոտության կարճատև ընթացքի ավարտից հետո միայն պարզ կդառնար դատական գործերը քննելու հնարավորության հարցը:

Դատավորի այն պատճառաբանությունը, թե ինքը Դատարանի նախագահին սոսկ իրազեկել է իր առողջական վիճակով պայմանավորված բժշկական հետազոտություն անցնելու մասին, սակայն չի առաջարկել վերամակագրել գործը, չի կարող ամբողջովին բացառել Դատավորի կողմից վարքագծի խախտում թույլ տալու փաստը, քանզի ինքն է հանձնարարել իր օգնականին զեկուցագրով դատական գործերը վերադարձնելու մասին, մինչդեռ՝ անկախ որևէ դատական պաշտոնյայի ենթադրյալ դիրքորոշումից, Դատավորը չպետք է խախտեր դատական գործերի վերամակագրման կանոնները:

Վերոհիշյալ իրավական հիմքերի և փաստական հանգամանքների հաշվառմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը հանգում է այն հետևությանը, որ Դատավորի կողմից խախտվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնը, այն է՝ «քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր»:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ քննության առարկա խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրված խախտումը դիտարկում է որպես կոպիտ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ խախտման արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը: Դատավորն անտեսել է այն, որ դատական գործերի բաշխման և վերամակագրման կանոնների շրջանցման, սոսկ ինքնազգացողության հիմքով առողջական վիճակը պարզելու համար հետազոտության մեջ գտնվելու պատճառաբանությամբ, որը նախատեսված չէ, որպես դատական գործերի վերամակագրման հիմք, օգնականին ակնհայտ ապօրինի ցուցում տալը գնահատվում է, հատկապես հանրային մեծ հնչեղություն ունեցող դատական գործով արդարադատության իրականացումից խուսափելու ձգտում:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ: Միաժամանակ, հիմք է ընդունվում այն փաստական հանգամանքը, որ վերամակագրման հարցում Դատավորի դիրքորոշման համար նախադրյալ է հանդիսացել նաև Դատարանի Նախագահի որոշումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ և 5-րդ մասերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

 Բարձրագույն դատական
 խորհրդի նախագահ`
    Գ. Հարությունյան
 Անդամներ`    Ա. Բեկթաշյան
     Գ. Դանիելյան
     Ա. Խաչատրյան
     Լ. Մելիքջանյան
     Ս. Մեղրյան
     Ա. Մխիթարյան
     Ս. Չիչոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան