Գլխավոր տեղեկություն
Համար
N 496-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 496-Լ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-090-04.04.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. մայիսի 7

Երևան

    

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-090-04.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ

    

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է օրենքի անցումային դրույթներում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետի՝ մինչև 2018 թվականի հունիսի 27-ը գործող խմբագրությանը համապատասխան տրված լիցենզիաների գործողությունը շարունակվելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, և մինչ այդ ժամկետը լրանալն ստացված լիցենզիաների հիման վրա քաղաքաշինության բնագավառում իրականացված գործունեությունը համարվելու է օրինական, եթե չի խախտում այլ օրենքի պահանջները:

Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «նախագծի ընդունման արդյունքում նախկին կարգով լիցենզավորված անձանց կողմից վճարված գումարները կծառայեն իրենց նպատակին, կապահովվի նոր կարգավորման ժամկետային սահմանափակման վերաբերյալ պատշաճ ծանուցումը բոլոր պատկան մարմիններին և շահագրգիռ կազմակերպություններին, որի արդյունքում ՀՕ-236 օրենքով ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների հիման վրա իրականացված՝ լիցենզավորման ենթակա գործունեությունը չի համարվի իրավախախտում, և նախկին կարգով լիցենզավորված անձինք հնարավորություն և բավարար ժամկետ կունենան դիմելու և ստանալու նոր արտոնագրեր»:

Շարադրվածի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն օրենքով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանող օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետը (քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում) շարադրվել է նոր խմբագրությամբ, արդյունքում՝ նախկին «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» գործունեության տեսակի փոխարեն նախատեսվել է լիցենզավորման ենթակա երկու առանձին գործունեության տեսակ՝ «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» և «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն»:

Նույն օրենքի անցումային դրույթներում միևնույն ժամանակ նախատեսվել է կարգավորում, որի համաձայն՝ «մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները շարունակում են մնալ ուժի մեջ՝ մինչև «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման օրվան հաջորդող վեցերորդ ամիսը լրանալը: Նախկինում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից»:

Նշված օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 27-ին, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաների ժամկետը, ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման, ավարտվել է 2018 թվականի նոյեմբերի 16-ին՝ «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման օրվան (2018 թվականի մայիսի 16) հաջորդող վեցերորդ ամիսը լրանալուն հաջորդող օրվանից:

Բացի դրանից, 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվել և 2018 թվականի հունվարի 6-ին ուժի մեջ է մտել «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի անցումային դրույթները կարգավորող 24-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովում է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին:

Հարկ է նշել նաև, որ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է կարգավորում, որի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լիցենզավորման պայմանների ու պահանջների փոփոխության դեպքում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավական ուժը՝ սույն օրենքով նախատեսված ժամկետներով:

Թե գործող կարգավորումներին և թե նախագծերով առաջարկվող փոփոխություններին հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ սահմանադրաիրավական կարգավորումների լույսի ներքո: Այսպես.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը, որի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: Այսպես.

 Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2012 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-1061 որոշման մեջ արձանագրել է. «8. Սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-649, ՍԴՈ-723, ՍԴՈ-758, ՍԴՈ-881, ՍԴՈ-1000 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով բազմիցս արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը՝ կարևորելով, որ «… անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը՝ իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը», և, որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «…հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, որի համաձայն՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է ստանձնել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ մի շարք միջազգային պայմանագրերով:»:

Հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից՝ անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, բազմիցս անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին, գտել է, որ օրենքները պետք է լինեն այնպիսին, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն՝ ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ՝ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1142, ՍԴՈ-1270):

Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում, հղում կատարելով նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ–630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:»։

Նշված հոդվածների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ թե գործող՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն օրենքի 2-րդ հոդվածի կարգավորումները, թե նախագծով առաջարկվող փոփոխությունները կարող են խնդրահարույց լինել մինչև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան լիցենզավորված անձանց՝ նախկինում գործող նորմերի հիման վրա և սահմանված ժամկետներով լիցենզիա ստանալու իրավունքի տեսանկյունից, այդ թվում՝ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի ապահովման առումով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշված ենթակետին համապատասխան լիցենզիա ստացած և գործունեություն ծավալող իրավաբանական անձը հայտնվում է փակուղիում, և պարզ չէ, թե ինչպես պետք է վարվի, օրինակ, երկարաժամկետ ծրագրերի իրականացման գործում ներգրավված լինելու դեպքում:

Այս առումով գտնում ենք, որ լիցենզավորման պայմանների ու պահանջների յուրաքանչյուր փոփոխության դեպքում պետք է ողջամիտ և իրատեսական ժամկետ սահմանվի նախկինում գործող նորմերի հիման վրա և սահմանված ժամկետներով լիցենզիա ստացած անձանց համար՝ իրենց տրամադրված լիցենզիաները վերաձևակերպելու, նոր պայմաններին ու պահանջներին համապատասխանեցնելու և իրենց վարքագծի հետևանքները կանխատեսելու նպատակով:

Նույնաբնույթ խնդիր է առաջացել նաև կրթության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը նոր խմբագրությամբ շարադրելիս, երբ նախկին «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում» գործունեության տեսակի փոխարեն նախատեսվել է լիցենզավորման ենթակա երկու առանձին գործունեության տեսակ՝ «Բակալավրի կրթական ծրագրի իրականացում» և «Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում», և տվյալ դեպքում «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-349-Ն օրենքի անցումային դրույթներում նախատեսվել է կարգավորում, որի համաձայն՝

«1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ (այդ թվում` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի, նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ենթակա են վերաձևակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:»:

Հարկավոր է նշել, որ խնդրահարույց է նաև օրենքի նախագծով նախատեսված կարգավորումը, որի համաձայն՝ «մինչ 2018 թվականի հունիսի 27-ը գործող խմբագրությանը համապատասխան ստացված լիցենզիաների հիման վրա քաղաքաշինության բնագավառում իրականացված գործունեությունը համարվելու է օրինական, եթե չի խախտում այլ օրենքի պահանջները»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքաշինության բնագավառում կարող են կատարվել նաև այլ բնույթի վարչական իրավախախտումներ, որոնք օրենքի նախագծի կարգավորման համատեքստում օրինական համարվել չեն կարող: Հետևաբար, առաջարկում ենք օրենքի նախագծի նշված կարգավորումը ձևակերպել այնպես, որպեսզի ոչ թե նշված գործունեությունը համարվի օրինական, այլ մինչև այդ ժամկետը լրանալն ստացված լիցենզիաների հիման վրա քաղաքաշինության բնագավառում իրականացված գործունեության համար վարչական իրավախախտում կատարած անձինք չենթարկվեն վարչական պատասխանատվության:

Բացի դրանից, առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել նաև այն, որ օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենքի 43-րդ հոդվածում, որը կարգավորում է 2001 թվականի մայիսի 30-ի խմբագրությամբ օրենքի անցումային դրույթները, մինչդեռ օրենքի նախագծով նախատեսված կարգավորումները վերաբերում են «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն օրենքի անցումային դրույթներին:

 Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթական քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և ներկայումս շրջանառվում է կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որն առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան