Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.31/35(1488).1 Հոդ.421.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

              

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/6089/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/6089/05/17
2019թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան   

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան
 

 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

    

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Գ. Հակոբյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

   

Ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

     

2019 թվականի փետրվարի 13-ին

քննելով ըստ հայցի Տիգրան Մաիլյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Տիգրան Մաիլյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Մաիլյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 18.04.2017 թվականի թիվ 026831 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2018 թվականի որոշմամբ Տիգրան Մաիլյանի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Մաիլյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը կազմել և Վերաքննիչ դատարան է ուղարկել Դատարանի 18.12.2017 թվականի վճիռն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` 26.02.2018 թվականին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 27.02.2018 թվականին, անհիմն է:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, բողոք բերած անձին զրկել է դատական պաշտպանության արդյունավետ միջոցից, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝  վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետներն իրավունքի ուժով վերականգնելու առանձին դեպքերի վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. վերաքննիչ բողոքը կապի կազմակերպության միջոցով բերված լինելու դեպքում ո՞ր պահին է համարվում վերաքննիչ դատարան հանձնված:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի  (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային)։ Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը (...) հանձնվել են փոստին (...) մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված (...):

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Stubbings and others v. The United Kingdom թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Միաժամանակ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու՝ իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ, 132-րդ հոդվածները և 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ և 132-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը վկայում է, որ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, հետևաբար գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ  վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար օրենսդիրը սահմանել է մեկամսյա ժամկետ: Նշված դատավարական ժամկետը խախտելու իրավական հետևանքները նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանել է, որ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչված իրավակարգավորումը, գտնում է, որ մինչև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված վերաքննիչ բողոքը պետք է համարվի վերաքննիչ դատարանին հանձնված այդ ժամկետի պահպանմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ դատարանում տվյալ բողոքը փաստացի երբ է ստացվել: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը չի կարող համարվել բաց թողնված՝ դրանից բխող իրավաբանական հետևանքներով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը հնարավորություն է տվել բողոք բերած անձին՝ ներկայացնելու միջնորդություն վերաքննիչ բողոքը բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, որով բողոք բերած անձը հնարավորություն է ստանում սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո ներկայացնելու վերաքննիչ բողոք, եթե նման ժամկետի բաց թողնման հանգամանքները հարգելի են: Ընդ որում, այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքը դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում` հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պետք է իրականացնի` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է քաղաքացիական գործով կայացված որոշման շրջանակներում, սակայն նկատի ունենալով, որ դատավարական նմանատիպ կարգավորում նախատեսում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարությունում:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:

Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Մեկ այլ՝ 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։

ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը, և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե´ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Սույն գործով վճիռը Դատարանը կայացրել է 18.12.2017 թվականին (գ.թ. 41-45): Տիգրան Մաիլյանը դատական ակտի հրապարակմանը ներկա չի եղել (գ.թ. 40, դատական նիստի արձանագրություն), որպիսի հանգամանքից ելնելով` Դատարանը նույն օրը գրություն է կազմել 18.12.2017 թվականի վճիռը Տիգրան Մաիլյանին ուղարկելու մասին (գ.թ. 46), սակայն գործում բացակայում է նշված դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրը Տիգրան Մաիլյանին ուղարկելու նպատակով այն փոստային ծառայությանը հանձնելու մասին անդորրագիրը: Դատարանի 18.12.2017 թվականի վճիռը Տիգրան Մաիլյանն ստացել է 25.01.2018 թվականին (գ.թ. 47), և Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռն ստացել է 25.01.2018 թվականին, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը կազմվել ու փոստային ծառայությանն է հանձնվել ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում (գ.թ. 53-62): Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փոստային ծառայության միջոցով, որի ծրարի վրա փոստային ծառայության կողմից նշվել է 27.02.2018 թվականը (գ.թ. 63):

Վերաքննիչ դատարանը 20.03.2018 թվականի որոշմամբ մերժել է Տիգրան Մաիլյանի  վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը՝ պատճառաբանելով, որ Դատարանի 18.12.2017 թվականի վճիռը Տիգրան Մաիլյանն ստացել է 25.01.2018 թվականին, սակայն վերաքննիչ բողոքը ներկայացրել է 27.02.2018 թվականին, այսինքն` վերաքննիչ բողոքը բերվել է դատական ակտն ստանալուց հետո հաշվարկվող մեկամսյա սահմանված ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացվել այդ ժամկետը 26.02.2018 թվականին լրանալուց հետո բաց թողելու պատճառը հարգելի համարելու որևէ պատճառաբանություն, ուստի ժամկետի բացթողումը հարգելի չէ:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ պարագայում Տիգրան Մաիլյանը վճռաբեկ բողոքին կցել է թիվ RR253941292AM անդորրագիրը, որը Դատարանի 18.12.2017 թվականի վճռի դեմ վերջինիս ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ծրարի վրա առկա համարանիշի հետ համադրելու արդյունքում հաստատվում է, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը Տիգրան Մաիլյանը փոստային ծառայությանն է հանձնել ոչ թե 27.02.2018 թվականին, ինչպես նշվել է վերը նշված ծրարի վրա, այլ` 26.02.2018 թվականին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Տիգրան Մաիլյանը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել այնպիսի ապացույց, որ Վերաքննիչ դատարանը եզրահանգում կատարեր այն մասին, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը վերջինս ներկայացրել է այդ վճիռը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, ինչպես նշված է ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մեջ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքին կից արդեն ներկայացվել է այնպիսի ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ Տիգրան Մաիլյանը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել հենց 26.02.2018 թվականին, այսինքն` Դատարանի վճիռն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հիմնավորվում է բողոքարկվող դատական ակտը Տիգրան Մաիլյանի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ բողոքը ներկայացվել է դատական ակտը ուշացումով ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար Տիգրան Մաիլյանի համար երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակումը վերացնելու նպատակով անհրաժեշտ է իրավունքի ուժով (ex jure) վերացնել Վերաքննիչ դատարանի 20.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:  Վերացնել  ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

  Ս. Միքայելյան
 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան