Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1684/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1684/02/15

2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017  թվականի  մարտի 13-ին,

քննարկելով ըստ հայցի Անդրանիկ Բեգլարյանի ընդդեմ Սուրեն Վերդիյանի, Նինա Ավերյանովայի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի` գումար բռնագանձելու, գործարքն առոչինչ ճանաչելու և գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Նինա Ավերյանովայի ընդդեմ Անդրանիկ Բեգլարյանի, երրորդ անձինք Արման Վարդանյանի, Սահակ Հովհաննիսյանի` Արման Վարդանյանի և Անդրանիկ Բեգլարյանի միջև 03.04.2015 թվականին կնքված պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրն առոչինչ համարելու, առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սուրեն Վերդիյանի ընդդեմ Անդրանիկ Բեգլարյանի, երրորդ անձինք Արման Վարդանյանի, Նինա Ավերյանովայի` 22.09.2008 թվականի փոխառության պայմանագիրը չկնքված համարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2016 թվականի որոշման դեմ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի ներկայացուցիչ Կարեն Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անդրանիկ Բեգլարյանը պահանջել է Սուրեն Վերդիյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ, առոչինչ ճանաչել 29.04.2015 թվականին Սուրեն Վերդիյանի  և Նինա Ավերյանովայի միջև կնքված Երևանի Գայի պողոտայի 7-րդ շենքի թիվ 8 բնակարանի առուվաճառքի թիվ 1429 պայմանագիրը և կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, Սուրեն Վերդիյանից հօգուտ Անդրանիկ Բեգլարյանի 15.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձումը տարածել Երևանի Գայի պողոտայի 7-րդ շենքի թիվ 8 բնակարանի վրա:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Նինա Ավերյանովան պահանջել է Արման Վարդանյանի և Անդրանիկ Բեգլարյանի միջև 03.04.2015 թվականին կնքված պահանջի իրավունքը զիջելու պայմանագիրը (այսուհետ՝ Ցեսիայի պայմանագիր) համարել առոչինչ և կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սուրեն Վերդիրյանը պահանջել է 22.09.2008 թվականի փոխառության պայմանագիրը (այսուհետ՝ Փոխառության պայմանագիր) համարել չկնքված:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բաբայան) (այսուհետ՝ Դատարան) 23.02.2016 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԱՔԴ/0625/02/16 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը: 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2016 թվականի որոշմամբ Սուրեն Վերդիյանի և Նինա Ավերյանովայի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ վերացվել է Դատարանի 23.02.2016 թվականի` գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Սուրեն Վերդիյանի ներկայացուցիչ Վահագն Բաղրամյանը և Նինա Ավերյանովայի ներկայացուցիչ Միխեիլ Անդրեասյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը, 303-րդ հոդվածի 1-ին կետը, 305-րդ հոդվածը, 306-րդ հոդվածի 1-ին կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 23.06.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործով Անդրանիկ Բեգլարյանը Ցեսիայի պայմանագրի հիման վրա հայց է ներկայացրել ընդդեմ Սուրեն Վերդիյանի, Նինա Ավերյանովայի` գումարի բռնագանձման պահանջի մասին, իսկ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել Ցեսիայի պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմում, որի բավարարման դեպքում Անդրանիկ Բեգլարյանը կզրկվի Ցեսիայի պայմանագրից բխող իր պահանջի իրավունքից: Սույն Ցեսիայի պայմանագիրը սկզբնական հայցի միակ հիմքն է, և այլ գործի շրջանակներում դրա անվավերության դեպքում հայցը կդառնա առարկայազուրկ: Վերաքննիչ դատարանը հանգել է այն սխալ հետևության, որ Ցեսիայի պայմանագրի վիճարկումը սույն գործով որևէ հանգամանք քննելու անհնարինություն չի առաջացնում, և որ սույն գործի շրջանակներում նշված գործարքը նույնպես վիճարկվում է, ուստի Դատարանը, քննելով համապատասխան հայցը, պետք է եզրակացներ՝ արդյոք գործարքը կնքվել է օրենքի պահանջների պահպանմամբ, թե՝ ոչ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նինա Ավերյանովան, հակընդդեմ հայցով ներկայացնելով Ցեսիայի պայմանագիրն առոչինչ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ, հիմքում դրել է դրա կեղծ գործարք լինելու հանգամանքը: Հետևաբար Դատարանը քննելու է այդ պահանջը՝ կեղծ գործարքի առկայությունը հիմնավորող հանգամանքները պարզելու նպատակով: Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի կողմից ներկայացված պահանջը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով սնանկության գործով կառավարչին տված իրավունքից, այն է՝ հետ պահանջել Արման Վարդանյանի սնանկ ճանաչվելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված անհատույց փոխանցումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված գործարքի վիճարկման պահանջը և սույն գործով Նինա Ավերյանովայի կողմից ներկայացված գործարքի առոչնչության հետևանքներ կիրառելու պահանջը տարբեր նյութաիրավական պահանջներ են, որոնց հիմքերը տարբեր են՝ տարբեր ապացուցման բեռներով և տարբեր փաստական հանգամանքներով: Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը գործարքն անվավեր ճանաչելու ինքնուրույն հիմք է, որի իրավունքը պատկանում է միայն սնանկության գործով կառավարչին:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 2-րդ կետը, 96-րդ հոդվածի 1-ին կետը.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հանգել է այն սխալ հետևության, որ սնանկության գործով կառավարիչն անբարեխղճորեն է օգտվել իր դատավարական իրավունքներից և կարող էր իր նյութաիրավական պահանջն այլ դատարան ներկայացնելու փոխարեն այն ներկայացնել սույն քաղաքացիական գործի շրջանակներում: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը սույն քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերից բխում է, որ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք չունեն այնպիսի դատավարական իրավունքներ, ինչպիսին ունեն պատասխանողն ու ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը, հետևաբար իրավունք չունեն նոր հայցով հանդես գալու կամ ներկայացնելու հակընդդեմ հայց: Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք չունեն որևէ նյութաիրավական պահանջ և ներգրավվում են դատավարությանը, որովհետև վերջնական դատական ակտը կարող է առնչվել նրանց իրավունքներին կամ օրինական շահերին: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը չէր կարող համապատասխան հայցադիմում ներկայացնել ինչպես հայցվորի, այնպես էլ երրորդ անձ Արման Վարդանյանի դեմ՝ գործարքն անհատույց լինելու հիմքով Ցեսիայի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ իր դատավարական կարգավիճակը իրեն թույլ չէր տալիս:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «թիվ ԵԱՆԴ/1684/02/15 քաղաքացիական գործով Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ 23.02.2016 թվականի որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի 19.04.2016 թվականի որոշումն ամբողջությամբ բեկանել՝ օրինական ուժ տալով Դատարանի 23.02.2016 թվականի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշմանը»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության պահանջներից, մասնավորապես, այն հանգամանքը, թե արդյոք Անդրանիկ Բեգլարյանը սույն քաղաքացիական գործով հանդիսանում է պատշաճ հայցվոր, թե՝ ոչ, ոչ մի դեպքում չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն քաղաքացիական գործի քննության համար, քանի որ Նինա Ավերյանովայի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի շրջանակներում նույնպես քննվում է նշված հանգամանքը, ուստի Դատարանը, քննելով համապատասխան հակընդդեմ հայցը, կարող էր պարզել Անդրանիկ Բեգլարյանի պատշաճ հայցվոր լինելու հանգամանքը: Ընդ որում, նշանակություն չունեն ներկայացված հայցերի տարբեր առարկաները, քանի որ երկու դեպքում էլ Ցեսիայի պայմանագիրն անվավեր ճանաչելիս դատարանը կիրառելու է նույն անվավերության հետևանքները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը միանգամայն իրավացիորեն է եզրակացրել, որ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանն իր դատավարական իրավունքներից անբարեխիղճ է օգտվել՝ զրկված չլինելով սույն գործի շրջանակներում հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունից: Ուստի ակնհայտ է, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում Ցեսիայի պայմանագիրը վիճարկվելու պարագայում բողոք բերողի  կողմից այլ դատարան Ցեսիայի պայմանագրի վիճարկման հայց ներկայացնելը և հետագայում սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնել պահանջելը ոչ մի դեպքում չի կարող մեկնաբանվել որպես դատավարական իրավունքներից բարեխիղճ օգտվել: 

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի փոխհարաբերակցության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

3) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի, 105-րդ հոդվածի      1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սնանկության գործով կառավարչին տրված լիազորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է գործարքի կեղծ լինելն ապացուցելու անհրաժեշտություն,

2) արդյո՞ք ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը տվյալ գործի շրջանակներում կարող է ներկայացնել հակընդդեմ հայց:

 

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով բացահայտելով կեղծ գործարքի իրավական բնույթը, առանձնացրել է կեղծ գործարքի հետևյալ տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու կեղծ գործարքի առկայությունը՝

1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն՝ կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ՝ կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ՝ պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):

2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ՝ կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ՝ գործարքի իրական հետևանքների առաջացման համար:

3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը՝ կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան (տե՛ս, Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և մյուսների թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում անդրադարձել է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի իրավական վերլուծությանը՝ գտնելով, որ նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք (տե՛ս, Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանն ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների թիվ ԵԿԴ/2304/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին՝ արձանագրելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ փաստակազմը՝

ա) պարտապանի կատարած փոխանցման անհատույց լինելը,

բ) փոխանցումը պարտապանի սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարած լինելը ցանկացած երրորդ անձի (տե՛ս, Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և մյուսների թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կեղծ գործարքի առոչնչության հետևանքներ կիրառելու և սնանկության գործով կառավարչի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա անհատույց փոխանցումները հետ պահանջելու կարգավորումների միջև տարբերություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ քննելիս դատարանը պետք է գնահատման արժանացնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են, մասնավորապես, կեղծ գործարքի կողմերի ներքին կամքի և արտահայտած կամահայտնության հարաբերակցությունը, բացահայտի կեղծ գործարքի բոլոր կողմերի ներքին կամքը, կեղծ գործարք կնքելու մոտակա և հեռահար նպատակները, պարզի, թե արդյոք գործարքը փաստացի կատարվել է, թե՝ ոչ և այլն: Կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ:

Ի տարբերություն կեղծ գործարքի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի    1-ին մասի «բ» կետի կիրառման նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Ընդ որում, կառավարիչն այդ իրավունքը դատական կարգով կարող է իրականացնել պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում: Սույն նորմի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի դատարանը գործի քննության ընթացքում պարզի պարտապանի կողմից անհատույց փոխանցում կատարած լինելու հանգամանքի առկայությունը և այդ փոխանցման կատարման ժամանակը: Ընդ որում, վերոնշյալ հոդվածով նման պահանջ ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է հատուկ սուբյեկտ՝ սնանկության գործով կառավարիչը:

Այսպիսով, եթե կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելու համար պահանջվում է մի շարք տարաբնույթ հանգամանքների վերհանում և գնահատում, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի կիրառման համար բավարար է միայն նույն հոդվածով թվարկված հանգամանքների առկայության հաստատումը: Նույն հոդվածով սնանկության կառավարչին տրված լիազորության նպատակը սնանկության վարույթի նպատակների իրագործումն է հնարավորինս արդյունավետ եղանակներով: Հետևաբար վերոնշյալ հոդվածի հիմքով դատարան դիմելիս սնանկության գործով կառավարիչը հարկադրված չէ ապացուցել տվյալ գործարքի կեղծ բնույթը: Կառավարչի հայցի բավարարման համար անհրաժեշտ և բավարար է վերը թվարկված պայմանների առկայությունը:

Ինչ վերաբերում է կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ քննելիս վերը նշված հոդվածի կիրառման հնարավորությանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված պահանջը կարող է ընդհանրապես չառնչվել սնանկության որևէ վարույթի, այսինքն՝ նման հետևանքներ կիրառելիս պարտադիր չէ, որ օրինակ՝ գործարքի կողմերից մեկը լինի սնանկ ճանաչված անձ, ուստի հնարավոր է, որ կեղծ գործարքի նկատմամբ որևէ կերպ կիրառելի չլինի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով անհատույց փոխանցումները հետ պահանջելու գործերով ապացուցման ենթակա փաստերի, ինչպես նաև նման պահանջ ներկայացնելու սուբյեկտների շրջանակը միանգամայն տարբեր է: Այլ կերպ ասած, ինչպես կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ քննելիս չի քննարկվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով թվարկված պայմանների առկայությունը (օրինակ՝ ժամկետային սահմանափակումը), այնպես էլ նույն հոդվածի հիմքով պահանջ քննելիս՝ կեղծ գործարքի առկայությունը:

 

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի կարգավիճակով պայմանավորված՝ վերջինս դատավարության ընթացքում օժտված է այնպիսի իրավունքներով, որոնք ուղղակիորեն չեն ազդում գործի քննության ծավալի վրա: Մասնավորապես՝ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը չի կարող փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը և այլն: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի իրավունքներով ու պարտականություններն անմիջականորեն չեն քննվում տվյալ գործի շրջանակներում, այլ տվյալ գործով վերջնական ակտը հետագայում կարող է ազդել երրորդ անձի և կողմերից մեկի միջև առկա իրավունքների և պարտականությունների վրա: Նման առանձնահատկությամբ էլ պայմանավորվում է ինքնուրույն պահանջ ներկայացնող և չներկայացնող երրորդ անձանց տարբերությունը: Ինքնուրույն պահանջ ներկայացնող անձը դատավարությունում հանդես է գալիս՝ օժտված լինելով հայցվորի բոլոր իրավունքներով ու պարտականություններով՝ ներկայացնելով սեփական պահանջը վեճի առարկայի նկատմամբ: Ընդ որում, վերջինիս ներկայացրած ինքնուրույն պահանջը հակադրվում է ինչպես հայցվորին, այնպես էլ պատասխանողին, այլ կերպ ասած՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը ներկայացնում է սեփական հավակնությունները: Վերջինս դատավարությանը ներգրավվում է միայն սեփական նախաձեռնությամբ՝ ներկայացնելով ինքնուրույն պահանջ: Տվյալ դեպքում դատարանը, փաստորեն, քննում է երկու գործ՝ հայցվորի ներկայացրած պահանջը և երրորդ անձի ներկայացրած ինքնուրույն պահանջը: 

Ի տարբերություն ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը դատավարության ընթացքում հանդես է գալիս հայցվորի կամ պատասխանողի կողմում (կախված նրանից, թե ում հետ ունեցած իրավունքներին կամ պարտականություններին է առնչվելու վերջնական դատական ակտը), դատավարությանը որպես կանոն ներգրավվում է դատարանի նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ՝ անկախ իր կամքից: Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը որևէ պահանջ դատարանին և կողմերին չի ներկայացնում:

Ելնելով վերոնշյալ տրամաբանությունից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը գործի քննության ընթացքում որևէ նյութաիրավական պահանջ՝ կապված վեճի առարկայի հետ, ներկայացնել չի կարող: Դա վերաբերում է նաև հակընդդեմ հայցին, քանի որ հակընդդեմ հայցը հայցվորին ուղղված նյութաիրավական պահանջ է, որն ընդունվում է միայն օրենսդրի կողմից սահմանված հստակ դեպքերում, այն է՝ սկզբնական և հակընդդեմ պահանջների միջև հաշվանցի հնարավորություն, հակընդդեմ հայցով սկզբնական հայցի լրիվ կամ մասնակի բացառում, երկու հայցապահանջների միջև փոխադարձ կապ: Հակընդդեմ հայցը հարուցվում է պատասխանողի կողմից, այսինքն՝ այն անձի, ում դեմ ի սկզբանե հայցվորը պահանջ է ներկայացրել: Հակընդդեմ հայցը սկզբնական հայցի դեմ պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց է, այն նաև լրիվ ինքնուրույն հայց է, որը կարող էր ներկայացվել նաև առանձին: Հետևաբար, հակընդդեմ հայցը պատասխանողի կողմից հայցվորին ուղղված ինքնուրույն պահանջ է, որը դատարանը քննում է և վերջինիս կապակցությամբ իր եզրահանգումն արտահայտում է վերջնական դատական ակտում, ուստի ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը հակընդդեմ հայց ներկայացնել չի կարող:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն քաղաքացիական գործով սկզբնական հայցով հայցվոր Անդրանիկ Բեգլարյանի և Արման Վարդանյանի միջև 03.04.2015 թվականին կնքվել է Ցեսիայի պայմանագիր, որով Արման Վարդանյանը Անդրանիկ Բեգլարյանին փոխանցել է Արման Վարդանյանի և Կլարա Կագրամանովայի միջև 22.09.2008 թվականին կնքված Փոխառության պայմանագրից բխող 15.000.000 ՀՀ դրամ պահանջի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 45, 48): 02.10.2014 թվականին մահացած Կլարա Կագրամանովայի իրավահաջորդ Սուրեն Վերդիյանի և Նինա Ավերյանովայի դեմ Անդրանիկ Բեգլարյանը ներկայացրել է 15.000.000 ՀՀ դրամի բռնագանձման, Սուրեն Վերդիյանի և Նինա Ավերյանովայի միջև 29.04.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կեղծ լինելու հիմքով առոչինչ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, գումարի բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջներ (հատոր 1-ին, գ.թ. 42, 46, հատոր 2-րդ, գ.թ. 14-21):

Նինա Ավերյանովան հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Բեգլարյանի՝ կեղծ լինելու հիմքով Ցեսիայի պայմանագիրն առոչինչ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին (հատոր 3-րդ, գ.թ. 102-106):

Սուրեն Վերդիյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Բեգլարյանի՝ Փոխառության պայմանագիրը չկնքված համարելու պահանջի մասին (հատոր 4-րդ, գ.թ. 64-68):

Թիվ ԵՄԴ/0014/04/15 սնանկության գործով 04.12.2015 թվականի վճռով Արման Վարդանյանը ճանաչվել է սնանկ, 25.01.2016 թվականին Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչատուր Ղահրամանյանը (հատոր 5-րդ, գ.թ. 38-40, 75-76):

Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Արման Վարդանյանի և Անդրանիկ Բեգլարյանի՝ Ցեսիայի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը 19.02.2016 թվականին ընդունվել է վարույթ (գործ թիվ ԵԱՔԴ/0625/02/16) (հատոր 5-րդ, գ.թ. 101):

Սույն գործով Դատարանը, բավարարելով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի միջնորդությունը, գտել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի ներկայացրած հայցապահանջը վերաբերում է Ցեսիայի պայմանագիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի      1-ին մասի հիմքով անվավեր ճանաչելուն: Նշված գործով սնանկության գործով կառավարիչն իրացրել է օրենքով իրեն վերապահված լիազորությունը՝ պահանջելով անհատույց գործարք հանդիսանալու հիմքով վերադարձնել Ցեսիայի պայմանագրով Անդրանիկ Բեգլարյանին փոխանցված իրավունքը: Դատարանը նշել է, որ սնանկության գործով կառավարչի հայցի և քննվող գործով ներկայացված սկզբնական հայցի պահանջների համադրումից ակնհայտ է, որ սկզբնական հայցի ապացուցման առարկայի մեջ ներառված Ցեսիայի պայմանագրից բխող իրավահարաբերության առկայության, մասնավորապես՝ գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունք ունենալու փաստը, այլ դատարանի վարույթում քննվող գործով սնանկության գործով կառավարչի՝ օրենքով սահմանված իր իրավազորության շրջանակում ներկայացված պահանջի քննությամբ վիճարկվում է: Այսինքն՝ ակնհայտ է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործով կայացվելիք դատական ակտն ուղղակի նշանակություն ու ազդեցություն կունենա սույն քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի ելքի և դատական ակտի վրա, և այդ գործով հաստատված հանգամանքը (հանգամանքները) սույն գործի համար կունենա իրավական նշանակություն ու կարևորություն, քանի որ ներկա պահին սույն գործով հնարավոր չէ օբյեկտիվորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք իրականում հայցվորին գումարի բռնագանձման որևէ պահանջ զիջվել է, թե՝ ոչ: Դատարանը նաև արձանագրել է, որ սույն գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը, ելնելով իր դատավարական կարգավիճակից, նույն պահանջը սույն գործի շրջանակներում ներկայացնել չէր կարող:

Վերաքննիչ դատարանը, վերացնելով Դատարանի որոշումը, նշել է, որ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը նույն քաղաքացիական գործում Նինա Ավերյանովայի և Սուրեն Վերդիյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցերով ներգրավված է որպես երրորդ անձ (պատասխանողի կողմում), և թեև տնօրինականության սկզբունքի հիման վրա հայցադիմում է ներկայացրել այլ դատարան, այնուամենայնիվ բարեխիղճ մոտեցում չի դրսևորել Դատարանում քննվող սույն գործի նկատմամբ՝ անհարկի ձգձգելով դրա քննությունը, առավել ևս, որ սույն գործով Նինա Ավերյանովայի կողմից ներկայացված հակընդդեմ հայցով վիճարկվում է Ցեսիայի պայմանագիրը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ցեսիայի պայմանագրի վիճարկումը որևէ հանգամանք քննելու անհնարինություն չի առաջացնում, որը կարող է հաստատվել միայն այլ գործի շրջանակներում, բացի այդ, սույն գործի շրջանակներում նշված գործարքը նույնպես վիճարկվում է, և Դատարանը, քննելով համապատասխան հակընդդեմ հայցը, պետք է եզրակացներ՝ արդյոք տվյալ գործարքը կնքվել է օրենքի պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ դատարանը նաև եզրակացրել է, որ Խաչատուր Ղահրամանյանը զրկված չէր իր դատավարական իրավունքներից օգտվել սույն գործի շրջանակներում (ինքնուրույն պահանջ կամ հակընդդեմ հայց ներկայացնելու միջոցով), ինչը, սակայն, չի արել, որը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ դատավարական իրավունքների չարաշահում է:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:          

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի վերլուծությանը՝ նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը չի ծագում, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պարտավոր է`

1. նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն,

2. նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, «Իրավագարանտ» ՍՊԸ-ն ընդդեմ Ինգա Մանդելի և    «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով քննվող այլ գործի  առկայությունը և տվյալ գործի քննության անհնարինությունը մինչև նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, և տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում (տե՛ս, Գայանե Ասլանյանն ընդդեմ Սահակ Ասլանյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0169/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև եզրակացրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը հանդես է գալիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, ով, իր դատավարական կարգավիճակով պայմանավորված, սույն գործի շրջանակներում չէր կարող իրացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքը: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ Ցեսիայի պայմանագիրը վիճարկվում է նաև սույն գործով ներկայացված հակընդդեմ հայցով, այդուհանդերձ, Խաչատուր Ղահրամանյանի և Նինա Ավերյանովայի պահանջների հիմքը տարբեր է. Խաչատուր Ղահրամանյանը գործարքը վիճարկում է՝ որպես սնանկ ճանաչված պարտապանի կողմից նախկինում կատարված անհատույց փոխանցում, իսկ Նինա Ավերյանովան նույն գործարքը վիճարկում է որպես կեղծ գործարք: Չնայած այն հանգամանքին, որ հայցապահանջների բավարարման դեպքում անվավերության հետևանքները նույնն են լինելու, սակայն վիճարկման ողջ գործընթացը տարբեր է՝ տարբեր են վիճարկող սուբյեկտները, վիճարկման հիմքը, կիրառման ենթակա օրենսդրությունը: Հետևաբար, որևէ պարագայում Խաչատուր Ղահրամանյանի և Նինա Ավերյանովայի ներկայացրած հայցապահանջները չեն կարող նույնանալ:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Արման Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանը, հնարավորություն չունենալով սույն գործով իրացնել իր լիազորությունը, այլ դատարան ներկայացրած պահանջով վիճարկում է մի գործարք, որն ընկած է սույն գործով հայցվորի հայց ներկայացնելու իրավունքի հիմքում (այսինքն՝ Խաչատուր Ղահրամանյանի հայցը բավարարվելիս Անդրանիկ Բեգլարյանն այլևս պատշաճ հայցվոր հանդիսանալ չի կարող), գտնում է, որ Խաչատուր Ղահրամանյանի ներկայացված հայցադիմումով հաստատվելիք հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար: Ընդ որում, հաշվի առնելով, որ Խաչատուր Ղահրամանյանի հայցի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասն է, որը գործարքը վիճարկելու հատուկ սուբյեկտ է դիտում սնանկության կառավարչին, նույն հոդվածով նախատեսվող հանգամանքները սույն գործի քննության շրջանակներում հաստատվել չեն կարող: Ավելին, նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով գործարքը վիճարկելիս քննության առարկա չեն դառնում կեղծ գործարքի առկայության հատկանիշները, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՔԴ/0625/02/16 քաղաքացիական գործով Խաչատուր Ղահրամանյանի ներկայացրած հայցապահանջի ելքն է, որ կանխորոշելու է սույն գործի ելքը, այլ ոչ թե հակառակը, այլ կերպ ասած՝ այլ դատարանում քննվող գործն արգելակում է սույն գործի քննությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունները, որ Ցեսիայի պայմանագրի վիճարկումն այլ դատարանում որևէ հանգամանք քննելու անհնարինություն չի առաջացնում, որը կարող է հաստատվել միայն այլ գործի շրջանակներում, և որ Խաչատուր Ղահրամանյանը զրկված չէր իր դատավարական իրավունքներից սույն գործի շրջանակներում օգտվելուց: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանն իրավացիորեն կասեցրել է գործի վարույթը՝ նշելով երկու գործերի միջև առկա կապը, այլ գործի առկայությունը սույն գործի քննության համար արգելակող և գործի ելքը պայմանավորող լինելը, ինչպես նաև Խաչատուր Ղահրամանյանի կողմից սույն գործի շրջանակներում նման պահանջ ներկայացնելու անհնարինությունը:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով գործի վարույթը կասեցնելու մասին Դատարանի որոշումը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի, արդյունքում նաև՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի    105-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, ինչն ազդել է դատավարության ընթացքի վրա:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում նշված փաստարկները:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411 –ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

   

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գործի վարույթը կասեցնելու մասին 23.02.2016 թվականի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան