Գլխավոր տեղեկություն
Համար
N 660-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 05.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2019 թվականի N 660-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) անվանափոխել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության.

2) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով.

3) որոշման հավելվածում՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.

2) ռուսերեն` Министерство высокотехнологической промышленности Республики Армения.ուղղ.

3) անգլերեն` Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia.ուղղ.

4) ֆրանսերեն՝ Ministère de l'industrie des hautes technologies de la Rèpublique d'Armènie:»,

բ. 6-րդ կետից հանել «, գրասենյակը» բառը,

գ. 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Նախարարության նպատակը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), օդային և տիեզերական բնագավառների ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է:

10. Նախարարության խնդիրներն են՝

1) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), օդային և տիեզերական բնագավառների գործունեության արդյունավետ կառավարումը, համակարգումը և պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումը և ամրապնդումը.

2) փոստի ոլորտի և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման և տիեզերական գործունեության կազմակերպման համար լիցենզիաների տրամադրման, կասեցման, դադարեցման, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման հետ կապված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.

3) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներում միջպետական համագործակցությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

4) արտակարգ իրավիճակների, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համակարգումը, ինչպես նաև տեղեկատվական և փոստային ցանցերի գործունեության ապահովումը.

5) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներում, նորարարության ձևավորման խթանման, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը և զարգացումը, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանումը.

6) ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործումը և կառավարումը.

7) Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված այլ խնդիրներ:

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) բարձր տեխնոլոգիաների միջազգային համագործակցության իրականացման և զարգացման, ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործման և կառավարման, նորարարության ձևավորման խթանման, ինովացիոն տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, ոլորտային այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից յուրաքանչյուրի շահագործման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման և թվային տնտեսության ձևավորման խթանման ոլորտներում քաղաքականության մշակում և իրականացում.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.

3) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական, նորմատիվ տեխնիկական ակտերի և ստանդարտների մշակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ բնագավառների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ընդունում.

4) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.

5) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի վարում.

6) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

7) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ենթակա մարմինների ու պետական հիմնարկների կառավարում.

8) ռադիոհաճախականության տիրույթի բաշխում, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացում.

9) փոստի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս որպես Հայաստանի Հանրապետության փոստային ադմինիստրացիա հանդես գալը.

10) կապի և համացանցի (ինտերնետի) ծառայության մատուցման արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների մշակում, արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ օգտագործում և կառավարում.

11) Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի և թեմայի, փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանում, դրանց հրատարակման ու տարածման կազմակերպում.

12) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման հսկիչ ժամկետների և փոստային օբյեկտների դասիչների սահմանում.

13) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատում և փոփոխում.

14) ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոնների մշակում.

15) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում, զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային առաջադրանքների մշակում.

16) պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հասանելիության ծրագրերի մշակում և դրանց իրականացման դիտանցում.

17) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտների զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակում, դրանց իրագործման ապահովում և մոնիթորինգի իրականացում.

18) տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականության մշակում.

19) բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն կարողությունների զարգացման և ոլորտը միջազգային գործընթացներում ներգրավման, ինչպես նաև հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանում.

20) փոստի ոլորտի և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման և տիեզերական գործունեության կազմակերպման լիցենզավորման և լիցենզավորման գործընթացի հետ կապված գործառույթների իրականացում.

21) փոստի և տիեզերական ոլորտում տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիաների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տրամադրվող հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և պահպանում.

22) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական տուրքի հաշվարկում և գանձում.

23) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտի միջազգային վարկատու կազմակերպությունների ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրություն.

24) տեխնոլոգիական ոլորտում գիտելիքի և նորարարության ձևավորման խթանման, ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում և զարգացում.

25) հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների, փորձանմուշների, ներհանրապետական արտադրանքի տեսականու, ռազմարդյունաբերությանն առնչվող տեխնոլոգիաների մասին տեղեկությունների և տեխնիկական փաստաթղթերի հավաքում, հաշվառում և համապատասխան բազայի ստեղծում.

26) բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական կազմակերպությունների կարողությունների (արտադրանքի, ծառայությունների) գնահատում և հայրենական արտադրության բարձր տեխնոլոգիաների և սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու մեխանիզմների ստեղծում.

27) բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտությունների և փորձարարական աշխատանքների իրականացում.

28) բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների վաճառքի շուկաների պահանջների և արտադրանքի համապատասխանության հետազոտում, եկամտաբեր գործարքների խթանում, վաճառքի իրականացման բիզնես պլանի և ռազմավարության մշակում, թիմերի ձևավորում և ղեկավարում.

29) բարձր տեխնոլոգիական ոլորտում վաճառքի ներկայացուցչությունների աշխատանքի մոնիթորինգ, ոլորտային նպատակների հստակեցում, վերապատրաստում (փորձի փոխանակում).

30) բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատանքային արդյունավետ երկարաժամկետ գործարքների կնքում.

31) բարձր տեխնոլոգիական ոլորտում հաճախորդների կարիքների գնահատում և համագործակցության զարգացում.

32) գիտատեխնիկական ծրագրերի մշակում և իրագործում.

33) տեխնոլոգիաների զարգացման գերակայությունների և ուղղությունների մշակում.

34) բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթության, գիտության և արտադրության ինտեգրմանն ու միասնական մոտեցումների ռազմավարության մշակում և դրանց իրականացման խթանում.

35) գիտատեխնիկական ծրագրերի, փորձաքննության և իրականացման մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացում.

36) տեխնոլոգիական ոլորտում նորարական գաղափարների գեներացման, ստարտափերի ձևավորման և զարգացման էկոհամակարգի ստեղծման ծրագրերի մշակում և վերջինիս իրականացման ապահովում.

37) Հայաստանի Հանրապետության թվային օրակարգի և դրա հետ առնչվող վարչարարության խնդիրների լուծումներ ներառող միասնական ծրագրերի մշակում, իրականացման գործընթացի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի աշխատանքային ռեսուրսների և գործառույթների պլանավորում.

38) Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ թվային օրակարգի՝ ներառյալ դրանց նպատակների և ակնկալվող արդյունքների գործիքակազմի մշակում.

39) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում էլեկտրոնային համակարգերի զարգացման և այդ գործընթացի համակարգում.

40) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ներդրվող թվայնացման և էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման, մշակման և իրականացման գործընթացի ապահովում.

41) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովում, ինչպես նաև առաջնահերթությունների և նպատակների ձևավորմանն աջակցություն.

42) Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման կազմակերպում.

43) օրենքով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 11.1-ին կետով.

«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:»,

ե. 13-րդ կետից հանել «, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի» բառերը,

զ. 16-րդ կետից հանել «, գրասենյակի ղեկավարը (առկայության դեպքում)» բառերը,

է. 18-րդ կետի 18-րդ ենթակետում «, հիմնարկների և գրասենյակների» բառերը փոխարինել «և հիմնարկների» բառերով,

ը. 18-րդ կետի 19-րդ ենթակետից և 20-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «գրասենյակների,» բառը,

թ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ ենթակետով.

«21) նախարարության աշխատողներին և բնագավառի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին պարգևատրում է նախարարության պատվոգրերով, մեդալներով և կրծքանշաններով:»,

ժ. 26-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերից հանել «և գրասենյակների», իսկ 8-րդ ենթակետից՝ «գրասենյակներին,» բառերը,

ժա. 28-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «գրասենյակներից,» բառը,

ժբ. ուժը կորցրած ճանաչել VI գլուխը:

2. Նախարարության կառուցվածքում՝

1) ստեղծել հետևյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները՝

ա. գիտատեխնիկական վարչություն,

բ. ռազմավարության պլանավորման և հեռանկարային ծրագրերի վարչություն,

գ. շուկայի զարգացման վարչություն,

դ. ծրագրերի կառավարման վարչություն.

2) ստեղծել լիցենզավորման և թույլտվությունների բաժին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.

3) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչությունն անվանափոխել բարձր տեխնոլոգիաների վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

4) կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

ա. նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող փոստային ոլորտի քաղաքականության վարչությունը, կապի և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների վարչությունը և տիեզերական քաղաքականության բաժինը միաձուլել՝ ստեղծելով թվայնացման, կապի և փոստի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում,

բ. նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը բաժանել՝ ստեղծելով ֆինանսատնտեսագիտական վարչություն և գնումների բաժին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ.

գ. դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող տրանսպորտի վարչության, երկաթուղային տրանսպորտի վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության, ինչպես նաև նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող արտաքին կապերի և ծրագրերի վարչության գործունեությունը,

դ. դադարեցնել նախարարության ծառայությունների մատուցման գրասենյակի գործունեությունը:

3. Այդ կապակցությամբ որոշման հավելվածի՝

1) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) թվայնացման, կապի և փոստի վարչություն.

2) բարձր տեխնոլոգիաների վարչություն.

3) գիտատեխնիկական վարչություն.

4) ռազմավարության պլանավորման և հեռանկարային ծրագրերի վարչություն.

5) շուկայի զարգացման վարչություն.

6) ծրագրերի կառավարման վարչություն.

7) ներքին աուդիտի բաժին:».

2) 33-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ֆինանսատնտեսագիտական վարչություն.»,

բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետերով.

«9) գնումների բաժին.

10) լիցենզավորման և թույլտվությունների բաժին:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. հունիսի 1

Երևան