Գլխավոր տեղեկություն
Համար
N 694-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 11.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2019 թվականի N 694-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-122-30.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-122-30.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 6

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-122-30.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

   

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:

Նախագծով առաջարկվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 81-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրել կարճաժամկետ մեկնում՝ սոցիալական վերականգնման նպատակով:

Հարկավոր է ընդգծել, որ առաջարկվող կարգավորումը չի բխում կարճաժամկետ մեկնման ինստիտուտի գաղափարական էությունից:

Այսպես, օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որն զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը: Այստեղից բխում է, որ կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար օրենսդիրը նախատեսել է երկու հիմք՝

1) անձնական բացառիկ հանգամանքների առկայությունը և՝

2) սոցիալական վերականգնման նպատակը:

Այս երկու հիմքից որևէ մեկի առկայության դեպքում կարճաժամկետ մեկնում տրամադրելու հարցը որոշելիս՝ հիմնարկի պետը հաշվի է առնում դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը:

Այս համատեքստում օրենսդիրը կարճաժամկետ մեկնումը չի դիտարկում որպես խրախուսանքի միջոց, ինչպես առաջարկվում է նախագծում: Օրենսգրքի 51-րդ, 58-րդ և 93-րդ հոդվածներով նախատեսված խրախուսանքի միջոցների շարքում կարճաժամկետ մեկնումը նախատեսված է:

Նշված կարգավորումների և նախագծով առաջարկվող կարգավորման համադրումից հետևում է, որ ընթերցանությունը կարող է դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի անձի կամ վարքագծի վրա, ինչը կարճաժամկետ մեկնում տրամադրելու հարցի որոշման շրջանակներում ենթակա է քննարկման: Այլ կերպ ասած՝ ընթերցանությունը չի կարող դիտարկվել կարճաժամկետ մեկնում տրամադրելու առանձին հիմք՝ չկազմելով ո՛չ անձնական բացառիկ հանգամանքների, ո՛չ սոցիալական վերականգնման բովանդակության մասը:

Ասվածից բացի, հարկավոր է նկատել, որ առաջարկվող կարգավորումը դրա իրացումն ապահովելու տեսանկյունից որոշակի չէ, մասնավորապես, հստակ չէ՝ ինչպե՞ս է որոշվելու դատապարտյալի կրթական մակարդակի փոփոխությունը, ի՞նչ ստուգիչ չափանիշներ են նախատեսվելու՝ ենթադրյալ փոփոխությունը գնահատելու համար, ովքե՞ր են լինելու այն պատասխանատու անձինք, որոնց վերապահված կլինի դատապարտյալի կրթական մակարդակի փոփոխության ստուգումը: Բացի դրանից, նշված կարգավորմամբ անհրաժեշտություն կառաջանա նաև ստեղծելու անհրաժեշտ ռեսուրսներով այնպիսի հսկողական մեխանիզմ, որը հնարավորություն կտա վերահսկելու և ապահովելու ընթերցանության հետ կապված գործընթացի պատշաճ իրականացումը:

Այս առումով հարկավոր է նկատել, որ որոշակի չէ այն հարցը, թե ինչպես է գնահատվելու նաև ընթերցանության անմիջական ազդեցությունը դատապարտյալի անձի կամ վարքագծի վրա: Հայտնի չէ նաև, թե ինչ գրականության մասին է խոսքը, ո՞ր գրքերն են, որ կարող են նպաստել դատապարտյալի սոցիալական վերականգնմանը:

Նախագծի հիմնավորման ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ նախագծի հեղինակը դատապարտյալին ընթերցանությամբ պայմանավորված կարճաժամկետ մեկնում տրամադրելը դիտարկում է որպես դատապարտյալի ուղղման միջոց, որը նպաստում է դատապարտյալի վերասոցիալականացմանը: Այս համատեքստում հարկավոր է հաշվի առնել այն, որ, համաձայն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և այլ նման զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը:

Հաշվի առնելով վկայակոչված կարգավորումը՝ անհրաժեշտ է նշել, որ, չնայած կրթական զբաղվածությունը (դրա մեջ կարող է ընդգրկվել նաև ընթերցանությունը) դատապարտյալի ուղղման միջոցառումներից մեկն է, այնուամենայնիվ, դատապարտյալի ուղղումը, որպես պատժի նպատակ, ենթադրում է օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համալիր միջոցառումների իրականացում, ինչը նշանակում է, որ այդ նպատակի իրացումը պայմանավորված է նշված համալիր աշխատանքների միասնական իրացմամբ:

Ստացվում է, որ նախագծով առանձնացվում է դատապարտյալի ուղղման միջոցների շարքում ընդգրկված միջոցների ընդամենը մեկի բաղադրիչը և այն դիտարկվում է որպես դատապարտյալին խրախուսելու միջոց, ինչը խնդրահարույց է և ենթակա լրացուցիչ հիմնավորման: Բացի դրանից, այս առումով նախագծի հիմնավորման մեջ ներկայացված միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ, չնայած նախագծով առաջարկվում է գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, տրամադրել կարճաժամկետ մեկնում, այդուհանդերձ, ներկայացված միջազգային փորձում՝ Բրազիլիայի և Իտալիայի Կալաբրիի տարածաշրջանի օրինակներում, ընթերցանությունը պատժի ժամկետի կրճատման հիմք է, ինչը հանգեցնում է նախագծի կարգավորման առարկայի և դրա հիմքում դրված հիմնավորման միջև տրամաբանական կապի բացակայությանը:

Միաժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ, հաշվի առնելով քրեական պատիժների համակարգի արդիականացման և դրա նպատակայնության ապահովման հիմնախնդիրը, ներկայումս մշակվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը, որով վերանայվելու են քրեակատարողական ոլորտի մայր օրենքում նշված բոլոր ինստիտուտները: Ըստ այդմ՝ ներկայացված առաջարկը (կարճաժամկետ մեկնումը նաև որպես խրախուսանքի միջոց կիրառելու մասով) կարող է քննարկման առարկա դարձվել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի քննարկումների շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկը ենթադրում է կարճաժամկետ մեկնման ինստիտուտի վերաիմաստավորում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան