Գլխավոր տեղեկություն
Համար
N 699-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.12/38(1491) Հոդ.486
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 699-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ՝

1) 2019 թվականի առաջին կիսամյակի համար պետական ծառայողների պարգևատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրման համար նախատեսված պայմաններով, եթե հնարավոր չէ կատարողականի գնահատումն իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգով.

2) պետական ծառայող չհանդիսացող աշխատողները 2019 թվականի առաջին կիսամյակի համար կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրվում են սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված կարգով.

3) 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վեց ամսվանից պակաս աշխատելու դեպքում պետական ծառայողի ներկայացրած հաշվետվությունը գնահատվում է, բայց այդ ժամանակահատվածի համար նա չի պարգևատրվում.

4) 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման դեպքում պետական ծառայողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կիսամյակային հաշվետվությունները գնահատվել են դրական: Այդ դեպքում պետական ծառայողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի աշխատած օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն պետական ծառայողները, որոնք առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին են տեղափոխվել 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, այդ կիսամյակի համար պարգևատրում ստանալու համար, մինչև 2019 թվականի հունիսի 28-ը պետք է դիմեն այն համապատասխան մարմին, որտեղից տեղափոխվել են՝ ներկայացնելով հաշվետվություն հաշվետու ժամանակահատվածում համապատասխան մարմնում կատարված աշխատանքների վերաբերյալ:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հաշվետվությունը պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գնահատում և վերադարձնում է պետական ծառայողին հաշվետվությունը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 6

Երևան