Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.02/28(1481).1 Հոդ.341.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ5/0409/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ5/0409/05/13
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան 
 Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

2018 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Վերդոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վիլսոն Թորոյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, երրորդ անձինք Սվետլանա Վերդոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզի ստորաբաժանման` Գյումրու քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վիլսոն Թորոյանը պահանջել է մասնակիորեն` Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքի թիվ 15 հասցեի` իր ընտանիքի զբաղեցրած 76,24քմ մակերեսի մասով, վերացնել Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը, անվավեր ճանաչել 30.07.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5505 պայմանագիրը և Գյումրու քաղաքապետարանի 09.11.2006 թվականի թիվ 1341 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) 08.09.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) 03.03.2015 թվականի որոշմամբ Վիլսոն Թորոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 08.09.2014 վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2015 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.03.2015 թվականի որոշման դեմ Սվետլանա Վերդոյանի և նրա ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Գործի նոր քննության արդյունքում ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.03.2017 թվականի որոշմամբ Վիլսոն Թորոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 25.04.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` մասնակիորեն` Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30 շենքի թիվ 15 հասցեի` Վիլսոն Թորոյանի ընտանիքի զբաղեցրած 76,24քմ մակերեսով տարածքի մասով, վերացվել է Գյումրու քաղաքապետարանի 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը, իսկ մնացած մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Վերդոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վիլսոն Թորոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 29.06.1993 թվականին ընդունված և 04.01.2007 թվականին ուժը կորցրած «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 29-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկվող աճուրդով Վիլսոն Թորոյանի որևէ իրավունք չի խախտվել: Վիլսոն Թորոյանը չի օգտվել բնակելի տարածության սեփականաշնորհման իր իրավունքից և «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում` մինչև 31.12.1998 թվականը, չի սեփականաշնորհել բնակելի տարածությունը: Արդյունքում նշված օրենքի ուժով Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում գտնվող բնակելի տարածությունն անցել է Գյումրի համայնքին, որը, որպես այդ շենքի սեփականատեր, այն աճուրդով վաճառել է Սվետլանա Վերդոյանին: Բացի այդ, 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրով Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30 տան հասցեի համայնքապատկան շենքի երկու սենյակները հանձնվել են Վիլսոն Թորոյանի ժամանակավոր օգտագործմանը, ուստի վերջինս այդ երկու սենյակների մասով ևս չի հանդիսացել սեփականաշնորհման սուբյեկտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.03.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.04.2016 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Սվետլանա Վերդոյանի վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը պետք է թողնել անփոփոխ: Վերաքննիչ դատարանը կատարել է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ վիճելի աճուրդն անցկացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի համաձայն` Գյումրի քաղաքի 16-րդ փողոցի թիվ 30 շենքում Վիլսոն Թորոյանին հատկացվել է 24քմ մակերեսով բնակարանային տարածություն` 4 անձի համար (հատոր 1-ին, գ.թ. 7):

2) Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, և Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրի համաձայն` Գյումրու քաղաքապետարանը Վիլսոն Թորոյանի ժամանակավոր օգտագործմանն է հանձնել Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30 տան համայնքապատկան շենքի` Վիլսոն Թորոյանի բնակարանին կից երկու սենյակները: Այդ պայմանագրով Վիլսոն Թորոյանը պարտավորվել է, ի թիվս այլնի, Գյումրու քաղաքապետարանի առաջին իսկ պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ազատել ժամանակավոր հատկացված սենյակները (հատոր 1-ին, գ.թ. 8):

3) Գյումրու ավագանին 24.06.2006 թվականին որոշել է թույլատրել համայնքի սեփականությունը հանդիսացող` Գորկու փողոցի թիվ 30 հասցեի շենքի` 401,69քմ մակերեսով հատվածն օտարել աճուրդային եղանակով (հատոր 2-րդ, գ.թ. 119):

4) Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրության համաձայն` Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30 շենքի 401,69քմ մակերեսով հատվածն աճուրդով օտարվել է Սվետլանա Վերդոյանին (հատոր 1-ին, գ.թ. 14):

5) Գյումրի համայնքի և Սվետլանա Վերդոյանի միջև 30.07.2008 թվականին կնքված և նոտարական սեղանամատյանի 5504 համարի ներքո գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30Բ հասցեում գտնվող շենքը` 401,69քմ ընդհանուր մակերեսով, վաճառվել է Սվետլանա Վերդոյանին (հատոր 2-րդ, գ.թ. 100-102):

6) Գյումրի համայնքի և Սվետլանա Վերդոյանի միջև 30.07.2008 թվականին կնքված և նոտարական սեղանամատյանի 5505 համարի ներքո գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30Ա հասցեում գտնվող շինությունը` 659,38քմ ընդհանուր մակերեսով, շենքը` 464,91քմ մակերեսով, նկուղը` 194,47քմ մակերեսով, վաճառվել է Սվետլանա Վերդոյանին (հատոր 2-րդ, գ.թ.  104-106):

7) Գյումրու քաղաքապետարանի 09.11.2006 թվականի թիվ 1341 որոշման համաձայն` Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30Ա հասցեում գտնվող կառույցի փաստացի զբաղեցրած 531,44քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է Սվետլանա Վերդոյանին (հատոր 2-րդ, գ.թ. 108-109):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները       

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածության նկատմամբ գույքային իրավունքների դատական պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք ֆիզիկական անձն իրեն հատկացված համայնքային սեփականություն համարվող բնակարանի նկատմամբ օժտված լինել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ուժով պաշտպանվող գույքային իրավունքով, որը վերջինիս մոտ առաջացնում է այդ բնակարանի օտարման որոշումները դատական կարգով վիճարկելու իրավական շահագրգռվածություն, եթե տվյալ անձի օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի ստացել պետական գրանցում, ինչպես նաև տվյալ անձն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի օգտվել այդ բնակարանի սեփականաշնորհման իրավունքից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակահատվածում գործել է 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, իսկ բողոքարկվող դատական ակտը կայացվել է  07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գործողության ժամանակահատվածում:

01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով:

01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Le Compte, Van Leuven and De Meyere v. Belgium գործով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Benthem v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալու արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Փաստորեն, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ, որպես ընդհանուր կանոն, դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե՛ս Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վիլսոն Թորոյանի հայցի հիման վրա, որով վերջինս ներկայացրել է հետևյալ պահանջները.

1) մասնակիորեն` Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքի թիվ 15 հասցեի` Վիլսոն Թորոյանի ընտանիքի զբաղեցրած 76,24քմ մակերեսով բնակարանի մասով, վերացնել Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը,

2) Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքի թիվ 15 հասցեի` Վիլսոն Թորոյանի ընտանիքի զբաղեցրած 76,24քմ մակերեսով բնակարանի մասով, անվավեր ճանաչել անշարժ գույքի առուվաճառքի 30.07.2008 թվականի թիվ 5505 պայմանագիրը,

3) Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքի թիվ 15 հասցեի` Վիլսոն Թորոյանի ընտանիքի զբաղեցրած 76,24քմ մակերեսով բնակարանի մասով, անվավեր ճանաչել Գյումրու քաղաքապետարանի 09.11.2006 թվականի թիվ 1341 որոշումը:

Սույն գործով Դատարանը մերժել է Վիլսոն Թորոյանի հայցը` պատճառաբանելով, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Վիլսոն Թորոյանի ենթադրյալ օգտագործման իրավունքը դադարել է Գյումրի համայնքի ավագանու 24.06.2006 թվականի «Գորկու փողոցի թիվ 30 հասցեի շենքի 401,69քմ մակերեսով հատվածն աճուրդային եղանակով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» որոշմամբ, որը չվիճարկված և չվերացված վարչական ակտ է: Ելնելով այդ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից` Դատարանը գտել է, որ Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը` որպես Գյումրի համայնքի ավագանու 24.06.2006 թվականի որոշման հետևանք, իրավաչափ է և չի կարող անվավեր ճանաչվել: Դատարանը նշել է, որ Վիլսոն Թորոյանի մյուս հայցապահանջները ևս ենթակա են մերժման, քանի որ դրանք, ըստ Դատարանի, հետևանքների վերացման ածանցյալ պահանջներ են:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Վիլսոն Թորոյանի վերաքննիչ բողոքը և բեկանելով Դատարանի վճիռը, մասնակիորեն` Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 30 շենքի թիվ 15 հասցեի` Վիլսոն Թորոյանի ընտանիքի զբաղեցրած 76,24քմ մակերեսով տարածքի մասով, վերացրել է Գյումրու քաղաքապետարանի 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը, իսկ մնացած պահանջների մասով գործի վարույթը կարճել է: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը կարող է դառնալ ինքնուրույն վիճարկման առարկա: Իսկ Վիլսոն Թորոյանը` որպես վիճելի տարածքի մի մասի օգտագործման իրավունք ունեցող անձ, հանդիսանում է Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությամբ ավարտված աճուրդը վիճարկող շահագրգիռ անձ: Ըստ Վերաքննիչ դատարանի` նշված աճուրդն անցկացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, հետևաբար վիճարկվող արձանագրությունը Վիլսոն Թորոյանի` որպես շահագրգիռ անձի, պահանջով ենթակա է անվավեր ճանաչման:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ Վիլսոն Թորոյանի 1-ին պահանջը բավարարվել է, իսկ 2-րդ և 3-րդ պահանջների մասով սույն վարչական գործի վարույթը կարճվել է: Թեև վճռաբեկ բողոքով Սվետլանա Վերդոյանը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է միայն Վիլսոն Թորոյանի 1-ին պահանջի բավարարման մասով, քանի որ բողոքարկվող դատական ակտի` Վիլսոն Թորոյանի 2-րդ և 3-րդ պահանջների մասով վարչական գործի վարույթի կարճման մասն անբարենպաստ չէ Սվետլանա Վերդոյանի համար, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Ըստ այդմ, սույն գործով Սվետլանա Վերդոյանի վճռաբեկ բողոքի քննության համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք Վիլսոն Թորոյանը Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար «շահագրգիռ անձ» է, թե` ոչ: Նշված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել, թե Վիլսոն Թորոյանը, իր ընտանիքի հետ միասին զբաղեցնելով Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում գտնվող 76,24քմ մակերեսով բնակարանը, նշված արձանագրության կազմման պահին օժտված էր արդյո՞ք սեփականության կամ որևէ այլ գույքային իրավունքով այդ անշարժ գույքի նկատմամբ:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված իրավանորմերը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկան (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե´ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):

Սույն գործի փաստերի համաձայն` Վիլսոն Թորոյանի և նրա ընտանիքի անդամների կողմից Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում գտնվող 76,24քմ մակերեսով բնակարանային տարածությունը զբաղեցվել է Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի (որով Վիլսոն Թորոյանին այդ շենքում հատկացվել է 24քմ մակերեսով բնակարանային տարածություն) և Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրի (որով Գյումրու քաղաքապետարանը Վիլսոն Թորոյանի ժամանակավոր օգտագործմանն է հանձնել նույն շենքի` Վիլսոն Թորոյանի բնակարանին կից երկու սենյակները) հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 1982 թվականի ՀՀ բնակարանային օրենսգրքի (ուժը կորցրել է 26.11.2005 թվականից) 49-րդ հոդվածի համաձայն` պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն քաղաքացուն տալիս է օրդեր, որը հատկացված բնակելի տարածությունը զբաղեցնելու միակ հիմքն է (...):

1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականից) 299-րդ հոդվածի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանից օգտվելն իրականացվում է բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան, որը կնքվում է վարձատուի` բնակարանային-շահագործման կազմակերպության (իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության) և վարձակալ քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը (...):

Անդրադառնալով վկայակոչված իրավադրույթների բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում նշել է, որ 1982 թվականի ՀՀ բնակարանային օրենսգրքի և 1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության ժամանակ բնակելի տարածությունը զբաղեցնելու միակ հիմքը հանդիսանում էր օրդերը: Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանից օգտվելն իրականացվում էր բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան, որը կնքվում էր վարձատուի և վարձակալ քաղաքացու միջև, որի անունով տրված էր օրդերը: Օրդերը կարող էր տրվել միմիայն ազատ, մեկուսացված բնակելի տարածության համար: Այսպիսով օրդերն իր էությամբ հանդիսանում էր իրավահաստատող փաստաթուղթ, համաձայն որի` իրականացվում էր ազատ բնակելի տարածության բնակեցումը կոնկրետ անհատի և (կամ) նրա ընտանիքի անդամների կողմից, և որի հիման վրա անձի հետ, ում անունով տրվել էր օրդերը, կնքվում էր բնակելի տարածության վարձակալության պայմանագիր: Այսինքն` օրդերը փաստացի հավաստում էր տվյալ բնակելի տարածության նկատմամբ քաղաքացու օգտագործման իրավունքի ծագման պահը (տե՛ս Լևոն Ղոչիկյանն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության թիվ ՎԴ/1956/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի հիման վրա Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում գտնվող 24քմ մակերեսով բնակարանային տարածության նկատմամբ ծագել էր Վիլսոն Թորոյանի և նրա ընտանիքի անդամների օգտագործման իրավունքը:

Գույքի օգտագործման իրավունքը դասվում է սահմանափակ իրային իրավունքների թվին: Այսպես, 1998 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականից) 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` (...) գույքի օգտագործման (...) իրավունք:

1998 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականից)` մինչև 26.11.2005 թվականը գործող խմբագրությամբ 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բնակելի տարածության սեփականատիրոջ ընտանիքի անդամները և այլ անձինք բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք ունեն, եթե այդ իրավունքը գրանցված է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի նշված խմբագրությամբ 2-րդ կետի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դրա դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ (...):

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի թիվ ՀՕ-188-Ն ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 26.11.2005 թվականից) 11-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը շարադրվել է այլ խմբագրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` 26.11.2005 թվականից գործող խմբագրությամբ 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

Վերոգրյալ իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը 1998 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը կապել է այդ իրավունքի պետական գրանցման հետ: Այլ կերպ ասած, ըստ 1998 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, անձը կարող է ունենալ ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածության օգտագործման իրավունք միայն այն դեպքում, երբ այդ իրավունքը ստացել է օրենքով սահմանված պետական գրանցում: Հետևաբար Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի հիման վրա ծագած` Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում գտնվող 24քմ մակերեսով բնակարանային տարածության նկատմամբ Վիլսոն Թորոյանի օգտագործման իրավունքը Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրության կազմման պահին այլևս չէր կարող դիտարկվել որպես գույքային իրավունք և չէր կարող համարվել «գույք»` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով:

Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրին, որով Գյումրու քաղաքապետարանը Վիլսոն Թորոյանի ժամանակավոր օգտագործմանն է հանձնել Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքի` Վիլսոն Թորոյանի բնակարանին կից երկու սենյակները, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պայմանագրի ուժով Վիլսոն Թորոյանը հատկացված սենյակների նկատմամբ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով որևէ գույքային իրավունք ձեռք չի բերել: Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագիրը կնքվել է հասարակ գրավոր ձևով. այն վավերացված չէ նոտարական կարգով և դրանից բխող օգտագործման իրավունքը պետական գրանցման ենթարկված չէ: Փաստորեն, քննարկվող պայմանագիրը կնքվել է 1998 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մինչև 26.11.2005 թվականը գործող խմբագրությամբ 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ: Ավելին` այդ պայմանագրով կողմերը կատարել են հստակ վերապահում առ այն, որ Վիլսոն Թորոյանը պարտավոր է Գյումրու քաղաքապետարանի առաջին իսկ պահանջի դեպքում 5-օրյա ժամկետում ազատել ժամանակավոր հատկացված սենյակները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին հատկացված սենյակների նկատմամբ վերջինիս օգտագործման իրավունքի ծագման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի և Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Գորկու փողոցի    30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանի նկատմամբ սույն գործով վիճարկվող` Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրության կազմման պահին Վիլսոն Թորոյանը չի ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ` ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածության օգտագործման իրավունքի տեսքով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանի նկատմամբ Վիլսոն Թորոյանն ունեցել է արդյոք Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ուժով պաշտպանվող գույքային իրավունք` այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու «օրինական սպասելիքի» տեսքով:

Այսպես, Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս Burdov v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մեկնաբանման և կիրառության ոլորտում Եվրոպական դատարանի կողմից ձևավորվել է այն սկզբունքային դրույթը, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը չի երաշխավորում սեփականություն ձեռք բերելու իրավունքը: Տվյալ հոդվածի խախտում կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ հանրային իշխանության վիճարկվող որոշումները վերաբերում են անձի «սեփականությանը»` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Այս իմաստով «սեփականություն» կարող է համարվել ինչպես «գոյություն ունեցող գույքը», այնպես էլ այն ակտիվները, ներառյալ` պահանջները, որոնց վերաբերյալ անձը կարող է հիմնավոր կերպով պնդել, որ ինքն ունի այդ գույքային իրավունքներն արդյունավետ իրացնելու առնվազն «օրինական սպասելիք»: Իսկ այնպիսի գույքային իրավունքի ճանաչման հույսը, որը հնարավոր չի եղել արդյունավետորեն իրացնել, կամ որոշակի պայմանի չկատարման արդյունքում ուժը կորցրած պահանջը չի կարող դիտարկվել որպես «սեփականություն»` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս Kopecký v. Slovakia գործով Եվրոպական դատարանի (Մեծ պալատ) 28.09.2004 թվականի վճիռը, 35-րդ կետ):

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի (բնակելի տների և այլ շինությունների բնակելի տարածությունների) սեփականաշնորհման հիմնական դրույթները սահմանվում էին 10.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով (սկզբնական վերտառությամբ` «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենք), որն ուժը կորցրել է 04.01.2007 թվականից:

«Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 04.01.2007 թվականից) 11-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է նույն օրենքով սահմանված կարգով` համայնքների ղեկավարների (...) կողմից` իրենց իրավասության սահմաններում: Համայնքների ղեկավարներն իրականացնում են համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը (...):

Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին (...) հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Նույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով: Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով տրված դիմումների հիման վրա բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է առանց ժամկետի սահմանափակման:

Վկայակոչված իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 04.01.2007 թվականից ուժը կորցրած «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը սահմանել էր, որ համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում էր համայնքի ղեկավարի կողմից` բնակարանի վարձակալի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Ընդ որում, բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացը դիտարկելով որպես անցումային հասարակական հարաբերություն` օրենսդիրն այդ գործընթացի համար սահմանել էր վերջնաժամկետ, այն է` պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման դիմումը պետք է ներկայացվեր համայնքի ղեկավարին մինչև 31.12.1998 թվականը: Նշված պայմանի խախտման (չպահպանման) իրավական հետևանքն այն է, որ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդերում ընդգրկված բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ համայնքի ղեկավարին մինչև 31.12.1998 թվականը համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում տվյալ բնակարանը հանձնվում էր համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` Եվրոպական դատարանի կողմից կատարված վերոգրյալ մեկնաբանությունները, ինչպես նաև 04.01.2007 թվականից ուժը կորցրած «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավակարգավորումները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով վիճարկվող` Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրության կազմման պահին Վիլսոն Թորոյանը չի ունեցել Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու «օրինական սպասելիք»:

Այսպես, սույն գործում առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ Վիլսոն Թորոյանը 04.01.2007 թվականից ուժը կորցրած «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում (մինչև 31.12.1998 թվականը) դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին` Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի և Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանի սեփականաշնորհման խնդրանքով: Իսկ 04.01.2007 թվականից ուժը կորցրած «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում (մինչև 31.12.1998 թվականը) նշված բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ Գյումրի համայնքի ղեկավարին դիմում չներկայացնելու պայմաններում Վիլսոն Թորոյանը զրկվել է այդ անշարժ գույքի նկատմամբ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորությունից:

Այսպիսով, պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում Գյումրի քաղաքի Գորկու փողոցի   30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանի նկատմամբ Վիլսոն Թորոյանի կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորությունը վերացել է օրենքով սահմանված որոշակի պայմանի (մինչև 31.12.1998 թվականը Գյումրի համայնքի ղեկավարին համապատասխան դիմում ներկայացնելը) չկատարման արդյունքում: Ընդ որում, նշված պայմանի չպահպանման պարագայում Գյումրի համայնքը կարող էր տնօրինել Գյումրի քաղաքի Գորկու փողոցի  30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանը` օրենքով սահմանված կարգով: Հետևաբար Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի և Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանի նկատմամբ սույն գործով վիճարկվող` Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրության կազմման պահին Վիլսոն Թորոյանը չի ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության      1-ին հոդվածով պաշտպանվող որևէ գույքային իրավունք` այդ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու «օրինական սպասելիքի» տեսքով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Աշխատավորների դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործկոմի բնակարանային վարչության 26.09.1964 թվականի թիվ 61 օրդերի և Գյումրու քաղաքապետարանի` ի դեմս «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրեն Պարույր Զաքարյանի, ու Վիլսոն Թորոյանի միջև 01.04.2002 թվականին կնքված թիվ 1 պայմանագրի հիման վրա Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 30-րդ շենքում Վիլսոն Թորոյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացված բնակարանի նկատմամբ սույն գործով վիճարկվող` Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրության կազմման պահին Վիլսոն Թորոյանը չի ունեցել որևէ գույքային իրավունք, նյութական շահ կամ պահանջի իրավունք, որը կարող էր պաշտպանվել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ուժով: Նման պայմաններում Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի առումով Վիլսոն Թորոյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում «շահագրգիռ անձ», քանի որ նշված արձանագրությունը չի առնչվում Վիլսոն Թորոյանի իրավունքներին ու օրինական շահերին:

Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում վկայակոչել նաև իր նախկին որոշումներից մեկում արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար շահագրգիռ անձ կարող է լինել աճուրդի մասնակիցը, ինչպես նաև աճուրդի մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդում առաջարկվող գույքի նկատմամբ գրանցված սեփականության կամ օգտագործման իրավունքներ ունեցող անձը (տե՛ս «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Իջևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ2/0159/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վիլսոն Թորոյանը չունի իրավական շահագրգռվածություն` Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջով վարչական դատարան դիմելու համար, և վերջինիս հայցն այդ մասով ենթակա է մերժման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով նկատի ունենալով, որ Սվետլանա Վերդոյանը վճռաբեկ բողոք ներկայացնելիս վճարել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վիլսոն Թորոյանից հօգուտ Սվետլանա Վերդոյանի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.03.2017 թվականի որոշման` Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (օբյեկտի) աճուրդով օտարման մասին» 28.07.2006 թվականի թիվ 5/1 արձանագրությունը մասնակիորեն վերացնելու պահանջը բավարարելու մասը և այդ պահանջի մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 25.04.2016 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով: Որոշումը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Վիլսոն Թորոյանից հօգուտ Սվետլանա Վերդոյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

 

Զեկուցող

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Ա. Բարսեղյան

Վ. Ավանեսյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան